
«Արևիկ» ազգային պարկը հայտնվել է ոսկի որոնողների թիրախում. վարչապետի նախկին խորհրդականի ընտանիքը ևս հավակնություններ ունի
Նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Կարեն Կարապետյանի խորհրդական, ՀՀԿ անդամ Համլետ Հովսեփյանի որդու հիմնադրած «ԱՏ պլյուս» ՍՊ ընկերությունը մտադիր է Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերում համալիր երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել:
Նպատակը ոսկու հեռանկարային հանքայնացումներ հայտնաբերելն է, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակության պարզաբանումն ու գնահատումը:
«Հետք»-ն արդեն գրել է, որ վարչապետի նախկին խորհրդականի և որդու մասնակցությամբ «ԱՏ մետալս» ՍՊԸ-ն 2014-ին ստացել է Մեղրասարի ոսկու հանքավայրի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք: Այն վավեր է մինչև 2022 թվականը: Ըստ ամենայնի, Հովսեփյանների ընտանիքը որոշել է ընդլայնել տարածքը և սկսել ուսումնասիրել պոտենցիալ ունեցող տարածքները:
«ԱՏ պլյուս» ընկերությունը մտադիր է երկրաբանահետախուզական աշխատանքները սկսել այս տարվա երկրորդ եռամսյակից և ավարտել 2021 թվականի սկզբին:
Մեղրասարի ոսկու հանքավայրի թևերի տեղամասն ընդգրկում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն գյուղի և Քաջարան համանքի Լեռնաձոր գյուղի տարածքները: Հայցվող տարածքը զբաղեցնում է 255 հա մակերես:
Նախագծում հստակ նշվում է, որ նշված տարածքի 140 հա-ն գտնվում է «Արևիկ» ազգային պարկում, իսկ 5 հա-ն անտառային հողեր են:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ազգային պարկի տարածքի քարտեզագրման, գոտևորման սխեմայի կազմման, ազգային պարկի և դրա պահպանման գոտու սահմանների ճշգրտման աշխատանքները դեռևս չեն իրականացվել, ուստի մեր կողմից ազգային պարկի մաս կազմող և անտառային հողերի տարածքներում բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների կամ հողային ծածկույթի խախտումով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ չեն իրականացվելու»,- հայտարարել է «ԱՏ պլյուս» ՍՊԸ-ն:
Այս հայտարարությունից հարց է առաջանում, թե ինչու են ուրեմն այդ տարածքներն ընդգրկել իրենց ուսումնասիրությունների նախագծում, եթե որևէ աշխատանք չի կատարվելու:
«Արևիկ» ազգային պարկը վերջին շրջանում հայտնվել է ոսկի որոնողների թիրախում: Պարկի տարածքի հետ համընկնող տեղամասում՝ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման տարածքում, ոսկի և պղինձ է որոնում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Պարկի հարակից՝ Խդեբանցի հանքերևակման տարածքում որոնողահետախուզական աշխատանքների հայտ է ներկայացրել «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ դրական եզրակացություն է ստացել:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել