HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էս գյուղը փակելու են»,- ասում է պոչամբարի հարեւանությամբ գտնվող Գեղանուշի բնակիչը

Կապանով անցնող Երեւան-Մեղրի միջպետական մայրուղուց ընդամենը 800 մետրի վրա է գտնվում ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի խոշորագույն պոչամբարներից մեկը: Գեղանուշի պոչամբարի ընդհանուր մակերեսը, համաձայն 2015 թ. տվյալների, 180 հազար քմ էր, ինչը հավասար է 25 ֆուտբոլային դաշտի: Այս ընթացքում այն ավելի է մեծացել եւ կշարունակի մեծանալ: Որքան պոչամբարը խոշորանում է՝ թափոնների տակ թողնելով նոր հողեր, այնքան հարեւան Գեղանուշ գյուղի բնակիչների շրջանում շատանում են մտահոգություններն ու գյուղը լքելու խոսակցությունները:  

«Շահումյանի օրն ենք ընկնելու, չե՞ք տեսնում, թե պոչամբարը որտեղ է հասել»,- ասում է Գեղանուշ գյուղի բնակիչ, 61-ամյա Արտուշ Կոստանդյանը՝ ցույց տալով նույնանուն պոչամբարի կողմը, որը, ըստ նրա, այնքան է բարձրանալու, որ գեղանուշցիները հեռանան իրենց բնակավայրից:

Շահումյանը Կապանի բանավաններից է, որի բնակիչները 2000-ականներին հեռացան տարածքից, քանի որ Կապանի ոսկի-բազմամետաղային հանքի շահագործող «Դինո Գոլդ Մայնինգ» (հետագայում՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան», այժմ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ») ընկերությունը որոշել էր այստեղ հանք բացել ու այդ նպատակով գնել էր շահումյանցիների հողերը: Հետո հանքարդյունաբերողի ծրագրերը փոխվեցին՝ որոշվեց հանքը շահագործել փակ եղանակով, արդյունքում այսօր Շահումյանը դարձել է ամայի տարածք ու ավերականոց, որտեղ արդեն ռուսական «Պոլիմետալին» պատկանող լեռնահարստացման կոմբինատը դատարկ ապարների լցակույտեր է ստեղծել: Հեռացած շահումյանցիների այգիները անհայտ անձանց կողմից ոչնչացվել են, հիմա մնացել են միայն հաստաբուն ծառերի հատված բները, որոշ տեղերում տեսանելի են տների կիսավեր պատերը:   

Պոչամբարի մակերեսը 25 ֆուտբոլային դաշտի չափ է

Գեղանուշ գետի նախկին հունի վրա գտնվող պոչամբարը պատկանում է նույն կոմբինատին: Այստեղ են կուտակվում կոմբինատից դուրս եկող պոչերը՝ արդյունաբերական գործընթացում առաջացող թափոնները: Գեղանուշի կենտրոնից ուղիղ գծով դրա հեռավորությունն ընդամենը 1,6 կմ է, իսկ հարեւան Գոմարան գյուղից՝ 900 մ:

Պոչամբարը սկսել է շահագործվել 1962-ից: Նախագծային ծավալը եղել է 8,7 մլն խմ, սակայն 1978-ին, երբ արդեն 4,6 մլն խմ կուտակված պոչանք կար, փակվել է, եւ Կապանի կոմբինատն իր թափոնները սկսել է լցնել Արծվանիկի պոչամբար, որը շահագործում էր նաեւ Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ պետությունը որոշել էր փակել պոչամբարը՝ հաշվի առնելով բնակիչների առողջական աղետալի վիճակը, հողի բերրիության անկումն ու շրջակա տարածքների ընդհանուր էկոլոգիական վիճակը: «Գեղանուշցիների բողոքները շարունակվեցին նաեւ այդ պոչամբարը փակելուց հետո, քանի որ վերականգնողական աշխատանքները թերի էին կատարված, եւ շարունակվում էր պոչանքի տարածումը շրջակա միջավայրում: Պետականորեն երաշխավորվեց պոչամբարը շրջակա միջավայրից մեկուսացնելու հուսալի միջոցառումներ իրականացնել եւ բարելավել էկոլոգիական իրավիճակը: Սակայն կատարվեց խոստացվածի ճիշտ հակառակը ու, թերեւս, վատթարագույնը»,- ասում է Հ. Սանասարյանը՝ նկատի ունենալով դրա վերագործարկումը:

Պոչամբարի հյուսիսային պատնեշի պոչատար խողովակից թափվող պոչանքները

2006-ին «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն «Դինո Գոլդի» պատվերով սկսել է պոչամբարի ընդլայնման եւ հակադարձ ջրամատակարարման կառուցման աշխատանքները, որոնք ավարտվել են 2007-ին: Հանքարդյունաբերողը, ըստ մամուլի հրապարակումների, 4 մլն դոլար վարկ էր վերցրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից:

Գեղանուշի պոչամբարն աշխատում է փակ շրջանառու համակարգով. այսինքն՝ պարզվածքի ջուրը ոչ թե թափվում է Գեղանուշ գետը, այնտեղից էլ՝ Ողջի, այլ ուղարկվում է կոմբինատ՝ արտադրական նպատակներին ծառայեցվելու:

Հեռվում՝ հարավային պատնեշն ու պոչատարը

Ընդլայնման նախագծով ծրագրվել է բարձրացնել պոչամբարի պատնեշը, ինչի շնորհիվ դրա ծավալը խորհրդային ժամանակների 8,7-ից պիտի դառնա 11,37 մլն խմ: 2015-ին պոչամբարի հայելու մակերեսը 108 հազար քմ էր, իսկ ընդհանուր մակերեսը՝ 180 հազար քմ: Այս վերջին թիվը հավասար է 25 ֆուտբոլային դաշտի մակերեսի: Պոչամբարն ու ենթակառուցվածքները, 2015-ի տվյալներով, զբաղեցնում էին 32 հա տարածք, ինչն էլ հավասար է 45 ֆուտբոլային դաշտի: Եվ այս թվերը դեռ մեծանալու են:  

«Գիլաս բառը Գեղանուշից վերացել է»

Երբ գեղանուշցի Արտուշ Կոստանդյանին «միամիտ» հարց ենք տալիս, թե պոչամբարը նախկինի համեմատ մեծացել է արդյոք, զարմանում է. «Վայ, քո տունը շինվի, գնա Արծվանիկի պոչամբարը նայի, աշխարհում ամենամեծն է, բայց էս տեմպով որ աշխատում են, Գեղանուշինը գալու է խփի, անցնի»:

Մտահոգ գյուղացին մի քիչ չափազանցնում է, բայց նրա անհանգստությունը հիմնավոր պատճառներ ունի: «Առավոտը մի անգամ եկեք պավարոտի վրա կանգնեք, տեսեք, թե ինչ սուր հոտ ա փչում: Գիլաս բառը Գեղանուշից վերացել է, իսկ էն ժամանակ ծառերը կոտրատվում էին, տեղ ու դադար չկար, բայց հիմա մի հատ գիլաս չկա: Խնձոր, տանձ կար առաջ, շլոր կար, ինչ ասես կար,- մի տեսակ կարոտով ասում է Ա. Կոստանդյանն ու հավելում,- էս տարի պոպոկն ա բոլ, մեկ էլ մոշը»:

«Մտնում ենք այգի, չենք կարող մի միրգ պոկենք, ուտենք, պիտի անպայման ջրի տակ դնենք. անձրեւը որ գալիս է, սաղ ցեխի մեջ կորում է, փոշին բերում է գյուղը,- իր հերթին նշում է 74-ամյա գեղանուշցի Ելենա Գասպարյանը,- էդպիսի մարդ չկա, որ հիվանդ չլինի՝ ինսուլտ, ինֆարկտ, հարյուր տեսակի հիվանդ կա»:

Գյուղը նոսրանում է

2001-ի մարդահամարի արդյունքներով Գեղանուշ համայնքն ունեցել է 356 մշտական (հաշվառված) բնակիչ, որից 280-ը՝ Գեղանուշ գյուղում, 76-ը՝ Գոմարանում: 2011-ի մարդահամարը մեծ փոփոխություններ չի գրանցել, բայց առկա է նվազում. 324 մշտական բնակիչ, 253-ը՝ Գեղանուշում, 71-ը՝ Գոմարանում: Սակայն ներկա վիճակը հետեւյալ կերպ է նկարագրում Արտուշ Կոստանդյանը. «Գյուղում մարդ չի մնացել, գիշերը մի քանի լույս է վառվում»: Գեղանուշի ս. Հռիփսիմե եկեղեցու մոմավաճառ Լարիսա Սաֆարյանն էլ ասում է, թե եկեղեցի մտնողները շատ քիչ են, մոմ վառողներին կարելի է մատների վրա հաշվել: 

2017-ին Կապանի տարածաշրջանի 38 բնակավայր՝ Կապան քաղաքն ու 37 գյուղ, խոշորացվեցին՝ դառնալով մեկ համայնք՝ Կապան կենտրոնով: «Գյուղում ապագա կա՞,- հռետորական հարց է տալիս խոշորացումից դժգոհ Ելենա Գասպարյանը,- գյուղապետ չկա, մի լիազոր է ու կոմպյուտերի վրա մի աշխատող, գյուղում դա են թողել»:

Բայց կարելի է ասել, որ Գեղանուշի բախտը, ի տարբերություն, խոշորացված շատ այլ բնակավայրերի, բերել է այնքան, որ Կապանից ընդամենը 4 կմ է հեռու: Գյուղը քաղաքի հետ կապվում է ավտոբուսով, որի համար վճարում է կոմբինատը:

«Էս գյուղը քոչելու է էստեղից»

Եթե 2006-ին Գեղանուշի պոչամբարում եղել է 4,6 մլն խմ պոչանք, ապա, ըստ կոմբինատի, 2007-2015 թթ. այստեղ է տեղափոխվել եւս 2,1 մլն խմ թափոն, այսինքն՝ ծավալը հասել է 6,7 մլն-ի: Սակայն, համաձայն նախագծի, դեռ 4,7 մլն էլ պիտի լցվի:

Գեղանուշցիների շրջանում աստիճանաբար ավելի են ակտիվանում գյուղից հեռանալու խոսակցությունները: 

«Դուք ինձնից ջահել եք, ես  61 տարեկան եմ, կարող է չտեսնեմ, բայց դուք կտեսնեք, որ էս գյուղը փակելու են,- ասում է Արտուշ Կոստանդյանը,- 10 տարի կտեւի, 20 տարի կտեւի՝ էս գյուղը քոչելու է էստեղից: Գալու են կոպեկներով առնեն էս հողը. օրինակ, ասեն՝ 5 հազար դոլար ենք տալիս, դուրս եկեք էստեղից»:

«Բա ի՞նչ եք անելու, եթե գան ասեն»,- հարցնում ենք մենք:

«Ի՞նչ պիտի անենք, ճարներս կտրած պիտի համաձայնենք, ոչ կարանք թվանք վերցնենք, կրակենք, ոչ էլ մի բան անենք»,- պատասխանում է գյուղացին:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (8)

Կապանցի
Գեղանուշի պոչամբարը Արծվանիկի մեկ տոկոսն է, իրար հետ համեմատելու բաներ չեն: Գեղանուշը փակ ցիկլով է աշխատում, ինչն Արծվանիկում չկա: Արծվանիկը թողած Գեղանուշի հետևից է ընկել: տեսնես ինչու՞ է այդպես...
Վարազ Սյունի
Որովհետև Գեղանուշի ՍԽԱԼ կառուցված պոչամբարը գտնվում է Սյունիքի ամենամեծ քաղաք Կապանի ԱՆՄԻՋԱԿԱՆ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ ու անմիջական մահաբե՛ր վտանգ է մոտ 50 հազար մարդու համար: Արծվանիկի (նույնպես ահավոր ու սխալ կառուցված) պոչամբարը գոնե Կապան քաղաքից մոտ 14 կմ հեռու է:
Վարազ Սյունի
«Դանդի Փրեշս Մեթալզ Կապան» հանքարդյունաբերական ձեռնարկությանը պատկանող Գեղանուշի բաց պոչամբարը ( 30 հա) գտնվում է Կապան քաղաքի անմիջական գլխավերևում: Պոչամբարը կառուցել են Գեղանուշ գետի հենքի վրա. գետի հունը փոխեցին: Նաև այս պատճառով, երբ 2009 թ.-ին գետը վարարեց, պատը փլուզվեց ու ջրից վնասվեցին հարակից տարբեր շենք-շինություններ, որոնց տերերը (10 մլն դրամ վնասի փոխհատուցման պահանջով) դիմեցին դատարան: 5 ՏԱՐԻ տևած պայքարի արդյունքում ջրի երես դուրս եկան այլ փաստեր: Խնդրին վերջնական լուծում տալու համար գործին խառնվեց «ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը: Ըստ վերջինիս տված մասնագիտական եզրակացության՝ պոչամբարը սխալ է կառուցված. «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ կողմից իրականացված Գեղանուշի պոչամբարի շինարարությունը կատարվել է նախագծային փաստաթղթերին ու առաջադրանքներին ոչ համապատասխան (Փորձագետ՝ Զ.Խլղաթյան):
Վարազ Սյունի
Գեղանուշի պոչամբարը ՍԽԱԼ կառուցված լինելու փաստի՛ կապակցությամբ քրեական գործ հարուցվե՞լու է կանադա-լիբանանահայ ՀՐԱՉ ՋԱԲՐԱՅԱՆԻ հանդեպ,ով «Դանդի Փրեշս Մեթալզ Կապան» հանքային ձեռնարկության տնօրենն էր,որի ժամանակ էլ «կառուցվեց» այս ահավոր պոչամբարը:
Vahe
Thanks for advice.
Bruce Gellerman
This is an interesting but confusing article. Please clarify how big the area of the tailings has grown in square meters and distinguish that from the volume in cubic meters. Also, if there is an ecological/envirionment hazard the materials in the tailings need to be detailed and their health affects clearly defined. This is an important story and needs accurate information. The government and company officials should be asked to comment.
Vahe
Hi Bruce. The limit for this moment is 11.37 mln cubic meters as it is shown in the article. On the other hand, our goal was just to show how the dump is growing and concerns of Geghanush villagers. There were a lot of publications about chemicals in this dump and illnesses in Armenian media including Hetq and we did not focus on digging deeper. But as you know we are going to make an investigation about another dump. Best.
Bruce Gellerman
It isn’t clear in the English version how large the dump is permitted to grow, what chemicals are in the dump or what illnesses the residents are suffering. Also, what has been the response of company and govt officials?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter