
Հայաստանի բանկերը եռապատկել են շահույթը. 256 մլրդ դրամ՝ 2022 թվականին
2022 թվականին Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը 256.2 մլրդ դրամի զուտ շահույթ են ստացել, որը նախորդ տարվա համեմատ եռապատկվել է: Այս մասին են վկայում բանկերի ֆինանսական հաշվետվությունները:
Չնայած, որ այս պահին բանկերի թիվը 18 է, սակայն վերջին գրանցված բանկը՝ «Ֆասթ բանկը», որը նախկինում «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունն էր, լիցենզիա է ստացել 2022-ի նոյեմբերին, հետևաբար՝ բանկի ցուցանիշները չենք հաշվարկել այս վերլուծության մեջ:
Շահույթով առաջատարը «Արդշինբանկ»-ն է՝ 62 մլրդ դրամի շահույթով, որը 2021-ի համեմատ գրեթե հնգապատկվել է:
Հաջորդում է «Ամերիաբանկ»-ը՝ ավելի քան 44 մլրդ դրամով և կրկնակի աճով:
Երրորդ տեղում «Էվոկաբանկ»-ն է՝ մոտ 26 մլրդ դրամի շահույթով: Նշված բանկը շահույթի աճով ռեկորդակիրներից է: Նախորդող տարում ընդամենը 1.1 մլրդ դրամի շահույթ էր ստացել:
Միայն «ՎՏԲ Հայաստան բանկ»-ն է, որը տարին վնասով է փակել:
Դեռևս այս տարվա երկրորդ եռամսյակից հետո արդեն պարզ էր, որ հայաստանյան բանկերը 2022 թվականը ռեկորդային շահույթով են փակելու: Ինչպես Հայաստանում գրանցվող երկնիշ տնտեսական աճը, այնպես էլ բանկերի շահույթի ռեկորդային այս ցուցանիշը առաջին հերթին պայմանավորված է ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններով:
2022-ի փետրվարից սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկան մեծ թվով ռուսաստանցիներ, որոնց մի մասը դեռևս մնում է այստեղ: Նրանք սկսեցին այստեղ գումարներ ծախսել, օգտվել ֆինանսական, սպասարկման, հանրային սննդի և այլ ծառայություններից, որի արդյունքում այս ոլորտներում գործող բիզնեսների շրջանառությունն ավելացավ:
Հատկապես բանկերի դեպքում դա ակնհայտ է: «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունը ամեն եռամսյակ ամփոփել է բանկերի շահույթի տվյալները: Ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը ավելի վաղ մեզ հետ այս թեմայով նշել է, որ բանկերը էական ծավալի գումարներ են աշխատելարտարժութային գործառնություններից, փոխարժեքային տարբերություններից և այլն:
Վերջին՝ չորրորդ եռամսյակի համար ոչ բոլոր բանկերն են իրենց հաշվտեվություններում կից ծանոթագրությունները հրապարակել, որից կարելի է հասկանալ, թե որ բանկը ինչի հաշվին է շահույթ ստացել: Սակայն, ենթադրվում է, որ ռուսաստանցիների ներհոսքը շարունակել է դրական ազդել բանկերի գործունեության վրա:
2022 թվականի ընթացքում հայաստանյան բանկերը նաև իրենց ծառայություններն են թանկացրել, մասնավորապես՝ միջազգային դրամական փոխանցումների ոլորտում, ինչը ևս լրացուցիչ եկամուտների աղբյուր է եղել նրանց համար: Ընդ որում՝ փոխանցումների միջնորդավճարների բարձրացումը բանկերում բացատրում էին այս ռիսկով, որ արևմուտքի պատժամիջոցներից հետո ռուսաստանցիները հայկական բանկերը կարող են օգտագործել փողերի լվացման համար: Սակայն, հատկանշական է, որ այս ծառայությունները ոչ միայն օտարերկրացիների համար են թանկացել, այլև՝ Հայաստանի քաղաքացիների:
Ֆինանսական համակարգը ծառայությունների ոլորտում ամենաբարձր աճ գրանցած ճյուղերից է: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 11 ամիսներին (հունվար-նոյեմբեր) Ֆինանսական և ապահովագրական ոլորտում շրջանառությունը կազմել է 707 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 49.8%-ով աճել է: Ընդհանուր առմամբ, ֆինանսական ոլորտը իր շրջանառությամբ ամբողջ ծառայությունների ոլորտի մոտ մեկ երրորդն է զբաղեցնում:
Մեկնաբանել