
«Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում ոսկի են որոնելու
Սյունիքի մարզի Խդեբանցի հանքերևակման տարածքում 2018-2020թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ են կատարվելու՝ գնահատելու հանքավայրի ոսկու պաշարները:
2017 թվականի ամռանը հիմնադրված «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարություն է ներկայացրել նախագիծը, որով նախատեսվող երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքն ընդգրկում է Մեղրու տարածաշրջանի հարավ-արևելյան մասը. հյուսիս-արևելքում սահմանափակվում է Մեղրու լեռնաշղթայով, հարավում` Արաքս գետով, արևմուտքում` Կամաքարի լեռնաշղթայով: Տեղանքը լեռնային է, խիստ կտրտված ռելիեֆով: Ուսումնասիրվելիք հանքերևակումը գտնվում է լեռնաշղթայի բարձրադիր մասերում և կապված է բնակավայրերի հետ` գրունտային և ասֆալտապատ ավտոճանապարհներով:
Ավելի կոնկրետ՝ Խդեբանցի հանքերևակումը տեղակայված է Շվանիձոր գյուղից 7 կմ դեպի հյուսիս և Լիճք գյուղից 20 կմ դեպի արևելք: Այն զբաղեցնում է 5.3 կմ2 տարածք։
Խդեբանցի հանքաերևակման համար ուսումնասիրվող տարածքը գտնվում է Հայաստանի Մեղրու ֆլորիստիկ շրջանի հարավային հատվածում և գրավում է Մեղրու լեռնաշղթայի գագաթնամերձ տարածքները՝ ծովի մակերևույթից 1600-ից 2500մ բացարձակ բարձրությունների վրա, որով էլ պայմանավորվում է հանքաերևակման դաշտի կենսաբազմազանությունը:
Չնայած նախագծում նշվում է բուսական աշխարհի բազմազանության, ինչպես նաև էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված տեսակների մասին, որոնց ընդհանուր թվաքանակը 1680 է, որից 26-ը բնաշխարհիկ, իսկ 112-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, այդուհանդերձ, ընկերությանը համոզված է, որ որևէ վնաս բնությանն իրենց գործունեությամբ չեն տալու: Ավելին, արձանագրվել է, որ լայնատերև խիտ անտառները, առանձին ժայռային ցցվածքները, արագընթաց գետակներով նեղ, խորը կիրճերը, խոնավ բացատները, քարքարոտ, զառիվայր լանջերը լավ ապաստարան են տարածաշրջանում բնակվող կենդանական աշխարհի համար: Հատկապես բազմազան է անողնաշարավորների ֆաունան:
«Խդեբանցի հանքերևակման դաշտի տարածքում իրականացված դաշտային այցելություններով, ինչպես նաև առկա գրականական տվյալների համադրմամբ և նույնականացմամբ եզրակացված է, որ անմիջապես նախատեսվող գործունեության տարածքում առանձնահատուկ պահպանության կարիք ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ Կարմիր գրքում կամ ԲՊՄՄ կարմիր ցուցակում գրանցված բուսատեսակները բացակայում են,- նշվում է նախագծում,-Խդեբանցի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հատկացված տարածքում ուսումնասիրությունների ժամանակ կենդանիների ցամաքային միգրացիոն ուղիներ և գոտիներ, ինչպես նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակներ չեն հայտնաբերվել»:
Խդեբանցի հանքերևակման դաշտի երկրաբանական ուսումնասիրությունների համար հայցվող տարածքը հարավում սահմանակից է «Արևիկ» ազգային պարկի տարածքին, հարավ-արևելքում և հյուսիս-արևմուտքում հայցվող տարածքի և ազգային պարկի սահմանները հեռու են իրարից:
«Նիգ մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերը 24-ամյա Վարդգես Հարությունի Ասլանյանն է՝ գրանցված Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: «Նիգ մայնինգ» ՍՊԸ-ի գրանցման օրը՝ 2017 թվականի հուլիսի 6-ին նույն հասցեում՝ Խորենացի 27, 64-րդ բնակարանում, գրանցվել է «Վիվա մայնինգ» ՍՊԸ-ն, որը, անվանումից կարելի է ենթադրել, որ նույնպես հանքարդյունաբերությամբ է զբաղվելու:
«Վիվա մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերն էլ Անուշ Կառլենի Հովհաննիսյանն է՝ նունպես գրանցված ընկերության հասցեում: Անուշ Հովհաննիսյանի հետ նույն հասցեում է ապրում 38-ամյա Մուշեղ Վարդգեսի Ասլանյանը, ըստ ամենայնի՝ Անուշ Հովհաննիսյանի որդին է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել