HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչով է պայմանավորված հանքարդյունաբերողների հարկերի թռիչքային աճը

2022 թվականին առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ընդհանուր 327 մլրդ դրամի հարկեր։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ խոշոր հարկատուների հարկերն աճել են մոտ 67 մլրդ դրամով կամ 25.7%-ով։ Պղնձի գների աճի արդյունքում հարկերի թռիչքային աճ է գրանցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։

Խոշորների ցանկում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես առաջին տասնյակում։

Ցանկն այս անգամ գլխավորում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ երեք ամսում վճարելով 35.4 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ԶՊՄԿ-ի հարկերը գրեթե քառապատկվել են՝ աճելով 25.7 մլրդ դրամով։

«Հիմնական էֆեկտը եղել է պղձի գների աճը, որն էլ զուգահեռաբար տարել է հարկերի աճի։ Մնացած հնարավոր էֆեկտների մասին կարելի է դատել, երբ կհրապարակեն իրենց ֆինանսական հաշվետվությունները»,- նկատում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ բացատրելով ԶՊՄԿ-ի հարկերի աճը։

Արդյոք այդ հարկերի մեջ հաշվարկվե՞լ է ընկերության կողմից պետությանը պատճառված 15 միլիարդ դրամի վնասի հատուցումը, և արդյոք այդ գումարները հաշվարկվե՞լ են հենց այս եռամսյակի համար, առայժմ հայտնի չէ։

Այսօր պղնձի համաշխարհային գները ավելի բարձր մակարդակում են, քան մեկ տարի առաջ։ Լոնդոնի մետաղների բորսայի տվյալներով՝ այս տարվա մարտին պղնձի մեկ տոննայի գինը մոտեցել է 11 հազար դոլարի շեմին, այսօր՝ 10 հազար դոլարին է մոտ, մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում հիմնականում 9-9.5 հազար դոլարից ցածր է եղել։ 

Հետևաբար, պղնձի գների աճը դրական է ազդում ինչպես պղինձ արդյունահանող, արտահանող ընկերությունների եկամուտների, այնպես էլ՝ գրանցած հարկերի վրա։ Եվ, ամենայն հավանականությամբ, ԶՊՄԿ-ի հարկերի վրա մեծ ազդեցություն է թողել հենց այս գործոնը։

Այդ մասին են վկայում ոչ միայն ԶՊՄԿ-ի հարկերի ցուցանիշները, այլև՝ «Թեղուտի» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» (տե՛ս երկրորդ ինֆոգրաֆիկան):

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 20.1 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն աճել են 1.4 մլրդ դրամով կամ 7.4%-ով։

Խոշորների առաջին եռյակը եզրափակում է Պաշտպանության նախարարությունը՝ գլխավորապես ի հաշիվ բյուջե վճարվող եկամտային հարկի։ ՊՆ-ն 2022 թվականի առաջին եռամսյակում վճարել է 8.6 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կրճատվել է 42.6%-ով։

Բացի ՊՆ-ից, տասնյակում հայտնված մյուս ընկերությունները ավելացրել են հարկերը։

Հարկերի էական աճ է գրանցել ծխախոտագործության ոլորտում աշխատող «Գրանդ տոբակո» ՍՊ ընկերությունը, որը նախորդ տարվա առաջին եռամսյակում վճարած 3.1 մլրդ դրամի դիմաց այս տարի վճարել է 7.9 մլրդ դրամ ու հայտնվել խոշոր հարկատուների չորրորդ հորիզոնականում։

Անմիջապես հաջորդում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն, որը ևս զբաղվում է ծխախոտի արտադրությամբ։ Վճարել է 5.9 մլրդ դրամի հարկեր, աճը՝ 41.8%: Հիշեցնենք՝ ինչպես «Գրանդ Տոբակո»-ն, այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում են։

Այս երկու ընկերությունների հարկերի աճը ևս ուշագրավ է։ 2020 թվականից հայկական ծխախոտի շուկան անկում էր ապրել՝ նվազում էր արտադրությունը, արտահանումն ու շուկայում գործող ընկերություններից գոյացած հարկերի ծավալը։ Վերջին եռամսյակում նրանց գրանցած հարկերի աճը կարող է վկայել, որ շուկան վերականգնման միտումներ է ցույց տալիս։

Խոշորների ցանկում են նաև բենզինի ներմուծմամբ ու առևտրով զբաղվող «Ֆլեշ» ՍՊԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

Տասնյակը եզրափակում է վիճակախաղերի և ՏՏ ոլորտում գործող «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը։ 

Ուշագրավ է, որ ամենախոշոր հարկատուների ցանկից դուրս է մղվել Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ն։ 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո Սոթքի հանքավայրը հայտնվեց  հայ-ադրբեջանական նոր սահմանագծին։ Հանքավայրի մի հատվածը անցավ հակառակորդին: Դրա հետևանքով նվազեցին շահագործման ու արտահանման ծավալները, որն էլ ազդել է հարկերի ծավալի վրա։

Ցանկի առաջին տասնյակում չեն նաև հեռահաղորդակցության օպերատորները, որոնք սովորաբար տասնյակի հորիզոնականներում են լինում։ Այս անգամ նրանցից առավել շատ հարկեր է վճարել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (Վիվա-ՄՏՍ)՝ 2.9 մլրդ դրամ և հայտնվել խոշոր հարկատուների ցանկի 11-րդ հորիզոնականում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter