HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի նախկին խորհրդականի հանքավայրում ապօրինի ընդերքօգտագործման փաստով քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, այն մասին, որ «Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել, ինչի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Խոսքը Մեղրասարի ոսկու հանքավայրի մասին է, որի ընդերքօգտագործման իրավունքը 2014-ին ստացել է «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն: Ընկերության սեփականատերերից են Հայաստանի երկու վարչապետների՝ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի օրոք խորհրդական եղած Համլետ Հովսեփյանն ու իր երկու որդիները, որոնք միասին 48,8 % բաժնեմաս ունեն ընկերությունում:

Մնացած 50,2 տոկոսը ռուսական երկու ընկերությունների ձեռքում է: Ընդ որում՝ ընդերքօգտագործման իրավունքը «ԱՏ-Մետալս» ընկերությունը ստացել է հենց այն ժամանակ, երբ Համլետ Հովսեփյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական էր:  

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով, պարզվել է, որ նշված 133,6 հա մակերեսով հողատարածքի 33,0002 հա հատվածը համադրվում է «Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ին տրամադրված տարածքի հետ և ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում։ 

«2017թ․ ընկերության կողմից ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ՝ առանց նշված հողատարածքի համապատասխան սեփականատերերի  համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրերի, այդ վայրում իրականացվել է ընդերքի օգտագործում: Մասնավորապես արդյունահանվել է 10 հազար տոննա հանքանյութ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին, ընդերքին և դրանում պարփակված օգտակար հանածոներին»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Նյութերի նախապատրաստմամբ նաև պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝  թույլ տալով նշված ՍՊԸ-ին պարկի տարածքում, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ, իրականացնել ընդերքօգտագործում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ նախապատրասված նյութերում առկա են ընկերության՝ շրջակա միջավայրին էական վնաս հասցնելով ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով ընդերքի օգտագործան, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչություն:

Համաձայն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության զեկույցի տվյալների՝ ընկերությունը 2016 և 2017թթ. գործունեություն է ծավալել: Առաջին տարում իրացրել է 10,855 տ հանքաքար, որի արժեքը կազմել է 493 մլն դրամ (ավելի քան 1 մլն դոլար):

2017-ին 14,257 տ ոսկու հանքաքար է արդյունահանել: Դրա արժեքը կազմել է 279 մլն դրամ (578 հազար դոլար):

«ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն 10 855 տոննա ոսկու հանքաքար է վաճառել հայկական «Թոմ ընդ Միր» ՍՊԸ-ին (այժմ՝ «Մին ընդ միր» ՍՊԸ) և և Կապանի ԼՀԿ-ին, որի արժեքը կազմել է 493,428,248 դրամ:

Հիշեցնենք, որ դեռ այն ժամանակ, երբ ընկերությունը շրջակա միջավայրի գնահատման հայտ էր ներկայացրել, «Հետք»-ը գրել էր, որ «Արևիք» ազգային պարկը հայտնվել է ոսկի որոնողների թիրախում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter