
Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին 4.9 %-ով նվազել է. ամենամեծ անկումը շինարարության ոլորտում է
Կորոնավիրուսի բացասական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա արդեն երևում է պաշտոնական վիճակագրության մեջ։
Այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 4.9 %-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած օպերատիվ ցուցանիշները։
Ամենամեծ անկումը շինարարության ոլորտում է։ Շինարարության ծավալներն այս տարվա մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կրաճատվել են 26.2 %-ով։
Ներքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 9.9 %-ով, ծառայությունների ծավալը՝ 4.8 %-ով։
Իսկ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 1.9 % անկում։
Գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ։
Առաջին եռամսյակում ՏԱՑ-ը 4 %-ով աճել է
Առաջին եռամսյակի տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է գրանցվել, որը տեղի է ունեցել հունվար և փետրվար ամիսներին գրանցված աճերի հաշվին։
Հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, ՏԱՑ-ն ըստ վերանայված ցուցանիշների՝ աճել է 9.3 %-ով, իսկ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9.2 %-ով։
Հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 4 %-ով։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 450 մլրդ դրամ՝ աճելով 8.7 %-ով։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը մոտ 74 մլրդ դրամ է, աճը՝ 4.5 %:
Շինարարության ծավալները կազմել են մոտ 44 մլրդ դրամ՝ նվազելով 9.4 %-ով։
Իսկ ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 657.5 մլրդ դրամ՝ աճելով 0.2 %-ով։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել