
Հայկական ոսկու տերերը. երեք օֆշորների և Ռուսաստանի արանքում
Հայաստանի ընդերքի հարստությունը կորզվում և արտահանվում է՝ միլիոնավոր դոլարների շահույթ ապահովելով հանքարդյունահանողներին: Սակայն հայաստանյան ընդերքի հաշվին հարստացողների մասին տեղեկություններն այդպես էլ հանրությանը հասանելի չեն դառնում: «Հետք»-ը փորձելու է ներկայացնել, թե ովքեր են Հայաստանի ընդերքի հաշվին հարստացողները` հանքարդյունահանողները կամ նրանց հետևում կանգնած անձինք: Այս հրապարակմամբ կանդրադառնանք Հայաստանի ոսկու ամենամեծ` Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին: Նույն ընկերությունը շահագործում է նաև Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Հանրությանը միայն հայտնի է Հայաստանում գրանցված ընկերությունը՝ 23,6 մլրդ կանոնադրական կապիտալ ունեցող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որի թիկունքում անթիվ օֆշորային ընկերություններ են:
Սոթքի ոսկին՝ ՌԴ կառավարությանը
Հանքի պատմության մասին «Հետք»-ը տարիներ առաջ գրել է: Սակայն 2013թ.-ի ամռանը ընկերության բաժնեմասում փոփոխություններ են եղել: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք նախարարությանը հայտնի՞ է, թե ով է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի վերջնական բաժնետերը: Նախարարությունը պատասխանել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերն է Սիման Պովարինկինը («Հետք»-ն անդրադարձել է նրան նախորդ հրապարակմամբ): Ինչու է նախարարությունը խեղաթյուրում փաստերը, դժվար է ասել: Մինչդեռ, իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, և բաժնետերը բնավ էլ միայն այս անձը չէ:
Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` Հայաստանում գրանցված «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետերը Նիդեռլանդներում գրանցված «Դիեզե Բի. Վի.» ընկերությունն է, որի ճյուղերն անցնում են Կիպրոսով և հասնում Բրիտանական Վիրջինյան կղզիներ ու Ռուսաստանի Դաշնություն:
Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից Investigative Dashbord-ի մեր գործընկերների միջոցով ձեռք բերած փաստաթղթից երևում է, որ 16 % բաժնեմասի սեփականությունը կիպրոսյան երկու ընկերությունների՝ Belmarsh Solutions Ltd-ի և Gosforth Enterprises Ltd-ի միջոցով տեղափոխվում է Լյուքսեմբուրգ:
2011 թվականին գրանցված Altera Investment Fund SICAV-SIF ընկերության բաժնեմասի վերաբերյալ տեղեկություններ լյուքսեմբուրգյան օֆշորից հնարավոր չէ ձեռք բերել, սակայն որպես հիմնական ղեկավար ընկերությունում նշված է Կիրիլ Գենադիի Անդրոսովը, ով «Աերոֆլոտ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է, զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ եղել է ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ և կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այլ կերպ ասած՝ Կիրիլ Անդրոսովը Ռուսաստանի կառավարության մարդն է, քանի որ «Աերոֆլոտ»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոսից ավելին, պատկանում է ՌԴ կառավարությանը:
Altera Investment Fund-ը 7,5% մասնակցություն ունի նաև ռուսաստանյան “Русские машина” ԲԲԸ-ում, որը մտնում է ՌԴ միլիոնատեր և ամենահարուստ գործարար Օլեգ Դերիպասկայի “Базовый элемет” խմբի ընկերությունների մեջ:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի 31,5 տոկոսի սեփականատերը Sberbank Kapital Ltd-ն է: Անվանումից արդեն պարզ է, որ այն նույն՝ ռուսական «Սբերբանկ»-ի դուստրն է: Իսկ «Սբերբանկ»-ի 50%+1 ձայնի իրավունքը ՌԴ կենտրոնական բանկինն է:
Sberbank Kapital Ltd-ն ստեղծվել է 2008 թ.-ին ներդրումներ կատարելու նպատակով: Դրա գլխավոր տնօրեն է նշանակվել հայազգի Աշոտ Խաչատուրյանցը: Նա մինչ այդ զբաղեցրել է ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախկին նախարար Գերման Գրեֆի խորհրդականի պաշտոնը, իսկ 2004-2008թթ. ղեկավարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) «ՌԴ պետական սահմանները» թիրախային ծրագիրը: Գերման Գրեֆը 2007 թ.-ից «Սբերբանկ»-ի և դրա կառավարման խորհրդի նախագահն է, և իր պաշտոնավարումից հետո նախկին խորհրդականին տեղավորել է իր մոտ:
Sberbank Kapital Ltd-ն վարկ է տրամադրում ընկերություններին՝ բաժնեմասում մասնաբաժին ունենալու պայմանով, սակայն, հարցազրույցներից մեկում Խաչատուրյանցն ասել է, որ այնպիսի մեխանիզմ է մշակվել, որ այդ ընկերությունները հետագայում կարողանան հետ գնել բաժնետոմսերը: Sberbank Kapital Ltd-ի կոշտ քաղաքականության հետևանքով, այդուհանդերձ, բազմաթիվ վարկառուներ խնդիրներ են ունեցել վարկատուի հետ, ինչի հետևանքով կորցրել են իրենց բիզնեսները: Sberbank Kapital Ltd-ն մշտապես հաղթող է դուրս գալիս և տիրանում ընկերություններին:
2013թ. դեկտեմբերի «Սբերբանկ»-ն ու «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, որից հետո բանկը ընկերությանը տրամադրել է 250 մլն դոլարի վարկ: Դրանով բանկը շուրջ 26 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել: Իսկ 2016թ.-ին Sberbank Kapital Ltd-ն արդեն հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ում 31,47% մասնակցության մասին, սակայն արդեն ոչ թե վարկի, այլ բաժնեմասի ձեռք բերման միջոցով:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի վերահսկիչ փաթեթը՝ 50,2%-ը, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Geiser Asset Holdings Ltd-ինն է: Եվս 1,5 % բաժնեմասը` նույն Վիրջինյան կղզիներում գրանցված Toboali Enterprise Ltd-ինը: Այս ընկերությունների բաժնետերերին գաղտնազերծել չհաջողվեց: Բրիտանական Վիրջինյան կղզիները ամենագաղտնի ու ապահով օֆշորային գոտիներից է, որտեղ պետական ռեգիստրը բաժնետերերի մասին ինֆորմացիա չի տրամադրում:
Թափանցիկություն, որ միայն թղթի վրա է մնում
Սոթքը ոսկու ամենամեծ հանքավայրն է Հայաստանում: Վերջին անգամ Սոթքի ոսկու պաշարները հաստատվել են 2012թ.-ին: Կազմվել է հանքավայրի անձնագիրը: Համաձայն դրա՝ կենտրոնական տեղամասում հետախուզված է 9 հանքամարմին, որոնցում հանքավայրի հաշվեկշռային պաշարները կազմել են 31141 հազար տոննա հանքաքար, 133,5 տոննա` ոսկի, 175,6 տոննա` արծաթ:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն արդյունահանման լիցենզիա ունի մինչև 2028 թվականը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքներն իրականացնում է կենտրոնական տեղամասում:
Թե որքան ոսկի ու արծաթ է արդյունահանել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, հայտնի չէ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից փորձել էինք ճշտել այս տեղեկությունը: Նախարարությունը հարցին չի պատասխանել՝ նշելով, որ Սոթքի ոսկու հարքավայրը շահագործվում է 1976 թվականից ու արդյունահանման վերաբերյալ տեղեկատվությունը շատ ծավալուն է, և 10 էջից ավելի տպագրված տեղեկատվության տրամադրումը վճարովի է, իսկ տեղեկատվության տնօրինողը «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ն է: ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Հովսեփյանը բացատրեց, որ յուրաքանչյուր տարվա ֆոնդային տվյալները բարձրացնելը և տեղեկատվության մշակումը արժե 4500 դրամ: Կապված, թե քանի տարվա կտրվածքով տեղեկատվությունը կտրամադրվի, այդքան 4500 դրամ պետք է վճարվի: Լրատվամիջոցի համար այս գումարը բավականին մեծ է՝ հաշվի առնելով, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն հանքը շահագործում է արդեն 10 տարի:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Գոգոտինի հետ փորձեցինք հարցազրույցի համար պայմանավորվել: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի մամուլի հարցերով պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը, սկզբում խոստացավ հարցազրույցը կազմակերպել՝ նախապես հարցերն ուղարկելու պայմանով: Հարցերն ուղարկելուց և 20 օր ձգձգելուց հետո նա ասաց, որ Գոգոտինը չի պատասխանելու մեր՝ մանիպուլյատիվ հարցերին: Մեր հարցերը վերաբերում էին չղջիկների՝ հանքատեղերից գողության դեպքերին, դրանց կանխման մեխանիզմներին, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի արդյունահանման ծավալներին, բաժնետերերին և Հայաստանում ոսկու հանքարդյունաբերությանը վերաբերող խնդիրներին:
Նույն հարցերն ուղարկեցինք նաև «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի ռուսաստանյան գրասենյակի ղեկավարին, մեր նամակը անարձագանք, իսկ հարցերն անպատասխան մնացին:
Հայաստանի Հանրապետությունն այս տարի դարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ երկիր: ԱՃԹՆ ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները, մասնավորապես, ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը: Ստանդարտը ենթադրում է նաև հրապարակայնություն բաժնետերերի մասին:
Հայաստանի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, այժմ արդարադատության նախարար, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է. «ԱՃԹՆ-ի ներդրումը կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովմանը և հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը: Այս գործոններն էական նշանակություն ունեն երկրի գործարար միջավայրի բարելավման համար: Բնական պաշարների արդյունահանման լավ կառավարումը կարող է նպաստավոր լինել երկրի քաղաքացիների համար, և ԱՃԹՆ-ն համապատասխան գործիք է այս նպատակին հասնելու ճանապարհին: ԱՃԹՆ-ի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար: Իսկ գործընթացի ամենաարժեքավոր տեսանկյունն այն է, որ բազմաշահագրգիռ կողմերի կայուն ներգրավումը կամրապնդի փոխվստահությունը և համագործակցությունը բոլոր ներգրավված կողմերի միջև»:
Այս ամենից հետո տեղեկատվության հասանելիության, փոխվստահության և համագործակցության մասին խոսելը ձևական է, եթե ամեն ինչ մնում է միայն թղթի վրա:
«Հայոսկի» ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքավայրի 1985 թվականի անձնագրից տեղեկանում ենք, որ hաստատված պաշարները կազմել են 29.186 հազար տոննա, ոսկին՝ 170,479 տոննա, արծաթը՝ 156,1 տոննա:
Եթե համեմատենք 1985 և 2012 թվականների ոսկու հաստատված պաշարները, ապա կստացվի, որ 27 տարվա ընթացքում արդյունահանվել է շուրջ 37 տոննա ոսկի:
Հանքավայրը, սակայն, հեռանկարային է գնահատված: Համաձայն անձնագրի՝ հանքավայրի հիմնական հեռանկարները կապված են դրա ստորին հորիզոնների հետախուզման հետ: Հաշվի առնելով ոսկու հանքայնացման անընդհատությունն ըստ խորության՝ ոսկու պաշարները գնահատվում են 40 տոննա: Կան բավականաչափ նախադրյալներ ոսկու արդյունաբերական պաշարներ հայտնաբերելու հանքավայրի թևերում, նրանց խորը հորիզոններում, որոնք գնահատվում են 20-30 տոննա:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն ընդդեմ Հայաստանի կառավարության
Վերահսկիչ պալատը տարիներ առաջ ուսումնասիրել էր «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող հանքավայրերի շահագործման օրինականությունը, Կառավարությանն առաջարկել էր քննարկել ընկերության հանքային իրավունքների դադարեցման հարցը: ՎՊ-ն բազմաթիվ խախտումներ էր հայտնաբերել, սակայն այդպես էլ այդ նյութերը դատախազություն չուղարկվեցին: Կառավարությունը, ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարության և նախարար Արմեն Մովսիսյանի, հարցը ծածկադմփոց արեց:
«Հետք»-ը էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվել է, թե վերջին 5 տարիներին ստուգումներ իրականացվել են ընկերության ձեռնարկություններում, ինչ խախտումներ են հայտնաբերվել, և ինչ տույժեր կիրառվել: Նախարարությունը հայտնել է, որ Ընդերքի պետական տեսչության կողմից «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում ստուգումներ իրականացվել են 2013, 2015 և 2016 թվականներին: 2013 և 2015 թվականների ստուգումների արդյունքում ընկերության կողմից նախագծային և ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների խախտումներով աշխատանքներն իրականացնելու համար սահմանված կարգով կազմվել են ակտեր, ինչպես նաև ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվություն՝ ընդամենը 100 հազարական դրամի չափով: 2016 թվականի ստուգման արդյունքում նույնպես արձանագրվել են խախտումներ: Մասնավորապես, Ընդերքի պետական տեսչությունը հայտնաբերել է, որ ընկերությունը խախտել է Ընդերքի մասին օրենսգրքի պահանջները և 2012 թվականի պայմանագրով ամրագրված պարտավորությունները, և աշխատանքները չի իրականացրել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան: «Հորիզոններում եզրագծված բլոկներից փաստացի արդյունահանված հանքաքարերի տեղամասերը չեն ենթարկվել մարկշեյդերական չափագրման, որի արդյունքում հնարավոր չէ պարզել իրական արդյունահանված հանքաքարի քանակը տվյալ բլոկում, ինչպես նաև փաստացի աղքատացման և կորստի ցուցանիշները»,- արձանագրել է Ընդերքի պետական տեսչությունը:
Ավելին, ընկերությունը լիազոր մարմնին ներկայացրել է հաշվետվություններ, համաձայն որի՝ ստուգման ժամանակահատվածում հանքավայրի հաշվեկշռային պաշարներից մարել է 1019511 տոննա հանքաքար, ոսկի՝ 4064,46 կգ: Մինչդեռ համաձայն պաշարների շարժի ամենօրյա գրանցամատյանի՝ հանքաքարը կազմել է 1015139 տ, ոսկի՝ 4017,95 կգ: Տարբերությունը կազմել է 4372 տ հանքաքար, ոսկին՝ 46,51 կգ:
Բացի դրանից, հանքավայրի հաշվեկշռային պաշարների մարմանը մասնակցած մի շարք նմուշներում ոսկու պարունակությունները չեն համապատասխանել լաբորատոր անալիզների իրական պարունակություններին, որի արդյունքում բլոկով հաշվարկված հանքաքարում ոսկու քանակը քիչ է հաշվարկվել, որն էլ իր հերթին բերել է հաշվեկշռային պաշարներից ոսկու քանակի մարման ցուցանիշի էական նվազման:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը բողոքարկել է ակտը՝ խնդրելով նախարար Աշոտ Մանուկյանին այն անվավեր ճանաչել: Նախարար Մանուկյանը մերժել է բողոքը:
Կազմված ստուգման ակտի վերաբերյալ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն բողոք է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որն արդեն քննվել է, և հունիսի 30-ին Վարչական դատարանը կհրապարակի որոշումը:
Սոթքի հանքավայրի մշակման հիմնական տեխնիկական ցուցանիշների համաձայն՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տարեկան շահույթն այս հանքավայրից կազմում է 78,2 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ Երևան քաղաքի 2017թ. բյուջեն 176 մլն դոլար է, իսկ Գյումրիինը՝ 6,5 մլն դոլար: 12 Գյումրի կարող էր ֆինանսավորվել հանքավայրի մեկ տարվա շահույթով:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը նաև հայտնել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն` 2011-2016թթ.-ին կատարվել է 159 մլն դոլարի ներդրում, իսկ 2017թ.-ին նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում: Մաթեմատիկական պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն իր երկու տարվա շահույթով բոլոր ներդրումները վաղուց հետ է բերել:
Հանքավայրի լուսանկարները՝ Մարիամ Չախոյանի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել