
7.6 % տնտեսական աճ. ինչի հաշվին է այն գրանցվել
Տնտեսական աճը հիմնված է մեծապես առևտրի ու ծառայությունների վրա, իսկ գյուղատնտեսությունը բացասաբար է ազդում աճի վրա։
2019 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7.6 %։ Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) այսօր հրապարակած տվյալների՝ առավել բարձր աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում՝ 10.2 %:
Առևտրի և ծառայությունների ոլորտում գրանցվել է ծավալների 10.1 % աճ, շինարարության ոլորտում ՝ 4.2 %:
Իսկ գյուղատնտեսության անկումը շարունակվել է և տարեկան կտրվածքով կազմել 4 %:
Ընդհանուր առմամբ, 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմել է մոտ 6 տրլն 551 մլրդ 850 մլն դրամ։
Այս կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն առևտուրն ու ծառայությունները, որոնք ապահովել են ՀՆԱ-ի կեսից ավելին՝ 54.1 %-ը։
Արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ի կազմում 18.6 % է, գյուղատնտեսությանը՝ 11.6 %, իսկ ամենափոքր բաժինը շինարարությանն է՝ 6.2 %-ը։
ՀՆԱ-ի կազմում 11.4 %-ը արտադրանքի հարկերն են։ -1.9 % էլ հաշվարկվել է ՖՄԱՉԾ-ն (ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները)։
Տնտեսական աճը շարունակում է հիմնվել առևտրի ու ծառայությունների վրա
Ինչպես 2019 թվականին, այնպես էլ դրան նախորդած մյուս տարիներին Հայաստանում տնտեսական աճը հիմնականում գրանցվում է առևտրի ու ծառայությունների հաշվին։ Վիճկոմիտեն հաշվարկել է, որ 2019 թվականին գրանցված 7.6 % տնտեսական աճի 5.31 տոկոսային կետն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։
Արդյունաբերության նպաստման չափը աճին 1.86 տոկոսային կետ է, շինարարությանը՝ 0.27, արտադրանքի հարկերինը՝ 0.76:
Իսկ գյուղատնտեսությունը 0.54 տոկոսային կետով զսպել է տնտեսական աճը։
Հիշեցնենք, որ 2018 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 5.2 %:
2019-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ՏԱՑ-ը, կազմել է 7.8 %: Թեև ՏԱՑ-ի և ՀՆԱ-ի ցուցանիշները հաշվարկվում են տարբեր եղանակներով, սակայն դրանք մոտ են լինում միմյանց։ Բացառություն չէր նաև 2019 թվականը։
Տես նաև՝
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել