HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Պրծած քաղաք

Untitled առավոտ

առհասարակ ինչ իմաստ ունի
առավոտյան դուրս գալ մի տեղից,
ուր երեկոյան վերադառնալու ես,
 այն էլ նույն քաշով:
© ինչ-որ մեկ 

Փոքր քաղաքում ես ամեն առավոտ արթնանում եմ սովետական կոմոդի ճռռոցից,  արթնանալուց հետո  վեր չեմ կենում ՝ դուրս եմ վազում՝ կոմոդի հետ վիճելը խելագարություն ա. առավոտը դրսի հոտն ունի  ինձ համար. 

Առավոտ.

Անկողնում պառկած առաստաղին եմ նայում. առաստաղն էլ ինձ ա նայում. անհարմար եմ զգում. գլուխս թեքում եմ՝ սկսում սպիտակ հաստ պատին նայել. հերթական անգամ պատկերացնում եմ էն դրվագների բոլոր հնարավոր լուծումները, երբ սև արկղի դիմաց նստած տատիկին, ֆեյսբուքում գոռացող եղբորս, մամային, պապին, քրոջս, քեռուս, հորեղբորս տղային, կնքահորս, տիկին Օ՛Սոնային, մորաքրոջս, մյուս մորաքրոջս, երրորդին, նրա ամուսնուն, զարմուհի Օ՛Աննային, ընտանիքի բարեկամ Դավիթին, քեռակնոջն ու հորեղբորս բացատրում եմ մարդու մենակ մնալու կենսաբանական պահանջը, վերջում հուսահատված գիտական փաստերի եմ հղումներ անում, թե մենակ մնալու բնական պահանջը սիրել-չսիրելու ու առավել ևս հոգեկան շեղման նշան չի, իսկ մենակությունն իրենց կողքին մնալու միակ ձևը. զգում եմ ինչքան եմ հոգնել բոլոր էս տեսակ դրվագներից, հասկանում՝ դրանք էլ են սպառվել՝ Երևանի նման. վերցնում եմ ուսապարկս ու դուրս գալիս տանից: 

Դուրս եմ գալիս անհասկանալի ծագման, անհայտ երկարության շորերս ոտքերիս տակ ու գզգզված մազերով ավելի, քան գորգոնաներինը բոլոր.

« Ի՞նչ գործ ունեմ էս քաղաքում

էս փողոցում

էս շենքում.

Մենակ»,- հեծկլտոցը բգումս խեղդելով՝  ինքս չխեղդվելու համար.

Փողոցի մայթերի երկաթե աթոռներին սուրճս եմ խմում առաջին՝ շորերս չհագած կարգին, հաշիվ եմ խնդրում ու վազում. 15 րոպե էլ նույն ռիթմով վազք ու քաղաքը կվերջանա ինձ համար: Փոքր քաղաքում արագ քայլելը պարապ բան ա. քաղաքը վերջանում ա դեռ կոշիկիդ մաշվելուց առաջ. Փակուղի: 

Untitled 21:52 

Երեկ մի մարդ ինձ ասաց, որ մարդուն
նախևառաջ օ՛դ է հարկավոր, օ՛դ, օ՛դ

Ֆ.Մ.Դոստոևսկի

 Հերթական նոր համարիս ստանում եմ առաջին զանգս. ձայները հիշեցնում են, որ ամսից ավել ոչ զանգել եմ, ոչ հանդիպել, չեմ սիրում, մոռացել եմ, վերջում պարզվում ա արդեն քանի ամիս էլ ընկերներ չենք: Հենց ուզում եմ ասել՝ ուղղակի մենակ մնալ եմ ուզում, րոպեները վերջանում  ու կապն անջատվում ա՝ Երևանի նման: Ստանում եմ հաջորդ զանգը. ձայները հիշեցնում են կոնֆերանսի մասին, փոխանցում, որ ղեկավարս ինձ էր փնտրում, երեկոյան ինչ-որ տեղ ինչ-որ քննարկում կա: Հենց ուզում եմ ասել՝ ուղղակի մենակ մնալ եմ ուզում, րոպեները վերջանում ու կապն անջատվում ա՝  Երևանի նման: 

Ես արթնանում եմ. ինձ գտնում գիրքը ձեռքիս այգում քնած. հիշում եմ, որ հունիսի 1-ից հեռախոս չունեմ, հետևաբար ինձ ոչ ոք չէր կարող զանգել. Էս անգամ լավ պրծանք. թեթևացած խորը շնչում եմ. հենց արտաշնչելու վրա մոտենում ա տարեց մարդ, առանց խնդրելու հիշեցնում, որ ուշ ա, այգում մենակ մնալը վտանգավոր, հարցնում ինչով օգնի, ինչի եմ մենակ, ինչի՝ տխուր, հիվա՞նդ եմ, փո՞ղ չունեմ, գո՞րծ չունեմ, ուսանող եմ, թե՞ հավաքարար, նեղացրե՞լ են, սովա՞ծ եմ, չե՞մ մրսում, օգնության կարիք  կա կամ երևի գնալու տե՞ղ չունեմ. «Այ պապի, սովորական մարդ եմ, տուն-տեղ ունեմ, սոված չեմ՝ առավոտյան սրճել եմ, փող մի օր կունենամ, ինձ ոչ ոք չի հետապնդում,- արտաշունչս վերածվում ա հոգոցի,- թրաֆիքինգի ու ընտանեկան բռնության զոհ չեմ, հիվանդ չեմ, խմած չեմ, ինքնասպանության պլաններ չունեմ…»: Մինչ ուզում էի ավելացնել՝ ուղղակի մենակ մնալ եմ ուզում, հասնում եմ կենտրոն: 

 

Untitled գիշեր

Մի օր լինելուս համար շնորհակալ կլինեմ բոլոր մարդկանց,
որ ինձ մենակ թողեցին՝ այսինքն ինձ:

Փաբերի փողոցում եմ:

Irish չարժի մտնել, Synkope-ում երեկ էի, Brick գնամ նորից քեզ եմ հիշելու, մեր վերջին brick-ը Brick-ում էր, Friends-ում բոլորը փայլուն են, DIY-ը պրծելա ա, Beatles-ը, Troll-ը ու էն մյուսը անցած էտապ են, Calumet-ում բոլորը ծանոթ են.

Մինչ մտածում էի՝ որտեղ կարող եմ մենակ մնալ, Yellow Street մտա.  Adios  nonino-ն էր հնչում.  «վայ, բարև ձեզ»........................................ : Yellow-ն էլ ա հոգեվարքի մեջ, մի 6 ամիս էլ ու շունչը կփչի՝ Փարիզյանի պես: 

Իմ սիրելի ընկերուհի, պանդոկը նույնն է:

Եվ նույն տխմարությունն է պատերին,

Գները նույնն են: Լա՞վն է ավելի գինին:

Չէի ասի. ոչ լավն է, ոչ էլ վատը:

Առաջընթաց չկա: Եվ լավ է, որ չկա:

/Ի. Բրոդսկի, Եղերերգ/ 

Սուրճ եմ խմում ու պատուհանից կետադրում քաղաքը. 

Փողոցում՝ որպես քաղաքիս բաց վերքեր, մարդիկ են՝ մեռած մեռնելուց հինգ րոպե առաջ, բոլորը դանդաղաշարժ, քայլերգը սի մինոր, տեմպը մեկ քառորդ, քայլում են դանդաղ, զգույշ, որ փոքր քաղաքը չվերջանա հանկարծ. ու քաղաքը ոտքերի տակ ծամոնի պես ձգվում ա, երկարում, դառնում մի կյանքի չափ. էստեղ կյանքի չափը մի քաղաքն ա՝ կես ոտնաչափ.

վարգեք, շլմփացրեք, ծամածռեք ասֆալտը սմբակներով.

դուք գնալուց էլ զգույշ կգնաք ՝ անգամ գնալուց հետո չսայթաքելու համար

դանդաղ

դանդաղ

դանդաղ

կանգնած կադրերի քաղաքի ու ձեր քայլերի պես

որ բութանկյուն էին, անշեշտ,  ոչ՝ հա, ոչ՝ չէ 

Երևանցիները ձգում են պրծած քաղաքը ծամոնի պես

պատգամավորները ձգում են պրծած սուտը ռադիոյի պես. սիրեկանները՝ թեկուզ նախկին, ձգում են սերը ավելի, որովհետև փոքրացող քաղաքում  նոր սեր գտնելը բարդ բան ա, ամուսինները ձգում են բաժանումը, որովհետև փոքր քաղաքում ընտրություն քիչ կա, որդիները ձգում են բաժանումը հայրերից, որովհետև փոքրացած քաղաքում տնից բացի շատ տեղ չկա, ստախոսները ձգում են սուտը, որովհետև փոքր քաղաքում ճշմարտությունը երեկվանն ա, ծամածռության սիրահարը ձգում ա ժպիտը սրճարանում, որովհետև փոքր քաղաքում կոտրատվելու քիչ  տեղ կա. դերասանները ձգում են խաղը մինչև կուլիսներ, որովհետև մեծ խաղի համար փոքր քաղաքում բեմն էլ ա փոքր. գիտնականները մի ամբողջ կյանք ձգում են համալսարանում, որովհետև ձգվելու վերջին կետը փոքր քաղաքի միակ համալսարանի վեջին հարկն ա.

դիմացիս սեղանին արբեցողը երկու կումով  խմեց օղու վերջին կես կումը. 

Ես վերջակետ եմ դնում փոքր քաղաքի դարպասի մոտ, մատուցողից հաշիվ եմ խնդրում ու փակում Yellow-ի դուռը: 

Կենտրոնը  դեռ երեկ էր վերջացել: Կենտրոնից դուրս քաղաքը դեռ չի էլ սկսվել, ուր մնաց վերջանա: Փաբերի փողոցն էսօր վերջացավ: Պրծ : Մինչ  թեթևացած շունչ կքաշեի, որ վերջապես մենակ մնացի, հասա տուն. առավոտյան ես նորից նույն տեղում կարթնանամ ու արտաշունչս էլի հոգոց կդառնա.

***

Երևանյան մենության կրիզիսը 

Արևմուտքում գիտնականները  «Մեծ քաղաքներում մարդու մենակության խնդիրը» վերնագրերով աշխատություններ են գրում, գրողները Homo Urbanus -ի մենակության մասին՝ վեպեր. նույն ժամանակ Երևանում ես մենակ մնալու խնդիր ունեմ: 

Քաղաքը մարդկանց խմբով բնակեցված տարածություն է, որն ունի տարածքի կազմակերպման ձևավորված ինստիտուտներ: Քաղաքի գլխավոր միավորը ոչ թե մեկ մարդն է, այլ՝ մարդկանց խումբը: Մեկ մարդը քաղաք չի կարող լինել. հետևաբար քաղաքում մի մարդու շահերը ստորադասվում  են մարդկանց խմբի շահերին: Քաղաքը միասին ապրելու տարածություն է: Այսօր ամբողջ աշխարհում քաղաքների զբաղեցրած տարածքները մեծացել են, մարդկանց թիվը քաղաքներում համապատասխանաբար շատացել, խմբի անդամների միջև կապը դրա հետևանքով թուլացել է ու մարդն իրեն մենակ է զգում մեծ քաղաքում՝ մեծ խմբի մեջ: 

Երևանի նման փոքր քաղաքները մարդու մենակության տեսանկյունից պարադոքսալ են: Նման քաղաքներում կա հիմնականում երկու խնդիր.

1. սահմանափակ տարածություն

2. փոքր խումբ 

Փոքր քաղաքներում մարդիկ մենակ մնալ  չեն կարողանում առաջինը, որովհետև տարածությունը փոքր է, հետևաբար ժամանացի վայրերը սահմանափակ, կրթական ու համապատասխանաբար մյուս հաստատությունները մի քանիսն են ու սովորաբար բոլորը միշտ այցելում են նույն հաստատությունը. տարածքը սպառում է  ինքն իրեն: 

Եթե ընդունում ենք, որ կյանքի գոյության նախապայմանը շարժումն է, ապա կարող ենք ասել, որ Երևանի նման քաղաքներում նախ չկա կյանք: Մեկնաբանեմ: Ենթադրեք որևէ ժամանացի վայր, օրինակ՝ սրճարան, որը մեծ մասսայականություն է վայելում մարդկանց որոշակի շրջանակներում: Երևանում սրճարաններն ու առհասարակ ժամանցի վայրերն ունենում են 6 ամսից մեկ տարվա «կյանք»: Պատճառը սահմանափակ տարածքում սահմանափակ քանակն է, ինչի հետևանքով մեռնում  է շարժումը: Եթե բացվում է որևէ նոր սրճարան, ձեռք է բերում հաճախորդներ ու մի քանի ամիս անց այն արդեն ունենում է սեփական հաճախորդների շրջանակը, արդյունքում քարանում է շաժումը, դադարումէ մարդկանց շրջանառությունը: Ամեն օր նույն ու արդեն ծանոթ դեմքերը: Իրար փնտրողներն իրար գտնում են, իսկ մյուսներից արագ հոգնում: Շարժման քարացումը նաև զրկում է հաճախորդին մենակ զգալու հնարավորությունից տվյալ հաստատությունում, քանի որ բոլորն իրար գոնե դեմքերով ճանաչում են, ձևավորվում է ոչ ֆորմալ խումբ, իսկ խմբի մեջ մենակ մնալու շանսերը փոքրանում են: 

Փաստորեն խմբային գիտակցությունը, որը պայմանավորվում է նաև տարածքի փոքրությամբ, նախապայմաններից են, որ մարդուն զրկում են մենակ մնալու հնարավորությունից: Երևանում այս երկու խնդիրներն ամենաէականներն են: Խմբային գիտակցություն ունեցող մարդիկ գերհոգատար են հաճախ  անգամ անծանոթների հանդեպ, չեն պահպնում միջանձնային տարածքը ՝ այգիներում, գրադարաններում, երթուղայիններում, աշխատավայրում և այլն: Դրա հետևանքով փոքրանում են որևէ վայրում քեզ մենակ զգալու շանսերը: 

Քամյուն ասում էր՝ քաղաքի մասին պատկերացում կազմելու համար բավական է տեսնել ինչպես են քաղաքում մարդիկ ծնվում, թաղում ու սիրում իրար: 

Երևանում, երբ մարդիկ ծնվում են, հիվանդանոցները լեփ լեցուն են ազգականներով. հուլիսյան ծնուննդներից մեկն էլ ես էի: Հետո, երբ մարդիկ մահանում են, տան պատերը լեփ լեցուն են ազգականներով: Երբեմն ծեսը լրացվում ա տեսախցիկների չխկոցներով ու լրատվամիջոցների բզզոցներով: Հունիսյան գնացողներից մեկը քեռիս էր: Նրան ուղեկցում էին բոլորը ու անգամ էդ բոլորի մեջ չմտնող բոլորը՝ պատրաստ քեռու հետ կամ նրա հետևից գնալ. սենյակում լուռ էին երկուսը՝  հորիզոնական քեռիս ու դեռ ուղղահայաց ես: Ես մտածում էի, որ գոնե հիմա՝ կյանքից հետո, քեռին աղմուկից մենակ մնալու կարիք կունենա: 

Երեկ Հիչքոքը գարեջրատանը ինձ պատմում էր, որ անգամ Լոնդոնում բոլորը միասին են սիրում, միասին քնում, միասին արթանանում. Երևանի հարցում մեկնաբանությունն անիմաստ է դառնում: 

Փոքր քաղաքում բոլորս միշտ միասին ենք  ծնվելու, սիրելու՝ անգամ մեռնելու ժամանակ ու բոլորս ունենք մենակ մնալու խնդիր. Էս ամառ ես ձեզնից մեկն եմ.

Մեկնաբանություններ (4)

Արմինե
Անկեղծ էր, պարզ, դիպուկ, տպավորիչ։ Չկարողացա կտրվել։
Edmila
Հիացած եմ, մեկնաբանությունն ավելորդ է, դու գիտես բառի արժեքը, շարունակիր : Իսկ ինձ համար սա պարզապես հայտնություն էր:
entercogh
Hiacac em, kez kyank voch te trtmutyun...
Untitled
An xosk mi hrashq Eak

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter