HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր եւ հիվանդների պատերազմը դեռ շարունակվում է»

Մարինե Գրիգորյանը 19 տարեկան էր, երբ 1999 թ. աշխատանքի էր անցել Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում: Կենտրոնը բացվել էր դրանից մեկ տարի առաջ: Մարինեն նոր էր ավարտել բժշկական ուսումնարանը: Աշխատանքային 24 տարիները նրա համար դառնալու են մեկ օրվա պես, որոնք հետո հիշելու է Երեւանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Ու հիշողություններն անսահման կարոտ եւ ցավ են առաջացնելու:

Վերականգնող թերապիստի աշխատանքն առավել ծանր էր 2020 թ. պատերազմից հետո: Կենտրոն դիմում էին հիմնականում զինծառայողները: Նրանցից մեկը ոտքն էր թողել ռազմի դաշտում, մյուսի ներքին օրգաններն էին վնասված, երրորդը գլխուղեղի վնասվածքով էր: Մարինեն ասում է՝ նրանց տեսնելիս հուզմունքը մեծ էր, քանի որ կենտրոնի աշխատկիցներից շատերի երեխաները հենց այդ տղաների տարիքի էին: Հազիվ էին զսպում իրենց, որ նրանց ցույց չտան իրենց հուզմունքը:

«Հետո՝ մեկօրյա պատերազմը, հետո՝ հրդեհը, որը լրիվ սպանեց… Պատկերացնո՞ւմ եք՝ 9-10 ամիս սոված-ծարավ մարդիկ բլոկադայում, եւ մի օրվա կռիվ: Մի ամբողջ օրը այդ ձայները չեն կտրվել, դրանից հետո թուրքրեը ավտոմատներով մտան քաղաք։ Մեր տունը ծայրամասում էր: Ավտոներում բենզին չկար, բայց որ լիներ, մարդ նստեր, ո՞ւր գնար: Ու հետո էդ պայթյունն էլ գլխից: Իրոք, դժոխք էր։ Որ եկա, տեսա, պատկերացրեք՝ մինչեւ հիմա դուրս չենք գալիս էս վիճակից,- ասում է Մարինեն: Ձայնն սկսում է դողալ, աչքերը լցվել, ու նախադասությունը կիսատ է թողնում,- կներեք, չեմ կարողանալու խոսել, թող աղջիկները խոսեն»:

Կարինե Իսրայելյանը բժշկական ուսումնարանում Մարինեի զուգահեռ կուրսից էր: Նա էլ 19 տարեկանից էր կենտրոնում աշխատանքի ընդունվել:

44-օրյա պատերազմից հետո հասկացան, որ իսկապես ծանր ժամանակներ են: Կենտրոնում վիրավոր տղաները շատ էին՝ մաքուր, միամիտ հայացքներով, վիրավոր մարմիններով, բայց ավելի սարսափելին նրանց վիրավոր հոգեվիճակն էր: Վերականգնող թերապիստը հիշում է, որ տղաներն իրենց անընդհատ հարցնում էին, թե երբ են ապաքինվելու, ոտքի կանգնեն:

«Որ նայում էիր իրենց՝ էդքան երիտասարդ, համարձակ, իրենց ապրելու ուժը, ապաքինվելու ցանկությունն էներգիա էր տալիս մեզ: Մենք էլ, մեր մասնագիտական հմտություններից բացի, մի քիչ մայրական, քրոջ հոգատարությամբ էինք մոտենում: Մեր մասնագիտությունը փաթաթում էինք մայրական հոգատարությամբ, օգնում, որ մի ձեւով հաղթահարեն այդ դժվարությունը»,- հիշում է մեր զրուցակիցը:

2023 թ. սեպտեմբերի 19-ին աշխատանքային օր էր: Կենտրոնում հիվանդներ ունեին: Գանգուղեղային վնասվածքով տղաներ կային, որոնք ֆիզիկական քայլք ունեին, բայց չէին խոսում: Կարինեն ասում է՝ նրանց հայացքները մինչեւ հիմա իրենց հետեւում են: Ուզում էին մի բան ասել, բայց չէր ստացվում:

2020 թ. պատերազմից հետո կրակոցներն արդեն ծանոթ էին արցախցիներին: Կենտրոնում տարհանման ծրագիր էր մշակվել, եւ գիտեին, թե ինչ պետք է անեն: Հիվանդներին արագ տարհանել էին:

-Յուրահատուկ վիճակ է, չես զգում, էմոցիա չկա, չես լացում, չես բղավում, սառած մարդ։ Երեւի դա էլ օգնեց, որ հաղթահարենք էդ վիճակը,- նշում է Կարինեն:

-Վերջին անգամ ե՞րբ եղաք կենտրոնում:

-Վերջին անգամ երեւի 22-ին կամ 23-ին զանգեցին, ասեցին՝ թուղթ կա վերցնելու։ Չենք էլ պատկերացրել, որ դա վերջին անգամն է։ Մինչեւ հիմա չկա այդ գիտակցությունը՝ ո՛չ կենտրոնի, ո՛չ սեփական տան պահով։ Էլ չգնալ, չտեսնել, տենց բան չկա, չի լինում էդ միտքն աճեցնել մեր մեջ: Մտածում ես, որ հնարավոր է գնաս։ Դու էստեղ չես, դու էստեղ ուղղակի․․․ Մտքերով, շարժումներով, երազանքներով, հուշերով տանն ենք։ Ապրում ես, բայց երկու մարդ ես. մեկը, որ պիտի ապրի, որովհետեւ իրավունք չունես էդքանից հետո թուլություն ցուցաբերես, մեկն էլ մարդ, որ չի հասկանում ինչի համար, չի համաձայնում, չի ներում, չի համակերպվում։ Դա մի հոգու խնդիր չէ, դա մի հոգու մտահոգություն չէ: Ամեն մեկն իր սեփական ողբերգությունն է ապրում:

Մարինեն քիչ անց միանում է մեր զրույցին: Ասում է՝ արցախցին կոտրվող չէ, պայքարող է:

«Ասում են՝ արցախցին ցերեկն ապրում է Հայաստանում, գիշերը՝ երազում, Արցախում է լինում։ Ինչքան ժամանակ է էստեղ եմ, դեռ չի եղել մի գիշեր, որ ես տանը չլինեմ։ Միշտ երազում մտնում եմ տուն, մի բան վերցնում: Հիմնականում տնից ոչինչ չենք բերել: Էնքան որ մի քանի շոր գցել ենք ավտոն, ոնց որ հետ դառնալու տպավորություն է: Առաջ ո՞նց էր՝ մի քանի օրով գալիս էինք Երեւան, մնում, հետ դառնում․ նույն զգացողությունն է։ Հիմա որ թիմով աշխատում ենք էստեղ, նույն գգզացողությունն է՝ ոնց որ Ստեփանակերտում ենք, մեր թիմն է, մեր հիվանդների հետ ենք աշխատում»,- ասում է Մարինե Գրիգորյանը:

Արդեն մեկ ամսից ավել է՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի աշխատակիցները կամավորության սկզբունքով օգնում են սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից տուժած մարդկանց Երեւանում՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Արցախցի վերականգնող թերապիստներն ասում են, որ երբ իրենց կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանը տեղեկացրել էր, որ աշխատանքի ծավալը մեծ է Այրվածքաբանության կենտրոնում, եւ առաջարկել էր օգնել, միաձայն համաձայնել են:

Վերականգնողական կենտրոնի աշխատակիցներն այժմ աշխատանք չունեն: Այրվածքաբանության կենտրոնում բացառապես կամավորություն են անում:

Լարիսա Սուլեյմանյանը 2005 թ. է աշխատանքի անցել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում: Ասում է, որ պատերազմի զգացողությունը դեռ իրենց հետ է, իրենց ու հիվանդների պատերազմը դեռ շարունակվում է։

-Այսինքն՝ դեռ պատերազմի մեջ եք:

-Այո, որովհետեւ հիվանդների հետ խոսելուց ամեն ինչ հիշում ենք, իրենք պատմում են, թե ոնց են դուրս եկել, ու ամեն անգամ հիշում ես նաեւ քեզ հետ կատարվածը: Ինձ թվում է՝ դեռ երկար է շարունակվելու, մինչեւ դուրս չգան այդ էմոցիաներն իրենց միջից, չնայած դրան հարմարվել հնարավոր չէ։ Էն, որ մարդիկ կորցրել են իրենց առողջությունը, տունը, հայրենիքը․․․ Շատ դժվար է էս ամեն ինչի հետ համակերպվելն ու սկսել նորից։

Ասում են՝ ծանր է այդ վիճակը տեսնելը, բայց հոգեպես հանգստանում են, երբ կարողանում են մի բանով օգնել, թեթեւացնել այն մարդկանց վիճակը, որոնք դժոխքով են անցել:

«Մենք բոլորս երեւի դեպրեսիայի մեջ ենք: Էդ 4 ժամերը, որ իրար հետ անցկացնում ենք այստեղ, մեզ թվում է, թե Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում ենք, հիշում ենք մեր հիվանդներին, մեր ուրախ եւ տխուր օրերը։ Թվում է՝ դեռ Ստեփանակերտում ենք, եւ միասին աշխատում ենք»,- ավելացնում է Լարիսան:

Ժամը 15-ին միջանցքում արդեն լսվում է արցախյան բարբառը: Դուռը բացելուց հետո ես միայն հասկանում, թե որքան ծանր է տեսնել այրված դեմքերով, ձեռքերով, ձմռան այս օրերին առանց բաճկոնի, ամբողջությամբ այրված թեւերով մարդկանց: Քիչ անց ամեն մեկն սկսում է խոսել իր վնասվածքից, իր դեղատոմսից, հետո իրար խորհուրդներ են տալիս: Մարինեն, Կարինեն ու Լարիսան արագ գործի են անցնում՝ հումորով, ժպիտով թաքցնելով իրենց ծանր հոգեվիճակը: Ու մի պահ, իսկապես, թվում է, Արցախում ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter