HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը 2022 թվականի համար 12.9% տնտեսական աճ է կանխատեսում

Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա սպասվում է գնաճային ազդեցության թուլացում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը։

Միևնույն ժամանակ, Հայաստան այցելող զբոսաշրջիկները ու դրամական փոխանցումների աննախադեպ ներհոսքը ծառայությունների ոլորտում մեծ պահանաջարկ են ստեղծել։ Բարձր պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը, ինչը նշանակում է, որ միայն արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացումը դեռևս երաշխիք չէ, որ գնաճի տեմպերը Հայաստանում կարող են նվազել։

Սա հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկի մասնագետները որոշել են բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հիշեցնենք՝ դա այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն վարկեր է տալիս է բանկերին։ Դրա բարձրացումը շղթայական ազդեցությամբ կարող է զսպել գնաճը։

Տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով՝ դառնալով այն 10%:

«Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարի պարագայում 12-ամսյա գնաճը կնվազի և 2023 թ.-ի վերջից կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ»,- հայտարարեց Մարտին Գալստյանը։

Այս տարվա ընթացքում ԿԲ-ն արդեն չորրորդ անգամ է բարձրացնում տոկոսադրույքը։

Սակայն, փաստ է, որ գնաճի տեմպերը չեն մեղմվում։

Վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում 9.1% գնաճ է գրանցվել։ Աճում են ոչ միայն պարենային ապրանքների գները, այլ՝ ծառայությունների։ Մասնավորապես, սնունդը թանկացել է 12.5%-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 8.3%-ով, կենցաղային ապրանքները՝ 10.2%-ով և այլն։

«2022 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ցածր տնտեսական աճի և բարձր գնաճի միտումները պահպանվում են: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն: Սա կարտահայտվի համաշխարհային ֆինանսական պայմանների խստացմամբ և կհանգեցնի գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության դանդաղման: Արդյունքում, միջազգային ապրանքահումքային շուկայում կդիտարկվի գների որոշակի նվազում, ինչը կնպաստի համաշխարհային գնաճային միջավայրի աստիճանական մեղմմանը»,- նշեց Մարտին Գալստյանը։

Հայաստանում գրանցվող տնտեսական աճի տեմպերով պայմանավորված՝ ԿԲ-ն փոխել է իր կանխատեսումները։ Եթե ամիսներ առաջ կանխատեսվում է, որ 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4.9%, ապա այսօր հնչեցրած կանխատեսումներով՝ 12.9%:

«Բարձր ակտիվությունը գերազանցապես դրսևորվում է ծառայությունների և շինարարության ճյուղերում: Դրական զարգացումները պահպանվում են նաև արտահանման ոլորտում: Տնտեսական բարձր աճին գերակշռում է պահանջարկի գործոնների ազդեցությունը: Վերջինս շարունակում է պայմանավորվել միջազգային այցելուների և դրամական փոխանցումների զգալի ներհոսքով: Բարձր պահանջարկը նպաստում է գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը»,- նշեց Մարտին Գալստյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter