
100 հազար տոննա հանքաքար և նոր պոչամբար. Ծառուկյանն ընդլայնում է Մղարթի հանքավայրը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերությունը մտադիր է ընդլայնել Մղարթի հանքավայրը:
Ընկերությունը ներկայացրել է Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում բաց լեռնային աշխատանքներով շահագործման նախագիծ: Այն իրագործվելու է 2018-2037 թվականներին:
Փաստաթղթերի նախնական հայտի վերաբերյալ այս տարվա հունվար ամսին հանրային քննարկումներ են տեղի ունեցել: Մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում տեղի կունենա արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը:
Մղարթի ոսկու հանքավայրը տեղակայված է Հագվի-Մղարթ-Մեծձոր հանքային դաշտի հարավային մասում: «Մուլտի գրուպ»-ը Մղարթի հանքավայրը շահագործում է 2005 թվականից: Հանքաքարի արդյունահանումը կատարվում է բաց եղանակով: Բացհանքին հարող տարածքում կառուցվել է ոսկու կորզման ֆաբրիկա տարեկան 50 հազար տոննա արտադրողականությամբ:
Արդյունահանման աշխատանքներին զուգահեռ կատարվել է հանքավայրի լրահետախուզում և օգտակար հանածոյի պաշարների վերագնահատում, որի արդյունքում հայտնաբերվել և հետախուզվել են նոր հանքային մարմիններ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության որոշմամբ հաստատվել են պաշարների հետևյալ քանակությունները.
Պաշարների կարգը |
Պաշարները |
Պարունակությունը |
|||
Հանքաքար հազ. տ |
Ոսկի կգ |
Արծաթ կգ |
Ոսկի գ/տ |
Արծաթ գ/տ |
|
С1 |
1551,0 |
5145,94 |
6625,17 |
3,32 |
4,27 |
С2 |
3368,0 |
9988,92 |
15039,03 |
2,97 |
4,46 |
С1 + С2 |
4919,0 |
1534,86 |
21664,20 |
3,08 |
4,40 |
Համաձայն նախագծի՝ լեռնաարդյունահանման աշխատանքների կատարման համար կընդլայնվի շահագործվող համար 1 բացահանքը և կբացվի նոր՝ համար 2 բացահանքը: Հանքաքարի արդյունահանումը կկազմի տարեկան 100 000 տոննա: Այդ նպատակով կվերազինվի պիլոտային հանքահարստացման ֆաբրիկան, կնախագծվի և կկառուցվի նոր պոչամբար նախկինում կառուցված ջրահավաք ավազանների տեղում:
Պոչամբարը կառուցվելու է «Մուլտիգրուպ» ընկերության սեփական հողային տարածքում, որոնք ցանկապատված են, իսկ դեպի պոչամբար և ջրանցք տանող ճանապարհի մուտքին դրված են դռներ:
Շահագործողական աշխատանքների ավարտին խախտված հողատարածքները լինելու են երկու բացահանքերը 11,73 հա ընդհանուր մակերեսով, այդ թվում՝ համար 1-ը՝ 5,65 հա, համար 2-ը՝ 6,08 հա:
Շահագործողները վստահեցնում են, որ Մղարթի ոսկու հանքում նախատեսվող լեռնային աշխատանքների անմիջական տարածքը զուրկ է հողաբուսածածկույթից: Աշխատանքները կատարվելու էն մոտ 40 հեկտար տարածքում և այդ հողերի նշանակությունը դեռևս 2007 թվականին փոխված են արդյունաբերականի:
Մղարթի հանքավայրի տարածքը, ըստ ընկերության նախագծի, անտառազուրկ է: Հանքավայրի արևմտյան թևում տարածված են ժայռոտ տեղամասերում աճող կաղնուտները: Խոտածածկույթները աճում են պատառիկներով, գերակշռում են մեզոֆիլ ժայռաբնակ բուսականության ներկայացուցիչները:
Մղարթի հանքավայրի տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան և ՀՀ Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն արձանագրել:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել