HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արդյունաբերության որ ճյուղերն են ամենաշատը տուժում այս օրերին

Այս տարվա մարտին հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 11.8 %-ով աճել են։ Իսկ մշակող արդյունաբերությունն այս ընթացքում 5.2 % անկում է գրանցել. աճել է սննդամթերքի ու խմիչքի, նվազել՝ ծխախոտի արտադրությունը, ինչպես նաև՝ հիմնային մետաղների, հագուստի ու ևս մի քանի այլ ապրանքների։

Կորոնավիրուսի բացասական հետևանքները հայկական արդյունաբերության ոլորտում արդեն երևում է պաշտոնական վիճակագրության մեջ։ Այս տարվա մարտին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալը կազմել է մոտ 151 մլրդ դրամ, որը նախորդ տարվա մարտի համեմատ կրճատվել է 1.9 %-ով։

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների (ՀՀ ՎԿ) ՝ տարվա առաջին երկու ամիսներին արդյունաբերության ոլորտը երկնիշ տեմպերով է աճել։ Հունվարին, 2019 թվականի հունվարի համեմատ, աճը կազմել է 14 %, իսկ փետրվարին, 2019-ի փետրվարի համեմատ՝ 16.5 %:

Արդյունքում, այս տարվա հունվար-մարտին, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7 %-ով։

Չնայած Վիճկոմիտեն դեռևս չի հրապարակել ապրիլի ցուցանիշները, սակայն մարտի տվյալների հիման վրա էլ կարելի է պատկերացում կազմել, թե կորոնավիրուսի և մարտի կեսերից Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արդյունաբերության որ ճյուղերն են ավելի շատ տուժում։

Ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարտին հանքարդյունաբերությունն առայժմ վնասներով չի աշխատել. արդյունահանման ծավալների երկնիշ աճ է գրանցվել։

Իսկ մշակող արդյունաբերությունն արդեն իսկ անկում է գրանցել։ Սակայն, մշակող արդյունաբերության ոչ բոլոր ճյուղերում է բացասական դինամիկա գրանցվել։ Օրինակ՝ եթե ծխախոտի արադրության ծավալների էական կրճատում է տեղի ունեցել, ապա՝ խմիչքի և սննդամթերքի ոլորտում՝ աճ է գրանցվել։

Մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները մարտին 11.9 %-ով ավելացել են

Այս տարվա մարտին հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում կազմել են 27.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 11.8 %-ով։

Մասնավորապես, մետաղական հանքաքարի արդյունահանումը կազմել է 26.3 մլրդ դրամ՝ աճելով 11.9 %-ով, իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում գրանցվել է 1.8 % աճ։

Հանքարդյունաբերությունը տարվա առաջին երկու ամիսներին գրանցված բարձր աճի շնորհիվ եռամսյակային աճ է գրանցել։ Այս տարվա հունվար-մարտին հանքարդյունաբերության ընդհանուր ծավալը կազմել է 87.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26.9 %-ով աճել է։

Սակայն, այս աճն առաջիկա ամիսներին կարող է բավականին թույլանալ կամ անկում գրանցել։ Մետաղական հանքարդյունահանողները ներկայում բարդ խնդիրների առաջ են կանգնած՝ կապված հանքանյութի արտահանման հետ։ Դա պայմանավորված է ինչպես բեռանփոխադրումների նվազեցմամբ, այնպես էլ՝ համաշխարհային շուկայում մետաղների գնանկմամբ։

Մշակող արդյունաբերության ոլորտում ամենաշատը տուժել են ծխախոտի, հագուստի ու ևս մի քանի արտադրություններ

Մշակող արդյունաբերության ծավալն այս տարվա մարտին կազմել է 101 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 5.2 %-ով կրճատվել է։ Իսկ եռամսյակային կտրվածքով մշակող արդյունաբերությունը 3.8 % աճ է գրանցել, որը կրկին պայմանավորված է հունվար-փետրվարի դրական ցուցանիշներով։

Հայաստանի մշակող արդյունաբերությունը հիմնված է հիմնակում չորս-հինգ ճյուղերի վրա։ Եթե դիտարկում ենք եռամսյակային ցուցանիշները, որպեսզի պատկերն ավելի համապարփակ լինի, ապա առաջին եռամսյակում մոտ 285 մլրդ դրամի մշակող արդյունաբերության 32.2 %-ը բաժին է ընկնում սննդամթերքին, 14.5 %-ը՝ հիմնային մետաղների արտադրությանը, 13.3 %՝ ծխախոտին, 12.7 %-ը՝ խմիչքն, 8 %-ը՝ ոսկերչական իրերի արտադրությանը։ Այսինքն՝ միայն այս հինգ ճյուղերն ապահովել են մշակող արդյունաբերության 80 %-ը։

Առաջին եռամսյակում սննդամթերքի արտադրության ծավալները, 2019 թվականի նույն եռամսյակի համեմատ, աճել են 8.8 %-ով, խմիչքի ծավալները՝ 3.1 %-ով։ Զգալի է ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճը՝ 88.8 %։

Միևնույն ժամանակ եռամսյակային կտրվածքով 16.4 % անկում է գրանցել ծխախոտի արտադրության ոլորտում, 4.4 % էլ՝ հիմնային մետաղների։ Հիմնային մետաղների արտադրությունը ներառում է պողպատե խողովակների, տրամատների և համանման կցամասերի, մետաղալարերի արտադրությունը, թանկարժեք մետաղների մշակումը, ալյումինի արտադրությունը և այլն։

Հիմնային մետաղների և ծխախոտի արտադրության ոլորտներում անկումը շատ ավելի մեծ է, եթե դիտարկում ենք միայն մարտի տվյալները։

Այսպիսով, միայն մարտին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, ծխախոտի արտադրության ծավալները կրճատվել են 42.7 %-ով։ Իսկ հիմնային մետաղների արտադրությունը նվազել է 6.8 %-ով։

Մարտին շարունակել է աճել սննդամթերի ու խմիչքի արտադրությունը։ Նախորդ տարվա մարտի համեմատ սննդամթերքի արտադրության ծավալները աճել են 5.5 %-ով։ Իսկ խմիչքի արտադրությունն աճել է 14 %-ով։ Ոսկերչական իրերի արտադրությունն էլ աճել է 8.8 %-ով։

Սննդամթերքի ու խմիչքի արտադրության աճը, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է ներքին սպառման ավելացմամբ։ Ոսկերչական իրերի մասով կարելի է ենթադրել, որ արտաքին շուկաներից նախորդ ամիսներին ստացված պատվերներն են իրականացվել. արտասահմանյան, հիմնականում ՝ ռուսաստանյան հաճախորդների պատվերով Հայաստանում պատրաստվում են ոսկերչական իրեր, զարդեր ու արտահանվում։

Ծխախոտի և հիմնային մետաղերի արտադրությունները մեծ կախում ունեն դրսի շուկաներից, քանի որ դրանց զգալի հատվածն արտահանվում է։ Եվ արտահանմամբ պայմանավորված խնդիրներով էլ դրանց արտադրությունը նվազում է։

Մարտին անկում է գրանցվել մշակող արդյունաբերության մի շարք ոլորտներում ևս, ինչպիսիք են` հագուստի արտադրությունը, պոլիգրաֆիական գործունեությունը, ռետինե և պլաստմասե արտադրատեսակների արտադրությունը և այլն։

Արդյունաբերության այս կամ այն ճյուղի կորուստները, կամ աճերը մարտին պայմանավորված են ինչպես մեր երկրում կորոնավիրուսի առաջացրած հետևանքներով, այնպես էլ՝ արտաքին աշխարհից եկող ազդակներով։ Առաջիկա ամիսների ցուցանիշներն առավել կհստակեցնեն, թե տնտեսության ճյուղերից որն ինչպես է արձագանքում այս իրավիճակին։ Բայց այն, որ մարտին արդեն տնտեսությունը հարվածներ է կրել, փաստ է։

Արդյունաբերության մյուս հատվածներում՝ էներգետիկայում (էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշի) այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցվել է 2.1 % անկում և մասնավորապես էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ՝ 0.2 % անկում։ Իսկ առաջին եռամսյակի կտրվածքով էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 58 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճելով 11 %-ով։

Եվ, վերջապես, արդյունաբերության մյուս հատվածում՝ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում, մարտի գրանցվել է 19.5 % անկում, եռամսյակի տվյալներով՝ 17.8 % անկում։

Արդյունաբերության տեմպը, ապրիլի-մայիսին, մեծ հավանականությամբ էլ ավելի նվազած կլինի։ Իսկ հետագա ընթացքը կախված կլինի կորոնավիրուսի տարածման տեմպից, դրա առաջացրած տնտեսական հետևանքներից ու մեր իշխանությունների ձեռնարկած քայլերի արդյունավետությունից։ Խոսքն առաջին հերթին սպառման մասին է։ Հայտնի է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում այսօր և՛ առաջարկի անկում է գրանցվում, և՛ պահանջարկի։ Եվ եթե բնակչությունը սկսում է քիչ սպառել, սա շղթայաբար ազդում է տնտեսության բոլոր ոլորտների վրա։

Արդյունաբերությունը 2019 թվականին էական նպաստել է տնտեսական աճին։ Տարվա տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9 %-ով։

2019 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7.6 %։ Արդյունաբերությունը այս աճին նպաստել է 1.86 տոկոսային կետով։

Իսկ այս տարի սպասվող տնտեսական անկման պայմաններում կարող է նվազել նաև տնտեսական աճին արդյունաբերության նպաստման չափը։ Հիշեցնենք, որ Կառավարության գնահատականներով՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսական անկումը կկազմի 2 %: 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter