HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքահումքի արտահանումն աճել է, մյուս խոշոր ապրանքախմբերինը՝ նվազել. արտահանումը՝ կորոնավիրուսի օրերին

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման օրերին արդյունաբերության անկմանը զուգահեռ կրճատվում է նաև արտահանումը։ Այս տարվա չորս ամիսների հաշվարկով՝ խոշոր ապրանքախմբերից աճել է միայն հանքահումքի արտահանումը։ Հայկական ապրանքների արտահանման գլխավոր շուկաներից մեծ մասի գծով անկում ունենք։

Այս տարվա առաջին չորս ամիսներին՝ հունվար-ապրիլին, Հայաստանից արտահանվել է 692 մլն դոլարի ապրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 8.1%-ով։

Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) հրապարակել Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր պատկերը հունվար-ապրիլի կտրվածքով, որի վերլուծության արդյունքում էլ կարելի է հասկանալ, թե դեպի որ երկրներ արտահանումն է նվազել և որ ապրանքների գծով։

Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը այս տարվա հունվար-ապրիլին կազմել է 190 մլն դոլար՝ կրճատվելով 10.2%-ով։

Եվրամիություն է արտահանվել 152 մլն դոլարի ապրանք, անկումը՝ 11.7%:

Եվ այլ երկրներ արտահանումը կազմել է մոտ 350 դոլար՝ կրճատվելով 5.1%-ով։

Հասկանալու համար, թե հատկապես որ ուղղություններով է կրճատվում արտահանումը, նախ դիտարկենք արտահանման կառուցվածքը։

Ինչպես միշտ, Հայաստանից արտահանման կազմում ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահնված ապրանքների 25.1%-ը ուղևորվել է Ռուսաստան։ Բացարձակ թվով դա կազմում է 174 մլն դոլար։ 2019 թվականի հունվար-ապրիլի համեմատ այս ծավալը 11.3%-ով նվազել է։ Հայաստանի մաքսային ծառայության՝ 2019 թվականի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից Ռուսաստան են արտահանվում բազմաթիվ ու ամենատարբեր ապրանքներ՝ սննդից, ծխախոտից ու հագուստից սկսած մինչև ոսկերչական իրեր։

Հայաստանի արտահանման կառուցվածքում, ըստ ծավալների, երկրորդ տեղում Շվեյցարիան է։ Հունվար-ապրիլին նշված երկրի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմել 15.1% է։ Արտահանվել է 104 մլն դոլարի ապրանք՝ 21.8%-ով պակաս, քան 2019 թվականի հունվար-ապրլին։ Շվեյցարիան Հայաստանից գնում է հիմնականում պղնձի, մոլիբդենի և թանկարժեք մետաղի խտանյութ, ոսկի, ժամացույցների արտադրության համար նախատեսված մասեր։

Արտահանման կառուցվածքում երրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 9.1% տեսակարար կշռով։ Հայաստանից ԱՄԷ արտահանումը, ի տարբերություն մի շարք ուղղությունների, կտրուկ աճել է։ Այս տարվա հունվար-ապրիլին այն կազմել է 63 մլն դոլար՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 3.4 անգամ։ Քանի որ Մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել այս տարվա արտահանման տվյալները, հետևաբար՝ այս պահին դժվար է պարզելը, թե որ ապրանքների հաշվին է ավելացել դեպի ԱՄԷ արտահանումը։ Միայն  նախորդ ամիսների հրապարակումներից երևում է, որ նշված 63 մլն դոլարի մեծ մասը՝ 61 մլն դոլարը, արտահանվել է առաջին եռամսյակում, հատկապես՝ փետրվարին, իսկ  ապրիլին ծավալը փոքր է եղել։ Երբ Մաքսային ծառայությունը հրապարակի այս տարվա տվյալները, արդեն պարզ կդառնա, թե ինչ է արտահանվել։ Իսկ 2019 թվականին Հայաստանը ԱՄԷ է արտահանել ծխախոտ (սիգարետ), թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և ոսկերչական իրեր. ընդհանուր ծավալը չի գերազանցել 57 մլն դոլարը։

Հայկական ապրանքների արտահանման TOP 5-ում են նաև Բուլղարիան (տեսակարար կշիռը՝ 8.9%) և Չինաստանը (8.3%): Այս տարվա հունվար-ապրիլին երկու երկրների գծով էլ աճ է գրանցվել։ Դեպի Բուլղարիա արտահանումն աճել է 21.1%-ով, դեպի Չինաստան՝ 11.4%-ով։ Հայաստանը Բուլղարիա է արտահանում հիմնականում պղնձի խտանյութ։ Դեպի Չինաստան ևս մեծամասամբ պղնձի խտանյութ է արտահանվում, ինչպես նաև՝ մոլիբդենի խտանյութ։

Հայաստանի արտահանման գլխավոր շուկաներից են նաև Իրանը (արտահանվում է հիմնականում էլեկտրաէներգիա, որի Իրանից ներմուծվում է գազ), Իրաքը (ծխախոտ), ԱՄՆ-ն (ալյումինե նրբաթիթեղ, ադամանդ, ոսկերչական իրեր), Վրաստանն (ծխախոտ, պղնձի խտանյութ և այլ տարատեսակ ապրանքներ) ու Գերմանիան (հագուստ, ալյումինե նրբաթիթեղ, ծխախոտ)։

Այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, զգալի կրճատվել է Հայաստանից դեպի Իրաք (-26.7%), Վրաստան (-28.7%), Գերմանիա (-26.2%) արտահանումը։ Փոխարենը աճել է դեպի Իրան (+56%), ԱՄՆ (+11.7%) արտահանումը, որը պայմանավորված է առաջին եռամսյակի արտահանման ծավալներով։

Հայաստանի արտահանման TOP 10 շուկաներին կարող եք առավել մանրամասն ծանոթանալ գրաֆիկում։ Աճ հատվածում արտահանման ծավալներն է՝ ըստ երկրների։ Ձախում՝ դինամիկան 2019 թվականի հունվար-ապրիլի համեմատ։

Ինչպես նշեցինք, միայն Մաքսային ծառայության հրապարակումներից հետո պարզ կռադնա, թե ըստ երկրների՝ որ ապրանքների հաշվին է նվազել կամ ավելացել արտահանումը։ Իսկ մինչ այդ, Վիճակագրական կոմիտեն տրամադրել է արտահանումն՝ ըստ խոշորացված ապրանքախմբերի, որն առաձնացված չէ ըստ երկրների։ Այստեղ արդեն հստակ երևում է, որ Հայաստանի արտահման կազմում մեծ տեսակարար կշիռ ունեցող գրեթե բոլոր ապրանքախմբերի գծով անկում ունենք այս տարի՝ բացառությամբ հանքահումքի։

Հանքահումքի արտահանումն աճել է, սննդի ու մյուս խոշոր ապրանքախմբերինը՝ կրճատվել

 Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից արտահանված 692 մլն դոլարի ապրանքների կազմում 35%-ը՝ հանքահումքն է, մոտ 23%-ը՝ պատրաստի սննդի արտադրանքը, 11%-ը՝ ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերն են, 10%-ը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը։ Էական կշիռ ունեն մանածագործական իրերը՝ 5.2%:

Նշված բոլոր ապրանքախմբերի արտահանումը, 2019 թվականի հունվա-ապրիլի համեմատ, նվազել է ՝ բացառությամբ հանքահումքի։ Ու քանի  որ հանքահումքը էական կշիռ ունի արտահանման կազմում, դրա աճը, որը կազմել է 22.7%, «փրկել է» արտահանման ընդհանուր պատկերը և դրա շնորհիվ է, որ հունվար-ապրիլին արտահանման ընդհանուր ցուցանիշը նվազել է ընդամենը 8.1%-ով։

Սա այն դեպքում, երբ պատրաստի սննդի արտահանումը նվազել է 11.7%-ով, մանածագործական իրերինը՝ 36.3%-ով։ Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի գծով անկումը 42.6% է, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի գծով՝ 7.5%:

Աճ կա բուսական ծագման արտադրանքի, սարքերի ու ապրատների գծով։ Մանրամասները՝ գրաֆիկում։

Այսպիսով, այս տարվա առաջին չորս ամիսների Հայաստանի արտահանումը նվազել է 8.1%-ով։ Սակայն, ենթադրաբար, այդ անկումը շատ ավելի մեծ կլիներ, եթե չլիներ հանքահումքի արտահանման աճը։ Հավանականությունը փոքր է, որ առաջիկայում էլ հանքահումքի արտահանումը նման տեմերով կաճի։ Հետևաբար, արտահանման անկումն ավելի է խորանալու։ Բացի այդ, բազմիցս խոսվել ու գրվել է, որ հանքարդյունաբերությունը տնտեսությունը որակապես չի զարգացնում, հետևաբար պետք չէ հույս դնել այս ոլորտի վրա։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 1 մլրդ 496 մլն դոլարի ապրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 11.5%-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter