HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնյա ու գործարար, միլիոնատեր հարազատները

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն իր ընտանիքում միակը չէ, ով պաշտոնյա է: 39-ամյա Վանեցյանը գրանցված է Երեւանի Բաղրամյան փողոցում՝ հոր՝ Գագիկ Վանեցյանի եւ մոր՝ Մարգարիտ Ազարյանի հետ:

Սոցիալական կայքերում առկա նկարներից կարող ենք դատել, որ նա Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի մերձավորներից է:

Պատահական չէ, որ Ա. Վանեցյանի կենսագրությունն առաջինը հենց Սիմոնյանի araratnews.am կայքը հրապարակեց: Ըստ այդմ՝ գնդապետ Վանեցյանը մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելը՝ 2016-2018 թթ., եղել է ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալը: Դրանից առաջ էլ՝ սկսած 2000 թվից, աշխատել է ազգային անվտանգության համակարգում:   

Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը

61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է նաեւ:

«Հանրային ծառայության մասին» օրենքում 2017-ի ամռանը կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության շրջանակը ընդլայնվել է՝ ընդգրկելով ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Այսպիսով՝ նախագահականի կադրերի վարչության պետ Մ. Ազարյանը նույնպես ընդգրկվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակում:

Մ. Ազարյանի հետ, վերոնշյալ օրենքի պահանջով, հայտարարագիր է ներկայացրել նաեւ նրա ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, ով համարվում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձ: Օրենքի համաձայն՝ այդպիսին համարվում է նաեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձը, ով, փաստորեն, պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, մյուս կողմից՝ Արթուր Վանեցյանը ծնողների հետ նույն հասցեում է հաշվառված, բայց հայտարարագիր չի ներկայացրել: Կարելի է ենթադրել, որ չնայած հաշվառմանը, ԱԱԾ նոր տնօրենն առանձին է ապրում:

2017-ի սեպտեմբերին, օրենքի փոփոխությամբ պայմանավորված, Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, չնայած, ինչպես ասվեց, կադրերի վարչության պետ է նշանակվել դեռ 2011-ին:

Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն եւ հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել:

Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ եւ 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ:  

Այս տարվա մարտին տիկին Ազարյանը ներկայացրել է արդեն 2017-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ՝ անշարժ ու շարժական գույքի որեւէ գործարք նա չի կատարել անցյալ տարի: Փոխարենը փոխառության է հանձնել շուրջ 5,9 մլն դրամ:

Նախորդ հայտարարագրի տվյալների համեմատ՝ աճել են դրամական միջոցները՝ 25 մլն-ից դառնալով 30 մլն: 15 հազ. դոլարը չի փոփոխվել: 2017-ի ընթացքում Մ. Ազարյանը ստացել է 7,7 մլն դրամ աշխատավարձ, նույն ընթացքում քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է ավելի քան 1 մլն դրամ եկամուտ, ինչպես նաեւ վերցրել է փոխառություն (վարկ) մոտ 4,5 մլն դրամի չափով:  

ԱԱԾ տնօրենի գործարար հայրը

Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի եւ եկամուտների տարեկան  հայտարարագիր է ներկայացրել նաեւ ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը:

Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն եւ 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաեւ «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է եւ եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաեւ շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով:

64-ամյա Գագիկ Վանեցյանը ներգրավված է բիզնեսում:

«Ավ Գրուպ»

«Հետքը» 2015-ին գրել էր, որ նրա «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, ներկայում էլ գործող ընկերություն է, հասցեն Երեւանի Էրեբունի փողոցում է: 50.000 դրամ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է:

Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաեւ «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է:  

«Էյ Բի Տրանս»

2014-ի հոկտեմբերին Գ. Վանեցյանը Երեւանի բնակիչներ Արմեն Պեպանյանի եւ Մանյա Ղազարյանի հետ հիմնել է «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն: 100.000 դրամ կապիտալով ընկերությունը գրանցվել է Ղազարյանի հասցեում, սակայն 2016-ին վերջինս դուրս է եկել ՍՊԸ-ից, եւ այժմ դրա 60 տոկոսը պատկանում է Վանեցյանին, իսկ 40-ը՝ Պեպանյանին: Ի սկզբանե տնօրենը եղել է Վանեցյանը, սակայն 2015-ին նրան փոխարինել է նույնպես երեւանցի Արթուր Արշավիրի Գրիգորյանը:

2017-ին «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր: 2016-ին սա եղել է ՀՀ պետբյուջե ավելի քան 3 մլն դրամ հարկ վճարող ընկերություններից մեկը (վճարել է 9.424.000 դրամ):

«Էյ Բի Էքսպորտ»

Գ. Վանեցյանը մասնակցություն ունի եւս մի ընկերությունում: 2016-ի հունիսին Նոր Արեշի բնակիչ Արման Ղազարյանը հիմնադրել է «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, որը 2017-ի հոկտեմբերին փոխանցել է Գագիկ Վանեցյանին (50 %) եւ Հարություն Ասատուրի Վարսանյանին (50 %): Ղազարյանը թողել է նաեւ տնօրենի պաշտոնը, որն այդուհետ զբաղեցրել է Տիգրան Հովհաննեսի Վանեցյանը (ըստ էության, Գ. Վանեցյանի եղբորորդին է): Ընդ որում՝ ԱԱԾ տնօրենի հորը պատկանող, վերը նշված «Ավ Գրուպ» ընկերությունը գրանցված է հենց Տիգրան Վանեցյանի տանը:  

Երեւանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առեւտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները):

Նոնա Վանեցյան. ԱԻՆ-ից՝ մանկավարժություն

Արթուր Վանեցյանի կինը՝ 36-ամյա Նոնա Նիկողոսի Վանեցյանը, մոր՝ Ժանետա Մկոյանի հետ գրանցված է Երեւանի Կոմիտասի պողոտայում: Ն. Վանեցյանը եւ նրա ամուսինը վերջինիս նշանակումից քիչ անց ջնջեցին իրենց էջերը սոցիալական ցանցերում, սակայն օգտատերերին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել մինչ այդ, բացի դրանից՝ համացանցում պահպանված լուրերը մանրամասներ են փոխանցում Ն. Վանեցյանի մասին:

Մասնավորապես, 2015-ին տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Ն. Վանեցյանին նշանակել էր իր խորհրդական, մեկ այլ աղբյուրից էլ տեղեկանում ենք, որ Վանեցյանը եղել է նաեւ ԱԻՆ-ի ներկայացուցիչը արտասահմանյան երկրներում, միջազգային կազմակերպություններում եւ պետական մարմիններում:

Անցյալ տարի Երեւանի Դեմիրճյան 62 հասցեում Ն. Վանեցյանը բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը:

Վերջինս, ինչպես ամբողջ աշխարհում այս անունը կրող մյուս կենտրոնները, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ հիմքում ունենալով իտալացի բժիշկ, հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Կենտրոնն առաջարկում է նախադպրոցական երեխաների ուսուցում, դասապատրաստում դպրոցականների հետ, ինչպես նաեւ խմբակային ու անհատական պարապմունքներ տարբեր առարկաներից:    

Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն եւ ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին:

Վերջինս հիմնադրվել է 2017-ի մարտին, գրանցվել է հենց այս հասցեում, գործունեության տեսակն էլ նախադպրոցական կրթությունն է: Տակավին վերջերս՝ ապրիլի 6-ին, Դեմիրճյան 62-ում Ն. Վանեցյանը գրանցել է «Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիա» ՀԿ-ն, որում ներգրավված է նաեւ նրա մայրը՝ Ժանետա Մկոյանը: ՀԿ-ի ստեղծումից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ժ. Մկոյանը հիմնադրել է «Վիլլա Մոնտեսսորի» ՍՊԸ-ն:  

Վերադառնալով Դեմիրճյան 62-ին՝ նշենք, որ շենք-շինությունները, համաձայն կադաստրի, գրավադրված են «Ամերիաբանկում»: Բանկի անունով գրավի 2 իրավունք է ձեւակերպված: Այս առումով, թերեւս, արժե հիշել, որ անցյալ տարի Գ. Վանեցյանի կինը՝ Մարգարիտ Ազարյանը, ինչպես գրել էր հայտարարագրում, 4,5 մլն դրամի փոխառություն է վերցրել:  

Մեկնաբանություններ (24)

Nelly Kirakosyan
Հարգելի Փաշինյան, կարծում եմ ժամանակ չունեք բոլորի մեկնաբանությունները կարդալու համար, բայց ինչպես եք հանդուրժել, որ Ալլեն Սիմոնյանը իր մերձավորին խցկի , այն ել շատ հմտորեն Ձեր կառավարության շարքերը: Պարզ չէ, որ Արթուր Վանեցյանի և իր ընտանիքի դիզած կարողությունը արդար աշխատանքի արդյունք չի, այլ ցինիկ ու դաժան թալանի հետևանքներից մեկն է, Կրկին ուզում եմ հիշեցնել Ալլեն Սիմոնյանի ոգևորությունը նոր Սահամադրության ընդունման ժամանակահատվածում, երբ իրեն կոտորելով հայտնում էր որ «պետք է վստահել ՀՀԿ-ին և սահմադրությունը լավն է, իսկ յուրաքանչյուրս պետք է միայն սկսենք մեզնից», Միայն Ձեր կողքը կանգնելը այս շարժման ընթացքում, քիչ է հարգելի Վարչապետ , պետք է անբիծ և անաչառ ու իսկական իդեալիստ լինեն, որ բան փոխվի...
Գագիկ մելքոնյան
Շատ ճիշտ դիտողություն է եթե լատինատառը չեք հրապարակում նույն ձև էլ պետք է ռուսատառը չհրապարակեք:
Սամվել Հովասափյան
Սիրելիներ, թույլ տվեք սփյուռքից հաստատել Անուշի խոսքերը և մի այլ կարծիք հայտնել: Ես ցանկանում եմ նախ շեշտել՝ մի մոռացեք, որ Հայաստանում համարյա թե հրաշք է կատարվել, առանց արյունահեղության, առանց մեծ ցնցումների, Սերժ Սարգսյանին փոխարինել է Փաշինյանը, մի յուրահատուկ իրադրության պայմաններում: Հին վարչապետին փոխարինել է նորը, սակայն ներքին իշխանության լծակների մոտ կագնած են դեռևս հները: Ազգային Ժողովում Ելք խմբակցությունը և նրան պաշտպանող մյուս խմբակցությունները, որոնք մինչ այդ անցյալ իշխանությունների մաս էին կազմում, չունեն ձայների մեծամասնություն: Փաշինյանը և Ելք խմբակցությունը ԱԺ-ում մանևրելու ոչ մի հնարավուրություն չունեն, նրանք ստիպված են տեղի տալ և կառավարության կազմում ներառել նրանց կողմից առաջարկված թեկնածուներին: Նրանք առժամյա հաղթանակ տարան շնորհիվ ժողովրդի՝ ձեր ճնշմանը, վա՜յ այն օրվան, որ այդ ճնշումը, ժողովրդի անհամբերության, կամ նրանց անխուսափելի սխալների հետևանքով, նվազի: Չպետք է մոռանալ, որ մարդկային պատմության մեջ, ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ վերնախավը և նրանց դրածո իշխանությունները հենց այնպես չեն զիջել իրենց դիրքերը: Եվ հետո, իրավական, իսկապես ժողովրդավար պետություն ստեղծելու համար, ժողովրդի հարատև, մշտական պայքար է հարկավոր:
Սարգիս
Սիրելի Ս.Հովասափյան, քաղաքական հրաշքները կատարվում են քրտնաջան (Հայաստանի դեպքում` տքնաջան) ծրագրային գործունեության միջոցով: ՀՀ քաղաքական դաշտում Փաշինյանի ու ԵԼՔ-ի կողմից վերոշարադրյալը չի եղել ու չկա: Կա միայն բուռն գործունեության իմիտացիա և եթե փոփոխություններ լինեն էլ` դրանք կկրեն միմիայն կոսմետիկ բնույթ: Կարճ ասած, պետք չէ այստեղ մեզ պատմել Գյուլնազ տատու հեքիաթները:
Աղվերան
փոխություններ կլինեն, եթե հեռացվեն գլխավոր դատախազը, աղվան հովսեփանը, հետ բերվեն թալանված գումարները ազգային բյուջե, իսկապես ազնի ու փողի գերի չդառած մարդիկ գան իշխանության
Սարգիս
Հարգելի Աղվերան, Աղվան Հովսեփյանը արդեն վաղուց ՀՀ-ի գլխավոր դատախազը չի:
Sakis
Rod, what do you have in the US is not the same? Super-rich businessmen-democrats in 2008 helped Obama to become President of the United States, and 2016 super rich Republican businessmen helped to become President of the United States Donald Trump.Therefore, the issue here is not among the Armenian people, but something else.
աաաա
այս ոգևորող օրերից հետո սա կարդալը շատ հիասթափեցնող էր..... էէէէէէէէէէէ էլ ուր ենք փոփոխություներ անում, որ ի՞նչ, ու՞մ միջոցով
preston bagrationi
NOT ONE SINGLE person believed me when I wrote Nothing will change with the Pashinyan administration. Corrupt oligarchs and corrupt people have ALREADY tied a leash around Pashinyan's neck, and so Pashinyan, just like Sargsyan, is bound to follow these corrupt people's orders. Just wait and see until Pashinyan starts buying luxury properties and vehicles, it ONLY is a matter of time. Power corrupts, Absolute power corrupts absolutely.
arnold
Король умер, да здравствует король!
Աննա
Սիլիկոնա-գլամուրային «նյութեր«, կինը ականջակալներով է երևի անգլերենը լսում, մինչդեռ Հայաստանը ներկայացնում է միջազգային կառույցներում, կարելի էր գլամուրային ինչ որ ժուռնալում խմբագրի հաստիք առաջարկել.... միգուցե սխալվում եմ, ով գիտե
Անուշ
Արձագանքները կարծում եմ չափազանցված են, որոշներն էլ պրովոկացիոն նպատակ ունեն։ Այս նյութն ընդամենը տեղեկացնում է որ այս պաշտոնյան ու իր ընտանիքը բիզնեսներ ունեն։ Ի դեպ, կարծես թե օրինավոր հարկատուներ են եղել։ Այն որ Ալեն Սիմոնյանին ճանաչել են, ոչինչ չի ասում։ Գիտենք որ առ այսօր օրենք չի գործել,ու դժվար գտնվեր մի պետական բարձրաստիճան պաշտոնյա որ անձնական բիզնես չունենար։ Մենք պետք է պարզապես աչքի տակ ունենանք այս տեղեկությունները, եւ առաջ նայենք, եւ այսուհետ, եթե անօրինական որեւէ բան կասկածենք, արձագանքենք դրան օրենքի տված լծակներով՝ դատարան, եւ այլն։ Ունենք նոր արդարադատության նախարար, ով անբիծ հեղինակություն ունի։ Վստահենք նրան։ Պետք չէ սեւացնել ու մրել գույները, եւ ամեն դեպքում՝ անթույլատրելի են կեղտոտ անձնական վիրավորանքները։ Վստահենք Նիկոլի որոշումներին, ժամանակ տանք, բայց եւ կառուցողական դիտանկյունից՝ փորձենք քննել ու քննադատել։ Բոլորս պարտական ենք այս հեղափոխությանը եւ մեր ներդրումը պիտի բերենք, հավատալով, աշխատելով, ազնվությամբ ու սիրելով։ Ու հիշելով՝որ անգամ աղքատ մարդու նվիրաբերած ,,գրոշը,, հսկայական նշանակություն է ունենալու։
Աղվերան
Հարգարժան Սարգիս, գլխավոր դատախազից հետո ստորակետ էի դրել, բայց ճիշտը` իրենց անունից հետո վերջակետ դնելն էր :
Rod
Anyone who believes that tbis was some democratic revolution is extremely naive, to say the least. In fact, Armenia was better off a month ago. Armenians as a whole are not ready for democratic governance free of corruption, its just not in the culture there in that country. Its only about power amd advancinv your business interests once you get that power. I give Pashinyan 1 year, the masses will be out demanding his resignation.
mahmouzian
ara vanetsian explain to the people how you got your money.and all of us will be very happy with the explanation .if you need help I will send you a good account .
Maro Mherian
I am sorry, but how is this not related to Mafia or Oligarch ( a small group of people having control of a country, organization, or institution) Cleanse, Corruption, and nepotism etc... isn't this whole revolution about cleaning the country from corruption, adjusts, dishonesty, tifs etc.. and not doing any one favorites, shouldn't Pashinyan be selecting the good(Բարի), honest(հավատարիմ կամ արդար), civilized(քաղակրթյալ) people for new government, finding right citizens and putting them in power to fix Armenia and it's moltitute problem. Maro Mherian
Արտյոմ
Արձագանքները ավելի շուտ մեղմ և զուսպ են, քան չափազանցված։ Այս նյութը, բացի տեղեկացնելուց, որ այս պաշտոնյան ու իր ընտանիքը բիզնեսներ ունեն, ուղղակիորեն ցույց է տալիս նաև այս պաշտոնյայի ու իր ընտանիքի սիլիկոնա-գլամուրային (ինչպես ճշմարտորեն նկատել է հարգելի Աննան) տեսակը։
Hasmik
люди, критикуйте сколько хотите но прошу веру в лидера и революцию не теряйте. это правительство временное, они севодня есть, завтро нет, но революция справедливости должна жить в сердах людей. Monster серж саркисян и его окружающий криминал былы вампирами сосавшими веру и надежду у народа и таком образом увеличивали свою власть. не дайте им сделать реванш.
Արմենակ Եղիայեան
Լատինատառը չի հրատարակուիր, հասկցանք, ռուսատառը աւելի լա՞ւ քաք մըն է, որ կը հրատարակուի: Նոյն աղբանոցն են:
Վահագն
Ջրից դուրս եկանք, ջրհորն ընկանք...
HAkob
Դե ականատես, արի ու տես, ու վերջում կուտես...
Գրիշա
Ավելի ընդհանրական դիտարկում: Մեր երկրի կառավարիչներն այդպես էլ չհասկացան, որ որոշ պաշտոններում պրոֆեսիոնալիզմից շատ ավելի բարձր հատկանիշներ են պահանջվում: Օրինակ, Սփյուռքի նախարարի դեպքում, դա նախարարի անձնական հեղինակությունն է՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ հայ ազգի մոտ: Միայն հանճարեղ երիտասարդ լինելը տվյալ դեպքում բավարար պայման չէ: Կամ՝ ինչով բացատրել, որ Կրթության նախարար է նշանակվում մի մարդ, ով ներգրավված է եղել թուրք-հայկական «հաշտեցման» նախաձեռնություններում: Դե հենա, Բլեյանին դնեին՝ նա գոնե մանկավարժության փորձ ունի: Ամենազավեշտալին ՊՆ-ի հարցն էր: Ջոկեցին մեկին, ով խիստ բացասական համբավ ունի զինվորականության շրջանում և չունի որևէ հեղինակություն ՊՆ-ում: Երբևէ դասակի հրամանատար չեղած մարդը հիմա մեր պաշտպանության նախարն է: Հայ ժողովուրդը պետք է շնորհակալ լինի Փաշինյանին՝ Սերժից ազատվելու համար: Սակայն դա չի նշանակում արտոնություն մեր երկիրը կրկեսի վերածելու համար: Ժամանակն է լուրջ վերաբերվելու պետական կառավարմանը:
Գարիկ
Սա Նիկոլի քաջագործությունների սկիզբն է: Մեր պես էշերն էլ հավատում էին սրան, հրապարակում ժամերով կանգնում, թե Հայաստանում փոփոխություն է լինելու, վերջ ԽԾԲ-ին, վերջ օլիգարխիային, բայց արի ու տես...
հայուհի
Մի փոքր երկիր է, շատ էլ, որ չենք խոսում, հո ամեն ինչ իմանում ենք ով ով է, լավին լավ ենք ասում, վատին էլ վատ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։