HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վառելիքի շուկայում 2020 թվականից նոր խաղացողներ են հայտնվել, սակայն խոշոր ներմուծողները նույնն են

Հայաստանն ամեն տարի մեծաքանակ բենզին, դիզելային վառելիք ու ավիավառելիք է ներմուծում տեղական պահանջարկը բավարարելու համար: Թեև ներմուծողների ցանկը 2020 թվականից ընդլայնվել է, սակայն խոշոր ներմուծողի «տիտղոսը» մնացել է CPS-ին, Flash-ին ու Max Oil-ին՝ իրենց փոխկապակցված ընկերություններով հանդերձ: 2021-ի առաջին եռամսյակում մեկ այլ ներմուծող է հայտնվել խոշորների կողքին՝ «Գոլդ պետրոլ» ՍՊԸ-ն:

Խոշոր ներմուծողները տիրապետում են ենթակառուցվածքների՝ բենզալցակայանների ցանցերի, որոնց միջոցով էլ իրացնում են ներմուծված վառելիքը: Այդ պատճառով նոր ընկերությունների շուկա մուտք գործելը պահանջում է մեծածավալ ներդրումներ՝ նոր ցանցի հիմնում կամ եղածների հետ համագործակցության ու մրցակցության դիմակայում:  

«Հետքն» ուսումնասիրել է վառելիքի ներմուծման շուկան և պարզել, թե որքան բենզին, դիզելային վառելիք ու ավիավառելիք է ներմուծվում Հայաստան, որ երկրներից, և ներկայում ովքեր են խոշոր տնտեսվարողները: Շուկայի ծավալներն ու դասավորությունը հասկանալու համար հիմք ենք ընդունել տարեկան ամենաթարմ տվյալները՝ 2020 թվականը և 2021 թվականի առաջին եռամսյակը: Կներկայացնենք նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը այս շուկայում գերիշխողների վերաբերյալ:

Այսօրվա իշխանությունները հայտարարում են, որ շուկաները ազատականացվել են դեռևս 2018 թվականից:  Սակայն, մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չնայած պարբերաբար նոր ընկերություններ են հայտնվում բենզինի ու դիզելային վառելիքի ներմուծողների շարքում, բայց նրանք չեն գրավում խոշորների տեղը։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2020 թվականին Հայաստանը 107 մլրդ դրամի (տարվա միջին փոխարժեքով՝ շուրջ 219 մլն ԱՄՆ դոլար) բենզին, դիզելային վառելիք և ավիավառելիք է ներմուծել, որի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 458 հազար տոննա:

Քանակով ամենաշատը ներմուծվել է բենզին (221 հազար տոննա), էական  ծավալներ ունի նաև դիզելային վառելիքը (201 հազար տոննա), իսկ ավիավառելիքի ծավալները համեմատաբար փոքր են (մոտ 36 հազար տոննա):

«Մաքս պետրոլ», «Սիփիէս օիլ», «Ֆլեշ». բենզինի ամենախոշոր երեք ներմուծողները 2020 թվականին

2020 թվականին Հայաստանը ավելի քան 221 հազար տոննա բենզին է ներմուծել, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 53 մլրդ դրամ  (շուրջ 108 մլն դոլար):

Դատելով ներմուծվող բենզինի տեսակների քանակից՝ Հայաստանում առավել լայն սպառում ունի «ռեգուլյար» տեսակի բենզինը։ «Սուպեր» բենզինի պահանջարկն ամենացածրն է։ «Ռեգուլյար», «պրեմիում» եւ «սուպեր» տեսակի բենզիների տարբերությունը որակն է, հետևաբար՝ նաև գինը:

Այսպես, 2020-ին ներմուծվել է 187.2 հազար տոննա «ռեգուլյար» տեսակի բենզին (օկտանային թվով 95-ից պակաս), 33.3 հազար տոննա՝ «պրեմիում» տեսակի բենզինի (օկտանային թվով 95 կամ ավելի, բայց 98-ից պակաս) և 0.8 հազար տոննա՝ «սուպեր» տեսակի։

Պետական եկամուտների կոմիտեի` «Հետքին» տրամադրած տվյալների համաձայն՝ 2020 թվականին Հայաստան բենզին է ներմուծել ընդհանուր առմամբ 8 կազմակերպություն:

Նրանցից առավել խոշոր երեք ներմուծողներն են «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն, «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն ու «Ֆլեշ» ՍՊԸ-ն: Թե որ ընկերությունը որքան է ներմուծել և ինչ տեսակարար կշիռ ունի ներմուծման ընդհանուր կազմում, ՊԵԿ-ը չի հայտնում՝ առևտրային գաղտնիք համարելով։ Մեզ միայն տեղեկացրել են, որ ներմուծողների ընդհանուր ցանկից առավել մեծ քանակի ներմուծողների եռյակում այս երեք ընկերությունն է: Ընդ որում ՝ երեք ընկերության դասավորությունը, որով նշել ենք հոդվածում, պատահական է:

Այս երեք ընկերություններից «ամենատարիքովը» «Ֆլեշ» ՍՊԸ-ն է: Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` հիմնադրվել է 1995 թվականին: Սեփականատերը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն (բաժնեմասի չափը՝ 84.2%) ու նրա որդին են՝ Սանասար Բեգլարյանը (15.8%): Նրանք բիզնեսներ ունեն նաև այլ ոլորտներում, այդ թվում՝ բանկային. նրանց է պատկանում «Արարատբանկը»։ «Արարատբանկը» բաց բաժնետիրական ընկերություն է: Թեև 2021թ. մարտի վերջի դրությամբ ընկերության բաժնետերերի քանակը 73 է, սակայն բանկի նշանակալից մասնակիցներն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն և Բարսեղ Բեգլարյանը: 

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Երեք խոշոր ներմուծողներից մյուսը «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն է։ Հիմնադրվել է 2017 թվականին, սակայն համաձայն ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների՝ CPS ապրանքանիշը վառելիքի շուկայում գործունեություն է իրականացնում դեռևս 1992 թվականից: Այսինքն՝ այս ապրանքանիշի ներքո նույն սեփականատերերը տարբեր ընկերություններով են հանդես եկել։ Նախկինում վառելիքի ներմուծման ու իրացման շուկայում գործունեություն են իրականացրել նաև «Սիթի Պետրոլ Գրուպ», «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ները և այլ ընկերություններ, որոնք փոխկապակցված են CPS-ին: «Սիփիէս օիլ»-ի 100% սեփականատերն ու տնօրենը Արթուր Դանիելյանն է, սակայն մեր տեղեկություններով՝ CPS ապրանքանիշի ներքո հանդես եկող բոլոր ընկերությունների իրական սեփականատերը վառելիքի շուկայում հայտնի խաղացող Աշոտ Սալազարյանն է: Նրան է պատկանում «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի 100%-ը: «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ն ու «Սիփիէս օիլ»-ը գրանցված են Երևանի կենտրոնում գտնվող նույն հասցեում։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Եվ մյուս առավել խոշոր ներմուծողը «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն է։ Հիմնադրվել է 2016 թվականին։ Այս ընկերության՝ վառելիքի շուկա մուտք գործելը 2016 թվականի իշխանությունները, ի դեմս՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այդ ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանի, ներկայացրին որպես բենզինի շուկայի ազատականացում ու մրցակցության մեծացում: Քանի որ ընկերությունը փակ բաժնետիրական է, հետևաբար՝ ռեգիստրում տեղեկությունները սահմանափակ են։ Միայն կարողացանք պարզել, որ ընկերության սեփականատերեր են ներկայիս տնօրենը՝ Պատրիկ Աճեմյանը,  Էդգար Հարությունի Փամբուկյանը, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին է,  ինչպես նաև՝ Կարեն Սերգեյի Ախվերդյանը։

Թեև այս ընկերությունը որպես ներմուծող նոր էր, սակայն՝ դրան փոխկապակցված ընկերությունները վառելիքի իրացման շուկայում շատ ավելի վաղ էին հայտնվել:

«Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն փոխկապակցված է այս շուկայում գործող երկու այլ ընկերության՝ «Մաքս օիլ» ՍՊԸ-ին ու «Կամօյլ» ՍՊԸ-ին:

Ըստ Մտավոր սեփականության գործակալության՝ Max Oil ապրանքային նշանի իրավատերը «Մաքս օիլ» ՍՊԸ-ն է (հիմնադրվել է 2017 թվականին): «Մաքս օիլ»-ը պատկանում է Հարություն Փամբուկյանին: «Մաքս օիլ»-ի տնօրենը Կամո Մելքոնյանն է: Նա նաև «Կամօյլ» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է:

Max Oil բենզալցակայաններում օրերս տրամադրված ՀԴՄ կտրոնի վրա նշված է 2002 թվականին հիմնադրված «Կամօյլ» անունը: Ի դեպ, այս ընկերությունը նաև 2021 թվականի առաջին եռամսյակում ավիավառելիք է ներմուծել:  

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Max Oil անվամբ բենզալցակայաններ մինչև 2016 թվականն էլ են եղել: Պարզապես այդ տարիներին թե՛ Max Oil-ը և թե՛ մի շարք այլ ընկերություններ, ոչ թե իրենք էին ներմուծում, այլ վառելիք էին գնում շուկայում գերիշխող Flash-ից և CPS-ից ու վերավաճառում բենզալցակայանների իրենց ցանցի միջոցով:

Երբ «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն նոր էր մուտք գործում բենզինի ներմուծման շուկա, մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ընկերությունը պատկանում է Հարություն Փամբուկյանին: Հաշվի առնելով, որ նա «Մաքս պետրոլ»-ին փոխկապակցված «Մաքս օիլ»-ի սեփականատերն է, հաստատվում է նրա կապը «Մաքս պետրոլ»-ի հետ: Ստացվում է, որ  վառելիքի շուկայում ներկայում գործունեություն իրականացնող «Մաքս պետրոլ», «Մաքս օիլ» և «Կամօյլ» ընկերությունները փոխկապակցված են: Ի դեպ, «Մաքս պետրոլ»-ի և «Մաքս օիլ»-ի կապի մասին է վկայում նաև այն, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2019 թվականին վառելիքի ներմուծման շուկան ուսումնասիրելիս «Մաքս օիլ»-ին և «Մաքս պետրոլ»-ին դիտարկել է որպես մեկ ընդհանուր ներմուծող, այնպես, ինչպես «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ին ու «Սիփիէս օիլ»-ին:

2020 թվականին Հայաստան բենզին է ներմուծել ևս հինգ ընկերություն (ամբողջական ցանկը տե՛ս ինֆոգրաֆիկայում), որոնք 2019 թվականի ներմուծողների կազմում չեն եղել, ինչի մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հրապարակած զեկույցից:

Նրանցից առավել հայտնի է «Ռան Օյլ Պլյուս» ընկերությունը: Ռեգիստրի տվյալներով՝ «Ռան Օյլ Պլյուս» և դրան փոխկապակցված «Ռան Օյլ» ՍՊԸ-ների սեփականատերը վառելիքի շուկայում հայտնի գործարար Ռոբերտ Գալուստյանն է: Սակայն հայտնի է, որ այս ընկերությունները գնել է «Սիլ կոնցեռնը», որի հիմնադիրներից մեկը գործարար Խաչատուր Սուքիասյանն է, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրվել էր 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին: «Ռան Օյլ Պլյուս»-ը հիմնադրվել է 2020 թվականին, իսկ «Ռան Օյլ»-ը՝ 2000 թվականին: Մեզ հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ Ran Oil-ը գնելու գործարքը ավարտական փուլում է:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և ՊԵԿ-ի տրամադրած տվյաների հիման վրա ամբողջացրել ենք վերջին հինգ տարին բենզին ներմուծող ընկերությունների ցանկերը:

Ինչպես երևում է, ներմուծող ընկերությունների ցանկը որոշ չափով ընդլայնվել է։ Միևնույն ժամանակ, նկատում ենք, որ նոր անուններից որոշները փոխկապակցված են հներին, մի մասն էլ նոր բացված և ոչ հայտնի ընկերություններ են, որոնց մասին տեղեկությունները բավականին սահմանափակ են։

Որոշ ընկերություններ էլ դուրս են եկել շուկայից, ինչպես «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, որի 50% բաժնեմասը պատկանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորը՝ Գագիկ Վանեցյանին:

Բոլոր դեպքերում փաստ է, որ տարիներ շարունակ շուկայի խոշոր խաղացողները մնացել են Flahs-ը, CPS-ը և 2018 թվականից (այդ մասին են վկայում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալները)՝ Max Oil-ը: 

2021թ. առաջին եռամսյակում «Գոլդ պետրոլ»-ը հայտնվել է երեք խոշոր ներմուծողների ցանկում

2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ մոտ 53 հազար տոննա բենզին, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 16 մլրդ դրամ (32.2 մլն դոլար): Ընդ որում՝ հատկանշանական է, որ ներմուծվել է միայն «ռեգուլյար» (մոտ 44 հազար տոննա) և «պրեմիում» տեսակի բենզին (9 հազար տոննա), իսկ «սուպեր» տեսակի բենզին, ըստ ՊԵԿ-ի, այս տարվա առաջին երեք ամսում չի ներմուծվել: Նշենք, որ հոդվածը պատրաստելու պահին ՊԵԿ-ը դեռևս չէր ամփոփել երկրորդ եռամսյակի տվյալները։

Ի տարբերություն 2020 թվականի՝ այս տարվա առաջին եռամսյակում բենզին ներմուծող ընկերությունների թիվը երեքով ավելացել է: Ընդհանուր առմամբ ներմուծել է 11 ընկերություն (տե՛ս վերևի աղյուսակում):

Եթե 2020 թվականի տարեկան տվյալներով երեք խոշոր ներմուծողը «Մաքս պետրոլ», «Սիփիէս օիլ» ու «Ֆլեշ» ընկերություններն են, ապա այս տարվա առաջին եռամսյակում «Մաքս պետրոլ»-ին փոխարինելու է եկել «Գոլդ պետրոլ» ՍՊԸ-ն: Սակայն, սա չի նշանակում, որ «Մաքս պետրոլը» բենզին չի ներմուծել, այն շարունակում է ներմուծողների ցանկում մնալ։ Թեև տարեկան տվյալները եռամսյակի հետ համեմատելն այնքան էլ տեղին չէ, սակայն այս միտումն արդեն իսկ հետաքրքրական է:

«Գոլդ պետրոլը» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին: Ըստ ռեգիստրի՝ երեք սեփականատեր ունի՝ 26% բաժնեմասը պատկանում է Հայաստանի քաղաքացի Բենիամին Հակոբյանին, 37%-ը Իրանի քաղաքացի Հաջիալի Օլամայի Մոհամմադալիին և մնացած 37%-ն էլ կրկին Իրանի քաղաքացի Էրֆան Օլամայի Հաջիալիին: Վերջինը երկուսը գրանցված են նույն հասցեում։

«Գոլդ պետրոլը» ընկերության մասին այլ մանրամասներ գտնել չհաջողվեց: Միայն համացանցում եղած տեղեկություններից մեկով պարզեցինք, որ ընկերության պատկանող բենզալցակայան կա Մալաթիա-Սեբաստիայում գտնվող Բաբաջանյան փողոցում: Սակայն բենզալցակայանի արտաքին գովազդների վրա որևէ ապրանքանիշ չկար:

Այս տարվա առաջին եռամսյակում բենզին ներմուծող ընկերությունների ցանկում երեք նոր անուն կա՝ «Արկոլեվ» ՍՊԸ, «Սեվն գրուպ» ՍՊԸ և «Էյ փի քոմփանի» ՍՊԸ։

«Արկոլեվ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին։ Միակ բաժնետերը Սենիկ Աշոտի Սալազարյանն է՝ CPS-ի սեփականատեր Աշոտ Սալազարյանի որդին։ «ԱԷՍ Կրեդիտ» վարկային կազմակերպության կայքում նշված է, որ Սենիկ Աշոտի Սալազարյանը հանդիսանում է «ՔաղՊետրոլՍերվիս», «Սահինյան Ակումբ», «Էքսիմ Պետրոլ Գրուպ», «Արկոլեվ», «Նորք Հոթել» ՍՊԸ-ների միակ բաժնետեր: 2019թ.-ից հանդիսանում է նաև ԱԷՍ Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ 90% բաժնետոմսերի բաժնետեր:

«Էյ փի քոմփանի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականին, իսկ «Սեվն գրուպ» ՍՊԸ-ն՝ 2019 թվականին։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունը 2019 թվականի տվյալներով է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (ՄՊՀ, նախկինում՝ ՏՄՊՊՀ) բենզինի և դիզելային վառելիքի շուկայի լայնածավալ ուսումնասիրություն վերջին անգամ իրականացրել է 2019 թվականին: Ընդգրկվել է 2017, 2018 թվականները և 2019 թվականի առաջին տասը ամիսները:

Պարզվել է, որ եթե 2017 թվականին «Սիփիէս օիլ քորփորեյշն» և «Ֆլեշ» ՍՊԸ-ները ապահովել են բենզինի ներմուծման 97%-ը, ապա 2018-ին շուկայի կենտրոնացվածությունը փոքր-ինչ թուլացել է՝ առավել խոշոր ներմուծողների շարքում է հայտնվել նաև «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն և երեք ընկերությունները զբաղեցրել են ներմուծման 92%-ը:

Իսկ 2019-ի առաջին տասը ամիսներին նույն երեք ընկերությունները և «Սիփիէս օիլ»-ը ապահովել են ներմուծման 100%-ը: Ընդ որում՝ «Սիփիէս օիլ»-ն ու «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ը փոխկապակցված են, հետևաբար՝ կարող ենք պնդել, որ իրականում ներմուծողները երեքն են եղել: Նրանք շուկայական իշխանություն են ունեցել ինչպես ներմուծման, այնպես էլ՝ իրացման ոլորտում: Նույն պատկերն է գրանցվել նաև դիզելային վառելիքի ներմուծման շուկայում:

Այսինքն՝ շուկան 2019 թվականի դրությամբ ունեցել է բարձր կենտրոնացվածություն:

2020-ին ներմուծողների ցանկն ավելացել է, սակայն տվյալների բացակայությունը թույլ չի տալիս հասկանալ, թե խոշորներն ինչ տեսակարար կշիռ ունեն:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի գերակշիռ մասը հայաստանյան ներմուծողները ձեռք են բերում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է Ռուսաստանի նավթաարդյունաբերության առաջատար «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ձեռնարկությունը: Այլ կերպ ասած՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն միջնորդ կազմակերպություն է հայաստանյան ներմուծողների և ռուսական «ՆԿ «Ռոսնեֆտ»-ի միջև:

Դիզելային վառելիք ներմուծողներն ավելի շատ են, բայց խոշոր եռյակը նույնն է, ինչ բենզին ներմուծողներինը

2020 թվականին Հայաստան է ներմուծվել ավելի քան 201 հազար տոննա դիզելային վառելիք, որի մաքսային արժեքը կազմել է մոտ 45 մլրդ դրամ (91.2 մլն ԱՄՆ դոլար):

Ի տարբերություն բենիզնի՝ դիզելային վառելիք ներմուծողների ցանկը շատ ավելի լայն է: Ներմուծել է 38 կազմակերպություն, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերեր: Այստեղ նույնպես կան ինչպես հայտնի, այնպես էլ՝ ոչ հայտնի, նոր բացված ընկերություններ։ Բենզին ներմուծող բոլոր ընկերությունները նաև դիզելային վառելիք են ներմուծել։

Այնուամենայնիվ, 2020 թվականին դիզելային վառելիք ներմուծողների ցանկում ամենախոշոր երեք տնտեսվարողները նույնն են, ինչ բենզին ներմուծողները՝ «Մաքս պետրոլ», «Սիփիէս օիլ», «Ֆլեշ» ընկերությունները:

2021 թվականի հունվար-մարտին դիզելային վառելիք ներմուծողների ցանկը զգալի կրճատվել է։ 18 կազմակերպություն է դիզելային վառելիք ներմուծել, որոնցից առավել խոշոր ներմուծողներն են «Սիփիէս օիլ», «Ֆլեշ» և «Գոլդ պետրոլ» ընկերությունները: Ընդհանուր առմամբ, ներմուծվել է 23.5 հազար տոննա դիզելային վառելիք՝ 6.4 մլրդ դրամ մաքսային արժեքով (13 մլն ԱՄՆ դոլար):

Նկատելի է, որ վերջին տարիներին՝ 2019 թվականից, ավելացել է նաև դիզելային վառելիք ներմուծողների թիվը: Եթե 2017-ին Հայաստան դիզելային վառելիք է ներմուծել 5 ընկերություն, 2018-ին՝ 6, ապա 2019-ին նրանց թիվը կազմել է 16, 2020-ին էլ ինչպես նշեցինք՝ 38: Սակայն, այստեղ էլ խոշորները մնում են իրենց դիրքերում:

Վառելիքի գլխավոր մատակարարը Ռուսաստանն է

ՄԱԿ-ի առևտրի բազայում տեղ գտած տվյալները, որոնք հրապարակվում են շատ ավելի լայն բացվածքով, քան Հայաստանի Մաքսային ծառայության կայքում հրապարակվող ցանկերն են, վկայում են, որ վերջին առնվազն 5 տարիներին Հայաստան ներմուծվող վառելիքի հիմնական ու խոշոր մատակարարը Ռուսաստանն է եղել:

2020 թվականին Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստան ներմուծվող բենզինի քանակում մոտ 94% է: Մնացածը Իրանից ու Բուլղարիայից է:

Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա այստեղ ավիավառելիքի ու դիզելային վառելիքի տվյալները ներկայացվում են նույն ծածկագրի ներքո: Տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ 2020-ին Հայաստան ներմուծված դիզելային վառելիքի մոտ 60%-ը Ռուսաստանից է, 40%-ը՝ Իրանից:

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներն էլ վկայում են, որ վերջին 5 տարիներին առավել մեծ քանակով բենզին ու դիզելային վառելիք Հայաստան ներմուծվել է 2020 թվականին:

Վառելիք ներմուծող խոշոր հարկատուները

Բենզինի ու դիզելային վառելիքի շուկայի խոշոր խաղացողները Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում առաջատար հորիզոնականներ են զբաղեցնում:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկի ամենաթարմ տվյալների՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2021թ. առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն դրամ՝  5.5%-ով պակաս 2020 թվականի առաջին եռամսյակից:

Բենզինի և դիզվառելիքի շուկայից առաջին տասնյակում տեղ են գտել «Ֆլեշ» ՍՊԸ-ն ու «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն:

«Ֆլեշ»-ը հանրապետության ութերորդ խոշոր հարկատուն է: 2021 թվականի առաջին եռամսյակում վճարել է մոտ 3.1 մլրդ դրամի հարկեր, որոնք 2020-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել են` 60 մլն դրամով կամ 2%-ով:

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն, որի հարկերը կազմել են 2.6 մլրդ դրամ՝ նվազելով 1.8 մլրդ դրամով կամ 41%-ով։

Հարկատուների առաջին հարյուրակում վառելիքի շուկայի այլ մասնակիցներ ևս կան՝ «Գոլդ պետրոլ» (14-րդ հորիզոնական), «Մաքս պետրոլ» (51-րդ հորիզոնական), «Ռան-օյլ պլյուս» (52-րդ հորիզոնական), «Մաքս օիլ» (57-րդ հորիզոնական), «Լիմոն գրուպ» ընկերությունները (69-րդ հորիզոնական): Ընդ որում՝ «Գոլդ պետրոլ», «Ռան-օյլ պլյուս» և «Լիմոն գրուպ» ընկերությունները 2020 թվականի առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկում չեն ներգրավվել:

Ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների առաջին հարյուրակում տեղ գտած ընկերություններին: Մնացած ընկերությունները առաջին հարյուրյակում չեն հայտնվել կամ վճարել են 500 մլն դրամից պակաս հարկեր (101-րդ հորիզոնականի հարկատուն 499 մլն դրամ է վճարել) կամ առհասարակ տեղ չեն գտել խոշորների ցանկում: 

Ինչ վերաբերում է 2020-ի տարեկան տվյալներին, ապա այդ ցանկում ևս առաջին տասնյակում բենզինի ու դիզելային վառելիքի շուկայից «Սիփիէս օիլ» և «Ֆլեշ» ընկերություններն են:

Առաջիկայում առանձին հոդվածով կանդրադառնանք նաև ավիավառելիքի շուկային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter