HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի տնտեսության «թմրանյութը». 9 ամսում արտասահմանից 3,5 մլրդ դոլար է փոխանցվել

Արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումներն այսօր Հայաստանի տնտեսության թթվածնի գլխավոր աղբյուրներից մեկն են: Իրենց դրական հետևանքներով հանդերձ՝ դրանք այն ծավալի են հասել, որ արդեն թմրանյութ են դառնում տնտեսության համար և կախվածություն առաջացնում՝ հետագայում նվազելու պարագայում ցավոտ հետևանքներ թողնելու ռիսկով: Այս գումարները չեն բարելավել Հայաստանի խոցելի խավի կենսակերպը, քանի որ մեծ մասի հասցեատերը նրանք չեն: 

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2022 թվականի առաջին ինն ամիսներին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են փոխանցել 3 մլրդ 462 մլն դոլարին համարժեք գումար: 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս փոխանցումներն աճել են 2,2 անգամ: Այս տարի միայն Ռուսաստանից փոխանցվել է 2 մլրդ 318 մլն դոլար (աճը՝ 3,6 անգամ), որը կազմում է ամբողջ փոխանցումների 67%-ը: 

Ամսական կտրվածքով տրանսֆերտների ամենամեծ ծավալը գրանցվել է հունիսին, հուլիսին և սեպտեմբերին:

Տրանսֆերտների այս աննախադեպ ներհոսքը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած ռուսաստանցիներով։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը իր կապիտալը տեղափոխում է այստեղ։ Բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։

Հայաստան այցելող զբոսաշրջիկները ու դրամական փոխանցումների աննախադեպ ներհոսքը ծառայությունների ոլորտում մեծ պահանջարկ են ստեղծել։ Սեպտեմբերին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: 

Ստեղծված պահանջարկն իր հերթին գրանցվող տնտեսական աճի հիմքերից մեկն է դարձել Հայաստանում: 

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,1%-ով: Տնտեսության ոլորտներից առավել բարձր աճ է գրանցվել հենց ծառայությունների ոլորտում՝ 27,1%: Նույն ընթացքում առևտուրն աճել է 14,5%-ով, շինարարությունը՝ 14,3%-ով, արդյունաբերությունը՝ 10%-ով: Գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել (անկումը՝ 0,7%):

Դրական ազդեցությամբ հանդերձ՝ տրանսֆերտների այս հոսքը նաև լուրջ ռիսկեր է պարունակում Հայաստանի տնտեսության համար: 

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Հայկ Բեջանյանի խոսքով՝ տնտեսության մեջ հավասարակշռության կետն է խախտվել: Եթե մինչև այս ներհոսքը դոլարի փոխարժեքը գտնվում էր 500 դրամի մակարդակում, գնաճը, արտադրությունը և տնտեսության մյուս ոլորտները ընթանում էին իրենց հունով, ապա դրամական փոխանցումների շեշտակի աճը փոխեց իրավիճակը՝ դրամը կտրուկ արժևորվել է, տնտեսության իրական հատվածում գնաճի տեմպերը արագացել են և այլն: 

«Ստեղծվել է նոր շուկա: Խաղի նոր կանոններ են ի հայտ եկել: Տնտեսությունը փորձում է հարմարվել այս նոր իրավիճակին: Բիզնեսի ու բնակչության շրջանում նոր սպասումներ են ձևավորվել: Օրինակ՝ արտադրողը արդեն գնաճին համապատասխան է պլանավորում իր արտադրությունը, նոր գներ են, նոր ապրանքներ, նոր պահանջարկ»,- նկատում է տնտեսագետը: 

Այդ գումարների կրճատումը, ըստ նրա, կհանգեցնի փողի առաջարկի կրճատմանը: Նոր հավասարակշռության կետ կձևավորվի: Այդ ժամանակ դոլարը կթանկանա, գնաճի վրա նոր ճնշումներ կլինեն ու կրկին հավասարակշռության կետը կխախտվի: Այդ ամենը բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա: Եվ եթե այդ աճի վրա դրական ազդող նոր ավելի ուժգին գործոն չլինի, տնտեսությունը հետընթաց կապրի:

Այս հոսքերը չեն նպաստել Հայաստանի քաղաքացիների կենսակերպի բարելավմանը

Ռուսաստանից Հայաստան հոսող գումարների մի մասի հասցեատերերը Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռուսական բիզնեսներն են: Տնտեսագետ Հայկ Բեջանյանը կարծում է, որ նրանց պարագայում այս գումարների հոսքը երկարաժամկետ կարող է լինել: «Նրանք այստեղ ընկերություններ են բացել, հաշվեհամարներ ունեն հայաստանյան բանկերում: Արդեն կես տարուց ավելի է՝ այստեղ են: Եվ եթե նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի, նրանք այդքան շուտ հետ չեն գնա: Ժամանակ կպահանջվի բիզնեսն ու հաշիվները տեղափոխելու համար»,- ասում է տնտեսագետը:

Ըստ նրա՝ տրանսֆերտների «շուկան» ևս փոփոխվել է: Եթե դեռևս մեկ տարի առաջ այս գումարների հասցեատերերը Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների  ընտանիքներն էին, ապա այսօր Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներն են: Հետևաբար՝ այս գումարների ներհոսքը որևէ կերպ դրական չի ազդել Հայաստանի խոցելի խավի կյանքի վրա:

«Ընդհակառակը՝ գրանցվող այս բարձր գնաճի պարագայում այդ քաղաքացիների կենսակերպը վատացել է: Էկոնոմիկայի նախարարն էլ օրերս հայտարարեց, որ սպասվում է աղքատության մակարդակի բարձրացում: Ես չգիտեմ, թե ինչ հաշվարկներ կան այդ հայտարարության հիմքում, բայց տրամաբանական է, որ գնաճի պարագայում մարդկանց սոցիալական խնդիրները սրվում են, նրանց գնողունակությունն է նվազում»,- ասում է Հայկ Բեջանյանը: 

Ինչ վերաբերում է դրամական հոսքերի հասցեատերերին՝ ռուսաստանցիներին, ապա նրանք սպառման նոր վարքագիծ են իրենց հետ «բերել», նոր մարդիկ՝ նոր դրամական հոսքեր, նոր պահանջարկ: Եվ Հայաստանի տնտեսությունը՝ մեծապես առևտրի ու ծառայությունների ոլորտները, փորձում են հարմարվել այդ պահանջարկին: 

Հայաստան եկող գումարների մի մասն էլ առևտրային նպատակներով են

Թե այս տարվա ինն ամսում արտասահմանից Հայաստան ուղարկված գումարների որ մասի հասցեատերերն են ռուսները, որ մասինը՝ արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքները, դժվար է ասել: Կենտրոնական բանկը նման տարբերակում չունի, հետևաբար հաշվարկներ անել հնարավոր չէ: Սակայն ակնհայտ է, որ գումարների ներհոսքը սկսեց շեշտակի աճել մարտից սկսած, երբ մեծ թվով ռուսաստանցիներ եկան Հայաստան: 

Հայկ Բեջանյանը կարծում է, որ գումարների ոչ մեծ մասն էլ առևտրային նպատակներով են ուղարկվում: «Այդ գումարներով այստեղից ապրանք են գնում ու ուղարկում Ռուսաստան: Իսկ այստեղից գնված ապրանքը այլ երկրից են ներմուծում: Դրա ապացույց այն է, որ կան ապրանքներ, որոնք արտադրությունը այստեղ էապես չի աճել, բայց արտահանումը էական աճ է գրանցել: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ դա վերաարտահանում է տեղի ունենում»,- ասում է տնտեսագետը:

Նա չի բացառում, որ դրամական ներհոսքի այս շեշտակի աճից օգտվում են նաև սպեկուլյանտները՝ փորձելով գումարներ աշխատել փոխարժեքի շուկայում: Դա ապացուցելի չէ, բայցև չի բացառվում: 

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների աշխարհագրության մեջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են մնալ հաստատուն դիրքերում: Այս տարվա հունվար-սեպտեմբերին մոտ 3.5 մլրդ դոլարի 67%-ը, ինչպես նշեցինք, Ռուսաստանից է: ԱՄՆ-ին բաժին է ընկնում 14%-ը: Մյուս երկրների բացվածը սեպտեմբերի տվյալներով դեռևս չի հրապարակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter