HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հյուրանոցներն ու ռեստորանները տուժում են, բուքմեյքերները՝ շահում. ծառայությունների ոլորտը՝ մարտին

Այս տարվա մարտին Հայաստանում ծառայությունների ոլորտի մի շարք ճյուղերում հասույթի զգալի կորուստներ են գրանցվել։ Առավել տեսանելի են հյուրանոցների ու ռեստորանների, զբոսաշրջային գործակալությունների, անհատական սպասարկման ծառայությունների կորուստները։

Փոխարենը մարտին հասույթի աճ են գրանցել բուքմեյքերական ընկերությունները, ինտերնետի մատակարարները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, բանկերն ու ապահովագրական ընկերությունները։

Մարտ ամսին ծառայությունների ոլորտում 4.3 %-ով անկում է գրանցվել

Կորոնավիրուսի (2019n-CoV) հետևանքով հայտարարված արտակարգ դրությունն ու տնտեսական սահմանափակումները բացասաբար են ազդել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները, որոնց հիման վրա էլ փորձել ենք հասկանալ, թե մասնավորապես ծառայությունների ոլորտում մարտին ի՞նչ միտումներ են գրանցվել, ո՞ր ոլորտներն են ամենաշատը տուժել, որո՞նք՝ մարտը դրական ցուցանիշներով հաղթահարել։

Այս տարվա մարտին ծառությունների ոլորտի ընդհանուր հասույթը Հայաստանում կազմել է 147 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 4.3 %-ով։

Տարվա սկզբում ծառայությունների ծավալը երկնիշ տեմպերով աճում էր։ Հունվարին ոլորտում գրանցվել էր 12.1 % աճ, իսկ փետրվարին ՝ 10.4 %։

Եվ, շնորհիվ հունվար-փետրվարին գրանցված աճի, եռամսյակային ցուցանիշը ևս աճ է ցույց տալիս։ 2020 թվականի առաջին եռամսյակում ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 452 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 5.7 %-ով։

Վերջին տարիներին ծառայությունների ոլորտը Հայաստանում դինամիկ աճել է։ 2017 թվականից երկնիշ աճ է գրանցվում։ 2019 թվականին ոլորտի աճը, նախորդ տարվա համեմատ, կազմել է 15 %։ Այդ աճի վրա մեծ ազդեցություն է ունեցել խաղային ոլորտը՝ ի դեմս բուքմեյքերական ընկերությունների, ֆինանսական և ապահովագրական, ինչպես նաև կացության, հանրային սննդի կազմակերպման ոլորտը։

Այս տարվա մարտին ցուցանիշները վկայում են, որ չնայած արտակարգ դրության հայտարարմանն ու տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը` ծառայությունների մի քանի ոլորտներ կարողացել են աճ գրանցել։ Ամենատեսանելի աճը բուքմեյքերական ընկերություններինն է։

Մարտին բուքմեյքերական ընկերությունների հասույթը 40.7 %-ով աճել է

Հայաստանի ծառայությունների ոլորտում առաջին եռամսյակի տվյալներով ամենամեծ տեսակարար կշիռն ունի երկու ոլորտ՝ ֆինանսական ոլորտն ու մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտը, որի կազմում են խաղատներն ու բուքմեյքերական ընկերությունները։ Առաջինի տեսակարար կշիռը ծառայությունների կազմում 25.2 % է, իսկ երկրորդինը՝ 25 %: Այսինքն՝ միայն այս երկու ոլորտները միասին ապահովում են ծառայությունների հասույթի կեսը։ Նմանատիպ պատկեր է ստացվում նաև, երբ դիտարկում ենք միայն մարտի ցուցանիշները։

2020թ. մարտ ամսին ֆինանսական և ապահովագրական ոլորտի հասույթը կազմել է 36.5 մլրդ դրամ, որից 26.2 մլրդ դրամը բաժին է ընկել բանկերին, 2.4 մլրդ դրամը՝ ապահովագրական ընկերություններին, մնացածը՝ այլ ֆինանսական կազմակերպություններն են։ Ոլորտի ընդհանուր հասույթը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 3.8 %-ով։ Ընդ որում՝ բանկերի հասույթն ավելացել է 21.6 %-ով, իսկ ապահովագրական ընկերություններինը՝ 31 %-ով։

Այս ցուցանիշները վկայում են, որ մարտին հայտարարված արտակարգ դրության պայմաններում ֆինանսական և ապահովագրական ոլորտը, ընդհանուր առմամբ, շարունակել է առանց կորուստների աշխատել։

Մարտին արտակարգ դրությունը բավականին հաջող են հաղթահարել բուքմեյքերական ընկերությունները։ Ընդհանուր առմամբ, մշակույթ, զվարճություններ և հանգիստ ոլորտի հասույթը մարտին կազմել է 40 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12 %-ով։ Այս ոլորտի ծավալի 96 %-ը՝ 38.7 մլրդ դրամը, գոյացել է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման հաշվին, որը նախորդ տարվա մարտի համեմատ 40.7 %-ով աճել է։ Սա խոսում է վտանգավոր միտումների մասին։ Բոլորովին չի բացառվում, որ արտակարգ դրության օրերին առաջացած ազատ ժամանակը մեր քաղաքացիներից ոմանք անցկացրել են օնլայն վիճակախաղեր խաղալով։

Իսկ խաղատների հասույթը մարտին կտրուկ անկում է ապրել, քանի որ վերջիններս արտակարգ դրության պայմաններում չեն գործել։ Նշված ամսին խաղատները ստացել են 997 մլն դրամի հասույթ, որը նախորդ տարվա մարտի համեմատ կրճատվել է 86.7 %-ով։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի ընդհանուր հասույթն այս տարվա մարտին աճել է 3.3 %-ով՝ կազմելով 22.8 մլրդ դրամ։ Սակայն ոլորտի ոչ բոլոր ճյուղերում է աճ գրանցվել։ Տվյալները ցույց են տալիս, որ եթե, օրինակ, հեռահաղորդակցության ընդհանուր հասույթը կրճատվել է 4.6 %-ով, ապա այս թվում միայն ինտերնետ հասանելիության ծառայությունների հասույթն աճել է 10 %-ով։ Իսկ, օրինակ, բջջային կապի ծավալները կրճատվել են 18.8 %-ով։

Հասույթի 16.3 % աճ է գրանցվել ծրագրային ապահովման մշակման և հարակից գործողությունների ոլորտում։

Հյուրանոցները, ռեստորաններն ու զբոսաշրջային գործակալությունները ամենաշատ տուժողներից են

Հյուրանոցները, ռեստորաններն ու զբոսաշրջային գործակալություններն առաջիններից էին, որ կրեցին կորոնավիրուստի տնտեսական հետևանքները։ Եվ դա ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում։

Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի՝ 2020 թվականի մարտին կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի հասույթը կազմել է 6.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 30.7 %-ով։

Մասնավորապես, հանրային սննդի կազմակերպման հասույթը կրճատվել է 26.5 %-ով՝ կազմելով 5.8 մլրդ դրամ։ Այստեղ խոսքը գլխավորապես ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի մասին է։

Իսկ կացության կազմակերպման ոլորտի հասույթը կազմել է 1.1 մլրդ դրամ՝ կրճատվելով 47.1 %-ով։ Այստեղ էլ պետք է հիմնականում նկատի ունենալ հյուրանոցները։

Ընդհանուր առմամբ, երբ ծառայությունների ոլորտը դիտարկում ենք ըստ խոշորացված խմբերի, ապա այս տարվա մարտին, 2019 թվականի մարտի համեմատ, հասույթի աճ են գրանցել միայն երեք ոլորտներ։ Իսկ ութը՝ կորուստներ են ունեցել, որոնց թվում են նաև անհատական ծառայություններ մատուցողները, օրինակ՝ վարսավիրանոցները, անշարժ գույքի հետ կապված գործունեությամբ զբաղվողները՝ անշարժ գույքի գործակալությունները, տրանսպորտի ոլորտը և այլն։

Ներկայացվածին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայի միջոցով։

Թե ծառայությունների ոլորտում ինչ միտումներ են գրանցել այս ոլորտները ապրիլին, Վիճկոմիտեն կհրապարակի միայն մեկ ամիս անց։ Բայց, հաշվի առնելով, որ արտակարգ դրությունը շարունակվել է նաև ապրիլին և գործում է մինչև օրս, արդեն կարելի է սպասել, որ այս կորուստներն ավելի մեծացած կլինեն։ Իսկ մայիսից դրական նշույլներ կարող են նկատվել՝ կապված տնտեսական գործունեությունների սահմանափակումների թուլացումների հետ։ Սակայն, բոլոր դեպքերում, բիզնեսին դեռ որոշ ժամանակ է հարկավոր «ուշքի գալու» համար։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն էր սահմանվել։ Կառավարությունը ապրիլի 11-ին որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը։

Առաջին եռամսյակում, և մասնավորապես՝ մարտին, տնտեսության մյուս ճյուղերում, օրինակ` արդյունաբերության, շինարարության, առևտրաշրջանառության, ևս տեսանելի անկումներ են գրանցվել։ Այս և մնացած ոլորտներին առաջիկայում ևս կանդրադառնանք։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter