HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկական ոսկին նոր շուկաներ է գրավել 2020թ-ին՝ Հնդկաստանը և ԱՄԷ-ն

Հայկական ոսկին 2020 թվականին արտահանման երկու նոր ուղղություն է ձեռք բերել՝ Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ամենախոշոր շուկան մնում է Շվեյցարիան։

Ըստ Հայաստանի Մաքսային ծառայության բազաների՝  2020 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 5.670 տոննա ոսկի (կիսամշակ ոսկի), որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 256 մլն ԱՄՆ դոլար։ 2019 թվականի համեմատ արտահանված ոսկու քանակը նվազել է մոտ 156 կգ-ով կամ 2.7%-ով, իսկ արժեքը, ընդհակառակը, ավելացել է մոտ 32 մլն դոլարով կամ 14.3%-ով։  

Սա բացատրվում է այն հանգամանքով, որ արտահանվող ոսկու մեկ կիլոգրամի միջին գինը 2020 թվականին ավելի բարձր է եղել (45 095 դոլար), քան 2019 թվականին (38 411 դոլար): Դրա շնորհիվ, թեև քանակը նվազել է, սակայն ընդհանուր արժեքը ավելացել է։

Հայաստանից արտահանվում է կիսամշակ ոսկի, որը հետագայում վերջնական մշակման է ենթարկվում տարբեր երկրներում։ Այն հիմնականում «Դորե» համաձուլվածքի՝ ձուլակտորի տեսքով է, որի մեջ ոսկու պարունակությունը առնվազն 70% է։  Շեշտենք, որ այս ապրանքախմբի մեջ  մեջ չեն ներառվում ոսկերչական զարդերն ու տարատեսակ իրերը։ Դրանք արտահանվում են այլ ապրանքային ծածկագրերով։

Ոսկին Հայաստանի արտահանման կազմում էական տեղ է զբաղեցնում։ Այն արտահանվող ամենամեծ մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում երկրորդն է 2020 թվականի տվյալներով։ Զիջում է միայն պղնձի խտանյութին. 2020 թվականին արտահանվել է 604 մլն դոլարի պղնձի խտանյութ։ 

Վերջին տասը տարիների կտրվածքով ոսկու արտահանման ամենաբարձր արժեքը գրանցվել է 2020 թվականին, իսկ ամենամեծ քանակը՝ 2019-ին։ Տարիների դինամիկան ներկայացված է ստորև գտնվող երկու ինֆոգրաֆիկաներում, որոնցից առաջինում (ձախից)  վերջին տասը տարիների արտահանման քանակն է, երկրորդում՝ արժեքը։  

Շվեյցարիա, Հնդկաստան, ԱՄԷ. հայկական ոսկու գնորդները

Թե՛ ըստ քանակի, թե՛ ըստ արժեքի՝ հայկական ոսկու արտահանման գլխավոր շուկան 2020 թվականին, ինչպես նախորդող չորս տարիներին, շարունակել է մնալ Շվեյցարիան։ Սակայն, եթե 2017-2019 թվականներին այս երկրին է բաժին ընկել Հայաստանից արտահանվող ոսկու 90%-ը և ավելին, ապա 2020-ին 50%-ը՝ 2.821 տոննա (132 մլն դոլար)։ 2019 թվականի համեմատ այն երկու անգամ նվազել է։ 

Նշենք, որ մինչև 2017 թվականը հայկական ոսկին հիմնականում արտահանվում էր Կանադա։

Արտահանման մյուս խոշոր ուղղությունը դարձել է Հնդկաստանը։ 2020 թվականին Հայաստանը Հնդկաստան է արտահանել մոտ 1.727 տոննա ոսկի՝ ամբողջ արտահանվածի 30%-ը։ Արտահանված ոսկու մաքսային արժեքը կազմել է մոտ 73 մլն դոլար։

Սա նոր ուղղություն է հայկական ոսկու համար, քանի որ նախորդ տարիներին արտահանումները ընդամենը գրամներով են եղել դեպի այս երկիր։ Առհասարակ, Հայաստան-Հնդկաստան առևտրաշրջանառությունը թույլ է զարգացած. Հայաստանը հիմնականում ներմուծողի կարգավիճակում է եղել։ Վերջին առնվազն տասը տարիներին արտահանել է քիչ ծավալի ապրանքներ, որոնց ընդհանուր գումարը տարեկան չի գերազանցել 6 մլն դոլարը։ 

Համեմատության համար նշենք, որ ըստ Մաքսային ծառայության տվյալների՝  2019 թվականին Հայաստան-Հնդկաստան առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 132  մլն դոլարի, որից 128 մլն դոլարը Հնդկաստանից Հայաստան ներմուծումն է։ Իսկ արդեն 2020 թվականին նշված երկու երկրները 156 մլն դոլարի առևտուր են արել, որից 73 մլն դոլարը Հայաստանից Հնդկաստան արտահանումն է, իսկ 83 մլն դոլարը՝ Հնդկաստանից Հայաստան ներմուծումը։  Ոսկու արտահանման հաշվին Հայաստանից Հնդկաստան արտահանումը կտրուկ ավելացել 2020 թվականին։ Այսինքն՝ արտահանումը  գրեթե ամբողջությամբ ապրահովվել է մեկ ապրանքի հաշվին։ Ի տարբերություն դրա՝ Հայաստանը Հնդկաստանից ներմուծում է տարատեսակ ապրանքներ՝  ադամանդ, դեղամիջոցներ, սառեցրած միս, ծխախոտի հումք և այլն։

Հայկական ոսկու արտահանման երրորդ խոշոր և նոր ուղղությունը Արաբական Միացյալ Էմիրություններն է։ 2020 թվականին արտահանվել է գրեթե 1.1 տոննա ոսկի՝ 49.5 մլն դոլար մաքսային արժեքով։  2020-ին Հայաստանից Էմիրություններ արտահանումը մոտ 70%-ով աճել է, որը պայմանավորված է հենց ոսկու արտահանմամբ։ Հայաստանը դեպի այս երկիր է արտահանում նաև ծխախոտ ու  ոսկերչական իրեր։

Ոչ մեծ  քանակությամբ հայկական ոսկի է արտահանվել նաև դեպի Ռուսաստան, Չեխիա և Սլովակիա։ 

Մաքսային ծառայությունից «Հետքին» տրամադրված ցանկի համաձայն՝ 2020 թվականին Հայաստանից ոսկի է արտահանել վեց կազմակերպություն։ Սակայն հիմնական խոշոր արտահանողը «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ն է, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը։  2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո հայտնի դարձավ, որ հանքավայրը հայտնվել է հայ-ադերբեջանական նոր սահմանագծին։ Հանքավայրի ու աշխատակիցների ճակատագրի վերաբերյալ հարցերը շատ են։ Օրեր առաջ Ազգային ժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հայտնեց, որ հանքի աշխատանքը շարունակվում է, պահպանվում է աշխատողների հիմնական կազմը, սակայն մի մասը՝ մոտ 280 հոգի, հնարավոր է «խնդիրներ ունենան աշխատանքի հետ կապված»։ Ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում։ 

 

Գլխավոր լուսանկարում՝ Սոթի ոսկու հանքավայրը

Մեկնաբանություններ (1)

Газарян Рубен
Правильный заголовок: Из армянского золота Швейцария ОАЭ и Индия будут делать украшения и продавать их с большей наценкой чем мы за продажу стратегического сырья, браво мудакам и слабакам мнящим себя илиткой

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter