HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տաշիրում սեփականատերերը հողը վերադարձնում են համայնքին՝ պարտքերից ազատվելու համար

Տաշիր համայնքը հողի և գույքահարկի մեծ ապառքներ ունի, հողի հարկի պարտքը կազմում է մոտ 480 մլն դրամ, մեքենայի գույքահարկի պարտքը հասնում է մոտ 100 մլն դրամի։ Սեփականատերերը հողի հարկի ապառք ունեն 13 588 կտոր հողատարածքի համար՝ տնամերձ, խոտհարք, վարելահող, որոնց հարկային պարտավորությունները սկսվում են 1994թ-ի ապրիլի 1-ից մինչև 2020թ․-ը։ Տասնամյակների ընթացքում այս գումարն այնքան է մեծացել, որ որոշ անձանց դեպքում հատել է մեկ միլիոնի շեմը։

2022թ․-ին Տաշիր համայնքը երկրորդ անգամ խոշորացնելուց հետո համայնքապետարանը նոր միավորված գյուղերի հողի հարկային բազայի ճշգրտում է կատարել։ Պարզվել է, որ համայնքի կազմում ընդգրկված 24 բնակավայրերի ունեցած հարկի ապառքը 1994թ․-ից մինչև 2020թ․-ն ընկած ժամանակահատվածի համար կազմում է մոտ 480 մլն դրամ։ Օրինակ՝ Մեծավանում գրեթե ողջ գյուղն այդ թվականից հողի հարկ չի վճարել, և բնակիչների հողի հարկի ապառքը կազմում է 123 մլն դրամ, Լեռնահովիտ գյուղինը՝ 57 մլն, Պրիվոլնոյե գյուղինը՝ 49 մլն, Տաշիր քաղաքինը՝ 40,5 մլն, Սարչապետինը՝ 36 մլն, Նորաշենինը՝ 26,5 մլն և այլն։ Եվս 5,6 մլն դրամ հողի հարկի ապառք ունեն իրավաբանական անձինք։

Տաշիրի համայնքապետարանը կուտակված մեծ չափերի ապառքները հավաքագրելու լուծումներ է որոնում։ 2020թ մարտ ամսից մինչ օրս համայնքի ղեկավարը բնակիչների սեփական հողատարածքները համայնքային սեփականություն ճանաչելու մասին 375 որոշում է ընդունել։ Միայն վերջին մեկ տարում, սեփականատերերի դիմումների հիման վրա 156 հողամաս՝ խոտհարք, վարելահող, նաև՝ տնամերձ հողամասեր, վերադարձվել է համայնքին։ Համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա դրանք Կադաստրը գրանցում է որպես համայնքային սեփականություն։

Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանն ասում է, որ սեփական հողամասերից հրաժարվողների մեջ կան մարդիկ, որոնք իրենց աշխատանքի բնույթն են փոխել, այլևս գյուղատնտեսությամբ չեն զբաղվում։ Եթե ցանկանան վաճառել, եթե նույնիսկ գնորդ լինի՝ չի կարող այն արժեքով վաճառել, որ պարտքերը մարի՝ իր կուտակած հարկերն ավելի մեծ թիվ են կազմում։ Որպեսզի հարկեր չկուտակեն՝ հրաժարվում են հողերից։

Սեփականատերերի մի մասի նկատմամբ համայնքի ղեկավարը վարչական վարույթներ է հարուցում։ 2020թ․-ից մինչ օրս հողի և անշարժ գույքի հարկի վճարման պահանջով 427 վարույթ է հարուցել։ Վարույթներով հողի հարկի և անշարժ գույքի հարկի պահանջը ներկայացվում է 2008-2020թթ․-ն ընկած ժամանակահատվածի համար, քանի որ դրանից առաջ եղած հարկային ապառքները համաներելու մասին օրենք է ընդունվել։ Որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում այն հանձնվում է ԴԱՀԿ-ի կատարմանը։

Վարչական վարույթներով հարկերը վճարելու պահանջ ներկայացվում է և՛ համայնքում բնակվողներին, և՛ երկրից հեռացածներին։ Համայնքապետն ասում է, որ Տաշիրում բնակվողները մեծ մասամբ վարչական վարույթի մասին ծանուցվելուց հետո խնդրում են ժամանակացույց տրամադրել, որպեսզի մաս–մաս վճարեն։ «Այս տարի 163 վարչական վարույթ ենք հարուցել, շատ քիչ դեպք կա, երբ թողնում են, որ հարկադիրը գործողություններ իրականացնի։ Վարչական վարույթների մասին ծանուցելուց մինչև հարկադիր կատարում ուղարկելը բավականին աշխատանք ենք կատարում՝ մեկին համոզելով, մեկին՝ սաստելով, որպեսզի հարկերը գանձենք և ապառքների բազաները աստիճանաբար մաքրենք»,- հայտնեց Էդգար Արշակյանը։

Հայաստանից հեռացած նախկին տաշիրցիների վերաբերյալ հարուցված վարչական վարույթները հանձնում են Հարկադիր կատարման ծառայություն։ Է Արշակյանի ասելով՝ հայրենիք վերադառնալու ժամանակ, սահմանը հատելուն պես նրանց զգուշացնում են պարտքերի մասին և գալիս վճարում են։

Հարկային պարտավորություններ ունեցող տաշիրցիների մեծ մասը վաղուց հանրապետությունում չի բնակվում, և ամենադժվարը նրանց գտնելն է։ Իսկ որքան դա երկարում է՝ հարկերը շարունակում են աճել։ Ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկատուի տույժն ավելանում է 0,04%-ի չափով։

«Ժամանակին գուցե այդ համայնքի ղեկավարը լավամարդ լինելու մոտեցումով է գործել, չի հարկադրել, որ վճարեն, բայց դրանով միայն նպաստել է նրանց պարտքերի աճին։ Հարկերը ցանկացած ժամանակ գանձման ենթակա են, և հնարավոր չէ դրանից խուսափել»,- նշում է Տաշիր համայնքի ղեկավարը։

Ամենադժվարը անժառանգ մնացած գույքը համայնքային սեփականություն ճանաչելն է։ Անցած տարվանից համայնքի ղեկավարը երկու այդպիսի հայց է ներկայացրել դատարան, որոնք վարույթ չեն ընդունել։ «Դատարանները խուսափում են քննել անժառանգ մնացած գույքին վերաբերող հայցերը, բայց դրանց պետք է լուծում տրվի։ Սեփականատերերը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված մարդիկ են, բայց գույքը նրանց անունով է։ Հիմա հայցերը լրացուցիչ հիմնավորում ենք, լրացնում դատական նախադեպերով, որպեսզի ապառքների մի որոշ մասն էլ այդ ճանապարհով լուծենք»,- ասում է Էդգար Արշակյանը։

Դեռևս 2018թ․-ին, երբ «Հետքը» Տաշիրում ուսումնասիրում էր համայնքային խնդիրները՝ տեղական իշխանության ամենամեծ մտահոգությունը հարկային ապառքներից ազատվելն էր։ 2017թ·-ին Տաշիր համայնքը խոշորացվել էր՝ քաղաքի հետ միավորել էր 8 գյուղ։ Համայնքապետարանը հողի հարկային բազայի ճշգրտում էր կատարել և պարզել, որ խոշորացված համայնքն ավելի քան 200 մլն դրամ հողի հարկի պարտք ունի։ Համայնքապետարանի աշխատակազմը հարկերը հավաքագրելու համար դասակարգել էր ապառքներն առաջանալու պատճառները։ Պարտքերը գոյացել էին մի քանի պատճառով, բայց հիմնականը բնակչության արտագաղթն է եղել: 

  • 1990-ականների սկզբին Ադրբեջանից բռնագաղթած հայերը իրենց տները փոխանակել էին Տաշիրի գյուղերում բնակվող ադրբեջանցիների հետ։ Հողերը սեփականաշնորհելու ժամանակ նրանց նույնպես հողակտորներ են հատկացվել։ Փախստական հայերի մեծ մասը, հիմնականում, քաղաքաբնակ էին և չհարմարվելով գյուղական կյանքին՝ կարճ ժամանակ հետո հեռացել են երկրից, շատերը սեփականության վկայականները չեն էլ վերցրել։
  • Մոլոկանները, որոնք մեկ դարից ավելի բնակություն էին հաստատել Տաշիրում եւ մի քանի գյուղ էին հիմնադրել նրա շրջակայքում՝ 1990-ականների սկզբին ողջ գյուղով վաճառել են տները ու հեռացել երկրից: 
  • Հողեր կան, որոնք բնակիչների չմարված վարկի դիմաց դարձել են բանկերի սեփականությունը, ԴԱՀԿ-ն աճուրդի է դրել հողը, բայց կալանքի տակ գտնվող հողի հարկը չի վճարվում, եւ ապառքները շարունակում են կուտակվել։ 
  • Հողի սեփականատերերից շատերը մահացել են, իսկ նրանց ժառանգները հրաժարվում են ժառանգություն ընդունել, որպեսզի հարկեր չվճարեն։

Նախկին բնակիչները հեռացել են ողջ գյուղով, անհասցե, ինչն էլ դժվարացնում էր հարկերը հավաքագրելը, նրանց գտնելն ամենադժվարն էր։ Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, նաև տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետներն ու իրավաբաններն այն կարծիքին էին, որ միայն օրենսդրական կարգավորումով կարող է լուծվել հողի սեփականաշնորհումից օգտված, հանրապետությունից ընդմիշտ հեռացած եւ ընդհանրապես հողամասը չտնօրինած անձանց սեփականության իրավունքից զրկելու հարցը: Այդ կերպ նաեւ ազատվել համայնքների հողի հարկի բազաներում գոյացած հարյուրավոր միլիոնների հասնող պարտքերից:

2018թ սեպտեմբերին հրապարակել էինք «Կառավարությունը քաղաքական որոշում չունի անհայտ սեփականատերերին հողի սեփականությունից զրկելու վերաբերյալ» հոդվածը, որտեղ ներկայացրել ենք այս հարցը։ Այժմ էլ պնդում ենք, որ այն համակարգային լուծում է պահանջում, քանի որ միայն Տաշիրին չէ բնորոշ։ Բազմաթիվ համայնքներ, որտեղ, հատկապես այլ ազգեր են բնակվել՝ եզդիներ, քրդեր, մոլոկաններ, ասորիներ, հույներ և այլն, և որոնք 1990-ականներին հեռացել են Հայաստանից՝ իրենց անուններով հողեր ունեն: 1991-2017թթ․-ին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանը լքել է մոտ 1 միլիոն 250 հազար մարդ, սակայն, զարմանալիորեն մյուս համայնքներում այդ հարցով, կարծես թե մտահոգ չեն։

Տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետներն ու իրավաբանները օրենսդրական լուծումներ էին առաջարկել, որոնք պետք էր քննարկել։ Սակայն, երկրի կառավարումը ստանձնած նոր իշխանության համար այն օրակարգային հարց դարձնելու մեր ջանքերը հաջողություն չունեցան։ Ազգային ժողովի «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի» մշտական հանձնաժողովի հետ երկու հանդիպումների ժամանակ ընդամենը գրառեցին հիմնախնդիրը, բայց չքննարկեցին։

«Նախարարությունը շահագրգիռ է խնդրի վերջնական կարգավորման հարցում։ Այդուհանդերձ, սեփականության իրավունքի համատեքստում մենք դեռեւս չունենք խնդրի սպառիչ լուծման քաղաքական դիրքորոշում, եւ հարցը շարունակում է մնալ միջգերատեսչական քննարկումների փուլում ···»,- դեռևս 2018թ․-ին պատասխանել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված մեր գրությանը։ Սակայն անցնող չորս տարվա ընթացքում նախարարությունն այդպես էլ այդ հարցին չանդրադարձավ։

«Մինչև վերջին խոշորացումը բավականին մաքրել էինք հարկային բազաները, վերջին՝ արդեն ամբողջ շրջանը միավորելուց հետո ապառքները կրկին մեծացան։ Գյուղեր կան, որտեղ աշխատանքը պետք է զրոյից սկսել ու հասնել հարկային բազաների մաքրմանը»,– ասում է Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը։

Տաշիր համայնքը նաև մոտ 100 մլն դրամ մեքենայի գույքահարկի պարտք ունի, որից 1 մլն դրամն է իրավաբանական անձանց պատկանում։ Մեքենայի գույքահարկի պարտք ունի 2662 բնակիչ, որոշ անձանց դեպքում գույքահարկի ապառքը գերազանցում է 1 մլն դրամը, մոտ 2 տասնյակ քաղաքացիների պարտքը գերազանցում է կես մլն դրամը։ 

Համայնքի ղեկավարը տեղեկացնում է, որ մեծ պարտքեր են կուտակել նրանք, որոնք մեքենաները երկրից դուրս են բերել։ Մարդիկ իրենց մեքենաներով են հեռացել և վերաբնակվել, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում։ Կար մի ժամանակահատված, երբ համարանիշները հանձնել են, բայց մեքենաները չեն խոտանել։ Դրանք մնացել են գույքահարկի բազայում և հարկը շարունակել է աճել։ Հիմա ծանուցում են մարդկանց, գույքահարկը վճարում են, որից հետո խոտանում են մեքենաները։ Լինում են դեպքեր, երբ իրականում մեքենան գոյություն չունի վթարվելու կամ այլ պատճառով։ «Տույժերի մասով նրանց զիջում ենք, բայց մայր գումարը վճարում է, հետո հանում գույքահարկի ցանկից»,– ասում է Էդգար Արշակյանը։

Գույքահարկը չվճարողների ցանկում կան արտասահմանցիներ, որոնք վերջին տարիներին Հայաստանում մեքենաներ էին ձեռք բերում, գրանցում էին տեղացիների անուններով, հետո դուրս բերում երկրից։ Համայնքի ղեկավարին հայտնել են, որ այդ հարցին լուծում տալու համար հիմա քննարկումներ են ընթանում Կառավարությունում։ Կան մարդիկ, որոնք բնակություն են հաստատել Ռուսաստանում, բայց այստեղ մեքենաներ ունեն։ Մի քանի տարին մեկ են գալիս, այդ ժամանակ վճարում են։

Էդգար Արշակյանը հավաստիացնում է, որ այս միջոցառումների շնորհիվ 90%-ից ավել կատարում են համայնքի տարեկան բյուջեով պլանավորված հարկային պարտավորությունները։ «Բնակիչների մոտ լավամարդ լինելով՝ համայնքապետարանի աշխատանքը չի ստացվի։ Խոշորացումից հետո վարույթների թիվը մեծացել է, և շատերը որոշակի դժգոհություն ունեն, բայց երբ բացատրում ես՝ մարդիկ հասկանում են։ Նրանց պետք է կարգապահություն սովորեցնես, դարձնես քաղաքացի»,- այսպիսի սկզբունք է որդեգրել Տաշիրի համայնքապետը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter