HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոշոր հարկատուները 2020 թվականին 6.9%-ով նվազեցրել են հարկերը. ինչպես է փոխվել ցանկի առաջին տասնյակը

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2020 թվականի ամբողջ ընթացքում պետական բյուջե են վճարել 987 մլրդ 637 մլն դրամի հարկեր: Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի տվյալների վերլուծությունը, 2019 թվականի համեմատ խոշորների հարկերը կրճատվել են 73.5 մլրդ դրամով կամ 6.9%-ով:

Հանրապետության խոշորագույն հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է, որը 2020 թվականի ընթացքում 50.7 մլրդ դրամի հարկեր է վճարել: 2019 թվականի համեմատ ընկերության հարկերը նվազել են 6.4 մլրդ դրամով կամ 11.2%-ով:

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 45.5 մլրդ դրամի հարկերով: Նախորդ տարիների ամենախոշոր հարկատուների առաջատար «Գազպրոմ Արմենիայի» հարկերը 2020-ին ավելացել են 1.9 մլրդ դրամով կամ 4.4%-ով:

Երրորդ խոշորագույն հարկատուն հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) է: Ընկերությունը տարվա ընթացքում վճարել է 41.7 մլրդ դրամի հարկեր, որը նվազել է 9.7 մլրդ դրամով կամ 18.8%-ով:

Հարկերի էական աճ է գրանցել ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որն այս անգամ խոշորների ցանկում չորրորդն է: Վճարել է 23 մլրդ դրամի հարկեր՝ 9.3 մլրդ դրամով կամ 68.4%-ով ավելին 2019-ի հարկերից: «Գեոպրոմայնինգ Գոլդը» շահագործում է Սոթի ոսկու հանքավայրը, որի ճակատագիրն այժմ անհայտ է. Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Սպասվում է, որ այս տարի ընկերության հարկերը կնվազեն: 

Խոշորագույն հարկատուների հնգյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն՝ 18.8 մլրդ դրամի հարկերով, որը նվազել է 0.4 մլրդ դրամով կամ 2.2%-ով: «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը և «Գրանդ Տոբակո»-ն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգ»-ի կազմում են։

Վեցերորդ խոշոր հարկատուն բենզինի և դիզվառելիքի առևտրով զբաղվող «ՍիփիԷս Օիլ» ՍՊԸ-ն է, որը 2020 թվականին պետական բյուջե է վճարել մոտ 18 մլրդ դրամի հարկեր: Ընկերության հարկերն ավելացել են 3.9 մլրդ դրամով կամ 28.1%-ով:

Անմիջապես հաջորդում է բեզնինի առևտով զբաղվով մեկ այլ հայտնի ընկերություն՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն՝ 16 մլրդ դրամի հարկերով: Աճը՝ 0.6%:

Ութերորդ տեղում  ծխախոտի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊ ընկերությունն է՝ 15.2 մլրդ դրամի հարկերով, որն աճել է 1.5 մլրդ դրամով կամ 11%-ով:

Մեկ այլ ծխախոտային ընկերություն՝ «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ն ևս հայտնվել է խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Ընկերությունը տարվա ընթացքում վճարել է 14.7 մլրդ դրամի հարկեր: Նվազումը՝ 1.7 մլրդ դրամ կամ 10.5%:

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է կապի խոշոր օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Վիվա-ՄՏՍ )՝ 13 մլրդ դրամի հարկերով: Ընկերության հարկերն աճել են գրեթե մեկ երրորդով:

Հիշեցնենք, «ՄՏՍ Հայաստանի» հարկերի թռիչքային աճը պայմանավորված է նախորդ տարվա հարկերի ցածր ցուցանիշով, որն էլ իր բացատրությունն ունի։ Նախկինում ընկերությունը գերավճար է ունեցել, և 2019 թվականին հաշվանցում է կատարվել։ 

Այսպիսով, 10 խոշորագույն հարկատուները 2020 թվականին միասին պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամի հարկեր, որը կազմում է 1000 խոշոր հարկատուների ընդհանուր հարկերի մոտ 26 %-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter