HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի բժիշկ․ «Հայաստանն էլ ա մեր հայրենիքը, բայց Արցախը մեր բնօրրանն ա»

Բժիշկ Քրիստինե Աղաջանյանն ամեն գիշերը աչքերը փակելիս հայտնվում է հարազատ քաղաքում՝ Ստեփանակերտում։ Իր տանն է, իր բակում։ Երազի մեջ ուրախանում է, բակից ուզում է ավելի շատ հող վերցնել։ Այս կետում ավարտում ենք զրույցը։ Բժիշկը ձեռքով փակում է դեմքը, ներողություն խնդրում ու տեղից վեր կենում։

Ստեփանակերտից դուրս գալու օրը նա փակել է տան դուռը, բանալու մի օրինակը տվել հարեւանուհուն, որպեսզի իրեն անհրաժեշտ իրերը վերցնի։ Հետո բակից մի բուռ հող է վերցրել եւ Ստեփանակերտը սրտում ու մտքում բերել Երեւան։

Քրիստինե Աղաջանյանը քիթ-կոկորդ-ականջաբան է։ 9 տարի Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորելուց հետո վերադարձել էր Արցախ՝ իր ծննդավայր։ 2009-ից աշխատում էր Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում։

Սեպտեմբերի 19-ին արձակուրդում էր։ Այդ օրը փոքր որդու 5-ամյակն էր։ Նախապատրաստական դասարան էր հաճախում։ Երեխային ուրախացնելու համար մայոնեզով թխվածքաբլիթներ էր թխել, քանի որ շրջափակված Արցախում գրեթե հնարավոր չէր ուրիշ բան գտնել։ Տուն հասնելուն պես սկսվել էր ռմբակոծությունը։ Անմիջապես նկուղ էին իջել ու այնտեղ մնացել մեկուկես օր։

«Իրեն սկզբից խաբում էի, ասում էի՝ տեսնո՞ւմ ես, թե ինչ սալյուտ ա քո ծննդյան պատվին։ Ասում էր՝ մամա, ի՞նչ ես ասում, էս պատերազմ ա։ Իրենք միանգամից հասկացել էին, որ պատերազմ է, որովհետեւ բոլորը միանգամիցի իջել են նկուղ, հետո երգում էինք՝ ծնունդդ շնորհավոր, ու լացում»,- հիշում է Քրիստինե Աղաջանյանը։

Պատմում է, որ ամսի 19-ին մինչեւ գիշերը ժամը 3-ը ռմբակոծում էին, ու իրենց թվում էր, թե Ստեփանակերտ չի մնալու։ Շրջափակումը նաեւ հուսահատեցրել էր մարդկանց։ Ասում է՝ եթե եւս մի ամիս էլ շարունակվեր, երեւի իսկական Լենինգրադ կլիներ։ Սննդի, դեղորայքի, փայտի պակասն արդեն խիստ էր զգացվում։ Եվ դժվար էր պատկերացնել, թե ձմեռն ինչ պետք է անեին:

«Ու հենց ասեցին՝ ճանապարհը բաց է, մարդիկ հասկացան, որ թուրքը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, ինքը կարա հա՛մ երեխա սպանի, հա՛մ կին, դրա համար որոշեցինք, որ պետք է Հայաստան գնանք»,- նշում է արցախցի բժիշկը։

Մինչեւ Ստեփանակերտից դուրս գալը մի քանի օր վազվզոցի մեջ էին։ Քաղաքում արդեն լուրեր էին տարածվել, թե ադրբեջանցիները կարող են մտնել նկուղներ։ Ծանոթներից մեկի մեքենայով օդանավակայան էին գնացել՝ իրենց հետ վերցնելով մի քանի ձեռք հագուստ։ Երեկոյան տուն էին եկել, քանի որ ասել էին, թե շուտով ճանապարհը բացվելու է։ Պատերազմի ու դրան հաջորդող օրերը դժոխային էին։ Արցախցի բժիշկն ասում է՝ այդ 5 օրը, կարծես, աշխարհի վերջը լիներ։ Օդանավակայանում պայմաններն անտանելի էին։ Նորածիններին քնեցնում էին գետնին դրված ծածկոցներին։ Շնչելու օդ չկար։

Սեպտեմբերի 25-ին աշխատավայր՝ հիվանդանոց էր գնացել՝ հասկանալու, թե արդյոք օգնելու հարց կա։ Ասել էին, որ շատ քիչ վիրավոր երեխաներ կան։ Այդ օրը նա հրաժեշտ էր տվել գործընկերներին՝ ասելով, որ Հայաստան է գնալու։ Ճանապարհին ո՛չ հեռախոսի, ո՛չ ինտերնետի կապ չեն ունեցել։ Հացն էլ քիչ էր, բայց երկու որդիները չէին բողոքում։ Անգամ շրջափակման օրերին չէին դժգոհում։ Քրիստինեն ասում է՝ երեխաները չէին զգում, որ շրջափակման մեջ են, քանի որ ամեն կերպ ձգտում էին մի բան պատրաստել, ցույց չտալ դժվարությունները։ Սեպտեմբերի 26-ի առավոտյան, երբ արդեն Երեւան գալու ճանապարհին էին, իմացել են վառելիքի պահեստի պայթյունի մասին։

«Մենք գիտեինք, որ ամեն ինչ կորցրել ենք։ Դա արդեն վերջն էր։ Սկզբից որ եկանք, էյֆորիա կար, որ ողջ ենք, որովհետեւ շատ մարդիկ զոհվել են, բայց հիմա հողի կորուստն օրեցօր ավելի է սրվում։ Զգում ես, որ ֆիզիկապես արդեն գոյատեւում ես, դու քո անցյալն ես կորցրել, հողն ես կորցրել, որը քեզ ուժ է տալիս։ Մենք հիմա ապրում ենք միայն մեր երեխեքի համար։ Երեւի մինչեւ մեր կյանքի վերջ չենք կարա վերականգնվենք։ Էդ ցավը երբեք չի անցնի»,- ասում է արցախցի բժիշկը։

Քիչ անց ավելացնում է՝ հիմա Հայաստանում են, ամեն ինչ կա, բայց ավելի ճնշված են զգում։ «Հայաստանն էլ ա մեր հայրենիքը, բայց Արցախը մեր բնօրրանն ա։ Ոնց որ արմատներից կտրված, առանց անցյալի ապրում ենք։ Ասում էի՝ ավելի լավ ա ամբողջ կյանքս ապրեի բլոկադայի մեջ, բայց լինեի իմ տանը։ Հենց աչքերս փակում եմ, իմ տանն եմ»,- ձայնը դողում է, հետո մի պահ լռում ենք։

Քրիստինեն ասում է, որ սեպտեմբերի 19-ի պատերազմն ուրիշ էր։ Ճիշտ է, այն կարճ տեւեց, բայց Արցախն ամբողջությամբ շրջափակված էր. երկու ճանապարհ ունեին՝ կա՛մ մինչեւ վերջ մնալ եւ զոհվել, կա՛մ դուրս գալ։

Հայաստան գալուց հետո դեռ մտադրված չէր աշխատանքի անցնել։ Ավելի շատ ուզում էր ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Ասում է՝ հասկանում ես, որ ամենաթանկը մարդու կյանքն է։ Սակայն ընկերները շատ էին զանգում, ասում, որ աշխատանքի անցնի, որ լավ մասնագետը տանը չի նստի, եւ ինքը ստիպված տեղի տվեց նրանց հորդորներին։

Մեկ ամսից ավելի է, ինչ աշխատանքի է անցել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։ Արցախցի բժշիկն ասում է՝ այս հիվանդանոցն ընտրելու պատճառը գլխավոր բժշկի գործոնն է, որն ամեն հարցով պատրաստակամ է օգնել, բացի դրանից՝ ինքը շատ է սիրում աշխատանքը երեխաների հետ։

Արցախցի գործընկերներով պահում են կապը միմյանց հետ։ Եվ երբ խոսում են, հասկանում են, որ բոլորի ապրումները նույնն են, բոլորի ներսի դատարկությունը նույնն է։

Բժիշկ Աղաջանյանն ասում է, թե արդեն վախենում է մտածել հետագայի մասին։ Միայն ցանկանում է, որ պատերազմ չլինի, խաղաղություն լինի Հայաստանում։ Միգուցե Արցախն էլ նորից հայկական լինի։ Հիմա դա է նրա միակ երազանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter