HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից ոսկու արտահանումը կտրուկ նվազել է

2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 1 373 կգ ոսկի (ոսկի` չմշակված, կիսամշակ կամ փոշու տեսքով), որի մասքային արժեքը կազմել է 51.1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես վկայում են Մաքսային ծառայության տրամադրած տվյալները, 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստանից արտահանվող ոսկու քանակը կրճատվել է 1 365 կգ-ով կամ 50%-ով, իսկ մաքսային արեժքը՝ 73.4 մլն դոլարով կամ 59%-ով: 

Հայաստանից արտահանվում է կիսամշակ ոսկի, որը հետագայում վերջնական մշակման է ենթարկվում տարբեր երկրներում։ Այն հիմնականում «Դորե» համաձուլվածքի՝ ձուլակտորի տեսքով է։ Այս ապրանքախմբի մեջ չեն ներառվում ոսկերչական զարդերն ու տարատեսակ ոսկերչական իրերը, որոնք արտահանվում են այլ ապրանքային ծածկագրերով։

Հայաստանից ոսկու արտահանմամբ զբաղվում է 5-6 կազմակերպություն: Ամենախոշոր արտահանողը «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ն է: Այն շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը։ 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո հանքավայրը հայտնվեց  հայ-ադերբեջանական նոր սահմանագծին։ Հանքավայրի մի հատվածը անցավ հակառակորդին: Իսկ հայկական կողմին մնացած հատվածում հանքարդյունահանման աշխատանքները պարբերաբար կանգ են առնում: Երբեմն հանքավայրի տարածքում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչում, որի պատճառով հանքավայրի աշխատակիցները տարհանվում են: 

Ենթադրվում է, որ այս ամենի հետևանքով հանքը չի շահագործվում նախկին ինտենսիվությամբ, որով էլ պայմանավորված է ոսկու արտահանման ծավալների կտրուկ անկումը այս տարի: Գրավոր հարցմամբ «Գեոպրոմայնինգ  գոլդ» ընկերությանը խնդրել ենք մեկնաբանել իրավիճակը և նշել` հնարավո՞ր է ապագայում ընկերության աշխատակիցներ կրճատվեն: Ընկերության մամուլի հարցերով պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք հրաժարվում են այս հարցերի շուրջ որևէ մեկնաբանություն տալ: 

Կրճատվում են բյուջե հոսող փողերը

Ստեղծված իրավիճակի հետևանքով նվազում են նաև հանքավայրը շահագործողի կողմից պետական բյուջե վճարվող հարկերը: «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն Հայաստանի խոշորագույն հարկատուներից է, բայց հարկերի ծավալը գնալով նվազում է:

Եթե 2020 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը մոտ 16 մլրդ դրամի հարկեր է վճարել և Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կազմում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, ապա 2021 թվականի առաջին կիսամյակում, թեև պահպանել է 5-րդ հորիզոնականի դիրքը, սակայն  հարկերի ծավալը կրճատվել է: Վճարել է մոտ 12.4 մլրդ դրամի հարկեր՝ 3.5 մլրդ դրամով կամ 22.2%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում:

Հայկական ոսկին կորցրել է արտահանման երկու խոշոր շուկաները՝ Շվեյցարիան ու ԱՄԷ-ն. այն արտահանվել է Հնդկաստան

2017 թվականից հայկական ոսկու ամենախոշոր գնորդը  Շվեյցարիան էր, մինչ այդ՝ Կանադան: 2020 թվականին արտահանման նոր խոշոր ուղղություններ էին հայտնվել՝ Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: 

Այս տարվա առաջին կիսամյակում, սակայն, ոսկի առհասարակ չի արտահանվել դեպի Շվեյցարիա՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի մոտ 1 721 կգ-ի  դիմաց : 

Իսկ ԱՄԷ արտահանվել է փոքր քանակով՝ 12 կգ, նախորդ տարվա առաջին կիսամյակում արտահանված 1000 կգ-ի դիմաց:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված ոսկու 99%-ը առաքվել է Հնդկաստան՝ 1 358 կգ, որի մաքսային արժեքը կազմել է 50.2 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում Հայաստանը Հնդկաստան ոսկի չի արտահանել: Արտահանումը սկսվել էր երկրորդ կիսամյակից: 

Այս տարի չնչին քանակով էլ արտահանվել է Հոնկոնգ ու Իտալիա: 

Ոսկու արտահանման կրճատումը էապես ազդել է Հայաստան-Շվեյցարիա  և Հայաստան-ԱՄԷ առևտրաշրջանառության վրա

Հայաստանի թե՛ արդյունաբերությունը և թե՛  արտահանումը թույլ դիվերսիֆիկացված է: Արտահանման գլխավոր ուղղություններից մեկը հանքահումքն է, հիմնականում որով էլ Հայաստանը գրավում է այս կամ այն շուկաները: Եվ երբ այդ ապրանքների գծով անկում է գրանցվում, տուժում է ամբողջ առևտրաշրջանառությունը: 

Տարիներ շարունակ Շվեյցարիան Հայաստանի արտահանման գլխավոր ուղղություններից է եղել իր տեսակարար կշռով, սակայն այս երկիր Հայաստանն արտահանել է հիմնականում պղինձ ու ոսկի: Այս տարի ոսկու արտահանման կրճատման հետևանքով նվազել է Հայաստան-Շվեյցարիա ընդհանուր առևտրաշրջանառությունը: Ու քանի որ արտահանումը դիվերսիֆիկացված չէ, հնարավոր չի եղել այլ ապրանքների հաշվին լրացնել բացը:

Ըստ Մաքսայինյ ծառայության (ՀՀ ՎԿ)` 2021 թվականի հունվար-հունիսին Հայաստանից Շվեյցարիա արտահանումը կազմել է մոտ 163 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն նվազել 65.5 մլն դոլարով կամ  մոտ 29%-ով: Այս անկումը շատ ավելի խորը կլիներ, եթե Հայաստանը պղնձի խտանյութ չարտահաներ Շվեյցարիա: 2021թ. առաջին կիսամյակում արտահանվել է մոտ 148 մլն դոլարի պղնձի խտանյութը, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 18%-ով:

Նույն ժամանակաշրջանում Շվեյցարիայից Հայաստան ներմուծումը կազմել է 15.5 մլն դոլար՝ 3 անգամ աճելով 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ: Աճը պայմանավորված է ոչ թե մեկ կամ երկու, այլ՝ մի շարք ապրանքներով, ինչպես դեղամիջոցներ, ադամանդ, ապարատներ և այլն: 

Հայաստանից ԱՄԷ արտահանումը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է մոտ 28 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ կրճատվել է 2.4 անգամ: ԱՄԷ-ից Հայաստան ներմուծումը կազմել է մոտ 22 մլն դոլար՝ աճելով 2.8 անգամ: 

Ինչ վերաբերում է հայ-հնդկական առևտրին, ապա Հայաստանից Հնդկաստան արտահանումը սահմանափակվում է ոսկու արտահանմամբ: Նախորդ տարվա առաջին կիասմյակում, երբ դեռ Հայաստանը ոսկին չէր արտահանում Հնդկաստան, Հայաստանից Հնդկաստան արտահանումը կազմել էր ընդամենը 25 մլն դոլար: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը Հնդկաստանից ներմուծել է 36.4 մլն դոլարի ապրանք, աճը՝ 16.5%: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter