HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԶՊՄԿ, Գազպրոմ Արմենիա, Գրանդ տոբակո. խոշորագույն հարկատունների «տեղաշարժը»՝ հունվար-սեպտեմբերին 

Խոշորագույն հարկատուները հանքարդյունաբերության, էներգետիկայի, ծխախոտագործության և հեռահաղորդակցության ոլորտներից են։

2022 թվականի առաջին ինն ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 1 տրլն 83 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) հրապարակած ցանկերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի համեմատ այս տարի 261 մլրդ դրամի կամ 31.8% աճ է գրանցվել։

Ինչպես 2021-ին առաջին ինն ամիսներին, այնպես էլ այս տարվա նույն ժամանակաշրջանում Հայաստանի խոշորագույն հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն։

Սակայն, մինչ ցանկի առանձին ընկերություններին անդրադառնալը, շեշտենք, որ այս անգամ խոշոր հարկատուների ցանկում չեն ներառվել Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները, որոնք վերջին երկու տարիներին ներառվում էին և օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը մշտապես հայտնվում էր բարձր հորիզոնականներում։ 

Ինչպես երևում է, ՊԵԿ-ը կրկին մտափոխվել է, և ցանկը հաշվարկում է ըստ հին մեթոդաբանության։ ՊԵԿ-ը վերահաշվարկել է նաև նախորդ տարվա առաջին ինն ամիսների տվյալները, որպեսզի դրանք համադրելի լինեն այս տարվա հետ։

Այսպիսով, հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն (ԶՊՄԿ) գլխավորում է խոշորների ցանկը՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին վճարած 129.2 մլրդ դրամի հարկերով, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ եռապատկվել է՝ աճելով մոտ 87 մլրդ դրամով։

ԶՊՄԿ-ի վճարած հարկերի բացվածքից երևում է, որ միայն շահութահարկի գծով աճը կազմել է 22 մլրդ դրամ, իսկ այլ հարկեր և վճարումների տողով՝ մոտ 63 մլրդ դրամ։ Ցավոք, այս տողը այլ բացվածք չունի։

Դեռևս առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն արդեն հարկերի թռիչքային աճ էր գրանցել, որը տնտեսագետները պայմանավորեցին նախևառաջ միջազգային շուկաներում պղնձի գների աճով։ Լինելով արտահանող ընկերություն՝ ԶՊՄԿ-ն դրա հաշվին լրացուցիչ եկամուտներ է ապահովել, որն էլ շղթայաբար ազդել է հարկերի վրա։

Ընկերության հարկերի վրա էական ազդեցություն են ունեցել նաև հարկային ստուգումների արդյունքում արձանագրված 15 մլրդ դրամի խախտումները, որոնք վերականգնվել են պետբյուջե 2022 թվականին։

ԶՊՄԿ-ին հաջորդող մյուս խոշոր հարկատուների վճարած հարկերը առնվազն երեք անգամ ավելի ցածր են։

Երկրորդ տեղում գտնվող «Գազպրոմ Արմենիա»-ն ինն ամիսներին վճարել է 41.8 մլրդ դրամի հարկեր, որոնք աճել են 3.5 մլրդ դրամով կամ 9.2%-ով։

Երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 32.5 մլրդ դրամի հարկերով, աճը՝ 7.7 մլրդ դրամ կամ 31.1%:

Հաջորդ խոշոր հարկատուն ևս ծխախոտագործության ոլորտից է՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն, որը 16.3 մլրդ դրամ հարկեր է վճարել։ Ընկերության վճարած հարկերն աճել են 0.8 մլրդ դրամով կամ 5.3%-ով։ Հիշեցնենք՝ ինչպես «Գրանդ Տոբակո»-ն, այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում են։

Խոշոր հարկատուների առաջին հնգյակը այս անգամ եզրափակում է հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (Վիվա-ՄՏՍ)։ Ընկերությունը այս տարվա ինն ամիսներին վճարել է 12.5 մլրդ դրամի հարկեր, որոնք նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել են 0.5 մլրդ դրամով կամ 4.2%-ով։

Հաջորդ հնգյակում են ծխախոտի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն և «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ն, վառելիքի շուկայում գործող «Սի Փի Էս Էներջի Գրուպ» և «Ֆլեշ» ՍՊԸ-ները, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։

Հարկերի առավել տեսանելի աճ է գրանցել «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը՝ 3.5 անգամ։  Մյուս ընկերությունները ևս ավելացրել են հարկերը։ 

Հարկ է նկատել, որ CPS ապրանքանիշը ներկայացնող «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը նախորդ տարի չի եղել խոշորների ցանկում, քանի որ ընկերությունը գրանցվել է 2021 թվականի հոկտեմբերին։ Փոխարենը ցանկում եղել է CPS ապրանքանիշը ներկայացնող մեկ այլ ընկերություն՝ «Սի Փի Էս Օիլ»-ը, որը նախորդ տարվա ինն ամիսների տվյալներով Հանրապետության 8-րդ խոշոր հարկատուն էր՝ 11.9 մլրդ դրամի հարկերով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter