ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների տակ հայտնված հայկական ընկերությունը սարքավորումներ է արտահանել Ռուսաստան
ԱՄՆ առևտրի նախարարությունը արտահանման սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի հետ աշխատած 71 կազմակերպությունների նկատմամբ։ Ցանկը հրապարակվել է այսօր, որտեղ Ռուսաստանում գրանցված 69 ընկերությունների կողքին տեղ են գտել նաև մեկ ընկերություն Հայաստանից և մեկը՝ Ղրղզստանից։
Ցանկում հայտնված հայկական ընկերությունը «Մեդիսար» ՍՊԸ-ն է։ Այն գրանցված է Երևանում։ Հիմնադրվել է 2001 թվականին։
Ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ հանրապետության խոշոր և միջին արդյունաբերական հիմնարկներին, գիտահետազոտական հաստատություններին ու լաբորատորիաներին մատակարարում է լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ, արդյունաբերական քիմիական հումք, ապակեղեն և այլն։ Հարկային մարմնում գործունեության տեսակը նշված է «այլ քիմիական նյութերի մեծածախ առևտուր»։
Մաքսային ծառայությունից «Հետք»-ի ստացած տվյալները ցույց են տալիս, որ 2022 թվականին «Մեդիսար» ՍՊԸ-ն Հայաստանից Ռուսաստան է արտահանել սարքավորումներ, այդ թվում՝ էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ, դիոդ, տրանզիստոր և նման կիսահաղորդիչ սարքեր։
«Մեդիսար»-ը արտասահմանում հայտնի մի շարք արտադրողների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, ինչպիսիք են՝ Kinematika AG (Շվեյցարիա) , ATAGO CO., LTD (Ճապոնիա), Hanna instruments (Գերմանիա), Citizen (ԱՄՆ), Daihan scientific Co.(Կորեա) ընկերությունները:
«Մեդիսար» ընկերության 100% սեփականատերը և տնօրենը Մանվել Գաբրիելյանն է։
Նա սեփականատեր է նաև այլ ընկերություններում։ Այդ թվում՝ 33% բաժնեմաս ունի «Լաբորատոր սարքեր և քիմիկատներ» ՍՊԸ-ում, որտեղ նաև տնօրեն է։ Նաև 100% սեփականատեր է «Խիմմաստեր» ՍՊԸ-ում, որը զբաղվում է կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանների արտադրությամբ։
«Մեդիսար» ընկերությունը խոշոր հարկատու է համարվում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականին հայտնվել է Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Վճարել է 372 մլն դրամի հարկեր։ 2021 թվականի համեմատ ընկերության հարկերը կրճատվել են 21 մլն դրամով կամ 5.4%-ով։
2022 թվականի փետրվարից սկսված՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Եվրոպական մի շարք երկրներ ու ԱՄՆ-ն, աջակցելով Ուկրաինային, արգելել են իրենց երկրի տարածքներից ապրանքների արտահանումը Ռուսաստան։
Դրանից հետո ոչ միայն Ռուսաստանից, այլև՝ Հայաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից և այլ երկրներից տարբեր ընկերություններ հայտնվել են ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Նրանք «մեղադրվում» կամ կասկածվում են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանած պատժամիջոցները շրջանցելու և ամերիկյան ապրանքները Ռուսաստան հասցնելու համար։ Պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների հետ ամերիկյան ընկերությունների համագործակցությունը կամ արգելվում է, կամ խիստ սահմանափակվում։
Նոր պատժամիջոցների մասին հայտարարվել է Ճապոնիայում G7-ի առաջնորդների հանդիպման ֆոնին, որտեղ պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ սահմանափակումները։
«Մեդիսար»-ը երկրորդ հայկական ընկերությունն է, որը հայտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Մինչև այս երկու անգամ պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հայաստանում գրանցված «Տակո» ՍՊԸ-ն։ Ինչպես ավելի վաղ պարզել էինք, պատժամիջոցների տակ հայտնված «Տակո»-ն 2022 թվականի ընթացքում շուրջ երեք տասնյակ անուն ապրանք է ներմուծել Հայաստան։
Դրանց շարքում են՝ էլեկտրոնային սխեմաներ, համակարգիչներ և դրանց բլոկներ, հաղորդալարեր, Էլեկտրական կոնդենսատորներ, գեներատորներ, տպագրական և այլ սարքավորումներ, անգամ՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ներկեր, լաքեր, պլաստմասսե իրեր։ Դրանք ամբողջությամբ կամ մասամբ հետագայում արտահանվել են Ռուսաստան:
«Տակո» ՍՊԸ-ի տնօրենն ու միակ սեփականատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 2 մլրդ 411 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ 2.9 անգամ աճել է։ Ապրանքացանկերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանը հատկապես տեխնիկայի և սարքավորումների գծով որպես տարանցիկ երկիր է ծառայել Արևմուտքի և Ռուսաստանի միջև։
Գլխավոր լուսանկարը՝ it.usembassy.gov-ի
Մեկնաբանել