HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևցիները գերադասում են ապրել հանքի հարևանությամբ, քան լքել իրենց գյուղը

Սյունիքի մարզը դարձել է բնապահպանական ռիսկերի հանգույց: Թեմային  ավելի հաճախ անդրադառնում են բնապահպանական խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունները, որոնք տարբեր միջոցներով փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել, մասնավորապես,  հանքարդյունաբերության հնարավոր բացասական ազդեցությունների վրա: Հանքարդյունաբերության զարգացման հեռանկարը չի ոգևորում նաև տաթևցիներին:

2011թ. Fortune Oil չինական ընկերությունը 24 միլիոն դոլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի և Սյունիքի մարզի Սվարանց գյուղի երկաթի հանքերը: Սվարանցի հանքը ներկայումս գտնվում է  նախնական ուսումնասիրության փուլում: Այն կտեւի մինչև 2013 թ. նոյեմբերի 7-ը: Եվ քանի որ Տաթևից ընդամենը 4 կմ հեռավորության վրա է գտնվում այդ նույն երկաթի հանքը, որոշեցինք գյուղի բնակիչներից իմանալ նրանց տեսակետները հանքարյունաբերության եւ արդեն իսկ Տաթեւում իրականացվող զբոսաշրջության ծրագրի մասին: Տեղացիների խոսքով իրենք հույս չունեն, որ ինչ որ ծրագիր կամ հանքի շահագործում կարող է դերակատարություն ունենալ իրենց սոցիալական պայմանները բարելավելու գործում; 

«Մինչև «ՏաԹևեր» ճոպանուղու շահագործումը  բոլորն ասում էին, թե մեր ապրելակերպը կտրուկ փոխվելու է, բայց Ճոպանուղին օգուտ տվեց միայն Շինուհայր գյուղին և Գորիսին: Էսօր մենք տուրիստ չունենք. սրանից 10 տարի առաջ գյուղն ավելի շատ տուրիստ ուներ, քան հիմա: Հիմիկվա տուրիստը մտնում ա միայն վանք, նստում ճոպանուղին ու էլի հետ դառնում Գորիս»,- նշեց Դիանա Մինասյանը:

Իսկ թե ինչու գյուղացիները պայմաններ չեն ստեղծում զբոսաշրջիկներ  հյուրընկալելու համար, Արմենուհի Վարդազարյանն  ասաց. «Ինչպե՞ս պայմաններ ստեղծեմ, եթե 25 տարի ա չեմ աշխատում, նույնիսկ 20000-անոցն ու 5000-անոցը իրարից չեմ տարբերում` քանի անգամ եմ տեսել, որ...Դե’, էլ չասեմ, որ  գյուղում ոչ գազ կա, ոչ էլ`  խմելու ջուր: Իսկ եթե  զբոսաշրջիկի համար առաջնային պայման հանդիսացող տաք ջուր ապահովել չենք կարող, էլ ի՞նչ հյուրընկալության մասին կարող է խոսք լինել»:

Իսկ Վաչիկ Մարտիրոսյանը, ով արդեն 5 տարի է իջևանատուն ունի, ասաց, որ առաջին 2 տարիներին  մեծ թվով զբոսաշրջիկների էր հյուրընկալում, իսկ ճոպանուղու կառուցումից հետո գրեթե հյուրեր չի ունենում:

«Ճոպանուղին բացի վնասից, օգուտ չտվեց: Նույնիսկ էնտեղ աշխատողները մեր գյուղից չեն: Մեր գյուղի ջահելները պարապ, պատերի տակ նստած են, բայց ուրիշ տեղերից են գալիս ու  աշխատում», -բողոքում էր Նունե Մինասյանը :

Տաթևցիները նույն մտահոգությունն ունեն նաև հանքի շահագործումից հետո: «Թող ոչ ոք չմտածի, թե նոր աշխատեղեր կբացվեն ու մեր գյուղացիները կաշխատեն»,- իր մտայնությունների մասին բարձրաձայնեց  Զարզանդ Մինասյանը,- մենք միայն վնասը կրողներն ենք»:

Իսկ Գարիկ Ապրեսյանը կտրականապես դեմ է հանքի շահագործմանը. «Մի երկու օլիգարխ մի մեքենայի փոխարեն մի քանիսը կքշեն, իսկ մենք մեր էշն էլ չենք կարա քշենք: Հանքի շահագորշումը մեծ վնաս կտա շրջակա միջավայրին. աղտոտված օդ, կեղտոտ ջուր, թունավոր սնունդ... Եթե ես մի օր արթնանամ ու անարատ կաթ չխմեմ ու պանիր չուտեմ, էլ ես ու՞մ եմ պետք»: Գարիկի միտքը շարունակեց Էմմա Մինասյանը. «Հանքը մեր հարստությունն ,է ու մենք դրանից կարող ենք օգտվել, եթե այն վատ ազդեցություն չունենա շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա: Հակառակ դեպքում` ավելի լավ ա բանջար ուտեմ, քան հանքը շահագործվի,  ու երեխաներս գնան էդ հանքում աշխատելու»:

Համագյուղացիների մտահոգությունը կիսում է նաև Նիկոլայ Գրիգորյանն. « Վտանգը շատ մեծ է: Այդ հանքն ուսումնասիրել են  են նաև Հայրենական Մեծ պատերազմից առաջ: Նույնիսկ  1968 թ. հանքը բացվել էին  և այն տարածքում, որտեղ լցրել էին  հանքից հանված հողը, մինչև այսօր էլ բուսականություն չկա: Եվ եթե կառավարությունը հաշվի առնի մեր կարծիքը, ապա մենք միանգամայն դեմ կլինեք դրա շահագործմանը»:

Իսկ երբ հարց բարձրացավ, թե արդյոք նրանք կլքե՞ն գյուղը, ասենք, մի կլորիկ գումարի...դիմաց, բացասական պատասխաններ հնչեցին .

- Ես ինձ առանց իմ գյուղի չեմ պատկերացնում:

- Կլքեմ, եթե վանքն էլ տեղափոխեն:

- Պետության հիմքը գյուղն ա, և եթե գյուղը չլինի, քաղաքացին ինչպե՞ս պիտի ապրի:

- բա մեր գերեզմաններն ու՞մ թողնենք…

Անահիտ  Բաղդասարյան

Հոդվածը պատրաստվել է «Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում' լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքը պիտի ՀՍՏԱԿՈՐԵՆ վճռի. ԿԱՄ կործանարար հանքարդյունաբերություն , ԿԱՄ տուրիզմ: Այս 2-ը միաժամանակ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ:......................................... ...............Ես էն գլխից եմ դեռ ասել, որ 'Տաթևերը' օլիգարխային ԲԼԵՖ է(ր). այդ մարդիկ փող են ներդրել,որ ՓՈՂ ԱՇԽԱՏԵՆ,այլ ոչ թե գյուղացի օգնեն: Նույնը Խնձորեսկի էդ 'ճոճվող կամուրջը': Դրանց նպատակն է գյուղացիներին քշել Տաթևերի հարակից ամբողջ հողերից ու տեղը օլիգարխային պսպղուն օբյեկտներ սարքել,որ էլ ավելի շատ փող շփեն: Ես նույնիսկ արդեն կարող եմ ասել,որ Տաթևերը դառնում է Սյունիքի ԹՇՆԱՄԻ: ՀԳ. Երանի Սյունիքը Հայաստանի կազմում չլիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter