
Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների 51%-ը տղամարդիկ են, 49%-ը` կանայք
Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները արդեն հատել են 400 մլրդ դրամի շեմը: Ինչպես գրել ենք մեր նախորդ հոդվածում, այս ցուցանիշը գնալով մեծանում է: Սրան զուգահեռ մեծանում է ֆոնդերի մասնակիցների՝ պարտադիր կենսաթոշակային համակարգին միացած քաղաքացիների թիվը: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մասնակիցների կազմում կանանց և տղամարդկանց տեսակարար կշիռը գրեթե հավասար է: Այս հոդվածում առանձնացրել ենք նաև մասնակիցների թիվը՝ ըստ սեռատարիքային տարանջատման:
Այսպես, ըստ Կենտրոնական բանկի տվյալների (ՀՀ ԿԲ)՝ 2021 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ընդհանուր թիվը 646 182 է:
Տարեսկզբի համեմատ նրանց թիվն աճել է 32 585-ով կամ 5.3%-ով:
Ֆոնդերի մասնակիցների գերակշիռ մասը՝ 99%-ը, պահպանողական ֆոնդերին են միացած: Հունիսի վերջի դրությամբ նրանց թիվը կազմել է 642 039: Մյուս երկու ֆոնդի մասնակիցների թիվն անհամեմատ ավելի փոքր է: Մասնավորապես, կայուն եկամտային ֆոնդերի մասնակիցների թիվը կազմել է 2175, իսկ հավասարակշռված ֆոնդերինը՝ 1968:
Ֆոնդերին միացած քաղաքացիների 51%-ը (329 636) տղամարդիկ են և 49%-ը (316 546)` կանայք:
Ֆոնդերի մասնակից թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում առավել մեծ տեսակարար կշիռ ունեն 1986-1998 թթ. ծնվածները: Էական կշիռ ունեն նաև 1975-1985թթ. ծնվածները:
Մասնավորապես, կենսաթոշակային ֆոնդերի կին մասնակիցների 51%-ը 1986-1998 թթ. ծնվածներն են, իսկ 41%-ը՝ 1975-1985թթ. ծնվածները: Կին մասնակիցների թվում մեկը մինչև 1951 թվականի ծնված է: Տղամարդկանց շրջանում այդ տարիքի մասնակից չկա:
Տղամարդկանց շրջանում 54%-ն են 1986-1998 թթ. ծնվածները և 37%-ը՝ 1975-1985թթ. ծնվածները:
Ընդհանուր առմամբ, փոքր է 1952-1974թթ. և 1998 թվականից հետո ծնվածների կշիռը:
Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:
Հիշեցնենք, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, այլ լիցենզավորված երկու կազմակերպություն: Դրանք են ֆրանսիական արմատներով «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Դրանցից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային:
Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները 2021 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել են Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 5%-ը:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հաշվարկներով՝ 2020 թվականին Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են ՀՆԱ-ի 6%-ը:
Մեկնաբանել