HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերից մինչև բուքմեյքերներ. ո՞ր ճյուղերի հաշվին է աճում ծառայությունների ոլորտը

Այս տարի Հայաստանում գրանցվող տնտեսական աճի հիմնական շարժիչներից մեկը ծառայությունների ոլորտն է։ 

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով, 2022 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի տնտեսությունն աճել է 14.8%-ով, որից 9.7 տոկոսային կետը ապահովել են միայն առևտուրն ու ծառայությունները։ 

Սակայն, ծառայությունների ոչ բոլոր ճյուղերում է շրջանառությունն աճում այնպիսի արագությամբ, ինչպես, օրինակ՝ բանկային համակարգում։ Առհասարակ այս ոլորտում գերակշռում և աճն ապահովում են չորս-հինգ ճյուղեր։ Նրանց թվում են նաև բուքմեյքերներն ու խաղատները։ Նաև սա է պատճառներից մեկը, որ երկրում գրանցվող տնտեսական երկնիշ աճը բնակչության զգալի հատվածը իր կենսակերպում չի զգում։ 

Բանկերից մինչև խաղատներ. ոլորտի առաջատարները

Այսպես, վիճակագրական վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին ինն ամիսների (2022 հունվար-սեպտեմբեր) ծայառայությունների ոլորտի շրջանառությունը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել 27.1%-ով, որը բավականին բարձր է, օրինակ՝ արդյունաբերության գրանցած 10% աճի համեմատ։

Ծառայությունների ամբողջ ծավալը այս տարվա ինը ամիսներին կազմել է 1 տրլն 824 մլրդ դրամ։ 

Ոլորտում ամենամեծ տեսակարար կշիռն ունի ֆինանսական գործունեությունը՝ 30.3%, որից 24.2 տոկոսային կետը միայն բանկերի ծավալն է։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ինը ամիսների տվյալներով ֆինանսական ոլորտի կշիռը 25.9% էր։

Հաջորդում է տեղեկատվության և կապի ոլորտը, որի մեջ մտնում է ինչպես ՏՏ ոլորտը, այնպես էլ հեռահաղորդակցությունը՝ բջջային և ինտերնետ կապը։

Խոշորների առաջին հնգյակում են մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաճյուղը, որի ներքո, ինչպես բազմիցս նշել ենք, պետք հասկանալ վիճակախաղերի ոլորտը՝ բուքմեյքերական խաղերն ու խաղատները։

Տրանսպորտը ևս էական կշիռ ունի։ Ընդ որում՝ օդային ու ցամաքային տրանսպորտային ծառայությունները գրեթե հավասար շրջանառություն ունեն։

Եվ մյուս խոշոր ճյուղը կացության և հանրային սննդի ծառայությունների մատուցումն է՝ հյուրանոցներ, ռեստորաններ, հանրային սննդի այլ կետեր։

Միայն այս հինգ ճյուղերը ապահովել են ծառայությունների ոլորտի ամբողջ ծավալի 80%-ը։  

Մյուս ճյուղերը ավելի համեստ ծավալներ են գրանցել։ Օրինակ՝ գիտության ոլորտը՝ 4.3% տեսակարար կշիռ ունի, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 5%, կրթությունը՝ 2.6% և այլն։

Գաղտնիք չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները փողի մեծ ներհոսք ու աշխուժություն են ապահովել հայաստանյան տնտեսության համար։ 

Ծառայությունների ոլորտի որոշ ճյուղեր, և առավելապես բանկերը, հանրային սննդի, հյուրանոցային ոլորտը, տրանսպորտը և ՏՏ ոլորտը ամենից շատ են շահել այս իրավիճակում։  

Օրինակ՝ ֆինանսական ոլորտը 45.5% աճ է գրանցել այս տարվա ինը ամիսներին։ Արդյունքում, բանկերը ռեկորդային շահույթ են ստացել։

Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտի աճը պայմանավորված է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլախաղերի և բուքմեյքերական խաղերի տարածմամբ։

Իսկ տեղեկատվության և կապի ոլորտի շրջանառությունն ավելացել է մեծապես ՏՏ ոլորտի հաշվին, որտեղ 67.6% աճ է գրանցվել։ 

Քանի որ ծառայությունների ոլորտում այս հինգ ճյուղերը զբաղեցնում են ամբողջ շրջանառության 80%-ը, հետևաբար հիմնականում դրանց հաշվին է գրանցվում ոլորտի աճ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter