Հայաստանից արտահանվել է աննախադեպ ծավալի ոսկի
2014 թվականին Հայաստանից արտահանվել է աննախադեպ քանակությամբ ոսկի (ոսկու փոշի)՝ 3, 6 տոննա (մոտ 82 մլն դոլար մաքսային արժեքով), որը 870 կգ-ով գերազանցում է 2013-ի ցուցանիշը: Արտահանում ենք ոսկու փոշի՝ «Դորե» ձուլվածքի տեսքով, որում ոսկու պարունակությունը 70%-ից ավելին է: Հայակական ոսկին վերջնական մշակումից հետո վերավաճառվում Լոնդոնի բորսայում:
Հայաստանի մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ Հայաստանից ոսկու արտահանումը ուշագրավ ծավալներ է ձեռք բերել 2009-ից: Այդ տարի Հայաստանից արտահանվել է 1,86 տոննա ոսկի, մինչդեռ 2008-ին այն կազմում էր ընդամենը 252 կգ:
Հայակական ոսկին արտահանվում է Կանադա: Նախորդ տարվա արտահանվածից միայն 8 կգ-ն է առաքվել Շվեյցարիա: Կանադացիներին հայկական ոսկին հետաքրքրել է դեռ 1997 թվականից, երբ կանադական «First Dynasty Mines» ընկերությունը գնել է Արարարտում կառուցված ոսկու մշակման գործարանի որոշակի բաժնեմաս: Գործարանը վերածվել է «Արարատի ոսկո արդյունահանման ձեռնարկության» (Ararat Gold Recovery Company, AGRC): 2002-ից դրա սեփականատերն է դարձել հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալը: Իսկ 2007-ից սկսած այդ ձեռնարկությունը հնդիկ սեփականատերից գնել է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին պատկանող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որն այսօրվա դրությամբ հանդիասնում է Հայաստանի խոշոր ներդրողներից և հարկատուներից մեկը:
Հայկական արտահանվող ոսկու շուրջ 99%-ը արտահանում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը: Ներկա դրությամբ այն շահագործում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» և ունի երկրի ամենախոշոր՝ Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները: Սոթքի հանքաքարը Վարդենիսից տեղափոխում են Արարատ, այնտեղ էլ` վերամշակում։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն գրանցված է Հայաստանում, սեփականատերը Նիդեռլանդներում գրանցված «ԴԻԵԶԵ ԲԻ.ՎԻ» ընկերությունն է:
Քարտեզը՝ «Գեոպրոմայնինգ»-ի պաշտոնական կայքից
2014-ի ապրիլից «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը կիրառում է «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիան, որը մասնագետների հավաստմամբ, հնարավորություն է տալիս զգալիորեն մեծացնել մետաղի կորզումը սուլֆիդային դժվար կորզելի հանքաքարից, որով հարուստ է Սոթքի հանքավայրի հանքաքարը: Երբ հրապարակվեն 2014 թվականին Հայաստանում ոսկու արդյունահանման տվյալները, այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ օուտ է տվել «Ալբիոն»-ը: Հնարավոր է՝ այն նպաստել է Հայաստանից ոսկու փոշու արտահանման աճին:
Հայաստանում ոսկու մշակմամբ զբաղվում է նաև Մասիսում գտնվող «Ասսաթ» հանքարդյունահանման և ոսկու կորզման ձեռնարկությունը, սակայն ծավալների փոքր լինելու պատճառով արտահանման հարցում այս ձեռնարկությունը մեծ դեր չունի:
Հայաստանը ոսկի ոչ միայն արտահանում է, այլև՝ ներմուծում
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2009-ից, երբ Հայաստանում ոսկու արդյունաբերությունն ու արտահանումը նոր թափ ստացան, զգալիորեն կրճատվել են ներմուծված ոսկու ծավալները: Եթե 2008-2009 թվականներին Հայաստանում տարեկան արդյունահանվում էր համապատասխանաբար 720 և 499 կիլոգրամ ոսկի, ապա հաջորդ տարիներին այդ թիվը զգալի աճեց: 2010-ին արդյունահանման ծավալը Հայաստանում կազմում էր 1,95 տոննա, 2011-ին` 2,7 տոննա, 2012-ին` 2,9 տոննա: 2013 թվականին աճի միտումը շարունակվեց և տարին փակվեց 3,5 տոննա արդյունահանման քանակով:
2008-ին Հայաստան է ներմուծվել 5,4 տոննա ոսկու փոշի, իսկ 2009-ին՝ 1,2 տոննա: Բայց ներմուծման ծավալները սկսել են աճել 2013-ից՝ 3,78 տոննա: 2014-ին էլ Հայաստան է ներմուծվել 3,55 տոննա ոսկու փոշի, որի հիմնական մասը ներմուծվել է Շվեյցարիայից (2,44 տոննա) և փոքր մասը՝ Ավստրիայից (900 կգ):
Հատկանշական է հետևյալ համեմատությունը՝ 2012-ին Հայաստան էր ներմուծվել 1.4 տոննա ոսկի, արտահանվել՝ 2,3 տոննա, իսկ 2011-ին ներմուծվել էր 1,5 տոննա, արտահանվել՝ 2,3 տոննա: Սա ցույց է տալիս, որ այդ երկու տարիներին Հայաստանից ոսկու արտահանման ցուցանիշը գերազանցում էր ներմուծմանը: Այդ տարիներին ոսկու միջազգային գներն աճում էին և դա լավ էր Հայաստանի տնտեսության համար, քանի որ ոսկին 2009-ից համարվել և համարվում է Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքներից մեկը: Բարձր գնի դեպքում արտահանումից ստացվող եկամուտները, բնականաբար, ավելի բարձր են լինում:
Իսկ 2013-ից այս պատկերը փոխվեց: Այդ տարի Հայաստան ներմուծված ոսկու ցուցանիշը մոտ 1 տոննայով գերազանցում էր արտահանմանը: Դա պայմանավորված էր դեպի Հայաստան միջազգային շուկայում էժանացող ոսկու հոսքի մեծացմամբ: Այդ միտումը պահպանվեց նաև 2014-ին:
Ոսկու միջազգային գներն ու հայկական շուկան
2002-2012 թթ. համաշխարհային շուկայում ոսկու գինն աճում էր: 10 տարում ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) գինը 300 դոլարից հատեց 1750 դոլարի շեմը: Բայց 2012-ից սկսեց նվազել: Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի (London Bullion Market Association, LBMA) հրապարակած տվյալների համաձայն՝ 2014-ին ոսկու մեկ տրոյական ունցիայի միջազգային միջին գինը կազմել է 1267 դոլար, 2013-ին՝ 1201.5 դոլար: Իսկ 2015-ի համար LBMA-ը ոսկու մեկ տրոյական ունցիայի միջազգային միջին գինը կանխատեսում է 1211 դոլար:
Հայաստանի տնտեսության համար ոսկու գնի նվազումը թողնում է բացասական հետևանքներ: Ներմուծման աճի ֆոնին՝ ոսկու միջազգային գների անկումը նվազեցնում է Հայաստանից արտահանվող ոսկուց ստացված եկամուտների չափը: Ըստ այդմ, նվազում են այդ ոլորտում գործող ընկերությունների՝ պետությանը վճարած հարկերի չափերը: Ոսկու միջազգային շուկայում անբարենպաստ իրավիճակն ազդել է նաև «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի վճարած հարկերի վրա: Այս ընկերությունը 2013-ին ներառված էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում՝ վաճարած 7 մլրդ 261 մլն դրամով, իսկ 2014-ին իջել է 31-րդ հորիզոնական: Ընկերության վճարած հարկերի գումարը 3.4 մլրդ դրամով կրճատվել է՝ կազմելով 3 մլրդ 897 մլն դրամ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վերջերս հայտարարել է, որ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, ներկա դրությամբ տրամադրված է 27 մետաղական օգտակար հանածոների ընդերքօգտագործման իրավունք, որոնցից՝ 11-ը ոսկու են, 5-ը՝ ոսկի–բազմամետաղային: Ըստ նախարարության պաշտոնական կայքի՝ Հայաստանի մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային հանքավայր, որից 8-ը՝ ոսկու, 6-ը՝ ոսկի-բազմամետաղային:
Ըստ տարբեր աղբյուրների՝ Հայաստանի ոսկու պաշարները այժմ կազմում են մոտ 270 տոննա: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի ոսկու հանքերում պարունակվող ոսկին կբավականացնի 25-30 տարի:
Ներկայում շահագործվում են Սոթքի, Արմանիսի, Մղարթի, Թուխմանուկի, Մեղրաձորի, Սոֆի Բինայի, Մարջանի, Շահումյանի, Տերտերասարի, Լիճքվազ-Թեյի հանքավայրերը: Հարցական է Ամուլսարի ոսկու հանքավայրի ճակատագիրը: Թեև «Lydian International» ընկերությունը հայտարարել է, որ 2015 թվականին պլանավորում է ապահովել Ամուլսարի ծրագրի ամբողջական ֆինանսավորումը և անցնել շինարարության փուլին, բայց բնապահպանները շարունակում են պայքարել, որ հանքը չշահագործվի՝ պնդելով, որ այն Ջերմուկ քաղաքի և տարածքի կենսաբազմազանության համար բնապահպանական լուրջ ռիսկեր է պարունակում:
Թվարկված հանքավայրերից խոշոր են միայն Սոթքի և Ամուլսարի ոսկու հանքավայրերը: Սոթքում ոսկու պաշարները, ըստ տարբեր աղբյուրների, կազմում են մոտ 155 տոննա, իսկ Ամուլսարինը՝ մինչև 55 տոննա: Իսկ մնացած հանքավայրերի ոսկու պաշարները մի քանիսի դեպքում չեն էլ հասնում 5 տոննայի, մյուսներն էլ՝ չեն գերազանցում 15 տոննան: Այդ հանքերը դեռևս չեն կարող արդյունաբերական կենսական նշանակություն ձեռք բերել, քանի դեռ ոսկու միջազգային գները չեն բարձրացել, քանի որ դրանք պետք է արադարացնեն շահագործման՝ արդյուnաբերման և արտահանման ծախսերը, հարկերը և այլն:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել