
Հայաստանից արտահանումն առաջին կիսամյակում աճել է 23.3%-ով՝ մեծամասամբ հանքահումքի հաշվին
2021 թվականի առաջին կիսամյակում, «քովիդյան» 2020-ի նույն ամիսների համեմատ, արտահանումն Հայաստանից աճում է մեծապես հանքահումքի հաշվին: Որոշակի աճ կա ոչ թանկարժեք մետաղների, մանածագործական իրերի, բուսական արտադրանքի և այլ ապրանքների գծով:
Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն աշխարհի հետ մոտ 3.572 մլրդ դոլարի առևտուր է արել: Դրանից 1.379 մլրդ դոլարը Հայաստանից արտահանումն է, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 23.3%-ով: Իսկ 2.192 մլրդ դոլարն էլ ներմուծումն է, աճը՝ 7.9%-ով:
Ինչպես երևում է, ծավալներով ներմուծումը շարունակում է գերազանցել արտահանմանը: Հայաստանը միշտ էլ արտաքին առևտրում բացասական հաշվեկշիռ է ունեցել: Սակայն, հատկանշական է, որ այս տարի արտահանումն ավելի արագ տեմպերով է աճում, քան ներմուծումը:
Երբ արտահանման աճն ավելի արագ է, դա դրական է անդրադառնում Հայաաստանի վճարային հաշվեկշռի վրա, կրճատվում է առևտրի բացասական սալդոն՝ ներմուծման ու արտահանման տարբերությունը: Արդյունքում Հայաստան ավելի շատ արտարժույթ է մտնում: Այս առումով միտումները դրական են:
Սակայն, երբ փորձում ենք հասկանալ՝ արդյոք արտահանման աճը տնտեսության և մասնավորապես արդյունաբերության զարգացման հետևանքն է, այստեղ արդեն պատկերը ոգևորիչ չէ: Կանաչ տնտեսության ու ներառական աճի կառավարական ծրագիր ունեցող Հայաստանում արտահանումն աճում է գլխավորապես հանքարդյունաբերության հաշվին:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի արտահանման 38%-ը կամ 529 մլն դոլարը ապահովել է միայն հանքահումքը: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ հանքահումքի արտահանման ծավալներն աճել են մոտ 148 մլն դոլարով կամ 38.8%-ով: Հայաստանից ամբողջ արտահանումն ավելացել է 261 մլն դոլարով, որից 148 մլն դոլարը՝ հանքահումքի հաշվին:
Հանքահումքի աճը պայմանավորված է այս տարի պղնձի միջազգային գների աճով: Ներկայում պղնձի մեկ տոնայի գինը միջազգային բորսաներում 9 000 դոլարից բարձր է: 2020 թվականին այն 7 000 դոլարի չի հասել: Այս գնաճից Հայաստանն ու պղինձ արտահանող մյուս երկրները շահել են: Պղինձը Հայաստանի արտահանման կազմում առաջատարն է:
Բացի պղնձի գնաճից, այս ընթացքում նաև հանքահումքի արդյունահանման ֆիզիկական ծավալներն են ավելացել: Մասնավորապես, 2021թ. հունվար-հունսին Հայաստանում արտադրվել է 202 450 տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 7.5%-ով ավելացել է:
Հայաստանի հանքահումքը արտահանվում է հիմնականում Շվեյցարիա, Չինաստան, ԵՄ երկրներ՝ Գերմանիա, Բուլղարիա, Նիդերլանդներ և այլն: Հետևաբար, հանքահումքի աճով պայմանավորված՝ աճել է Հայաստանից դեպի նշված երկրներ արտահանումը:
Հայաստանից արտահանվող հաջորդ խոշոր ապրանքումբը պատրաստի սննդի արտադրանքն է: Արտահանումը կազմել է 257 մլն դոլար, որն աճել է 11 մլն դոլարով կամ 4.6%-ով:
Արտահանման աճին զգալի նպաստել են նաև ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, որոնց արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է մոտ 159 մլն դոլար: 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ այն աճել է 43 մլն դոլարով կամ 36.7%ով: Այս ապրանքախմբի ներքո են սև մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ալյումինե նրբաթիթեղը, որը Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների թվում է և այլն։
Փոխարենը նվազել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը: Այն կազմել է մոտ 139 մլն դոլար՝ կրճատվելով 21.6 մլն դոլարով կամ 13.5%-ով: Այս ապրանքախմբի ներքո պետք է հիմնականում հասկանալ ադամանդը, ոսկին, որը արտահանվում է արծաթի հետ ձուլվածքի տեսքով, ոսկերչական իրերն ու զարդերը։
Տեսանելի աճ կա մանածագործական իրերի (59.8%-ով կամ 31 մլն դոլարով) և բուսական ծագման արտադրանքի՝ մրգի ու բանջարեղենի գծով (58.4%-ով կամ 31 մլն դոլարով):
38.3%-ով նվազել է կաշվե իրերի, 7.6%-ով՝ քարից, գիպսից և ցեմենտից պատարաստված իրերի արտահանումը:
Չմոռանանք, որ բոլոր դեպքերում այս տարվա առաջին կիսամյակը համեմատում ենք 2020 թվականի հետ, երբ համավարակի տարածման հետևանքով արտահանումը կրճատվել էր մի շարք ուղղություններով, ինչպես պատրաստի սննդի, մանածագործական իրերի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, մետաղների և այլն: Սակայն, հատկանշական է, որ նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում, հանքահումքի արդյունահանումն ու արտահանումը շարունակում էր աճել:
Մեկնաբանել