HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ

Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակցված անձինք, իսկ մի հատվածն անցնում է օֆշորային գոտիներով և հայտնվում հասարակությունից թաքնվող անձանց գրպաններում:

Հայաստանը մետաղներով հարուստ երկիր է: Կա պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի և արծաթ: Արդյունահանման թույլտվություն է տրամադրված 28 մետաղական հանքավայրի:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը սահմանում է, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է: Ընդերքը տրամադրվում է միայն օգտագործման իրավունքով:

Հայաստանի ընդերքի հարստությունը կորզվում և արտահանվում է՝ միլիոնավոր դոլարների շահույթ ապահովելով հանքարդյունահանողներին: Սակայն հայաստանյան ընդերքի հաշվին հարստացողների մասին տեղեկությունները հանրությանը այդպես էլ հասանելի չեն դառնում:

Այս հետաքննությամբ պարզել ենք, որ հանքարդյունահանման թույլտվություն ստացել են նախկին և ներկա պաշտոնյաները, նրանց հարազատները կամ փոխկապակցված անձինք, ինչպես նաև օֆշորային ընկերություններ, որոնց մի մասը կապված է ՌԴ-ի գործարարների և կառավարության հետ առնչություն ունեցող անձանց հետ:

16 ընկերություն Հայաստանում ոսկու և ոսկի-բազմամետաղների ընդերքօգտագործման իրավունք ունի: Սակայն 2019թ.-ի դրությամբ արդյունահանում իրականացնում է միայն 4-ը:

Մինչև 2019 թվականը ոսկու ամենամեծ հանքավայրերը շահագործում էին ռուսական ընկերությունները՝ օգտագործելով օֆշորային զանազան սխեմաներ: 2019 թ.-ին այդ երկու հանքավայրերը շահագործող ընկերություններում բաժնետերերի փոփոխություններ են եղել

Նոր բաժնետեր՝ Սոթքի հանքավայրում

satellite-small.jpg (1.12 MB)

Սոթքը ոսկու ամենամեծ հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճից 32 կմ հեռու: Վերջին անգամ Սոթքի ոսկու պաշարները հաստատվել են 2012թ.-ին: Համաձայն հանքավայրի անձնագրի՝ կենտրոնական տեղամասում հետախուզված է 9 հանքամարմին, որոնցում հանքավայրի հաշվեկշռային պաշարները կազմել են 31 141 հազար տոննա հանքաքար, 133,5 տոննա` ոսկի, 175,6 տոննա` արծաթ:

Սոթքի հանքավայրը շահագործում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, և ընդերքօգտագործման իրավունքը վավեր է մինչև 2028 թվականը: Հանքարդյունահանումն իրականացվում է Սոթքում, իսկ հանքաքարը վագոններով տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման գործարան և այնտեղ վերամշակվում: Ընկերությունը միակն է Հայաստանում, որ դորե համաձուլվածք է արտադրում ու արտահանում:

Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` Հայաստանում գրանցված «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերը Նիդեռլանդներում գրանցված GPM Armenia B.V.-ն է, որի ճյուղերն անցնում են Կիպրոսով և հասնում Բրիտանական Վիրջինյան կղզիներ ու Ռուսաստանի Դաշնություն:  

connections1.png (1.25 MB)

Geopromining Investment (CYP) Limited-ի վերահսկիչ փաթեթը Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված և անհայտ բաժնետերերի պատկանող 2 ընկերության պատկանում (տես գծանկարում՝ Geiser և Tobali): Երկրորդ խոշոր բաժնետերը` Nakilep Overseas Limited-ը գրանցված է Կիպրոսում, որի բաժնետերը ռուսական «Ստարտ Աերո» ՍՊԸ-ն է (OOO "СТАРТ АЭРО"): Համաձայն ռուսական ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթի` այն 2019թ. մարտից ամբողջությամբ ռուս գործարար, միլիարդատեր Ռոման Տրոցենկոյինն է: Նրա անունը կա նաև կիպրոսյան ընկերության տնօրենների ցանկում:

Տրոցենկոն 2012թ.-ից ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականն է եղել: Այնուհետև գլխավորել է «Ռոսնեֆտ»-ի դուստր Rosneft Overseas-ը, որը զբաղվել է ընկերության արտասահմանյան ակտիվների կառավարմամբ: Իսկ մինչ «Ռոսնեֆտ» գալը գլխավորել է պետական՝ Միացյալ նավաշինական կորպորացիան:

Տրոցենկոն այժմ գլխավորում է «АЕОН» կորպորացիան, որի մեջ մտնում են 3 տասնյակ տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություններ, այդ թվում` երեք նավակառույց գործարան, երկու նավաշինական ընկերություն և 13 օդանավակայան: Կորպորացիայի խմբում է նաև միջազգային զբոսանավեր կառուցող Timmerman Yachts-ը:

Որպես «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հիմնադիր և հիմնական բաժնետեր հանդես է գալիս ռուս գործարար Սիման Պովարենկինը: 1992թ.-ին՝ Օմսկի համալսարանի օրգանական քիմիայի ֆակուլտետն ավարտելուց հետո Սիման Պովարենկինը երկու տարի աշխատել է իր հոր՝ Վիկտոր Պովարենկինի ղեկավարած անվադողերի գործարանում: Սիմանը գլխավորել է գործարանի արտահանման բաժինը: Այնուհետև՝ 28 տարեկանում, տնօրինել է առաջին մասնավոր բանկերից մեկի՝ Incombank-ի Օմսկի մասնաճյուղը: Ս. Պովարենկինը Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանի գործարար խորհրդի անդամ է:

Կարելի է ենթադրել, որ ԲՎԿ-ում գրանցված ընկերությունները հենց նրան են պատկանում, քանի որ Պովարենկինը շարունակում է գլխավորել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տնօրենների խորհուրդը: Ամեն դեպքում, այդ ընկերությունների բաժնետերերին գաղտնազերծել չհաջողվեց:

«ԳեոՊրոՄայնինգ»-ի ակտիվներից է նաև Յակուտիայում Սարիլախ-Սուրմա հանքավայրը, որը նույնպես ոսկի է պարունակում: Իսկ Վրաստանի ոսկու հանքավայրն ընկերությունը վաճառել է: Դրան կանդրադառնանք ներքևում:

Անդրադառնալով ընկերության բաժնետերերի պատմությանը՝ նշենք, որ 2013թ. դեկտեմբերին «Սբերբանկ»-ն ու «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը համագործակցության հուշագիր էին ստորագրել, որից հետո բանկը ընկերությանը տրամադրել էր 250 մլն դոլարի վարկ: Դրանով բանկը, իր դուստր ընկերության՝ Sberbank Capital Ltd-ի միջոցով շուրջ 26 տոկոս բաժնեմասի սեփականատեր էր դարձել: Իսկ 2016թ.-ին Sberbank Capital Ltd-ն արդեն հայտնել էր «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ում 31,47 % մասնակցության մասին, սակայն ոչ թե վարկի, այլ բաժնեմասի ձեռքբերման միջոցով: Նշենք, որ «Սբերբանկ»-ի 50 %+1 ձայնի իրավունքը ՌԴ կենտրոնական բանկինն է:

Սոթքի հանքավայրի մշակման հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների համաձայն՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տարեկան զուտ շահույթն այս հանքավայրից կազմում է 78,2 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի 2019թ.-ի բյուջեն շուրջ 7,4 մլն դոլար է: Այսինքն՝ հանքի շահույթը Գյումրիի 2019թ.-ի բյուջեից տասնապատիկ շատ է:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Հայաստանում, բացի Սոթքի հանքավայրից, շահագործում է նաև Ագարակի պղնձամոլիբենային կոմբինատը և, ինչպես նշեցինք, Արարատի ոսկու հարստացուցիչ գործարանը:

Սոթք գյուղի բնակիչները հաճախ են ականատես լինում հանքավայրի տարածքից պայթյունին հետևած շագանակագույն ամպին, որը բարձրանում և տարածվում է գյուղի և Վարդենիս քաղաքի կողմերում: Այդ ամպը պայթուցիկ նյութերի և փոշու համախմբում է, որը դուրս է գալիս հանքավայրի տարածքից և տարածվում օդի մեջ այն ժամանակ, երբ հանքավայրում պայթեցումներ են լինում:

Սոթքի հանքավայրում աշխատած փականագործ Ռուբեն Գրիգորյանը, ով ապրիլի 9-ին ազատվել է աշխատանքից, պատմում է, որ բացահանքի այդ տարածքում պայթեցումների ժամանակ պայթուցիկ նյութերը՝ ամոնալի ու սելիտրայի խառնուրդով ներծծվում են ստորերկրյա ջրերում, որը ընկերությունը հատուկ խողովակներով ու պոմպերով մղում է Սոթք գյուղով հոսող գետը, որը միանում է Մեծ Մասրիկ գետին և թափվում Սևան: Սակայն այդ ամենն այնպես է կազմակերպվել, որ աննկատ մնա մարդկանց աչքից: Իսկ հանքավայրն այնքան է խորացել, որ ստորերկրյա ջրերն արդեն հարկավոր է պոմպերով մղել:

«Սոթքի հանքավայրը ամենախուժան հանքավայրն է Հայաստանում»,- ասում է հանքարդյունաբերության ոլորտում 40 տարի աշխատած երկրաբան Հակոբ Սիմոնյանը: Իր աշխատանքային գործունեության 27 տարին Հակոբ Սիմոնյանը Սոթքի ոսկու հանքավայրում է անցկացրել, տարբեր պաշտոններում՝ այս թվում հանքի պետ, մատակարարման բաժնի պետ և այլն: Հ. Սիմոնայնը պատմում է, որ 2012թ. նախագծով պիտի վերոնշյալ ջրերի հեռացման համար մաքրման կայան կառուցեին ընկերության գրասենյակի մոտ, սակայն այդ նախագիծը դեռևս մնում է թղթի վրա. մաքրման կայանը կառուցված չէ:

«Այդ գետը, որ գնում է Սևանա լիճ, 2 կգ-անոց կողակ ձկներ կային, ես շատ եմ բռնել: Հիմա եթե մեկը հիվանդանա, ասեն՝ մի հատ կողակ ձուկ է պետք հիվանդի համար, չկա, գետի միջից ձուկն իսպառ վերացել է»,- պատմում է Հակոբ Սիմոնյանը:

Նախկին աշխատակիցները պատմում են, որ բացահանքը 250-300 մետր խորությամբ փորվել և իջել է ներքև ոչ ճիշտ եղանակով, ինչը վտանգավոր է, և հաճախ տեխնիկան օգտագործողները չեն ցանկանում այնտեղից հանքաքար հանել: Նրանք մտավախություն ունեն, որ վերևի հատվածներից կարող է փլուզում առաջանալ և իրենք հայտնվեն դրա տակ: Սակայն ով դժգոհություն է հայտնում, ղեկավարությունը նրան աշխատանքից ազատելու առաջարկ է անում:  

«Եթե որևէ մասնագիտացած խումբ մտնում է Սոթքի հանքավայր, աշխատանքներն անմիջապես դադարեցվում են: Կարիերում ուստուպ կոչվածները աստիճանի նման պիտի լինեն, բայց Սոթքում դա չկա, եթե վերևից քար է իջնում, տեխնիկաները ջարդում է, եթե մարդ ընկնի դրա դիմացը, լրիվ կդառնա լավաշ»,- շարունակում է Հակոբ Սիմոնյանը:

Ռուբեն Գրիգորյանը Սոթքում աշխատում էր 2013 թվականից: Թեև 9 օր աշխատանքի է գնացել ազատման հրամանից հետո, և ազատման մասին իմացել է միայն ծանուցումը փոստով ստանալուց հետո, կարծում է, որ իրեն ազատել են իր ընդդիմախոսության և ռուս ղեկավարության հետ ունեցած կոնֆկլիկտի պատճառով: Ռուբեն Գրիգորյանը դատական հայց է պատրաստում ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգի»՝ աշխատանքից ազատելու պատճառով: Ասում է, որ աշխատակիցների և ղեկավարության միջև կոնֆլիկտներ առաջանում է այն ժամանակ, երբ անվտանգության ռուս աշխատակիցներն ամեն կերպ փորձում են ինչ-որ թերություններ գտնել և բարդել իրենց վրա, որպեսզի կտրեն հավելավճարից: Իսկ հավելավճարը աշխատավարձի 80 տոկոսն է կազմում:

Հակոբ Սիմոնյանն ասում է, որ Սոթքի հանքավայորւմ վարձատրման համակարգն ի շահ հանքավայրը շահագործողների է: «Եթե 15 օրվանից ավելի բյուլետեն ես բերում, ողջ տարվա ընթացքում կտրում են հավելավճարից, իսկ էդ հիմնարկը վարձատրում է հավելավճարներով, դրա համար մարդիկ հիվանդ են լինում, ստիպված հիվանդ վիճակով գնում են գործի: Մեզ՝ հայերիս, երևի 3-րդ կամ 4-րդ կարգի մարդու տեղ են դնում, խտրականություն են դնում, մարդ չեն հաշվում: Ենթադրենք՝ 30 անվտանգության աշխատակից ունեն, դրանց բերում են Ռուսաստանից և վճարում են շատ մեծ աշխատավարձ՝ 5 անգամ ավելի: Մեր անվտանգության աշխատակիցը ստանում է 70 հազար դրամ, իսկ Ռուսաստանից բերածը՝ ամենքիչը 1000 դոլար»,- աշխատանքային պայմանների մասին մանրամասնում է Հակոբ Սիմոնյանը:

Ռուբենի վկայությամբ, ընկերությունը չի մտահոգվում աշխատակիցների անվտանգությամբ, և հաճախ ընկերության սահմանած կանոնների հետևանքով հանքավայրում դժբախտ պատահարներ են տեղի ունենում: Վերջին տարիներին 3-4 անձ է դժբախտ պատահարի զոհ դարձել, այդ թվում՝ անցյալ տարի հանքաքարի բեռնաթափման վայրում բեռնաթափում իրականացնող վարորդը:

«Սոթքի հանքում 2 ամսվա մեջ անցյալ տարի 2 հոգի մահացան (Նվեր Դանիելյանը, Մանվել Մարտիրոսյանը, ովքեր վարորդ էին աշխատում), մի հոգի էլ հաշմանդամ է մնացել, բայց ոչ մեկ պատասխանատվության չենթարկվեց այդ մարդկանց համար: Երբ մարդ է մահանում, ինչ-որ մեկը թերացել է պարտականությունների մեջ, ես նման պատմություն չգիտեմ, որ մարդ մահանա ոչ մեկ չպատժվի կամ պատասխանատվության չենթարկվի: Ամեն մեռնող ինքն է մեղավոր լինում. 30 տարի լավ ու ճիշտ է աշխատել, հենց մեռավ, սխալվում է: Ամենաթանկ արժեքը մարդկային կյանքն է, որը դրանց մոտ գնահատված է 3000 դոլար: Մարդը մեռավ, 3000 դոլար տանում են մեռնողի տունը, ակտը կազմում է այնպես, ինչպես իրենց է հարմար, բոլոր մեռնողներն իրենք են մեղավոր, այլ մեղավոր չկա»,- մանրամասնում է Հակոբ Սիմոնյանը:

Հ. Սիմոնյանը բացատրում է, որ թափոնակույտերի տարածքում, որտեղ մեքենաները բեռնաթափում են իրականացնում, անվտանգության կանոնների համաձայն, չի թույլատրվում, որպեսզի մեքենան ամենավերջում՝ փոսի բերանին մոտենա և բեռնաթափում իրականացնի, պետք է բեռնաթափի հեռու, հետո «բուլդոզեռով» տեղաշարժեն դեպի թափոնահորը: Բայց ամեն անգամ վարորդին ստիպում են միանգամից բեռնաթափել հորում, որպեսզի հավելյալ աշխատանք չկատարվի: Եվ քանի որ բեռնաթափման վայրում վարորդին հրահանգներ տվող աշխատակցի հաստիքը ևս կրճատել են գումար տնտեսելու համար, վարորդները հաճախ չեն կողմնորոշվում և ընկնում են թափոնակույտերի համար նախատեսված հորերը:

Մեր դիտարկմանը, թե ինչու վերահսկող և ստուգող տեսչական մարմիններն այս խախտումները չեն արձանագրում, Հակոբ Սիմոնյանը պատասխանում է: «Գալիս են ստուգողներ, բայց ոնց ասեմ՝ վերջում հայկական ձևով մի կտոր հացով ճամփու են դնում, գնում են»:

Հակոբ Սիմոնյանն այս առթիվ հիշեցնում է 2010թ. Վերահսկիչ պալատի աղաղակող բացահայտումները, որոնք այդպես էլ որևէ հետևանք չունեցան:

«Համայնքային փոխօգնություն» սոցիալական հասարակական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Անահիտ Մկրտչյանի «Սոթք բնակավայրի վրա «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության սոցիալական ազդեցությունների մասին բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկություններ» վերտառությամբ ուսումնասիրություն է իրականացրել: Մասնագետը եզրակացրել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը էականորեն ազդել է Սոթք բնակավայրի գյուղատնտեսական արտադրանքի որակի վրա: Հանքի փոշին և աղտոտված մակերևութային ջրերն ազդում են մարդկանց առողջության վրա:

«Ջարդման տեղամաս ունեն տեղում, այդ փոշին բարձրանում է, անձրև է գալիս, ձյուն է գալիս, փոշին լրիվ նստում է տարածքում: Հիմա նաև ամեն օր 20-30 տ պայթուցիկ նյութ է պայթում, դրա հետևանքով առաջացած գազերը, նյութերը, փոշին աղտոտում է շրջակա միջավայրը»,- ամփոփում է Հակոբ Սիմոնյանը:

«ԳեոՊրոՄայնինգ»-ի ղեկավարությունը մեզ չընդունեց: Սոթք մեր այցելության օրը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Գոգոտինը ևս տարածքում էր: Սակայն անվտանգության պատասխանատու ռուս աշխատակիցը մեզ հորդորեց կապվել ընկերության մամուլի խոսնակի հետ և նրա հետ պայմանավորվել թե՛ հանքավայր մուտք գործելու, թե՛ տնօրինության հետ հարցազրույցի համար: Մամուլի հարցերով պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ պետք էր նախապես զգուշացնել, պայմանավորվել և այցելել հանքավայր: Իսկ այդպես միանգամից իրենք չեն կարող թույլ տալ մուտք գործել հանքավայր: Ավելին, մեզ հետաքրքրող հարցերը պետք է գրավոր ուղարկենք, որպեսզի իրենք դրանք ուղղեն ՌԴ պատասխանատուներին և համաձայնություն ստանալուց հետո միայն պատասխանեն մեր հարցերին կամ կազմակերպեն հարցազրույց տնօրենի հետ: «ԳեոՊրոՄայնինգ»-ի հետ նման փորձ արդեն ունեցել էինք 2017թ.-ին, սակայն մեր հարցերը՝ թե՛ բաժնետերերի, թե՛ ընկերության գործունեության, արտադրանքի վերաբերյալ Ռուզաննա Գրիգորյանը «մանիպուլյատիվ» էր որակել և հրաժարվել դրանց պատասխանելուց, ինչպես նաև հարցազրույց կազմակերպելուց:

Գեղամասար համայնքի (Սոթքը խոշորացվել է և մտնում է Գեղամասար համայնքի մեջ, խմբ.) ղեկավար Հակոբ Ավետյանը տեղեկացրեց, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Սոթքի վարչական տարածքից վարձակալել է 1037 հա հող, որից 51 հա-ի վրա իրականացնում է հանքարդյունահանումը, իսկ 986 հա-ն արոտավայր է: 1037 հա-ի համար ընկերությունը տարեկան համայնքի բյուջե վճարում է 68 մլն դրամ (140 000 դոլար) (1 հա-ն՝ շուրջ 65,500 դրամ): 116 հազար դրամ էլ գույքավճարն է կազմում: Տարեկան 5 մլն դրամի չափով համայնքին սոցիալական աջակցություն է ցուցաբերում:

sotq.png (231 KB)

Նոր բաժնետեր՝ նաև Շահումյանի ոսկի-բազմամետաղների հանքավայրում

satellite-small.jpg (1.12 MB)

Հաջորդ գործողը Շահումյանի ոսկի-բազմամետաղների հանքավայրն է: Այն գտնվում է Հայաստանի հարավային մարզում՝ Սյունիքում՝ Կապան քաղաքի մոտ: Այն շահագործում է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն:

Հանքավայրի շահագործման համար «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի իրավանախորդը՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն որոշել էր բաց հանքավայր շահագործել և Շահումյան բնակավայրը գնել սեփականատերերից, այնտեղ ապրող բնակիչները հեռացան տարածքից: Սակայն շուտով հանքը շահագործողները որոշեցին, որ այն ոչ թե բաց եղանակով է շահագործվելու, այլ՝ փակ: Հիմա ընկերությունը տարեկան 1,4 մլն հողի հարկ է վճարում Կապանի համայնքապետարանին դրա դիմաց, ևս 107 մլն դրամ էլ՝ վարձակալած հողերի դիմաց: Շահումյանցիների այգիները ևս ոչնչացված են, տարածքները դատարկ ապարների լցակույտերի համար են ծառայում:

2019թ.-ին Կապանի լեռնահարստացման կոմբինատը նոր սեփականատեր ունեցավ: Այն ռուսական «Պոլիմետ»-ից 55 մլն դոլարով գնեց Կիպրոսում գրանցված «Չաարաթ գոլդ ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությունը:

Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի՝ «Չաարաթ գոլդ ինթերնեյշնլ լիմիթիդ»-ի բաժնետերն էլ ԲՎԿ-ում գրանցված Chaarat Gold Holdings Limited ընկերությունն է:

Chaarat-ի կայքի համաձայն՝ ընկերության 34.78 % բաժնեմասը պատկանում է Մարտին Անդերսոնին` նրան պատկանող օֆշորային Labro Investments Ltd-ի միջոցով: Անդերսոնը հայտնի Brunswick-ի խմբի համահիմնադիրն է: Chaarat-ում 5,6 % բաժնեմաս ունի նաև China Nonferrous Metals Int'l Mining Co. Ltd-ն: Սա չինական կառավարությանը պատկանող հանքարդյունահանում իրականացնող խմբի ընկերություններից մեկն է: Ըստ կայքի տվյալների՝ փոքր բաժնետերեր ևս կան, սակայն հատկանշականն այն է, որ Chaarat-ի 35 % բաժնեմասի մասին տեղեկություն հանրությանը չեն հայտնում:

«Չաարաթ»-ն ակտիվներ ունի նաև Ղրղզստանում: Մասնավորապես՝ երկու ակտիվ՝ Թուլկուբաշի օքսիդի հանքավայր և Քիզիլթաշի սուլֆիդային հանքավայր: Ղրղզստանի մեր գործընկերներից փորձեցինք ճշտել, թե հստակ որևէ գործունեություն իրականացնում է «Չաարաթ»-ն այնտեղ: Մեզ հայտնեցին, որ ընկերությունը 10 տարի է՝ Ղրղզստանում է, սակայն հանքարդյունահանման գործունեություն չի իրականացնում: Առայժմ գնահատումներ է իրականացնում տեղամասերում և առանձնապես վստահություն չի ներշնչում: Այսինքն՝ կարծես թե նպատակը թվեր ներկայացնելն է, որպեսզի բաժնետոմսերի գինն ավելանա և բորսայում ավելի թանկ վաճառվի: Դա երևում է նաև կայքից, որտեղ պարբերաբար թարմացվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերի արժեքը:

Կիպրոսյան ռեգիստրի փաստաթղթում երևում է, որ «Չաարաթ»-ը գրավադրել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ բաժնեմասը:

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ին (Կապանի ԼՀԿ-ի նոր անվանումն է) գրավոր հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ով/ովքեր են ԲՆԿ-ում գրանցված Chaarat Holdings Limited ընկերության վերջնական և իրական բաժնետերերը, ի՞նչ նպատակներով և որտեղ են գրավադրված ընկերության բաժնետոմսերը, ի՞նչ գործունեություն է իրականացնում ընկերությունը Ղրղզստանում, հանքարդյունահանում իրականացնո՞ւմ է նշված հանքավայրերում, թե՞ տիրապետում է միայն ընդերքօգտագործման իրավունքներին: Ընկերությունը հայտնել է, որ իրավասու չէ պատասխանել այս հարցերին: Տեղեկություն է տրամադրել միայն շրջակա միջավայրին հասցված վնասը մեղմելու կամ նվազեցնելու իրենց առաջիկա ծրագրերի, ինչպես նաև Գեղանուշի պոչամբարի ապագայի մասին:  

«Գեղանուշի պոչամբարի հետագա շահագործումն էլ ավելի անվտանգ դարձնելու, միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական առավել արդյունավետ լուծումներ կիրառելու ուղղությամբ «Չաարատ գոլդ ինթերնեշնլ լիմիթիդ» ընկերության հրավերով բրիտանական SRK  Consulting խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչներն իրականացրել են մի շարք ուսումնասիրություններ՝ IFC ստանդարտների համապատասխանության տեսնանկյունից: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները մեզ փոխանցելուց հետո, ինչպես այլ ասպետկտներով, նաև պոչամբարի մասով հաշվի են առնվելու առաջարկվող նոր մոտեցումները և լուծումներն անպայմանորեն ներառվելու են պատվարի ամրացման աշխատանքների նախագծում»,- նշել է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի լիազորված անձ Սուրեն Եգանյանը:shahumyan.png (224 KB)Ըստ ԱՃԹՆ զեկույցի՝ 2017թ.-ին ոսկու խթանյութ չի արտահանել, սակայն պղնձի և ցինկի արտահանում է իրականացրել:

Մինչդեռ Chaarat-ի կայքի համաձայն՝ 2017թ. Կապանի հանքավայրից արդյունահանվել է շուրջ 50 հազար ունցիա ոսկի, որը կազմել է 2,2 մլն դոլար: Իսկ համախառն ակտիվները կազմել են 95 մլն դոլար:

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի պոչանքները լցվում են Գեղանուշ գյուղի տարածքում գտնվող պոչամբարը, որը գնալով ավելանում է: Այն, բացի Գեղանուշից, սահմանակից է նաև Գոմարան գյուղին՝ 1 կմ է ընդամենը հեռու: Պոչամբարն ու ենթակառուցվածքները, 2015-ի տվյալներով, զբաղեցնում են 32 հա տարածք

Մղարթի ոսկու հանքավայրը՝ միլիարդատեր հայ պատգամավորին

satellite-small.jpg (1.12 MB)

Վրաստանի սահմանակից Լոռու մարզում գործում է Մղարթի հանքավայրը: Այն 2006թ.-ից շահագործում է «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնեմասի առյուծի բաժինը՝ 66 %-ը, Հայաստանի քաղաքական դաշտում հայտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանում և արտերկրում բազմաթիվ բիզնեսների սեփականատեր, միլիարդատեր Գագիկ Ծառուկյանինն է: Մնացած 34 %-ը 2018 թվականից Սամվել Ծառուկյանինն է, որը նույնպես գրանցված է Առինջում, ինչպես Գագիկ Ծառուկյանը, և ենթադրաբար վերջինիս ազգականն է:

Հանքաքարի արդյունահանումը կատարվում է բաց եղանակով: Բացահանքին հարող տարածքում կառուցվել է ոսկու կորզման ֆաբրիկա՝ տարեկան 50 հազար տոննա արտադրողականությամբ:

mghart.png (224 KB)

Մղարթը փոքր գյուղ է` 330 փաստացի բնակիչներով: Համայնքների խոշորացումից հետո` 2017թ. հունիսից, Մղարթն ընդգրկվել է Օձուն համայնքի կազմում` դառնալով Օձուն համայնքի 9 բնակավայրերից մեկը:

Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը խոստովանում է, որ 9 գյուղերից ամենաաղքատը կամ ամենաշատ խնդիրներ ունեցող գյուղը Մղարթն է: Իսկ այնտեղ ամենահրատապը խմելու ջրի հարցն է. Մղարթը Հայաստանի անկախությունից ի վեր խմելու ջուր չունի: Գյուղացիներն օգտվում են գյուղում առկա 4 բնական աղբյուրներից: Եթե տարին չորային չի լինում, աղբյուրներից ջուր հոսում է, իսկ եթե չորային լինի, ապա կամ բարակում է, կամ էլ՝ նույնիսկ կտրվում: Այդ դեպքում գյուղացիները ցիստեռնով հարևան գյուղերից են սկսում ջուր կրել:

2005թ.-ից Մղարթում հանքարդյունաբերական գործունեություն ծավալող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն որևէ նշանակալի ներդրում կամ համայնքի զարգացմանն ուղղված ծրագիր չի իրականացրել:

«Որ ասեմ՝ կոնկրետ ծրագիր են արել գյուղի համար, չէ, բայց իրենց դիմել ենք օրինակ ճանապարհների հարթեցման հարցով, օգնել են, կամ ասենք՝ ջրագիծ ենք քաշել, դիմել ենք, որ իրենց տեխնիկան տան, տեխնիկան իրենց վառելիքով տվել են, ջրագծի տեղը փորել են, բայց գյուղի համար ինչ-որ կոնկրետ ծրագիր մինչև հիմա չեն արել»,- ասում է Մղարթ գյուղի վարչական ղեկավար Ավագ ՄուսինյանըԱյս տարի նախնական պայմանավորվածություն ունեն, որ ջրի հարցով գյուղին ընկերությունն օգնի: Սակայն մինչ օրս, ըստ էության, հարցը չի քննարկվել:

Այս նախապայմանը գյուղացիները հստակ առաջադրել են «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ին հատկապես 2018թ. ապրիլից հետո, երբ տեղեկացել են, որ ընկերությունը ներկայացրել է հանքավայրի ընդլայնման նախագիծ:

Համաձայն նախագծի՝ լեռնաարդյունահանման աշխատանքների կատարման համար կընդլայնվի շահագործվող N 1 բացահանքը և կբացվի նոր՝ N 2 բացահանքը: Հանքաքարի արդյունահանումը կկազմի տարեկան 100 000 տոննա: Այդ նպատակով կվերազինվի հանքահարստացման ֆաբրիկան, կնախագծվի և կկառուցվի նոր պոչամբար նախկինում կառուցված ջրահավաք ավազանների տեղում:

Պոչամբարը կառուցվելու է «Մուլտի գրուպ» ընկերության սեփական հողային տարածքում:

Շահագործողական աշխատանքների ավարտին խախտված հողատարածքները լինելու են երկու բացահանքերը 11,73 հա ընդհանուր մակերեսով, այդ թվում՝ N 1-ը՝ 5,65 հա, N 2-ը՝ 6,08 հա:

«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն մինչ օրս պարտաճանաչ վճարումներ է կատարել համայնքի բյուջե վարձակալած պետական նշանակության 40 հա հողի դիմաց: Վճարը տարեկան կազմում է 2 մլն 489 հազար դրամ ($5100): Վարչական ղեկավարը կարծում է, որ այս գումարը համարժեք չէ հանքարդյունաբերական գործունեություն իրականացնող ընկերության կատարած վճարների դիմաց: 2005թ.-ին, երբ հայտարարվել է աճուրդ, մեկնարկային գնից գրեթե չտարբերվող գումարով վարձակալության են տրվել պետական նշանակության հողերը: Մղարթի դեպքում 1 հա-ի դիմաց ընկերությունը վճարում է 62 հազար դրամ, մինչդեռ կարող էր հինգ անգամ ավելի գնահատվեր, և համայնքի բյուջե մուտքերն ավելին կլինեին:

Գործարանի և պոչամբարների համար ընկերությունը գյուղացիներից է հողատարածքը գնել, գործարանի համար` Մղարթի գյուղացուց, պոչանքների համար` արդեն հարևան Կողեսի բնակիչներից: Չնայած գործարանի և տարածքի պոչանքները պահակակետով հսկվում են, բայց դրանք ամբողջությամբ ցանկապատված չեն, և անասունները ներքևի հատվածից աննկատ կարող են մոտենալ և արածել այդ տարածքում: Մեր նկարահանումների ժամանակ մենք ևս հեշտությամբ մոտեցանք և նկարահանումներ կատարեցինք:

Մղարթի միակ «օգուտն» այս հանքավայրից 15 աշխատատեղն է, որն ապահովում է «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն:

Մղարթում դաշտավարությունն ու անասնապահությունն է զարգացած: Գյուղացիները հիմնականում ցորեն են ցանում: Գյուղում շուրջ 500 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ կան:

Մեղրաձորի ոսկու հանքավայրը՝ հանքավայրերի նախկին տնօրենի ձեռքում

satellite-small.jpg (1.12 MB)

Կոտայքը Երևանին մոտ գտնվող մարզերից է: 2012թ.-ի օգոստոսից այս մարզում ոսկու հանքավայրի շահագործման ընդերքօգտագործման իրավունք ստացել է «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի համար: Հանքավայրը 4 գործողներից մեկն է:  

«Մեղրաձոր գոլդ» ընկերության միակ բաժնետերը Վարդան Մարգարյանն է: Նա եղել է Սոթքի և Մեղրաձորի նախկինում գործող հանքավայրերի տնօրենը:

Վարդան Մարգարյանը թույլ է տալիս մուտք գործել հանքավայրի տարածք, տեսանկարահանել տեղում գործող հարստացուցիչ գործարանը, սակայն հարցազրույցից հրաժարվում է:

meghradzor.png (251 KB)

ՎՄարգարյանը ժխտում է որևէ պաշտոնատար անձի հետ իր կապը: Սակայն 2015թ. Վարդան Մարգարյանը ներգրավվել էր Ֆիալետովոյի ուսումնասիրությունների նախագծում, որտեղ մասնակցություն ունեին նաև ՀՀ նախկին բնապահպանության նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի մտերիմները:

Հանքարդյունաբերության բիզնեսում գործունեություն ծավալող մեր աղբյուրը, որը խնդրեց իր անունը չհրապարակել, այս սխեմային շատ պարզ բացատրություն է տալիս: Պաշտոնյաների մասնակցությունը հանքարդյունաբերական բիզնեսում կաշառքի փոխարեն է կիրառվում: Այսինքն՝ բացահայտ կաշառքը փոխարինվում է փայաբաժնով: Իր հովանավորությունն ու հանքավայրի գործունեության անխափան ընթացքը պաշտոնյան ապահովում է ոսկու հանքում իրեն հասանելիք մասնաբաժնի դիմաց:

Ուր է արտահանվում հայկական ոսկին

Հայաստանում արդյունահանվող ոսկին արտահանվում է Եվրոպա, մասնավորապես՝ Շվեյցարիա և Բելգիա: Սոթքի, Մեղրաձորի և Մղարթի ոսկին արտահանվում է Շվեյցարիա, իսկ Շահումյանինը՝ Բելգիա:

export.png (152 KB)

Հատկանշական է, որ բացի արտահանումից, ներքին շուկայում ևս առք ու վաճառք է իրականացվում: Օրինակ՝ 2016թ-ին, երբ «Մեղրաձոր գոլդ»-ը ոսկի չի արտահանել, շուրջ 2 մլրդ դրամի ոսկու և արծաթի համաձուլվածք է վաճառել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ին՝ 196 կգ գրամի չափով: 2017-ին 26 կգ գրամ է վաճառել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ին՝ 478 մլն դրամ արժեքով: Այսինքն՝  2016թ.-ին 1 գրամը արժեցել է 10000  դրամ, իսկ 2017թ.՝ 18 380 դրամ:

Բացի այս ընկերություններից, 2017-ին էլ «Վայքգոլդ» ՍՊԸ-ն 26,7 կգ ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութ է վաճառել «Ասսաթ» ՍՊԸ-ին, որի արժեքը կազմել է 6 մլն 675 հազար դրամ: Թե ինչ է արել «Ասսաթ» ՍՊԸ-ն այդ խտանյութը, որևէ հաշվետվությունում չի երևում:

«ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն էլ 10 855 տոննա ոսկու հանքաքար է վաճառել հայկական «Թոմ ընդ Միր» ՍՊԸ-ին (այժմ՝ «Մին ընդ միր» ՍՊԸ) և և Կապանի ԼՀԿ-ին, որի արժեքը կազմել է 493,428,248 դրամ:

Հայաստանի ընդերքը վերահսկողությունից դուրս է

Պետական որևէ գերատեսչություն չգիտի, թե ինչու չեն շահագործվում ընդերքօգտագործման իրավունք ունեցող մնացած 12 հանքավայրերը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է տրամադրում ընդերքօգտագործման իրավունքը: Նախարարությանն ուղարկած մեր 3 գրությունները, թե ինչու չեն շահագործվում մնացած հանքավայրերը, 3 տարբեր պատասխաններ եկան՝ այդպես էլ բուն հարցին բովանդակային հիմնավորում չտալով: Ի վերջո, այս տարվա փետրվարին նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտնեց, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չի տիրապետում այդ տեղեկություններին: «Այն կարող եք ստանալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս անտեղյակ է: Մարմինը միայն տեղեկություն ուներ 2 ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և «Վայքգոլդ» ՍՊԸ-ի մասին, որտեղ 2018թ-ին ստուգումներ է իրականացրել: «Ընդերքօգտագործման իրավունք ունեցող մնացած ոսկու (ոսկու-բազմամետաղային) հանքավայրերի չշահագործման և դրանց պատճառների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր կլինի ընկերություններում ստուգումներ իրականացնելուց հետո, որոնք նախատեսված են ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով»,- հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Մ. Բադալյանը:

Այդուհանդերձ, մենք փորձել ենք այցելել և պարզել, թե ինչ վիճակում են գտնվում այն հանքավայերը, որոնց համար ընդերքօգտագործման իրավունք է տրված:

Այդպիսով, Լոռու մարզում 3 նմանատիպ հանքավայր կա:

Քարաբերդի հանքավայրը

satellite-small.jpg (1.12 MB)

Սա Քարաբերդի ոսկու բացահանքն է, որտեղ, ըստ հաստատված պաշարների, 211 կգ ոսկի կա, 367 կգ արծաթ, իսկ դրա ստորգետնյա մասում՝ 1233 կգ ոսկի և 2216 կգ արծաթ: 2015-2016թթ. այստեղից հանքաքար է արդյունահանվել: Այնուհետև տարածքը լքել են և հեռացել: Հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը 2013թ.-ին 11 տարի ժամկետով տրվել է «Ասսաթ» ՍՊԸ-ին: Ընկերության միակ բաժնետերը Արամ Օսիկյանն է: Նա Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մտերիմն ու գործընկերն է: Տնօրեն է եղել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հիմնադրած «Արգամիկ» ՍՊԸ-ում:

Ոսկու հանքավայրը բուն Քարաբերդ գյուղից մի մեծ անտառով է բաժանվում: Սակայն հանքավայրը գյուղի վարչական տարածքում ապրող մեկ այլ հատվածի՝ անասնապահությամբ զբաղվող 12 տնտեսության վերևում է: Գյուղը Լոռու մարզկենտրոն Վանաձորից 15 կմ է հեռու: Ձորերի մեջ կորած գյուղի բուն հատվածն անմարդաբնակ է թվում առաջին հայացքից, որովհետև տների մեծ մասը փլուզված է, դռները՝ կողպվածԳյուղի հիմնական հատվածում էլ 32 ընտանիք է ապրում, առավելապես ծերեր: Երիտասարդ ընտանիքները չեն մնում, որովհետև չկա մանկապարտեզ, դպրոց, խանութ, բուժկետ և մշակույթի տուն:

Բայց այս գյուղում կա ոսկու հանքավայր, որը կարող էր գյուղի զարգացման համար նախապայման լինել: Սակայն գյուղացիների հույսերը չեն արդարացել:  

Հանքավայրի շահագործման համար համայնքի ավագանու որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի 20 հա-ն 2013թ. սեպտեմբերի 18-ի որոշմամբ տրամադրվել է ընկերությանը և 2014թ.-ին փոփոխել են նշանակությունը՝ արդյունաբերականի: 2014թ. նոյեմբերի 18-ին համայնքը «Ասսաթ» ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ 25 տարի ժամկետով: «Ասսաթ» ՍՊԸ-ն միայն 2016թ.-ին է համայնքի բյուջե վճարում կատարել՝ 660 հազար դրամի չափով:

Քարաբերդի համայնքապետ Յուրիկ Շավելյանը պատմում է, որ ընկերությունը Քարաբերդի զարգացման համար կատարվելիք հատկացումների վերաբերյալ խոստումներով գրություն է ուղարկել համայնքին դեռևս 2012թ.: «Ասսաթ» ՍՊԸ-ն դրանով պարտավորվել է Քարաբերդ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար Քարաբերդի հանքի շահագործման երկրորդ ամսից սկսած յուրաքանչյուր ամիս համայնքի բյուջե փոխանցել 100 հազար դրամ: Բացի այդ, տարեկան կտրվածքով համայնքում չնախատեսված ծախսեր առաջանալու դեպքում կատարել ֆինանսավորում, բայց ոչ ավելի, քանի տարեկան 1 մլն դրամ:

Էներգետիկայի նախարարության հետ կնքած գլխավոր պայմանագրում այդ մասին հստակ հավելված կա՝ տարեկան 400 հազար դրամի չափով նյութական աջակցություն անապահով ընտանիքներին, չնայած գյուղը ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց ունի, ընկերությունը պարտավորվել է ամեն տարի 200 հազար դրամ տրամադրել մանկապարտեզի, դպրոցի կարիքների համար գրենական պիտույքներ և խաղալիքներ ձեռք բերելու համար, տարեկան 200 հազար դրամի չափով մասնակցել համայնքի սոցիալ-տնտեսական ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ 200 հազար դրամի չափով մասնակցել գյուղամիջյան, միջհամայնքային նշանակության ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքներին: Այս ամենը, ինչպես տեսանք, միմիայն մնացել են թղթի վրա, իրականություն չեն դարձել:

Սեփականատեր Արամ Օսիկյանն այլ բացատրություններ ունի: Մեզ հետ հեռախոսազրույցում պատմում է, որ իրենք 2015-2016թթ.-ին Քարաբերդից արդյունահանել են 800 տոննա հանքաքար և տեղափոխել ընկերությանը պատկանող Մասիսի ոսկու վերամշակման գործարան: Սակայն ոսկու գների անկման պատճառով չեն շարունակել շահագործումը, քանի որ ձեռնտու չի եղել, և ձեռնտու չէր նաև Քարաբերդից Մասիս տեղափոխումը (մոտ 150 կմ ճանապարհ): Մինչդեռ եթե տեղում հարստացուցիչ գործարան լիներ, ապա արդյունահանումը կարելի էր շարունակել: Ընկերության սեփականատերը սպասում է, որ Արմանիսի ոսկու հանքավայրը սկսի կրկին աշխատել, և այդ դեպքում գուցե արդյունահանումը շարունակի:

Մինչ սեփականատերը կկողմնորոշվի, թե ինչպես առավել շահույթ ստանալ, Քարաբերդի սարը կմնա «գլխաբաց», իսկ գյուղացիներին տրված խոստումներն ու հույսերը՝ չարդարացված:

Արմանիսի ոսկու հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

Արմանիս գյուղում հոսող գետից տեղացիները շուրջ 10 տարի առաջ իշխան ձկներ են որսացել: Հիմա գետում իշխան չկա: «Իշխանը մաքուր ջրում է աճում, պոչամբարներից էնքան հոսքեր եղան, որ ձորն աղտոտվեց, հիմա մի հատ ձուկ չես գտնի»,- մեզ հետ զրույցում պատմում է Արմանիսի բնակիչներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել:

Արմանիսի ոսկու-բազմամետաղների հանքավայրը անմիջապես գյուղի կողքին է, գործարանն ու պոչանքները` նույնպես: Հանքն արդեն 5 տարի է՝ չի շահագործվում: Տարածքում մնում են կորզված լեռներն ու մեծ պոչամբարները: Առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե երբ է կրկին շահագործվելու Արմանիսի հանքավայրը:

«Սագամար» ՓԲԸ-ն է շահագործել Արմանիսի ոսկու հանքավայրը և մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ունի, սակայն արդյունահանման աշխատանքները 2014 թվականից դադարեցված են: Աշխատակիցներին չեն վճարել նաև աշխատավարձերը, որովհետև ընկերությունը ֆինանսական խնդիրներ ուներ: Աշխատակիցները հարկադիր պարապուրդում էին: Այս ընկերության գործունեության հետևանքով բնապահպանները պարբերաբար ահազանգեր են հնչեցրել, որ աղտոտվում է Ձորագետը, իսկ հանքի թափոնները հայտնվել են Արմանիսի դպրոցի բակում:

Չնայած այս անորոշ վիճակին, «Սագամար» ՓԲԸ-ն ուզում է ընդլայնել իր տարածքները և Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սև գետերի ավազանի հանքերևակումների սահմաններում ևս երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել երեք տարվա ընթացքում` 2018-2020թթ.: Համայնքը համաձայնություն է տվել:

«Սագամար» ՓԲԸ-ի բաժնետեր «Գլոբալ Մեթալզ» ՍՊԸ-ի արմատները նույնպես օֆշորներում են: Ինքը՝ 2008 թվականին հիմնադրված «Գլոբալ Մեթալզ» ՍՊԸ-ն, գրանցված է կիպրոսյան օֆշորում: Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթի՝ խոշոր՝ 98% բաժնետերը, Իռլանդական ծովում գտնվող Մեն կղզում գրանցված ընկերությունն է՝ Eulachon Limited-ը: 2 % մասնաբաժինն էլ տնօրինում է մեկ այլ օֆշորում՝ Բելիզում գրանցված KPG Holding Limited ընկերությունը: Այս ընկերությունների մասին տեղեկություններ չկան, ինքը՝ ընկերությունն էլ չի բացահայտում իրական բաժնետերերին:

2011թ.-ին նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Արմանիսի հանքավայր, և պաշտոնական հրապարակման մեջ նշվում է. «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իր երկու դուստր ձեռնարկությունների՝ «Սագամար» և «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացնող «Նևա Ռուս» ընկերության սեփականատերերը նշել են, որ հետևողականորեն շարունակում են Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների իրականացման իրենց ռազմավարությունը»: Այսինքն՝ որպես գլխավոր բաժնետեր այդ ժամանակ հանդես է եկել ռուսական «Նևա Ռուս» ընկերությունը:

Ռուսական աղբյուրները շատ տեղեկություններ չեն տալիս Սանկտ Պետերբուրգում գրանցված «Նևա Ռուս» ընկերության գործունեության մասին: ՌԴ-ի ընկերությունների գրանցման ռեգիստրի փաստաթղթում «Նևա Ռուս»-ի բաժնետեր նշվում է ոմն Կիմ Ջոնգ Մենը: «Նևա Ռուս» ընկերությունը 2007-ին եղել է «Բանկ Սանկտ Պետերբուրգի» բաժնետերերի մեջ, սակայն այժմյան բաժնետերերի ցանկում այլևս չկա: Ընկերության ակտիվների ցանկում են եղել նաև «O’Key» հանրախանութների ցանցըO'Key LLC (Russia): Ինչպես 2012թ-ին հայտնել է «Նևա Ռուս»-ի ներդրումային համակարգող Կարեն Ղազարյանը, ով նաև «Սագամար» ՓԲԸ-ի տնօրենն է եղել մինչև 2018թ. սեպտեմբերը, «Նևա Ռուս»-ի գործունեությունը ՌԴ-ում ներառում է O'Kay հիպերմարկետների ցանցը, «Սանկտ Պետերբուրգ բանկ»-ը, Mega Auto դիլերային ցանցը, «Чайная ложка» ռեստորանը և ԱՊՀ երկրներում ունեցած այլ ակտիվներ:

«Սագամար»-ի բաժնետեր EULACHON LIMITED-ը նաև երևում է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ O'Key Group S.A.-ի բաժնետերերի մեջ: Իսկ ռուսական աղբյուրներում և մամուլում այս ակտիվները վերագրվում է ռուս մեծահարուստ, գործարար Դմիտրի Տրոիցկուն:

Արմանիսում մեր նկարահանումներին փորձեցին խոչընդոտել «Սագամար» ՓԲԸ-ի իրավաբանն ու հաշվապահը, որոնք, տեսնելով, որ նկարահանումներ ենք կատարում ճանապարհամերձ տարածքում, փորձեցին արգելել մեզ՝ հիմնավորելով, որ ամբողջն իրենց տարածքներն են, և իրենք թույլ չեն տալիս իրենց՝ սեփականության իրավունքով պատկանող տարածքում նկարահանում կատարել:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը հայտնել է, որ Արմանիսի ոսկու-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ին Ստեփանավան համայնքը 2008, 2009 և 2017 թվականներին օտարել է 65,6 հա հողատարած 78,3 մլն դրամ արժեքով: Իսկ համայնքից հանքարդյունաբերական գործունեություն իրականացնելու նպատակով ընկերությունը վարձակալել է 6 հա հողատարածք: Դրա դիմաց տարեկան Ստեփանավան համայնքի բյուջե վճարում է 600 հազար դրամ:

««Սագամար» ՓԲԸ-ն գործունեության օրվանից իրականացրել է բարեգործական ծրագրեր՝ մասնավորապես վերակառուցել է համայնքի ըմբշամարտի դահլիճը, վերանորոգել է Ստեփան Շահումյանի հուշարձանի՝ երկրաշարժի հետևանքով քանդված հատվածը: Ասֆալտապատել է Ստեփանավան-Արմանիս ճանապարհահատվածը, վերանորոգել է Արմանիսի դպրոցի սպորտդահլիճի տանիքը, փոխել է դպրոցի դռները և լուսամուտները, ճաշարանի տանիքը, նոր ջրագիծ է կառուցել դպրոցի համար, դպրոցին նվիրել է 3 համակարգիչ և 6 համակարգչային սեղան»,- ընկերության կատարած սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին հայտնել է Ստեփանավանի համայնքապետը:

Համայնքապետարանը տեղեկություն չունի, թե ինչ է սպասվում Արմանիսի ոսկու-բազմամետաղների հանքավայրին և այն կրկին կշահագործվի, թե ոչ: Համայնքապետարանը նաև տեղեկություն չունի, թե ովքեր են Արմանիսի հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի իրական սեփականատերերը:

Արջուտի ոսկու հանքավայր

Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրը Վանաձոր քաղաքից 12 կմ է հեռու, Արջուտ գյուղից՝ 4 կմ հեռու: Արջուտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք 2014-ին ստացել է «Բակտեկ Էկո» ՍՊԸ-ն: Ընկերության միակ սեփականատերը Հայաստանում Բելգիայի Թագավորության պատվավոր հյուպատոսն է՝ Գրիգոր Բադիրյանը: Նա նախկին իշխանությունների ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն էր, ՀՀ արդարադատության խորհրդի անդամ, նաև՝ հանրային խորհրդի անդամ: Ընկերության լիցենզիան վավեր է մինչև 2040թ.: Արջուտի հանքավայրում հաստատված պաշարների համաձայն՝ 2231.3 հազար տոննա հանքաքարում ոսկու պարունակությունը 3080.9 կգ է, արծաթինը՝ 17.64 տ, պղնձինը՝ 6821 տ: Ընկերությունն արդյունահանման նպատակով 385 մլն դրամի (շուրջ 943 հազար դոլար) ֆինանսական առաջարկություն է ներկայացրել՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքված պայմանագրով:  

Արջուտի համայնքապետ Վարդան Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որևէ գործունեություն ընկերությունը դեռևս չի իրականացրել իրենց համայնքում: Հանքավայրը սարի կարգավիճակով կանգուն է:   

Ազատեկի  հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

 

Ազատեկի հանքավայրը Վայոց ձորում է: Համաձայն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, «Վայքգոլդ» ՍՊԸ-ն 2012թ. նոյեմբերին ձեռք է բերել Ազատեկի ոսկու-բազմամետաղների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքը, որի գործունեության ժամկետը մինչև 2037 թվականն է:

Այս հանքավայրի հետևում բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն է: Վարդան Այվազյանը 2001 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնում էր բնապահպանության նախարարի պաշտոնը: Այնուհետև դարձավ Աժ պատգամավոր իշխող՝ Հանրապետական կուսակցության ցուցակով: 2012 թ. մայիսի 6-ին էլ վերընտրվեց, իսկ վերընտրվելուց մեկ ամիս անց նա հիմնադրել է «Վայքգոլդ» ՍՊԸ-ն և կես տարի տնօրինել դրա բաժնետոմսերի մի մասը: Եվ հենց այդ ժամանակ էլ՝ 2012թ. նոյեմբերի 23-ին, ընկերությունը ստացել է Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման ընդերքօգտագործման իրավունքը: Վարդան Այվազյանն իր բաժնեմասը փոխանցել է որդուն՝ Սուրեն Այվազյանին: Մեկ տարի անց հայտնվել է օֆշորային «Քոր գոլդ Արմենիա» ընկերությունը և դարձել «Վայքգոլդ»-ի 80 տոկոսի բաժնետերը, իսկ Սուրեն Այվազյանն իր բաժնեմասը փոխանցել է Չարենցավանում գրանցված Նորայր Զոհրաբյանին: Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը ևս Չարենցավանում է գրանցված:

Ընկերության բաժնեմասում փոփոխություններ են կատարվել 2018թ. դեկտեմբերին: Այվազյանների ընտանիքը պաշտոնապես դուրս է եկել բաժնետերերի ցուցակից: Այժմ Միացյալ Թագավորությունում գրանցված «Քոր գոլդ հոլդինգ» ՍՊԸ-ն դարձել է «Վայքգոլդ»-ի 80 տոկոսի բաժնետերը, իսկ մնացյալ 20 %-ը շարունակում է մնալ Նորայր Զոհրաբյանի ձեռքում:

«Քոր գոլդ հոլդինգ» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է: Լոնդոնում գրանցվել է 2018թ. հունիսի 27-ին: Ընկերության հիմնադիր-բաժնետերը բրիտանացի է: «Քոր գոլդ հոլդինգ» ՍՊԸ-ն հուլիսի 4-ին 55 մլն դոլար վարկ է վերցրել բրիտանական ընկերություններից՝ Boreas Wind Group և Geoenergy ընկերություններից: Այնուհետև ընկերության բաժնեմասի վերահսկողությունն անցել է վարկատու ընկերությունների ներկայացուցիչներին: Եվ 2018թ. նոյեմբերին նոր բաժանմամբ 3 բաժնետեր է գրանցվել:

Ազատեկի ոսկու հանքավայրից պաշարների արդյունահանում է իրականացվել, սակայն ոչ օրինական: Այն տեղամասը, որտեղ արդյունահանումն իրականացվել է, գտնվում է Զառիթափ համայնքի վարչական տարածքում: Այստեղ հանքանյութի արդյունահանումից այսօր միայն հետքեր են մնացել՝ փորված, չհարթեցված տեղամասեր, կուտակված հողակույտեր: Այն հողերը, որոնք համայնքները տրամադրել են ընկերությանը, միայն ուսումնասիրության համար է նախատեսված եղել, արդյունահանում իրականացնելու համար հարկավոր էր փոփոխել հողի կատեգորիան՝ արդյունաբերականի, ինչը չի արվել:

Զառիթափի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Շմավոն Ազատյանը գտավ և ցույց տվեց համայնքի ղեկավարի և ավագանու որոշման նիստերի արձանագրությունները: Համաձայն դրանց, Զառիթափի համայնքի ավագանին, ղեկավար Խ. Դավթյանի գլխավորությամբ, 2014թ. սեպտեմբերի 25-ին, ավագանու նիստում քննարկելով հարցը, որոշել է համայնքին պատկանող «Գյուարչին» հանդամասում գտնվող 55 հա հողատարածքը 3 ամիս ժամկետով վարձակալության տալ «Վայքգոլդ» ՍՊԸ-ին՝ 852 հազար դրամով վարձավճարով, հետախուզական աշխատանքներ կատարելու համար: Շմավոն Ազատյանը հաստատում է, որ բացի նշված որոշման հիման վրա վարձակալության պայմանագիր կնքելուց՝ այլ պայմանագիր ընկերության հետ չի կնքվել:

Ազատեկ գյուղում և Զառիթափ համայնքում բնակիչների հետ զրուցելիս պարզ դարձավ, որ ոսկու հանքավայրի և դրա արդյունահանման մասին գյուղացիները ոչինչ չգիտեն: Խոսակցություններից լսել են, որ տարածքում ոսկի կա, բայց դա, ըստ գյուղացիների, չի արդյունահանվում: Ավելին, Ազատեկի վարչական ղեկավար Սիրակ Հովսեփյանը խոստովանեց, որ իրենց համայնքում հանրային լսումներ տեղի չեն ունեցել «Վայքգոլդ» ՍՊԸ-ին ուսումնասիրության համար տարածքներ տրամադրելու հարցով: Զառիթափ համայնքում լսումներ եղել են, սակայն, երբ խնդրեցինք լսումների արձանագրությունները մեզ ցույց տալ, դրանց գտնվելու վայրի մասին համայնքապետարանի աշխատակիցները տեղյակ չէին:

2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վարչապետի հանձնարարականով մետաղական բոլոր հանքավայրերում ստուգումներ պետք է իրականացվեն: Հենց «Վայքգոլդ» ՍՊԸ-ից էլ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումները:

Տեսչական մարմինը պարզել է, որ ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով Ազատեկ, Զառիթափ համայնքների հետ 25.09.2014թ. և 01.06.2016թ. կնքել է հողամասի վարձակալության պայմանագրեր՝ եռամսյա ժամկետով: Ազդակիր Վայք համայնքի հետ պայմանագիր չի կնքել: 2017 թվականի դեկտեմբերին ընկերության կողմից հանքաքարի արդյունահանումն իրականացվել է առանց հողի վարձակալության և նպատակային նշանակության փոփոխության:

Տեսչական մարմնի ստուգմամբ նաև պարզվել է, որ ընկերության լիազոր մարմնին 15.11.2012թ. ներկայացրած հանքավայրի արդյունահանման նախագիծը չի ենթարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված շրջակա միջավայրի ազդեցության և տեխնիկական անվտանգության փորձաքննությունների:

Փաստացի «Վայքգոլդ» ՍՊԸ-ի արդյունահանման թույտվությունը տրամադրվել է՝ «Արմենիակ» ՍՊԸ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննությունների դրական եզրակացությունների հիման վրա: Մինչդեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է. փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Ստուգմամբ նաև պարզվել է, որ ընկերությունը 2017 թվականի դեկտեմբերին հանքավայրում իրականացրել է 1330 տ հանքաքարի արդյունահանում: Արդյունահանված հանքաքարում մետաղների քանակները կազմում են՝ ոսկին՝ 11,31 կգ, արծաթը՝ 84,5 կգ, պղինձը՝ 5,25 տ: Ազատեկի հանքավայրից արդյունահանված օգտակար հանածոների արժեքը կազմել է 218 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ գործը դեռևս նախաքննության փուլում է: Նշանակվել են էկոլոգիական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, որոնց պատասխանները չեն ստացվել:

Տեսչական մարմինը, նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, որոշում է կայացրել՝ արգելելու «Վայքգոլդ» ՍՊԸ-ին ընդերքօգտագործում իրականացնել: Տեսչական մարմինը գրությամբ դիմել էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման պահանջով: Սակայն Ազատեկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի գործողությունը դադարեցված չէ: Այդ մասին մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտաշես Կիրակոսյանը: «ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կողմից հարուցված է քրեական գործ գրությամբ նշված իրավախախտումների առնչությամբ»,- նշել է պաշտոնյան:

Սոֆի-Բինայի ոսկու-բազմամետաղների հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

Վայոց ձորի մարզում Սոֆի-Բինայի ոսկու-բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ձեռք բերող «Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ում Այվազյանների ընտանիքը նույնպես ներգրավված է: 40 տոկոս բաժնեմասը Վարդան Այվազյանի որդուն՝ Սուրեն Այվազյանին է պատկանում: Նույնչափ բաժնեմաս ունի նաև Հրաչյա Հովհաննիսյանը, մնացած 20 տոկոսին տիրապետում է փաստաբան Արտաշես Կակոյանը:

«Վարդանի Զարթոնքը» ՍՊԸ-ն 2012թ.-ին է ստացել ընդերքօգտագործման իրավունք Սոֆի-Բինայի տարածքի համար՝ նույն Զառիթափ համայնքումԱյն վավեր է մինչև 2026 թվականը: Համաձայն Զառիթափի համայնքապետարանի՝ այս ընկերությունը ևս միայն ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվություն ունի իրենց համայնքում և արդյունահանում չի իրականացրել:

Սյունիքի մարզը Հայաստանի հարավային հատվածն է: Այստեղ մետաղական հանքավայրերը գերակշռում են: Ոսկու և ոսկու-բազմամետաղների ընդերքօգտագործման իրավունք ունի 5 ընկերություն, որոնք չեն գործում: Դրանց մի մասը Մեղրիի շրջանում է, և ընկնում է Արևիկ ազգային պարկի սահմանների ներսում:

Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղների հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

Ընդերքօգտագործման իրավունք ունի նաև «Ղարագուլյաններ» ՓԲԸ-ն: Վերին Վարդանիձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրի համար՝ 2016թ.-ի պայմանագրով 37 տարի ժամկետով:

Ընկերության բաժնետերեր են՝ Լևոն Ղազազյան Վանիկի՝ 25 %, Սուրեն Հակոբյան Վլադիմիրի` 40 %, Արմենուշ Գալստյան Անուշավանի՝ 35 %:

Արմենուշ Գալստյանը նախկին շրջկոմի, քաղկոմի քարտուղար, պատգամավոր, գործարար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող «Լեռ-էքս» ընկերության նախկին բաժնետեր Ռոլանդ Ղոնյանի կինն է: Լևոն Ղազազյանը նաև ընկերության տնօրենն է: Ընդդեմ այս հանքավայրի շահագործման մեղրեցիները ստորագրահավաք էին կազմակերպել:

Լիճքվազեյի ոսկու հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

«Լիճքվազ» ՓԲԸ-ն 2012-ին ստացել է Լիճքվազեյի ոսկու հանքավայրի համար ընդերքօգտագործման իրավունք: Ընկերության հիմնադիրը, ըստ կանոնադրության, «Էլ Վի գոլդ լիմիթիդ» ընկերությունն է: Նիդեռլանդների ընկերությունների գրանցման ռեգիստրի տվյալներով՝ վերջինս չգործող է այլևս: Սրա բաժնետեր է նշվում Կիպրոսում գրանցված Global Metals (Arm) Limited-ը, որը նաև «Սագամարի»- բաժնետերն է:

Բացի դրանից, Լիճքվազ-Թեյի՝ Էներգետիկ նախարարության հետ ընդերքօգտագործման իրավունքի պայմանագիրը կնքել է հենց «Սագամար» ՓԲԸ-ի ներկայացուցիչ, նախկին տնօրեն Կարեն Ղազարյանը:

Մեղրասարի ոսկու հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

«ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն 2014-2022թթ.-ին ընդերքօգտագործման իրավունք է ստացել Մեղրասարի ոսկու հանքավայրի համար՝ Տաշտուն և Լիճք համայնքների վարչական տարածքներում: Ընկերության սեփականատերերից է Հայաստանի երկու վարչապետների՝ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի օրոք խորհրդական եղած Համլետ Հովսեփյանն ու իր երկու որդիները, որոնք միասին 48,8 % բաժնեմաս ունեն ընկերությունում: Մնացած 50,2 տոկոսը ռուսական երկու ընկերությունների ձեռքում է: Ընդ որում՝ ընդերքօգտագործման իրավունքը «ԱՏ-Մետալս» ընկերությունը ստացել է հենց այն ժամանակ, երբ Համլետ Հովսեփյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական էր:  

Ընկերությունը 2016 և 2017թթ գործունեություն է ծավալել: Առաջին տարում իրացրել է 10,855 տ հանքաքար, որի արժեքը կազմել է 493 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար):

2017-ին 14,257 տ ոսկու հանքաքար արդյունահանել: Դրա արժեքը կազմել է 279 մլն դրամ (578 հազար դոլար):

Հունիսի 17-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ «Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել: 

«2017թ․ ընկերության կողմից ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ՝ առանց նշված հողատարածքի համապատասխան սեփականատերերի  համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրերի, այդ վայրում իրականացվել է ընդերքի օգտագործում: Մասնավորապես արդյունահանվել է 10 հազար տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին և դրանում պարփակված օգտակար հանածոներին»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ոսկեձորի հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

«Գեղի գոլդ» ՍՊԸ-ն 2016թ.-ին ստացել է Ոսկեձորի ոսկի-բազմամետաղների արդյունահանման իրավունք, որը վավեր է մինչև 2045 թվականը: Այս հանքավայրի շահագործող ընկերության սեփականատերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Նա մարզը ղեկավարել է 2004-ից 2016 թվականը՝ մեկ տարվա ընդմիջումով՝ 2013-2014թթ.:

Բարձրադիրի (Մազրայի) հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը 2016թ.-ին տրվել է «Հրաշք մետաղ» ՍՊԸ-ին: Նախարարությունն ընկերությանը 31 տարի ժամկետով է տրամադրել ընդերքօգտագործման իրավունքը՝ տարեկան 30 հազար տոննա հանքաքարի մարման պայմանով:

Այս ընկերության միակ բաժնետերը 29-ամյա Աննա Արամայիսի Սահակյանն է: 2018թ.-ի հուլիսի 4-ին ընկերությունը դիմել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ հանքավայրի տեղամասից հրաժարվելու խնդրանքով: 2018թ. սեպտեմբերի 20-ի՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հրամանով՝ ընկերությանն ընդերքի տեղամասից հրաժարման հավաստագիր է տրամադրվել և լուծվել է «Հրաշք մետաղ» ընկերության հետ կնքված արդյունահանման պայմանագիրը:

Իսկ մինչ այդ՝ 2018թ. սեպտեմբերի 7-ի հրամանով նախարար Գրիգորյանը վարչական տուգանք է կիրառել «Հրաշք մետաղ» ընկերության տնօրեն Սարգիս Բարսեղյանի նկատմամբ՝ 150 հազար դրամի չափով: Նախարարության հարուցած վարույթի շրջանակներում պարզվել է, որ ընկերությունն ընդերքօգտագործման հետ կապված իր գործունեության վերաբերյալ 2017թ. հրապարակային հաշվետվություն ներկայացնելու իր պարտականությունը չի կատարել:

Թուխմանուկի  հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

Թուխմանուկը Արագածոտնի մարզում շահագործված ոսկու միակ հանքավայրն է եղել: Շահագործել է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն: Այն Ապարանից հեռու չէ՝ Մելիքգյուղի վարչական տարածքում, 6 տարի է՝ չի գործում: Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանն ասում է, որ «Մեգո գոլդ» ՍՊԸ-ն Մելիքգյուղի վարչական տարածքից 226 հա հող է վարձակալում՝ տարեկան 14 մլն դրամ վարձավճարով, և մի քանի տարի է՝ չի վճարում: Ընկերությունը 50 մլն դրամի պարտք է կուտակել իրենց համայնքին: Համայնքապետարանը դիմել է դատարան:

Գյուղում գործել է նաև հանքաքարի վերամշակման փոքր գործարան, որը գյուղապետն «աղաց» է անվանում: Եվ դրա հետևանքով գյուղից ոչ հեռու պոչամբար կա, որն առանց վերահսկողության և չցանկապատված է մնացել: Գյուղապետը խոստովանում է, որ այնտեղ երբեմն անասուններ են մտնում:

«Մեգո գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերը ամերիկյան օֆշորում՝ Դելավեր նահանգում գրանցված «ՋԻ-ՋԻ-ՍԻ-ԱՐ-Մայնինգ» ՍՊԸ-ն է: Գյուղապետը որպես սեփականատեր նշում է ամերիկահայ Վան Գրիգորյանին, որը Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահն է:

«Մեգո գոլդ» ՍՊԸ-ն մի շարք դատական վեճերի մեջ է:

Ամուլսարի հանքավայր

satellite-small.jpg (1.12 MB)

Լքված, չգործող հանքավայրերի և ՀՀ քաղաքացիներին թողած հսկայական պոչամբարների, չվճարված հարկերի և ամայացող գյուղերի օրինակներն են, որ հանրության շրջանում անհանգստություններ են առաջացնում: Այս ամենի հետևանքով է, որ այսօր բնապահպաններն ու ազդակիր համայնքների բնակիչները պայքարում են ևս մեկ նմանատիպ պատմություն կանխելու համար:

Արդեն 1 տարի է՝ ակտիվիստներն ու համայքների բնակիչները խափանել են Վայոց ձորի մարզում ընդերքօգտագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությունը: Նրանք փակել են հանքավայրի տեղամաս տանող ճանապարհը և թույլ չեն տալիս շարունակել հանքավայրի շահագործմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:  

«Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով ընկերությունը հսկայական վնասներ է կրել և շարունակում է կրել: Վնասների ընթացիկ հաշվարկները «Լիդիան»-ը հրապարակում է իր եռամսյակային հաշվետվություններում: Այս պահին մեզ համար առաջնահերթ է օրենքի վերականգնումը և Ամուլսարի տարածք անխափան մուտքի ապահովումը, որից հետո միայն հնարավոր կլինի վերջնական գնահատել իրավիճակը և հաշվարկել այս ընթացքում ընկերության կրած ամբողջ վնասը»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է «Լիդիան»-ի հայաստանյան ղեկավարությունը:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ևս օֆշորային կենսագրություն ունի: Մայր ընկերությունը՝ Lydian International-ը գրանցված է Ջերսիում: Այդպիսով  բաժնետերերի ողջ կազմը հանրությանը հայտնի չէ:  «Հետք»-ի ջանքերը ընկերությունից պարզել լիարժեք կազմը, մի քանի անգամ ապարդուն էր անցել: Այս անգամ ևս ընկերությունը խուսափողական պատասխան է տվել՝ չցանկանալով հայտնել բաժնետերերի ողջ կազմի մասին:

« «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ»-ին: «Լիդիան Ինթերնեյշնլը» բաց բաժնետիրական ընկերություն է՝ ցուցակված Տորոնտոյի (Կանադա) Ֆոնդային բորսայում, որտեղ շրջանառվում են ընկերության 100% բաժնետոմսերը: Խոշոր բաժնետերերն են Resource Capital Funds, Orion Mine Finance, Franklin Resources, EBRD և այլ ինստիտուցիոնալ և մասնավոր բաժնետերեր»,- հայտնել է ընկերության ղեկավարությունը:

Ընդերքօգտագործման իրավունք ստանալուց հետո՝ ընկերության գործունեության սկզբնական շրջանում[1], տնօրենների խորհրդում եղել է ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը, ով նաև երկար տարիներ զբաղեցնում էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Մեծ Բրիտանիայում:

Հեղափոխություն, որ «սպառնում» էր փոխել ոլորտը

Հայաստանի Հանրապետությունը 2017-ից դարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ երկիր:  ԱՃԹՆ-ին միանալուց հետո է, որ մեզ հասանելի են դարձել արդյունահանման, արտահանման և մի շարք այլ տեղեկություններ: Նախկինում դրանք առևտրային գաղտնիքի ներքո չէին գաղտնազերծում նույնիսկ պետական մարմինները:

ԱՃԹՆ ստանդարտը ենթադրում է նաև մետաղական հանքավայրերի իրական բաժնետերերի գաղտնազերծում: Ապրիլի 23-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց և ընդունեց մի շարք օրենքների նախագծերի փաթեթը, որով կարգավորվում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը: ԱՃԹՆ-ի ստանդարտը պահանջում է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՃԹՆ-ի անդամ պետությունները հրապարակեն արդյունահանող ոլորտի իրական սեփականատերերի հանրային ռեգիստր։ Թե որքանով այս ստանդարտը կնպաստի իրական սեփականատերերի գաղտնազերծմանը, դեռևս մշուշոտ է, քանի որ թաքնվել ցանկացողը զոքանչի կամ աներձագի անվամբ էլ կկարողանա գործունեություն ծավալել, ևԱՃԹՆ ստանդարտը պատասխանատվության մեխանիզմներ չունի նման սխեմաները բացառելու կամ անհնարին դարձնելու համար:

Հանքարդյունաբերությունը կարևոր մասնաբաժին ունի Հայաստանի տնտեսության մեջ:  Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2010-2017թթ. ընթացքում այս ոլորտի կողմից ստեղծված ՀՆԱ մասնաբաժինը աճել է 2.6%-ից մինչև 3,2 %-ի: Ընդհանուր ՀՆԱ-ում 20 կարևոր ոլորտների մեջ զբաղեցրել է տասներկուերորդ հորիզոնականը։

Հայաստանում մետաղական հանքավայրերի թույլտվությունները տրամադրվել են 2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխոխությունից առաջ: Հեղափոխությունից հետո նոր թույլտվություններ չեն տրամադրվել: Նորաստեղծ կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է ոլորտը կարգավորելու քայլեր ձեռնարկել, բայց առայժմ դրանք միայն հայտարարությունների տեսքով են: Էական փոփոխություն այս ոլորտում տեղի չի ունեցել: Վարչապետը հանձնարարական է տվել՝ ստուգել բոլոր մետաղական հանքավայրերը:

«Մենք չենք կարող ասել, որ մենք փակում ենք մեր ընդերքն ընդհանրապես և չենք օգտագործում, բայց մյուս կողմից չենք կարող թույլ տալ, որ ընդերքի շահագործումը տեղի ունենա բնապահպանական և օրենսդրության կանոններին չհամապատասխանող ձևով»,- անցյալ տարվա մայիսին կառավարության նիստում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:  

Հայկական և վրացական ոսկու խաչմերուկը

Հայաստանում հանքարդյունահանման թույլտվություն ունեցող որոշ ընկերությունների սեփականատերեր հանքավայրեր են շահագործում նաև Վրաստանում: Հայաստանում այժմ չգործող Արմանիսի հանքավայրը շահագործող ընկերության սխեմայում երևում է, որ Մեն կղզում գրանցված Eulachon Limited ընկերությունը նաև շուրջ 90 տոկոս բաժնեմաս ունի Վրաստանում գործող ամենամեծ ոսկու հանքավայրում:

Վրաստանի Բոլնիսի շրջանի Կազրեթի փոքր քաղաքմից ոչ հեռու գործում է  Սակդրիսիի հանքավայրը: Այն շահագործում է Վրաստանում գրանցված RMG Gold LLC-ն: Մեզ հաջողվեց ձեռք բերել դրա բաժնետերերի օֆշորային սխեման ուրվագծող փաստաթղթերը՝ մինչև Մեն կղզում գրանցված  Eulachon Limited ընկերությունը:

Այստեղից օֆշորային գոտու «դռները» փակվում են մեր առաջ: Եվ այստեղ էլ տեսանելի է հայկական և վրացական ոսկու հանքավայրերի հատման կետը: Վրաստանի պետռեգիստրի փաստաթղթում նշվում է, որ հանքավայրի սխեմայում առկա վրացական ընկերությունը վերահսկող խորհուրդը ղեկավարում է Դմիտրի Տրոիցկին, որը երևում էր նաև Արմանիսի ոսկու հանքավայրի մի խումբ ընկերությունների հետևում:

Վրաստանի այս հանքավայրը նախկինում «Գեոպրոմայնինգ»-ի ընկերությունների կազմում էր, որին «Հետք»-ն արդեն անդրադարձել էր:

Այժմ Վրաստանի ոսկու հանքավայրը շահագործող RMG Gold ընկերության գործադիր տնօրենը Թորնիկե Լիպարտիան է, ով 2018թ. Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ 50000 լարի (18500 դոլար) է նվիրաբերել Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն:

Եվս մեկ ընկերություն՝ «Լիդիանը» նույնպես հանքարդյունահանման նախագիծ ունի Վրաստանում, որը կոչվում է «Քելա»:

«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի դուստր՝ Ջերսիում 2010-ին գրանցված Lydian Resources Georgia Limited-ը նույն թվականին Վրաստանում հիմնադրել է Georgian Resource Company սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ Georgian Resource Company-ն 2011թ. հոկտեմբերի 4-ին ստացել է հետախուզական-արդյունահանման լիցենզիա՝ Վրաստանի Չոխատաուրի շրջանի Զոտի գյուղի վարչական տարածքում 720,25 հա հանքային տարածքի համար:

Lydian Resources Georgia Limited-ը որոնողահետախուզական աշխատանքների արդյունքների մասին որևէ հաշվետվություն չի ներկայացրել կառավարությանը, չի ներկայացրել նաև արդյունահանման նախագիծը: Լիցենզիայի պայմանները չպահպանելու համար Lydian Resources Georgia Limited-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել:

2017թ. փետրվարի 20-ին Վրաստանի բնապահպանական պետական տեսչությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան: Տեսչությունը պնդում է, որ ընկերությունը խախտել է Վրաստանի Վարչական օրենսգրքի 57/3 հոդվածը, այն է՝ խախտել է լիցենզիայի պայմանները. չի ներկայացրել հայտնաբերած պաշարների մասին հաշվետվությունը և արդյունահանման նախագիծ:

Դատարանը 2017թ. ապրիլի 19-ին որոշում է կայացրել՝ հաստատելով ընկերության կողմից կատարված խախտումը և նախազգուշացում է կիրառել ընկերության նկատմամբ:  

Ընկերությունը բողոքարկել է որոշումը վերադաս ատյանում, սակայն Վերաքննիչ դատարանը չի փոխել քաղաքային դատարանի որոշումը, և որոշումն ուժի մեջ է մտել:

««Լիդիան»-ի դուստր ընկերությունը Վրաստանում որոնողահետախուզական աշխատանքներն իրականացնում է համապատասխան թույլտվությունների հիման վրա: Ծրագիրը գտնվում է որոնողահետախուզական աշխատանքների նախնական փուլում, և ծրագրի հետագա ընթացքը կախված է այդ աշխատանքների արդյունքներից»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է «Լիդիան»-ի տնօրինությունը Հայաստանում:  

[1] Ուղղում. Հրապարակման նախնական տարբերակում նշել էինք, որ «ընկերության ձևավորման և սկզբնական գործունեության շրջանում» է Արմեն Սարգսյանը եղել տնօրենների խորհրդի անդամ: Արմեն Սարգսյանի՝ սկզբնական շրջանում տնօրենների խորհրդում ներառված լինելը վերաբերել է ընդերքօգտագործման իրավունք ստանալուց հետո ընկերության գործունեությանը՝ 2012թ. սեպտեմբերի 26-ից, ոչ թե «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ձևավորմանը, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

-------------------------------------------------------------------------------------------------------

Լուսանկարները, տեսանկարահանումը և մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Ձևավորումը՝ Անի Հովհաննիսյանի
Փաստերի ստուգումը՝ Հրանտ Գալստյանի
Իրավական խորհրդատվությունը՝ Գրիշա Բալասանյանի

«Հետքի» հետաքննական թիմին աջակցել են Լարիսա Փարեմուզյանը,  Անի Սարգսյանը, Տրդատ ՄուշեղյանըՏիրայր Մուրադյանը, Վահե Սարուխանյանը, Մարինե Մարտիրոսյանը

Հետաքննությանը Վրաստանից աջակցել է Լիկա Զակալաշվիլին («Լիբերալի»): 

Հետաքննությունն իրականացվել է n-vestigate ցանցի աջակցությամբ: 

Մեկնաբանություններ (2)

Մանթաշ
Մի բան հաստատ ա որ էս հանքերի գործում շատ ու շատ կեղտ կա, տեղական ու միջազգային չափսերի: Մի բան էլ հաստատ կարանք ասենք որ ծառը կտրող կացնի պոչը փետից ա: Այսինքը գողերը տանիցն են ու միջին իրանց փայն ունեն: Մի բանն էլ հաստատ կարանք ասենք որ էս գրած թվերին պետքը չի հավատալ, թե ինչքան են հանում ու տանում էդ իրանք գիդեն: Ծառուկանց գագոն թիվ ա տվել թե Մղարթիցը տարեկան 250 հազար դլլարի ոսկի ա հանում: Տո խելոք ըդքանը ըսկի աշխատողների աշխատավարձը չի ծածկում: Բա քանի տրակտոր ու բուլդոզեր ա աշխատում, տոկ ու սալյարկա են վառում, պետությանը մի բան են տալիս, ոնց հաշվում էս իրա վնասը մի քանի անգամ շատ ա դուս գալի քան թե օգուտը: Բա եթե ըտենց ա էդ ընչի ա ուզում հանքը մենձացնի ու հենց գյուղի միջումը քանդի: Մղարթեցիք էլ հույս են դրել թե իրանց համար ջուր են քաշելու: Այ միամիտներ դրանք ուզում են որ թողաք ու էդ գեղիցը հեռանաք, քանի որ հանքի երակը հենց գեղի տակն ա մտնում: Դրանք ձեզ դժար թե ջուր տան բայց տներդ կքանդեն
Գագիկ Պետրոսյան
«Հայ ոսկի» միավորման նախկին գլխավոր ինժեներ, ՍԻՓԱՆ 1-ի նախկին տնօրեն Գագիկ Պետրոսյանը պնդում է, որ «Հայ ոսկի» միավորումն իր Մեղրաձորի և Սոթքի հանքավայրերով 200 տոննա ոսկու պաշարներով, ներառյալ Արարատի ոսկու կորզիչ ֆաբրիկան, վաճառվել է Վազգեն Սարգսյանի ընտանիքի կողմից։ «Հայ ոսկի» միավորման վաճառքի պարզաբանման մեջ նշված է. «Արամ և Արմեն Սարգսյանները հանցագործ մեթոդներով հափշտակել են 49% ՍԻՓԱՆ 1-ի բաժնեմասերը, որը շահագործում էր Լիճքեվազ և Տերտերասար ոսկու հանքավայրերը ընդհանուր 20 տոննա ոսկու պաշարներով, նույնպես վաճառել են՝ ստանալով տասնյակ միլիոններ, իսկ պետությանը՝ ոչինչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։