HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Եկամտային հարկի դրույքաչափը 2022-ին նվազում է, սոցիալական վճարը՝ բարձրանում

Հայաստանում գրանցված աշխատողները 2022 թվականից ավելի ցածր եկամտային հարկ կվճարեն, փոխարենը կբարձրանա սոցիալական վճարը՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդեր ուղղվող գումարը: Իսկ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» ուղղվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը կմնան նույնը: 

Եկամտային հարկը 22%-ից կդառնա 21%

Այս տարի՝ 2021 թվականին, Հայաստանում գրանցված աշխատողները պետությանը վճարում են իրենց աշխատավարձի 22%-ի չափով եկամտային հարկ: 2020 թվականի համեմատ այս դրույքաչափը նվազել է 1 տոկոսային կետով: Եվս 1 տոկոսային կետով կնվազի 2022 թվականին:

Այդպիսով, 2022 թվականին եկամտային հարկի դրույքաչափը կկազմի 21%: 

Ըստ 2019 թվականին ընդունված փոփոխությունների՝ եկամտային հարկը մինչև 2023 թվականն աստիճանաբար նվազեցվելու է՝ հասնելով 20%-ի:

Հայաստանում գործում է եկամտի հարկման համահարթ համակարգը: Այսինքն՝  բոլոր գրանցված աշխատողները նույն տոկոսաչափով եկամտային հարկ են վճարում։  

Եկամտային հարկի փոփոխությունները կարգավորվում են «ՀՀ հարկային օրենսգրքի» համաձայն: 

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» ուղղվող դրոշմանիշային վճարները մնում են նույնը

2022 թվականին փոփոխություններ նախատեսված չեն դրոշմանիշային վճարների մասով: Հիշեցնենք, որ սրանք այն գումարներն են, որոնք ուղղվում են «Զինծառայողների  ապահովագրության հիմնադրամ»: 

Հիմնադրամին կատարված նվիրաբերությունները և դրոշմանիշային վճարները  ուղղվում են հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զիվորին կամ նրա ընտանիքին հատուցում տրամադրելու առաքելությանը:

Դրոշմանիշային վճարները պարտադիր վճարներ են, որոնք գանձվում են բոլոր գրանցված աշխատողներից: Գանձվող դրոշմանիշային վճարները պրոգրեսիվ սանդղակով են: Որքան բարձր է «կեղտոտ» աշխատավարձը, այնքան բարձր է դրոշմանիշային վճարը` 1500-15 000 դրամ։

Դրոշմանիշային վճարները գանձվում են հետևյալ սանղակով.

Դրոշմանիշային վճարների դրույքաչափերը սահմանված են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով: 

Սոցիալական վճարի դրույքաչափը 3.5%-ից դառնում է 4.5%

Հայաստանում գրանցված աշխատողները կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից են, եթե ծնվել են 1974 թվականին և դրանից հետո: Ավելի բարձր տարիքի անձինք համակարգին կարող են միանալ կամավոր։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությամբ աշխատողի աշխատավարձի 10%-ի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10%-ի մի մասը աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ Հարկային ձևակերպմամբ՝ այդ գումարը կոչվում է սոցիալական վճար։ Ներկայումս պետության մասնակցությունն ավելի մեծ է։

Հարկային փոփոխությունները մշակվել են այնպես, որ 2023 թվականից նշված 10%-ում պետության և աշխատողների մասնակցությունը հավասար լինի՝ 5-ական %։

Եթե 2021 թվականին մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներից որպես սոցիալական վճար գանձվում է 3.5%, ապա 2022-ին այն կդառնա 4.5%: 

Իսկ արդեն 2023-ից սոցիալական վճարը կդառնա 5%:  

Այս դրույքաչափերը գործում են, եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը:

Գերազանցելու պարագայում հաշվարկն այլ կերպ է կատարվում: Ներկայում համակարգն այնպես է պլանավորված, որ պետության կողմից մեկ մասնակցի համար կուտակվող կենսաթոշակի գումարը չգերազանցի 32 500 դրամը։ Հետևաբար, եթե աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա քաղաքացուց գանձվում է աշխատավարձի 10%-ի և 32 500 դրամի տարբերության չափով:

Իսկ 2022 թվականից կգանձվի աշխատավարձի 10%-ի և 27 500 դրամի տարբերության չափով:

Նշենք, որ բացի հոդվածում ներկայացված դրույքաչափերիցս, օրենքով գործում են բացառություններ: 

Մեկնաբանություններ (1)

Արկադիա Ստեփանյան
Կենսաթոշակը գողանում են ամեն օր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter