HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021-ի տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն է

2021 թվականի Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել  մոտ 1 տրիլիոն 207 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ 2020 թվականի համեմատ խոշոր հարկատուների հարկերն աճել են մոտ 130 մլրդ դրամով կամ 12%-ով։ 

Հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»  ՓԲԸ-ն  (ԶՊՄԿ) 2021 թվականի տարեկան տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն է։  Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, 2021 թվականի հունվար-դեկտեմբերին ԶՊՄԿ-ն պետական բյուջե է վճարել 48.8 մլրդ դրամի հարկեր։ 2020 թվականի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 5.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։

Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ տեղում  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 47.8  մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն աճել են 2.3 մլրդ դրամով կամ 5%-ով։ 

Խոշորագույն հարկատուների եռյակը եզրափակում է պետական կառույց՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը՝ շնորհիվ բյուջե վճարված եկամտային հարկի։ ՊՆ աշխատակազմի անունից 2021 թվականին բյուջե է մուտքագրվել 42.6  մլրդ դրամի հարկ, որից մոտ 36 մլրդ դրամը միայն եկամտային հարկն է։  Պետական այս կառույցի հարկերն աճել են 6.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով։

Ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն հանրապետության չորրորդ խոշոր հարկատուն է։ 2021 թվականին պետբյուջե է վճարել մոտ 42.2  մլրդ դրամի հարկեր՝ 7.6 մլրդ դրամով կամ 15.3%-ով պակաս, քան 2020 թվականին։  2020 թվականից հայկական ծխախոտի շուկան անկում է  ապրում՝ նվազում է արտադրությունը, արտահանումն ու շուկայում գործող ընկերություններից գոյացած հարկերի ծավալը։

Հինգերորդ տեղում Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ն է՝ 20.8 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերը նվազել են 6.1 մլրդ դրամով կամ 22.6%-ով։ 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո Սոթքի հանքավայրը հայտնվեց  հայ-ադերբեջանական նոր սահմանագծին։ Հանքավայրի մի հատվածը անցավ հակառակորդին: Դրա հետևանքով նվազեցին շահագործման ու արտահանման ծավալները, որն էլ, ինչպես երևում է, ազդել է հարկերի ծավալի վրա։

Հաջորդում է ծխախոտագործությամբ զբաղվող և «Գրանդ Տոբակո»-ին փոխկապակցված «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն, որը տարվա ընթացքում վճարել է 20.2 մլրդ դրամի հարկեր։ Աճը՝ 1.9 մլրդ դրամ կամ 10.6%։  Հիշեցնենք՝ ինչպես «Գրանդ Տոբակո»-ն, այնպես էլ  «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում են։ 

Հանրապետության յոթերորդ խոշոր հարկատուն բենզինի ներմուծմամբ և առևտրով զբաղվող «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն է։ Հարկերի ծավալը 2021 թվականին կազմել է 18.1 մլրդ դրամ՝ 0.4%-ով ավելի նախորդ տարվանից։

Հաջորդում է  կապի խոշոր օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (Վիվա-ՄՏՍ)`  15.7 մլրդ դրամի հարկերով։ 2020 թվականի համեմատ ընկերության հարկերն աճել են 2.7 մլրդ դրամով կամ 23%-ով։

Իններորդ խոշոր հարկատուն բենզին ներմուծող «Ֆլեշ» ՍՊԸ-ն է։ Ընկերությունը պետբյուջե է վճարել 15.5  մլրդ դրամի հարկեր, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ կես միլիարդ դրամով կամ 3.4%-ով։  

Խոշոր հարկատուների տասնյակն այս անգամ եզրափակում է  Թեղուտի հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ 15.3  մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերը էապես աճել են՝ 2.1 անգամ։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականի Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել մոտ 1 տրլն 587 մլրդ դրամի հարկեր և պետական տուրքեր։  2020 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է մոտ 202 մլրդ դրամով կամ 14.6%-ով։

Այս գումարում ներառված չեն հարկատուներին վերադարձված գումարները, որոնք 2021 թվականին կազմել են մոտ 180 մլրդ դրամ։ 

Գլխավոր լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter