HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերն ավելացնում են շահույթն ու հարկերը. ով որքան է վճարում 

Հայաստանի բանկերն արդեն երկրորդ տարին է՝ «տպավորիչ» շահույթ են գրանցում։ Զուգահեռ ավելանում են նրանց վճարած հարկերը։ Արդյունքում բանկերը ամրապնդել են իրենց դիրքերը խոշոր հարկատուների ցանկում։ «Հետք»-ը ներկայացնում է, թե բանկերից յուրաքանչյուրը որքան շահույթ է ստացել և որքան հարկ է վճարել այս տարվա առաջին ինն ամիսներին։

Հայաստանում գործող 17 առևտրային բանկերն այս տարվա առաջին ինն ամիսներին (2023 հունվար-սեպտեմբեր) ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել մոտ 112 միլիարդ դրամի հարկեր։ Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների ցանկերի վերլուծությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ բանկերի վճարած հարկերի ընդհանուր ծավալն աճել է 64 մլրդ դրամով կամ 2.3 անգամ։

Խոշոր հարկատուների ցանկում բացակայում է միայն «Արցախբանկ»-ը, որի տվյալները նշված ցուցանիշներում արտացոլված չեն։

Բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել է 22.8 միլիարդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 3.5 անգամ աճել է։ Բանկը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Անմիջապես հաջորդում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ 21.3 մլրդ դրամի հարկերով և 4.2 անգամ աճով։

Հաջորդում է «Ակբա բանկ»-ը՝ 10.9 մլրդ դրամի հարկերով, աճը՝ 1.9 անգամ։

«Ինեկոբանկ»-ն ու «Էվոկաբանկ»-ը ևս խոշոր հարկատու բանկերի առաջին հնգյակում են։

Ընդհանուր առմամբ, հարկերի աճ են գրանցել բանկերից 15-ը, իսկ 2-ի դեպքում անկում է գրանցվել։ Բացարձակ թվով ամենամեծ աճը գրանցել են «Ամերիաբանկ»-ն ու «Արդշինբանկ»-ը։ Իսկ տոկոսային առումով «Էվոկաբանկ»-ը։

Ինֆոգրաֆիկան առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab):

Հարկերի բացվածքից երևում է, որ բանկերի հարկերի աճը մեծապես պայմանավորված է շահութահարկի աճով։ Դա 2022 թվականի գործունեության արդյունքում գոյացած շահութահարկն է, որը վճարվել է 2023 թվականի ապրիլին։

2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները դարձան հայկական բանկերի ռեկորդային շահույթի շարժիչ ուժը։ Արդյունքում բանկերի շահույթը նախորդ տարի եռապատկվել է։

Շահույթի աճին էապես նպաստում են բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունները։ Մեծ դեր ունեն արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները։

Այս տարի ևս բանկերը շարունակում են խոշոր շահույթով աշխատել։ Ինչպես այս տարվա հարկերի աճն է նախորդ տարվա շահույթի հետևանքը, այնպես էլ եկող տարվա հարկերում, մասնավորապես՝ շահութահարկում, սպասվում է, որ կարտացոլվեն այս տարվա շահույթի տվյալները։

«Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Ակբա բանկ». ամենամեծ շահույթ գրանցած բանկերը

Ինչպես հարկերի, այնպես էլ շահույթի ցուցանիշով առաջատար եռյակում են «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Ակբա բանկ»-ը: Այս տարվա առաջին ինն ամիսներին ամենամեծ ծավալի զուտ շահույթը գրանցել է «Արդշինբանկ»-ը՝ մոտ 57 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 39%-ով։

Թեև բանկերից և ոչ մեկը վնասով չի աշխատել, սակայն նրանցից 6-ի շահույթը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է։ Առավել մեծ է «Էվոկաբանկ»-ի շահույթի անկումը՝ 57% (տես ներքևում գտնվող ինֆոգրաֆիկան)։

Տեսանելի է «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի շահույթի աճը, որը հասել է 4 միլիարդ դրամի՝ նախորդ տարվա նույն ամիսների 134 մլն դրամի դիմաց։

Ընդհանուր առմամբ, 18 առևտրային բանկերը միասին 215 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել այս տավա հունվար-սեպտեմբերին: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ բանկային համակարգի շահույթը աճել է 21 միլիարդ դրամով կամ մոտ 11%-ով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter