Ո՞վ կհաղթի՝ մոլոկանները, թե «ոսկու տենդով» տառապողները
Լարիսա Փարեմուզյան
Քրիստինե Աղալարյան
Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի ոսկու հանքավայրը գտնվում է Ֆիոլետովոյով հոսող Աղստև գետի աջ ափին՝ մոլոկան Ալեքսեյ Մորոզովի և նրա հարևանների տների հարակից տարածքում: Ա. Մորոզովի տնից մինջև ոսկու հանք հասանք 5 րոպեում:
«Ես 7 երեխա ունեմ: Մի կերպ ոտքի եմ կանգնել: Ընտանիքիս համար տուն եմ կառուցել: Երբ հանքը բացեն, ես և իմ ընտանիքը կզրկվենք մեր տնից և հանքին կպած մեր 2 հա վարելահողից»,- հանքի տարածք ուղեկցելիս պատմում է Ալեքսեյ Մորոզովը:
Ֆիելոտովո համայնքի 1532 բնակիչները հիմնականում մոլոկաններ են: Այստեղ ընդամենը 2 հայ ընտանիք է ապրում: Մոլոկաններն ամուր կառչած են իրենց հողին և նրանցից ոչ մեկն անցած դժվար տարիներին չի լքել Ֆիոլետովոն: Ֆիոլետովոյի բնակիչները ոսկու հանքավայրի բացմանը կտրականապես դեմ են:
Ֆիոլետովոն ունի 297 հա վարելահող, 606 հա խոտհարք և 730 հա արոտավայր: Հանքավայրի շահագործման դեպքում Ֆիոլետովոն կկորցնի 11,65 հա հողատարածք: Համաձայն բնապահպանության նախարարություն ներկայացված նախագիծի՝ դա Ֆիոլետովոյի հանքավայրի շահագործման համար հատկացված տարածքն է: Բացհանքի տարածքը զբաղեցնելու է 5.2 հա: 4 հա հողատարածքում կկուտակվի հանքի լցակույտը: Հողերի օգտագործումը նախատեսված է վարձակալության պայմաններով՝ 6 տարի ժամկետով: Հանքը շահագործվելու է բաց եղանակով: Հանքաքարը վերամշակելու նպատակով տեղափոխվելու է մինչև Արմանիսի կամ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա:
«Գյուղի կեսը հանքի տեղամաս պետք է դառնա: Այդ ամբողջ տարածքը պետք է մեզանից վերցնեն: Այդ ժամանակ ևս 150 մոլոկանների բնակարաններ կհայտնվեն հանքի տեղամասի տարածքում»,- ասում է Ալեքսեյը: |
Համայնքապետ Ալեքսեյ Նովիկովը հանքի գործունեության երեք կարևոր վտանգ է նշում. առաջինը՝ հանքը փորվելու է գետի մակարդակից ցածր, այդ դեպքում գետի ջրերը կկորչեն: «Խմելու ջուր ունենալու երաշխիքը կկորցնենք»,-ասում է գյուղապետը:
Երկրորդը` գյուղի 1200 գլուխ խոշոր եղջերավոր և 680 գլուխ մանր եղջերավոր անասունների միակ արոտավայրը գյուղից հեռու է 15-20 կմ: Արոտավայրի ճանապարհն անցնում է հենց այդ տարածքով: «Երբ սկսեն աշխատել այդ անցումը կփակվի: Արոտավայրի ճանապարհ չի լինի»,-հավելում է Ա.Նովիկովը:
Երրորդը՝ հանքը գտնվում է գյուղին շատ մոտ, գյուղացիների տների հարևանությամբ: Անընդհատ պետք է լինի շարժիչների աղմուկ, փոշի, դա վնասելու է ոչ միայն շրջակա միջավայրին, այլ ամբողջ տարածքին:
Գյուղապետն ասում է, որ հանքի բացման դեպքում սեփականատերը կարող է գյուղի ճանապարհը վերանորոգել, ինչ-որ բաներ երեխաների համար անել, բայց դրանք կլինեն ժամանակավոր բաներ: «Իսկ հանքը մեր գյուղի ապագա սերնդի ամբողջ ապագան պետք է փչացնի»,-ասում է Ա.Նովիկովը:
«Մենք արդեն երեք անգամ համայնքային լսումներ ենք անցկացրել: Չգտնվեց այնպիսի մարդ, որ ասի, թե՝ դե լավ, թույլատրենք, համաձայն եմ: Նույնիսկ մարդիկ ՀՀ կառավարությանն ու ՀՀ բնապահպանության նախարարությանն են նամակ ուղարկել: Բոլորը գործին տեղյակ են: Այդ տարածքը նաև պատմական հուշարձան է: 2,5-3 հազար տարի առաջ հանքի տարածքում քաղաքակիրթ բնակչություն է ապրել, և մենք իրավունք չունենք այդտեղ որևէ բան կառուցել կամ քանդել»,- ասում գյուղապետ Ալեքսեյ Նովիկովը: |
Վասիլի Զադորկինն ասում է, որ եթե հանքը բացվի` գյուղի «թթվածինն էլ է փակվելու»: «Ամբողջ գյուղով ոսկու հանքի հարցը արդեն քննարկել ենք: Մենք բոլորս դեմ ենք այդ հանքին, արդեն գիտենք՝ այնտեղ ճառագայթումը կբարձրանա, և ջուրը կանհետանա այստեղից, նույնիսկ կովերի խմելու ջուրը կանհետանա: Մենք բոլորս դեմ ենք, որովհետև մեր կովերը արածելու տեղ չեն ունենալու»:
Համաձայն ներկայացված նախագծի՝ բացահանքն աշխատելու է տարեկան 300 օր, օրը 8 ժամ: Աշխատողների ընդհանուր թվաքանակը 29 մարդ պետք է լինի, որից 9-ը՝ վարչական աշխատողներ և ծառայողներ, 20-ը՝ բանվորներ:
«Չեք համաձայնի աշխատել հանքում»,- հարցրինք Վասիլիին: «Մեզ պետք չէ, այդպիսի աշխատանքը, որով նրանք մեզ սպանելու են»,- պատասխանեց Վասիլին:
Ֆիոլետովոյի գյուղացիները աշխատանքի համար մեկնում են Ղարաբաղ, Ալավերդի, Երևան: «Գիշեր-ցերեկ աշխատում ենք: Մարդիկ իրենց քրտինքով ապրում են»,- ասում է Վասիլին և պատմում,-Թեղուտի հանքը շահագործելուց հետո գնացել եմ Թեղուտ: Շնող գետը ոչ գետա. ոչ խմելու ջուրա, անասունն էլ չի էդ գետի ջրից խմում: Մի ժամանակ գնացել ենք էնտեղ մոշ ենք հավաքել, հմի էլ, եսիմ ինչ է դարձել էնտեղ: Նույն բանն էլ մեր գետի` Աղստևի հետ է լինելու, Ֆիեոլետովոյում լինելու է ավելի վատը, քանի որ մեր տարածքը փոքր է: Եթե մենք չկարողանանք արդյունքի հասնել, պարտադրված պետք է լքենք մեր գյուղը և Հայաստանը»,- ասաց Վասիլին:
Վասիլի Զադորկին | Ագրաֆենա Դյակոնովա |
Գյուղամիջում գտնվող խանութի վաճառողուհի Ագրաֆենա Դյակոնովան զայարույթով ընդունեց ոսկու հանքի մասին մեր հարցը. «Ֆիոլետովոյի բնակիչները պետք է կորցնեն իրենց կյանքը և տունը ` մի քանի մարդու հարստանալու համար: Նրանք կհարստանան մեր երեխաների և թոռների կյանքի հաշվին: Իսկ ընդհանրապես կա՞ իրավունք բացել հանքը` գյուղի տարածքում»,- հարցրեց Ագրաֆենան:
«Ոչ, մենք երբեք չենք համաձայնի ոսկու հանքի բացմանը: Երեք անգամ հարցը քննարկվել է, երկու անգամն էլ ես դեմ եմ քվեարկել: Ամբողջ գյուղը դեմ է: Բոլորն են դեմ, բոլորը: Հիմա, եթե մեզ մոտ բացվի հանքը, դուք պատկերացնում եք, այդքան գրունտը հարկավոր կլինի հանել, որտե՞ղ են այն թափելու»,- հարցրեց Անդրեյ Զորկինը:
«Մեր գլխին են թափելու, որտեղ»,-պատասխանում է զայրացած Ագրաֆենան:
«Բացի այդ, վտանգավոր են պայթեցումները: Մեզ մոտ այսպես, թե այնպես հողը սողանքային է: Հանքը մեզ օգուտներ չի բերի»,- հավելում է Անդրեյը:
Անդրեյ Զորկին | Միխայել Արենին |
«Մենք հանքի տարածքը կբաժանենք մեր մեջ: Յուրաքանչյուրս, թեկուզ 2 մ հողի անձնագիր կստանանք, այն ժամանակ ես իմ կուսոկ հողաբաժինը չեմ զիջի ոչ մեկին, որ այնտեղ հանք բացվի»,-ավելացնում է Միխայել Արենինը:
«Եթե համայնքի ընդհանուր ժողովում ընկերությունը Ֆիոլետովո գյուղի բնակիչների հետ ընդհանուր հայտարարի չգա, Ֆիոլետովոյի ոսկու հանքը չի բացվի: Բայց հիմա ընկերությունը փորձում է Ֆիոլետովոյի գյուղացիների բարձրացրած որոշ հարցեր լուծել` ընդհանուր հայտարարի գալու համար: Եթե գյուղացիները համառորեն դեմ կանգնեն` հանքը չի բացվի»,-«Հետքին» աասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հունվարի 23-ին Հանրային խորհրդում հանքի շահագործման վերաբերյալ քննարկմանը 4 հանձնաժողովներն էլ բացասական դիրքորոշում է հայտնել նախագծի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն նպատակահարմար չէ:
Ովքեր են Ֆիոլետովոյի հանքավայրի բաժնետերերը
Հայաստանում գրանցված «Գրեյդ Ռեդմենտ» ՍՊԸ-ն է ստացել Ֆիոլետովոյի տարածքում ուսումնասիրություններ կատարելու լիցենզիան: Նույն ընկերությունն էլ պատրաստվում է շահագործել հանքավայրը:
«Գրեյդ Ռեդմենտը» հիմնադրվել է 2005-ին, հիմնադիրներն են եղել Հասմիկ Հարությունյանը, Մայրեն Բատոյանը և Վարդան Մարգարյանը:
«Գրեյդ Ռեդմենտ» ՍՊԸ-ն ուսումնասիրության և բնապահպանական թույլտվություններն ստացել է այն ժամանակ, երբ ՀՀ բնապահպանության նախարար էր Վարդան Այվազյանը, այժմ պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Հասմիկ Հարությունյանը Այվազյանի ղեկավարած տարիներին ԲՆ աշխատակազմի բնապահպանության պետական տեսչության ընդերքի երկրաբանամարկշեյդերական վերահսկողության բաժնի պետ Երվանդ Հովհաննիսյանի կինն է: Մայրեն Բատոյանը՝ Վարդան Այվազյանի կնոջ ընկերուհին և համագյուղացին: Այդ մասին «Հետքը» տարիներ առաջ գրել էր: Վարդան Մարգարյանը Մեղրաձորի հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ընկերության սեփականատերն ու տնօրենն է:
2014թ. գարնանը բաժնետերերի որոշակի փոփոխություն է եղել: Հասմիկ Հարությունյանը մնացել է, Վարդան Մարգարյանն իր բաժնեմասը գրանցել է դստեր՝ 24-ամյա Մանե Մարգարյանի անվամբ, իսկ Մայրեն Բատոյանն իր բաժնեմասը փոխանցել է Սերոժ Սարգսյանին:
Մանեի հետ ֆեյսբուքյան սոցիալական ցանցի միջոցով փորձեցինք կապ հաստատել և զրուցել հանքի մասին, վերջինս արձագանքեց, սակայն երբ իմացավ, որ խոսքը Ֆիոլետովոյի հանքի և իր անվամբ գրանցված բաժնեմասի մասին է, այլևս չպատասխանեց մեր հարցերին:
Երրորդ բաժնետեր Սերոժ Սարգսյանը չարենցավանցի է, ապրում է Վարդան Այվազյանի հարևան թաղամասում: Չարենցավանցիներից տեղեկացանք, որ վերջինս Վարդան Այվազյանի որդու ընկերն է:
«Գրեյդ Ռեդմենտ» ընկերությունը գրանցված է Արին Բերդի 7 հասցեում: Այցելեցինք այդ հասցե, սակայն այդ ընկերության որևէ գրասենյակ կամ ընկերության մասին որևէ տեղեկություն իմացող տարածքում չկար: Այն կիսաամայի էր:
Արին Բերդի 7 հասցեն |
Ի վերջո, կարողացանք հադիպել ընկերության տնօրեն Գրիգոր Գյուրջյանի հետ: Հանդիպմանը ներկայացել էր նաև բաժնետեր Մանե Մարգարյանի հայրը՝ Վարդան Մարգարյանը: Նա իր մասին պատմեց, որ եղել է Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերի տնօրենը, իրեն է պատկանում Մեղրաձորում վերջին տարիներին բացված հանքավայրը:
Տնօրեն Գրիգոր Գյուրջյանն էլ խորհրդային տարիներին երկրաբանության նախարարի առաջին տեղակալն է եղել:
«Մենք զասլուժաննի մարդիկ ենք, պաշտոնյայի տղա չենք, որ էս ունենանք, էն ունենանք, մենք մաքառել ենք դրա համար»,-ասում է Վ. Մարգարյանը:
Մեր հարցին, թե Վարդան Այվազյանի հետ ինչ առնչություն ունեն, Վարդան Մարգարյանը պատասխանում է, որ մոտ կապեր չունեն. «Էնքանով, որքանով որ էս բաների ժամանակ բնապահպանության նախարարն ինքն էր, էդ ձև ենք առնչվել»:
Հաջորդ հարցով փորձում ենք ճշտել, թե բացի իրենից, ովքեր են մյուս բաժնետերերը, Վարդան Մարգարյանը պատասխանում է. «Ոչ մեկը»: Ճշտող երկրորդ հարցն ենք տալիս, թե իսկապե՞ս միայն ինքն է: Պատասխանում է՝ «հա»: Մեր դիտարկմանը, թե ռեգիստրում 33 % բաժնեմասն էլ Հասմիկ Հարությունյանին է, պատասխանանում է. «Էլի ես եմ իրանց տեղադրել: Իմ հարազատներն են»: Թե ինչ հարազատական կապ ունեն, չի մանրամասնում:
Սերոժ Սարգսյանի մասին հարցի պատասխանը Գ. Գյուրջյանն ու Վ. Մարգարյանը փոքր-ինչ երկար փնտրեցին: Վերջապես Գ.Գյուրջյանն ասաց, որ իր մտերիմն է: «Սխալվեցի, որ իմ անունը չգրեցի, մտածեցի՝ կարող է ասեն նախկին փոխնախարար է, այդ ձև սկսեն բզբզել»,-հիմնավորեց նա:
Ի՞նչ է նախատեսված Ֆիոլետովոյի հանքի համար
Ֆիոլետովոյի հանքավայրի տարածքը |
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ֆիոլետովոյի հանքի արդյունահանման բնապահպանական եզրակացություն դեռևս չեն տվել: «Գրեյդ Ռեդմետ» ընկերության տնօրեն Գրիգոր Գյուրջյանը պատմեց, որ իրենք հետ են վերցրել նախագիծը, որպեսզի փոփոխեն և, գյուղացիների առաջարկներն ու պահանջները ներառելուց հետո, նորից ներկայացնեն փորձաքննության:
Գ. Գյուրջյանը համոզված է, որ չի կարող ողջ համայնքը դեմ լինել հանքին, քանի որ համայնքի աշխատունակ մարդկանց մեծ մասը մեխանիզատորներ են ու աշխատում են տարբեր հանքերում: Ըստ Գ.Գյուրջյանի` գյուղի երիտասարդներն էլ են կողմ, սակայն գյուղում որոշ մարդիկ տարբեր ասեկոսեներ են տարածում, որ ուրան կա, երեխաները կծնվեն երեքգլխանի, յոթոտանի և այլն, ինչի պատճառով գյուղացիները բացասաբար են տրամադրված:
Գ.Գյուրջյանն ասում է, որ համայնքում կայացած հանրային լսումներին առաջարկել են փակ քվեարկում անցկացնել. «Չարեցին, սեղանը ջարդեցին, հարձակվեցին թղթերը ճղեցին: Նույն գյուղի ջահելն ինձ ասում է, որ ուզում է հանքը բացվի, հերն ու մերը չեն ուզում, բայց երեխեքն ուզում են: Երեխեքը չեն ուզում մալականի պես ապրեն»,-ասում է Գ.Գյուրջյանը:
«Ով հանքարդյունաբերության դեմ դուրս է գալիս էս ժամակահատվածում, ինձ թվում է՝ հայ ազգի թշնամիներն են»,-շարունակում է Վարդան Մարգարյանը: «Գրեյդ Ռեդմետ» ընկերության բաժնետերը համոզված է, որ «խառնակիչները կանաչներն են» (նկատի ունի՝ բնապահպաններին ու ակտիվիստներին-հեղ.), որոնք փող են ստանում թուրք-ադրբեջանական կողմից: «Բայց ես հաստատ համոզված եմ, որ էդ գրանտներով էս կանաչները ընենց լավ են ապրում, ու սաղին հանել են դուշման»,-ավելացնում է Վ.Մարգարյանը: Նա թվարկում է այն օգուտները և տարեկան պետական բյուջե կատարված մուտքերը, ինչի հաշվին Հայաստանը հարստանում է:
«Լավ, գյուղա, էդքանա իրա մակարդակը, էդքան են հասկանում, բայց կան ցեցեր, որ, ասենք, սաղին վարակել են, որ հանկարծ՝ նայեք համաձայնեք, դուք դավաճան եք: Դրանց են լսում, վախենում են, բայց կարան գան առանձին ասեն, գիտեք, մենք կողմ ենք, բայց չենք ուզում գյուղում գան ասեն՝ սրանք դավաճան են: Դրա համար պետական ատյանով է պետք սրա լուծումը գտնել»,-ասում է Վ. Մարգարյանը:
Գյուրջյանը նշում է, որ երբ ուսումնասիրության լիցենզիա են ստացել, համայնքն ու ավագանին թույլ են տվել, իրենք էլ աշխատանքներ են կատարել, գումար են ծախսել դրա վրա՝ իմանալով, որ գյուղը համաձայն է: Միայն 30 մլն դրամ նմուշառման ժամանակ լաբորատորիաներին են վճարել:
Հիմա պատրաստ են համայնքի առաջադրած փոփոխություններն անել:
«Լցակույտերի համար ասել ենք՝ ձեր համայնքում որոշեք, որտեղ եք տեղ տալիս: Չեք տալիս, Համզաչիմանի (Մարգահովիտը) համայնքից կվերցնեմ տարածք: Դուք ճահիճ ունեք, տվեք ճահիճը, հետո վրան հող ավելացնենք, դա հետո ձեր համար կդառնա մշակովի հող: Եթե չեք ուզում, Համզաչիմանը կողքից խնդրում է, իրենցից կվերցնեմ: Եթե ասում են՝ ջուրն է պակասում, գրեք, մենք ձեր ջրի գարանտ ենք»,-ասում է տնօրեն Գյուրջյանը:
Բաժնետեր Վարդան Մարգարյանն ասում է, որ Ֆիոլետովոյում պայթեցումներ չեն լինելու, աշխատելու են նորագույն տեխնիկայով, որը թույլ է տալիս հանքաքարը վերցնել առանց պայթեցումների: «Կարիերնի խորքը 100 մետր է, բայց պաշարը 40 մետրի վրա է: Մենք ենթադրում ենք, որ ներքևում էլ պաշար կլինի: Բայց դու աշխատում ես, հողային աշխատանքներ են, միգուցե մի քիչ սենց գա, միգուցե անկյունը մի թեթև թեքությունը չկարողանաս պահպանել, էդ ամեն ինչի վրա և հարկայինն է գալիս, և էներգետիկայի նախարարությունը, և վերստուգիչ պալատը և մյուսը, ու քեզ դրա համար պատժում են, դրա համար նախագծերում հիմնականում վերցնում ես էն լիմիտները, որից էն կողմ չես անցնելու»,-նախագծում նշված 100 մետր խորության մասին պարզաբանում է Վարդան Մարգարյանը:
Պատասխանատուներն ասում են, որ Ֆիոլետովոյի հանքավայրի համար մեծ ներդրում նախատեսված չէ՝ մոտ 1 մլն դոլարի սահմաններում, քանի որ լեռնահանքային տեխնիկա է աշխատելու: Հաշվարկված է, որ մեկ տոննայում 3 գրամ ոսկի է լինելու: Տարեկան արդյունահանելու են 10 հազար տոննա հանքաքար՝ 30 կգ ոսկի:
գնայուկ բզեզ | գնայուկ բզեզ | չրխկան բզեզի թռթուռը |
գնայուկ բզեզ | սևամարմին | լեշակեր բզեզ |
Թեպետ նախագծում նշել են, որ տարածքում չեն գրանցվել ՀՀ Կարմիր գրքում գրանցված անողնաշար կենդանիների որևէ խմբի պատկանող տեսակներ, սակայն այստեղ հանդիպում են 26 ընտանիքների պատկանող 133 տեսակի բզեզներ, այդ թվում՝ մի շարք նեղ տարածվածություն ունեցող բզեզներ, որոնք կարող են բնապահպանական նշանակություն ունենալ: Օրինակ՝ Հայաստանի 1, Անդրկովկասի` 5 և Կովկասի 5 էնդեմիկ տեսակները: «Դրանք էնքան հիմար բաներ են՝ բզեզ-մզեզ,- մեր դիտարկմանն արձագանքում է Վարդան Մարգարյանը և քիչ անց ավելացնում,-Էնդեմիկ բզեզներին մենք պահպանելու ենք, փաղաքշելու ենք, չենք թողնելու վերանան»:
Տարածքում կան նաև հուշարձաններ: Գյուղացիները բրոնզե դարաշրջանից պահպանված հուշարձանի մասին են վկայակոչում: Սակայն տնօրեն Գ. Գյուրջյանը չի վստահում նրանց ասածներին. «Մի հատ թուղթ են գտնում՝ թե էդ բլուրի վրա բրոնզե դարի հուշարձան կա: Խի, որ լիցենզիան տալիս էիք, չգիտեի՞ք, որ հուշարձան կա, խի՞ էիք տվել էդ տարածքը, որ ես ուսումնասիրեմ, հիմի ուսումնասիրել եմ, բերել եմ շահագործման նախագիծը, ասում են՝ չէ: Հլը եկեք ցույց տվեք որտեղ է էդ հուշարձանը, մենք էլ տեսնենք, էդ հուշարձանը մի հատ սիմվոլ է կոմպյուտերի վրա, որտեղ մեկը ուզում է հանք շահագործի, էդ սիմվոլը վեկալում են, տանում են՝ ասում են՝ ստեղ հուշարձան կա: Գցում են դրա վրա»,-այսպես է բացատրում Գ.Գյուրջյանը:
Համաձայն ներկայացված նախագծի՝ հանքավայրի շահագործման հետևանքով տնտեսությանը հասցված վնասը գնահատվել է տարեկան ավելի քան 67 մլն դրամ: Մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով վնասը գնահատվել է տարեկան առավելագույնը` 1.642 մլն. դրամ: Հողերի օտարումից տնտեսական վնասը կկազմի 3.2 մլն դրամ, հողային ռեսուրսների վրա ազդեցությունը 1 տարվա կտրվածքով գնահատվել է 62.235 մլն դրամ, ջրային ավազանի աղտոտվածության հետևանքով վնասը կկազմի 4.7 հազար դրամ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել