HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացասական եզրակացության պարագայում երկարացվել է Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը

2022թ. հուլիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի` Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագծին: Մինչդեռ այս տարվա օգոստոսի 29-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկարացրել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը մինչև 2040թ. մայիսի 1-ը: 

Հիշեցնենք` «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրացել է 2023թ. սեպտեմբերի 10-ին: 

Նախարար Գնել Սանոսյանին հարցում ուղարկեցինք` խնդրելով պարզաբանել, թե ինչի հիման վրա է երկարացվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը, եթե ՇՄՆ-ն բացասական եզրակացություն է տվել ընդերքօգտագործողի հայտին: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ  «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դեռևս 2021 թ. դեկտեմբերի 13-ին դիմել է ՏԿԵ-ին` Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման նպատակով: Լիազոր մարմինը, քննարկելով ընկերության դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, այն ներկայացրել է Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարություններ` փորձաքննությունների: 

ՏԿԵ նախարարի 2022թ. հունիսի 21-ի հրամանի համաձայն` ընկերության դիմումը մերժվել է` սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու հիմքով: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն բողոքարկել է նախարարի այս հրամանը ՀՀ վարչական դատարանում, որի արդյունքում Վարչական դատարանը պարտավորեցրել է ՏԿԵ նախարարությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` Մեղրաձորի ոսկու հանքավայրի թույլտվության գորոծղության ժամկետը 16 տարի 8 ամիս երկարաձգելու վերաբերյալ: 

Վարչական դատարանի վճիռը ՏԿԵ-ն չի բողոքարկել, և այն մտել է օրինական ուժի մեջ: 

Այժմ անդրադառնանք դատական ակտին: Գործը քննել է դատավոր Արգիշտի Ղազարյանը: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Տեր-Տաճատյանը հիմնավորումներում նշել է, որ ընկերությունը 2022թ. հուլիսի 14-ին վարչական բողոք է ներկայացրել նախարարություն՝ խնդրելով անվավեր ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ընդերքօգտագործման իրավունքը երկարաձգելը մերժելու հրամանը և ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման թույլտվության ժամկետը 16 տարի 8 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Սակայն վարչական բողոքի հիման վրա վարչական վարույթ չի հարուցվել, չի հրավիրվել որևէ լսում:

Արմեն Տեր-Տաճատյանի մեկնաբանմամբ` Ընդերքի մասին օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ դիմումատուն պարտավոր է վերացնել հենց թերությունները, իսկ որևէ հետագա պարտավորություն դիմումատուն չունի, որևէ օրենսդրական ակտով նախատեսված չէ, որ դիմումատուն թերությունները վերացնելուց հետո անպայման պետք է ծանուցի նախարարությանը:

Տվյալ դեպքում Շրջակա միջավայրի նախարարությունը 14.04.2022թ.-ին ծանուցել է և՛ նախարարությանը, և՛ ընկերությանը՝ հաշվետվությունը լրամշակելու անհրաժեշտության մասին, որից հետո նույն օրը լրամշակել է հաշվետվությունը՝ ուղղելով առկա թերությունները և հայտնելով դրա մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:

ՏԿԵ-ն իր դիրքորոշմամբ առարկել է հայցի դեմ՝ նշելով, որ ներկայացված վարչական բողոքը մերժվել է, քանի որ նախարարի որոշումը իրավաչափ է և ենթակա չէ անվավեր ճանաչման: Հայցվոր ընկերության կողմից թերությունները շտկվել և կրկին են ներկայացվել սահմանված ժամկետի խախտմամբ, որի արդյունքում նախարարությունը կայացրել է մերժման որոշումը: Ավելին, հայցվոր ընկերության կողմից չի ներկայացվել որևէ ապացույց՝ լրամշակված հաշվետվությունը սահմանված ժամկետում ՇՄՆ ներկայացնելու և այն նախարարության կողմից ստացված լինելու վերաբերյալ:

«Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մերժվել է ոչ թե լրամշակված հաշվետվությունը Շրջական միջավայրի նախարարություն ներկայացնելու, այլ այն սահմանված ժամկետում որևէ նախարարություն չներկայացնելու համար, որը չի կարող մեկնաբանվել որպես ձևական պահանջի չարաշահում»,- հայտնել է նախարարության ներկայացուցիչ Սոնա Հայրապետյանը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված 2022 թվականի հուլիսի 27-ի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբարյալ տրվել է բացասական եզրակացություն, որի պարագայում ընդերքօգտագործումն արգելվում է:

Սոնա Հայրապետյանը շեշտել է, որ Ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման հատուկ ընթացակարգ, որի պահպանման պայմաններում միայն կարող է երկարաձգվել ընդերքօգտագործման իրավունքը: Այդ ընթացակարգի մաս է կազմում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը փորձաքննության ենթարկելը և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական դրական եզրակացության առկայությունը, առանց այս ընթացակարգերի պահապանման ընդերքօգտագործման իրավունքը չի կարող երկարաձգվել:

Դատական ակտ` հօգուտ ընդերքօգտագործողի

Այդուհանդերձ, դատարանն ընդունել է բարենպաստ դատական ակտ` հօգուտ ընդերքօգտագործողի, իսկ լիազոր մարմինը` ՏԿԵ-ն, չնայած իր դիրքորոշմանը, չի բողոքարկել այն: 

Դատավոր Արգիշտի Ղազարյանը գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծության և գործով իրականացված դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության արդյունքում առաջ եկած եզրահանգման հիման վրա՝ արձանագրել է, որ հայցվոր ընկերության կողմից դիմումը և պահանջվելիք փաստաթղթերը, այնուհետև դրանց լրամշակված տարբերակը ներկայացվելուց հետո (14.04.2022թ.) լիազոր մարմնի կողմից սահմանված 80-օրյա ժամկետում չի տրամադրվել համապատասխան փորձաքննական եզրակացություն, որի արդյունքում եզրակացությունն օրենքի ուժով համարվել է դրական տրամադրված, որից հետո առաջ է եկել հայցվող բարենպաստ վարչական ակտը ստանալու օրինական ակնկալիք: Դատարանն արձանագրել է, որ 80-օրյա ժամկետում օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ համապատասխան փորձաքննական եզրակացության չտրամադրման արդյունքում դրական եզրակացությունն օրենքի ուժով ընդունված լինելու պայմաններում չէր կարող ընդունվել 2022 թվականի հուլիսի 27-ի բացասական եզրակացությունը:

Դատարանն արձանագրել է նաև, որ պատասխանող վարչական մարմինը չի ներկայացրել որևէ փաստարկ, որի ուժով հնարավոր կլիներ գնահատել և հաստատված համարել, որ առկա է հայցվորի պահանջը մերժելու և խնդրարկվող բարենպաստ վարչական ակտի կայացման անհնարինության վերաբերյալ որևէ հանգամանք:

Ողջ վերը նշվածի հիման վրա դատարանն արձանագրել է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրումն իրավաչափ է:

Անդրադառնալով հայցվոր ընկերության կողմից ներկայացված դիմումը մերժելու վերաբերյալ նախարարի հրամանում նշված հիմքին, այն է՝ մատնանշված թերությունները 10-օրյա ժամկետում չվերացնելու հանգամանքին՝ դատարանն արձանագրել է, որր նման հիմք Ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի 11-րդ մասում նախատեսված չէ, իսկ նույն հոդվածի 13-րդ մասի կարգավորման ուժով արգելված է այդ հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումը:

Անդրադառնալով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասի հիմքին, որով լիազոր մարմինը կարող է մերժել դիմումը այն դեպքում, երբ առկա է բացասական եզրակացություն, դատարանը նշել է, որ սույն վարչական գործի դեպքում նախարարի հրամանը կայացվել է 21.06.2022թ.-ին, որի ժամանակ որևէ բացասական եզրակացություն առկա չի եղել, պատասխանողը դատարան չի ներկայացրել այդ հրամանը կայացնելու պահի դրությամբ այդպիսի եզրակացության վերաբերյալ որևէ տվյալ կամ ապացույց, ուստի այդ հիմքի վկայակոչումը հրամանում ոչ իրավաչափ է:

Դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը խախտել է վարչարարության իրականացման մի շարք հիմնարար սկզբունքներ և հայցվոր ընկերության կողմից իր պարտականությունները բովանդակային առումով կատարված լինելու պայմաններում՝ չարաշահել է առավելագույնի և ձևական պահանջների պահպանման սկզբունքները: Ուստի, դատարանը գտել է, որ վարչական մարմինը չի կատարել վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով ապացուցման իր պարտականությունը, գործով իրականացված դատաքննությամբ ձեռք չեն բերվել ապացույցներ հայցվորի պահանջի բավարարմանը խոչընդոտելու վերաբերյալ, ուստի համարել է, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Իրավական կարծիք. քարուքանդ է արվել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար, էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը կարծում է, որ ​​Մեղրաձորի հանքավայրի շահագործման վերաբերյալ Վարչական դատարանի կողմից ընդունված վճիռն ակնհայտորեն անօրինական է և տարօրինակ, մանավանդ, որ պատասխանող կողմը՝ ՏԿԵ-ն այն չի բողոքարկել։ Դատարանը պարտավորեցրել է ընդերքօգտագործման իրավունք տրամադրել այն պայմաններում, երբ ՏԿԵ նախարարության կողմից դատարանին ներկայացվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված՝ թիվ 0108-22 փորձաքննական եզրակացությունը, որով Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ տրամադրվել է ԲԱՑԱՍԱԿԱՆ եզրակացություն, որի պարագայում ընդերքօգտագործումն արգելվում է։ 

«Այս իմպերատիվ նորմն ուղղակիորեն ամրագրված է ՀՀ ընդերքի մասին օրենքսգրքով, որի համաձայն՝ «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված և դրական եզրակացություն ստացած նախագծի, արգելվում է» (հոդված 51, մաս 14)։ Այս դատական ակտով փաստացիորեն ձևախեղվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ամբողջ գործընթացը։ Փաստացիորեն, դատական վճռի հիման վրա, ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության բացասական եզրակացության առկայության պարագայում՝ առանց նույնիսկ վիճարկելու այդ եզրակացության օրինական լինելու հարցը։ ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը, այն տրամադրելու կամ երկարաձգելու համար օրենսդրությամբ ամրագրված ժամկետներն ու բոլոր այլ իրավական հարաբերությունները պարզապես անկարևոր է համարվել»,- նշում է Արթուր Գրիգորյանը։

Արթուր Գրիգորյանի կարծիքով, այս դատական ակտով ամբողջությամբ աղավաղվել է նաև Համաշխարհային բանկի կողմից ներդրված՝ այսպես կոչված «մեկ պատուհանի» սկզբունքը, համաձայն որի ընդերքօգտագործողները պետք է գործ ունենան միայն մեկ գերատեսչության հետ, իսկ այլ պետական մարմինների հետ իրականացվող մնացած անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը պետք է ապահովի տվյալ գերատեսչությունը (ներկայումս՝ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը)։ 

«Եթե հաշվի առնենք, որ դատական ակտերը կարող են այլ համանման գործերով կիրառվել որպես նախադեպ, ապա կարելի է ասել, որ այս բացարձակ անհեթեթ դատական ակտով քարուքանդ է արվել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացը կարգավորող ամբողջ իրավական և պետական կառավարման համակարգը»,- ամփոփում է Արթուր Գրիգորյանը։

Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter