HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2021 թվականին հարկատուներին է վերադարձվել 180 մլրդ դրամ

Վերադարձված գումարները մեծամասամբ ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով են։ 

2021 թվականի ընթացքում պետական բյուջեից հարկատուներին է վերադարձվել մոտ 180 մլրդ դրամ։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալները, 2020 թվականի համեմատ այս գումարն աճել է 41.5 մլրդ դրամով կամ 29.8%-ով։

Օրենքի համաձայն՝ պետությունը հավաքագրված հարկային եկամուտներից որոշ պարբերականության վերադարձնում է նույն հարկատուներին։ Այդ գումարները հիմնականում ավելացված արժեքի հարկի գծով գումարներն են, որոնք ենթակա են վերադարձման, օրինակ՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների ժամանակ, հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի փոխհատուցման և այլն։

Այսինքն՝ դրանք այն գումարներն են, որոնք գործարքների ժամանակ գանձվում են հարկատուներից, բայց որոշ ժամանակ անց, եթե օրենքով ենթակա են վերադարձի, հետ են փոխանցվում են հարկատուներին։ 

2021 թվականին միայն ԱԱՀ-ի գծով հարկատուներին է վերադարձվել ընդհանուր առմամբ 146.7  մլրդ դրամ։ Այդ գումարները վերադարձվել են այնպիսի կարգավորումների համաձայն, ինչպես՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցման համակարգն է, Tax free համակարգի շրջանակներում վերադարձվող գումարները և այլն (տե՛ս ինֆոգրաֆիկան)։ 

Եկամտային հարկի գծով վարկառուներին է վերադարձվել 22.7 մլրդ դրամ։ 2020 թվականի համեմատ այս գումարն աճել է  9.4  մլրդ դրամով կամ 70.4%-ով։ Սրանք այն գումարներն են, որոնք նորակառույց շենքերից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերած վարկառուներին են վերադարձվում։ Ծրագրի համաձայն՝ եկամտային հարկ վճարող քաղաքացուն հնարավորություն է տրվում հետ ստանալ եկամտային հարկն ու այն ուղղել կառուցապատողից գնվող բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։

 2021 թվականին պետությունը սահմանափակումներ ներառեց եկամտային հարկի վերադարձի ծրագրում՝ համարելով, որ վերադարձվող եկամտային հարկի գումարները լուրջ վնաս են բյուջեի համար։ Սպասվում է, որ արդեն 2022 թվականին եկամտային հարկի գծով վերադարձի գումարների աճն ավելի համեստ կլինի։  Գումարած դրան՝ նվազել է եկամտային հարկի դրույքաչափը։

2021 թվականին Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել մոտ 1 տրլն 587 մլրդ դրամի հարկեր և պետական տուրքեր։  2020 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է մոտ 202 մլրդ դրամով կամ 14.6%-ով։ 

2021 թվականին հարկերի աճին նպաստել են բարձր գնաճը, աշխատանքի շուկայում ստվերի կրճատումը, հարկատեսակների գծով դրույքաչափերի ու վճարման ժամկետների փոփոխությունները, որոշ հարկատեսակներ գծով՝ տնտեսության դանդաղ վերականգնումը։ Էական դեր է խաղացել բազայի էֆեկտը՝ համեմատություն է արվում անկումային 2020 թվականի հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter