HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արցախում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների գնահատականը պետք է տրվի Միջազգային քրեական դատարանում

2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախա-ադրբեջանական պատերազմը ուղիղ երեք տարի հետո ավարտվեց Արցախի կորստով։ Արցախն իր 5000-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ ամբողջությամբ դատարկվեց։ Բռնի տեղահանված հայությունը Արցախում թողեց իր ողջ սեփականությունը՝ տուն, անշարժ ու շարժական գույք, բիզնես և այլն։ Վերջին երեք տարիներին ադրբեջանական զինուժի բռնաճնշումների տակ իր ծագման երկիրը լքած մոտ 150 000 հայ տեղափոխվեց և բնակություն հաստատեց Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ հատկացված ժամանակավոր կացարաններում, նաև՝ արտերկրում։

Հայաստանում և արտասահմանում գործող մի քանի կազմակերպություններ, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ աշխատանքի փորձառություն ունեցող անհատ իրավապաշտպաններ, փաստահավաք աշխատանքներ են նախաձեռնել արցախցիների շրջանում։ Նպատակն այն է, որ Արցախում՝ մարդկության դեմ ուղղված հանցագործության դեպքերը քննարկվեն Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) կամ ինչպես ընդունված է ասել՝ Հաագայի դատարանում։ Այժմ փաստահավաքություն նախաձեռնած կազմակերպությունների մեծ մասի հիմնական մտահոգությունը պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հնարավորինս անխոցելի ապացույցներ հավաքելն է, որը կբավարարի ՄՔԴ-ում գործի ընդունելիության պահանջներին։

Քննչական կոմիտեն (ՔԿ) Արցախում՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետող անձանց կոչ արեց ապացույցներ տրամադրել քրեական վարույթն իրականացնող մարմնին։ ՔԿ-ն հրաժարվում է հայտնել, թե կատարվածից երեք ամիս անց քանի վարույթ է նախաձեռնվել այդ դեպքերով։

Հրապարակված վերջին պաշտոնական տվյալներով՝ 2023թ սեպտեմբերի 19-ի մեկօրյա մարտերի ժամանակ Արցախում զոհվեց 230 մարդ, որից 19-ը քաղաքացիական անձինք են, ներառյալ՝ 6 երեխա, հրազենային վիրավորում ստացավ 231 զինծառայող և 80 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվեց 218 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացավ 120 մարդ, 21 հոգի անհայտ կորած է համարվում։ Բռնագաղթի ճանապարհին մահացավ 64 մարդ։ 2020թ պատերազմի ժամանակ և դրան հաջորդող ժամանակահատվածում գերեվարված մեր բազմաթիվ հայրենակիցներ դեռևս գտնվում են Բաքվի բանտերում: Տեղահանության ժամանակ գերեվարվեցին նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

«Շատ կարևոր է, որ պետությունն այդ դեպքերով հարուցված քրեական գործերով օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնի, քանի որ կատարվածը նաև պատերազմական հանցագործություն է։ Մեծ ջանքեր պետք է ներդրվեն ներպետական մակարդակում որակյալ քննություն իրականացնելու համար, և եթե այս քննությունը բավարար ապացույցներ ձեռք բերի, ապա էապես կարող է աջակցել Հաագայի դատարանի շուրջ ընթացող գործընթացներին»,- շեշտում է «Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը։ 

Իրավապաշտպանի ասելով՝ Հայաստանի Հանրապետությունը դրա նկատմամբ իրավազորություն ունի առնվազն երկու հատկանիշով։ Առաջինը, որ այդ հանցագործություններից շատերը կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն, դրանք ՀՀ քաղաքացիների և պետության շահերի դեմ ուղղված հանցագործություններ են, և Հայաստանն իրավասու է դրանք քննել՝ ադրբեջանական հանցագործությունները բացահայտելու և պատասխանատուներին հայտնաբերելու նպատակով։ Կատարվող աշխատանքի լավագույն վերջնարդյունքը, ըստ միջազգային իրավունքի մասնագետի այն կլինի, որ ՄՔԴ-ն հաստատի հայերի նկատմամբ Ադրբեջանի՝ պետական ամենաբարձր մակարդակով խտրականության քաղաքականության գոյությունը և մեկնաբանի դրա բնույթը։ Դրան պետք է հաջորդի նաև այդ քաղաքականությունը վերացնող միջոցառումների իրականացումը։

«Ցավոք, քաղաքական զարգացումները շատ ավելի արագ ընթացան, քան իրավական գործընթացն էր, բայց իրավական արդյունքը, կարծում եմ, կարևոր նշանակություն ունի արցախահայերի վերադարձի ապահովման, անվտանգային երաշխիքների ստեղծման և հակահայկական քաղաքականության համատեքստում»,- ասում է փաստահավաք նախաձեռնության մեջ կարևոր դերակատարում ստանձնած իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, ի տարբերություն մյուս կազմակերպությունների, փաստահավաքությունից բացի, նաև տուժողների շահերի պաշտպանություն է իրականացնում։ «Իրավապաշտպանության մասով նախ՝ փաստաթղթավորում ենք մարդու իրավունքների խախտումները և ներկայացնում միջազգային կառույցներին։ Մաժամանակ, ապացույցներ ենք հավաքագրում, որն օգտագործում ենք զոհերի շահերը պաշտպանելու նպատակով։ Զոհերի և տուժողների համագործակցությունը մեզ հետ այլ բնույթի է՝ վստահության հիման վրա իրականացվող համագործակցություն է։ Նրանց առնչվող բազմաթիվ փաստաթղթեր, որոնք հասանելի չեն այլ կազմակերպությունների՝ մեզ տրամադրվում են»,- հայտնեց ՀԿ նախագահը։

Ս Սահակյանը չի բացառում նաև, որ քաղաքական համագործակցության կոնտեքստում Հայաստանը հրաժարվի նաև իրավական գործընթացներից։ «Այդ դեպքում, կարծես թե, արցախյան էջը փակվում է, մարդու իրավուքների պաշտպանվածությունը հայեցողաբար թողնվում է Ադրբեջանի քմահաճույքին»,- հայտնեց իրավապաշտպանը։

«Հայաստանի և Արցախի մասին չպետք է լռել, քանի դեռ պատերազմական հանցագործությունները վերջնականապես չեն ստացել իրենց պատասխանը»

«Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ միջազգային կազմակերպությունը փաստահավաք աշխատանքը սկսել է 2020թ․-ից։ «Մենք վկայությունների ամենամեծ բազան ունենք՝ մոտ 500 վկայություն, որը հավաքագրել ենք Արցախից բռնի տեղահանվածներից, վերադարձած գերիներից, խոշտանգումների ենթարկվածներից»,- հայտնում է կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Արշակ Գասպարյանը։ Կազմակերպությունը վկայությունների հավաքագրման իր մեթոդաբանությունն ունի՝ վկաներին հանդիպում են իրենց բնակության վայրերում, կամ նրանք են գալիս կազմակերպության գրասենյակ և տեսանկարահանում են։ Տեսանյութերը պահպանվում են դրանց համար նախատեսված հատուկ բազայում։    

Կազմակերպության հավաքագրած վկայությունների մի մասը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն օգտագործել է Հաագայի դատարանում՝ ընդդեմ Ադրբեջանի բերված բողոքներում, և դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ։

«Մենք միջազգային կազմակերպություն ենք, և դա մեր ուժեղ կողմերից մեկն է։ Մի բան է, երբ Հայաստանն է հավաքագրված ապացույցները ներկայացնում, այլ բան է, երբ միջազգային կազմակերպությունն է ներկայացնում միջազգային հարթակներում։ Սա շահերի բախումից հնարավոր ձերբազատման ուղղությունն է»,- ասում է Արշակ Գասպարյանը։

Ականատեսների վկայությունները հավաքագրելու նրանց առաջնային նպատակը ճշմարտությունը փաստագրելն է։ «Ճշմարտությունն արձանագրելը կարևոր է նաև ազգային իրազեկվածության համար, Հայաստանի և Արցախի մասին չպետք է լռեն, քանի դեռ բոլոր գերիները չեն վերադարձել, քանի դեռ Հայաստանի դեմ պատերազմական հանցագործությունները վերջնականապես չեն ստացել իրենց պատասխանը»,- հայտնեց Արշակ Գասպարյանը։

Վերջինս կարևորում է Հայոց ցեղասպանության նպատակադրման շղթան ցույց տալը, որպեսզի հասկանալի լինի, թե Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որտեղից է սկսվել։ Երկրորդ իմաստով՝ հավագրված տեղեկատվությունը որպես իրավական անվիճարկելի, անխոցելի ապացույց դիտարկվելու է միջազգային ատյաններում, կազմակերպություններում, տրիբունալներում, որտեղ քննվում կամ կարող են քննվել պետությունների և անհատների գործեր։

Ա Գասպարյանը շեշտում է, որ իրենց փաստահավաք աշխատանքի հիմքում Միջազգային քրեական դատարանի ապացույցների հավաքագրման մեթոդաբանությունն է։

«Ճշմարտության և արդարության կենտրոն» միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրենը տեղեկացրեց, որ երեք տարի առաջ արտասահմանում գործող 30-ից ավելի իրավաբաններ եկել են Հայաստան և վկայություններ հավաքագրել։ Նրանք աշխատանքներն իրականացնում էին երկու ուղղությամբ։ Առաջինը վկայությունների ուղիղ հավաքագրումն էր այն մարդկանցից, ովքեր պատերազմական և այլ հանցագործություններից տուժել են մինչև 2020թ նոյեմբեր ամիսը։ Երկրորդ ուղղությունը միջազգային իրավունքի զարգացումն էր։ Հայաստանյան 5 բուհի՝ Հայաստանում Ամերիկյան, Ֆրանսիական, Հայ-ռուսական համալսարանների, ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետի և Արցախի համալսարանի ուսանողներին վկայություններ հավաքագրել են սովորեցրել։

Կազմակերպությունը 30-ից ավել զեկույցներ է հրապարակել, որոնց մի մասն օգտագործվել է նաև Միջազգային արդարադատության դատարանում, ներկայացվել է ՄԱԿ-ի տարբեր գրասենյակներին, զեկուցողներին և միջազգային կառույցներին։ «Դրանցից մեկը Խոշտանգումների դեմ կոմիտեն է, որին 10-ից ավելի գործ ենք ներկայացրել և հիմա քննության փուլում են։ Հետագայում դրանք վերաբերելու են Միջազգային քրեական դատարան դիմելու պրոցեսին՝ ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների երեք հանցակազմերով կներկայացվի դատախազին, որպեսզի գործի քննություն սկսվի»,-տեղեկացրեց Ա Գասպարյանը։

«Միջազգային գիտական համայնքին պետք է հասու դարձնել, թե ինչ է տեղի ունեցել Արցախում»

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) և ԱՄՆ-ում գործող «Հայ իրավաբանների միությունը» (ՀԻՄ) սկսել են համատեղ աշխատել Ադրբեջանում հակահայկական ջարդերի փաստագրման և հայատյացության խնդրի ուսումնասիրության ուղղությամբ: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանն ասում է, որ հիմնական նպատակը այդ մարդկանց պատմությունների փաստագրումն է։ Դրանք պետք է հավաքել օնլայն շտեմարանում՝ ժամանակակից թվային տեխնոլոգիաներով մշակելով և թարգմանելով ոչ միայն հայ, այլև միջազգային գիտական համայնքին հասու դարձնել, թե ինչ է տեղի ունեցել Արցախում։

Ինստիտուտում ուսումնասիրել են փաստահավաք աշխատանք իրականացնելու միջազգային պրակտիկան, հիմնականում, Հոլոքոսթի հետ կապված փաստահավաքությունը, որոնք տեսաձայնագրություններ են վերապրողների հետ։ Իրենք նույնպես մտածում են արցախցիներին հրավիրել ինստիտուտի ստուդիա և տեսագրել նրանց հարցազրույցները։

«Ուզում ենք, որ երևա մարդը և հնարավորինս մանրամասնորեն ներկայացնի իր պատմությունը։ Իրավաբանների հետ համագործակցելով՝ փորձում ենք այնպես կազմակերպել հարցազրույցները, որ հետագայում, հնարավորության դեպքում, կարողանան նաև իրավական գործընթացներում օգտագործել։ Հասկանալով, որ այս մեթոդը մեծ հոսք չի կարող ապահովել ստուդիա՝ նաև մենք կայցելենք իրենց»,- հայտնեց Էդիտա Գզոյանը։

Փաստահավաքությանը ներգրավվելու են ինստիտուտի գիտաշխատողները։ Կարծում են, որ Արցախի բարբառն ընկալելու և իրենց հայրենակիցներից ավելի վստահելի մթնոլորտում վկայություններ հավաքագրելու համար անհրաժեշտ կլինի արցախցի կամավորների ընդգրկել աշխատանքում։

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փաստահավաքությունն ավելի լայն շրջանակ է ընդգրկելու։ Ադրբեջանը հայերի էթնիկ զտումը երեք փուլով է իրականացրել՝ 1988թ․-ին, երբ Բաքու, Սումգայիթ և մյուս քաղաքներում կատարված ջարդերի հետևանքով հայերի բռնագաղթի մեծ հոսք եղավ ոչ միայն Ադրբեջանից, այլև հայկական տարածքներից ու շրջաններից։ Բռնի տեղահանության երկրորդ հոսքը սկսվեց 2020թ․-ի պատերազմի ժամանակ և 2023թ․-ին, երբ Արցախը լիովին դատարկվեց հայերից։ «Մենք պետք է ցույց տանք գործողության շարունակականությունը։ Կատարվածը թարմ էր արցախցիների հիշողության մեջ, դրա համար հապշտապ, մի քանի ժամվա մեջ փախան իրենց պատմական հայրենիքից»,-հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը։

Նրանց նախաձեռնած փաստահավաք աշխատանքը նախապատրաստական փուլում է։ Է Գզոյանը տեղեկացրեց, որ «Հայ իրավաբանների միությունը» արդեն հայտնաբերել է Բաքվի ու Սումգայիթի ջարդերից փրկված հայ ընտանիքների, որոնք բնակություն են հաստատել Ամերիկայում։ Ջարդերից փրկվածների մեծ համայնք կա Ռուսաստանում, և տեղի իրավաբանների հետ համաձայնության են եկել, որ միաժամանակ փաստահավաք աշխատանքներ իրականացնեն այնտեղ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և ՀԻՄ-ի միջև ստորագրված հուշագրով Արցախում կատարված ցեղասպանության և Հայոց ցեղասպանության փոխհատուցման թեմայով համաժողովներ պետք է կազմակերպվեն։ «Դրանք հարթակ կդառնան այս կարևոր խնդիրների վերաբերյալ կենդանի և շարունակական գիտական քննարկումների համար նաև աշխարհի այլ հաստատություններում»,- նշվում է հուշագրում:

«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը» նախընտրում է լրատվամիջոցներին մեկնաբանություն չտրամադրել

Արցախցիների շրջանում փաստահավաք աշխատանք է նախաձեռնել նաև «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ» ՀԿ-ն։ Սակայն կազմակերպության նախագահ Նաիրա Սուլթանյանը նպատակահարմար չհամարեց խոսել իրենց աշխատանքի ու նպատակների մասին։ Գրասենյակից հետևյալը փոխանցեցին  «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը» փաստահավաք առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման վերաբերյալ: Այնուամենայնիվ, գործընթացը չվնասելու նպատակով, հատկապես, երբ գործ ունենք հակամարտությունից տուժած անձանց հետ, մենք նախընտրում ենք լրատվամիջոցներին մեկնաբանություն չտրամադրել այս փուլում»։

«Քրեական գործերի քննությունն ու փաստահավաք աշխատանքն այնպես պետք է կատարել, որ կարողանանք դատախազի ուշադրությունը գրավել» 

«Հայ-գերմանական իրավաբանների միությունը» Հայաստանում փաստահավաք աշխատանք իրականացնող կազմակերպություններին աջակցում է ապացույցների հավաքագրման, դրանց վերաբերելիության և այլ հարցերով։ «Եթե փաստերը հավաքագրվեն և հետագայում որոշակի դժվարություն առաջացնեն, օրինակ՝ քրեական գործի շրջանակում իրար հակասեն, լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ։ Դրա համար փորձում ենք հարթակ ստեղծել, որպեսզի փաստահավաք աշխատանքներ իրականացնող բոլոր կազմակերպություններն ու անհատները համագործակցեն միմյանց հետ և տեղյակ լինեն, թե իրենցից յուրաքանչյուրը տուժողների որ խմբի հետ է աշխատում»,- ասում է «Հայ-գերմանական իրավաբանների միության» նախագահ, գերմանաբնակ Գուրգեն Պետրոսյանը։

Միջազգային իրավունքի մասնագետը շեշտում է, որ ՄՔԴ դիմելու համար ներկայացվող փաստերը պետք է լինեն վերաբերելի և վստահելի ձևով հավաքագրվեն։ «Աշխատանքի ծավալը բավականին մեծ է, ուստի բոլոր գործերի քննությունն ու փաստահավաք աշխատանքն այնպես պետք է կատարել, որ կարողանանք դատախազի ուշադրությունը գրավել»,- հայտնեց Գ Պետրոսյանը։

Փաստերը ստանալուց հետո դատախազն իր հետաքննությունն է նախաձեռնում՝ համագործակցելով երկրի իշխանությունների և այլ կազմակերպությունների հետ կամ անձամբ գալիս է Հայաստան ու ապացույցներ հավաքագրում։ Ըստ այդմ, որոշում է, թե ինչ ճանապարհով է հետաքննությունն ընթանալու, և թե ինչպես է առանձին գործեր ընտրելու։

Գ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը, հանձին իր կառույցների, նույնպես ներգրավված է այս քննարկումներում։ Ըստ իրավաբանի՝ անհրաժեշտ է, որ բոլոր աշխատանքները պետականորեն համակարգվեն, որովհետև միայն պետությունը կարող է այդ բոլոր լծակներն օգտագործել, համակարգել նրանց աշխատանքը։

«Պետք է նկատի ունենալ, որ այս ամենին առնչվող պետական մարմինը առաջին հերթին հետաքննչական մարմինն է՝ դատախազությունը։ Այնուհետև՝ արտաքին գործերի և արդարադատության նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, ովքեր առաջին կապն են հաստատում արցախահայերի հետ։ Նրանք են գրանցում, տեղեկացված են արցախահայերի գտնվելու վայրի մասին և այլն։ Այս բոլոր մարմիններն առնչություն ունեն փաստահավաք աշխատանքի, հետևաբար՝ Միջազգային քրեական դատարանի հետ»,- նշեց իրավաբանը։ 

Պաշտպանի զեկույցներն ուղարկվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին

Փաստավաք առաքելություն իրականացնող կազմակերպություններն այս գործում կարևոր դերակատարումը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին (ՄԻՊ) են վերապահում։ «ՄԻՊ գրասենյակը որոշակի առանձնահատկություններ ունի անկախության երաշիքների ուժով վերջիններս պետք է փաստահավաք առաքելություն իրականացնեն, և միջազգայնորեն դա կունենա արժանահավատություն։ Հաշվի առնելով Պաշտպանի գործառույթը՝ կարծում եմ, վերջինս, ի տարբերություն մյուս ՀԿ-ների, նաև այնպիսի տեղեկատվության հասանելիություն ունի, որը կօգնի փաստահավաքությանը»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։

ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել են և ընթացիկ փուլում են փաստահավաք աշխատանքների իրականացման հարցում կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը միտված մի շարք միջոցառումներ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեր գրությանն ի պատասխան հայտնել է, որ Անահիտ Մանասյանը 2023թհոկտեմբերի 6-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։

Հոկտեմբերին Պաշտպանը անգլերենով արտահերթ նախնական զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իրականացրած փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։ Այն ուղարկվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին: Պաշտպանի զեկույցը, այդ թվում՝ վերջինիս խորհրդապահական հատվածը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչը ներկայացրել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի քննության շրջանակներում։

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Պաշտպանը զեկույցում ամփոփել ու վերլուծել է փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցանքների ու դաժանությունների վերաբերյալ տեղեկությունները, փաստագրել է բռնի տեղահանված անձանց, շտապօգնության մեքենաների թիրախավորման, երեխաների ու կանանց իրավունքների խախտումների ապացույցները։ Ներկայացվել են նաև քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային վնասների դեպքերը։ Զեկույցում հատուկ ուշադրության են արժանացել և առաջինը փաստերով ներկայացվել խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման հարցերը։ Զեկույցն ունի նաև այս ամենը փաստագրող լուսանկարներ ներառող խորհրդապահական հատված։

Փաստահավաք աշխատանքներ իրականացնողները Միջազգային քրեական դատարան դիմելու հարցում անցանկալի զարգացումները չեն բացառում

Փաստահավաք աշխատանքներում համակարգողի դերակատարություն ստանձնած «Հայ-գերմանական իրավաբանների միության» նախագահ Գուրգեն Պետրոսյանի ասելով՝ Հայաստանի կառավարության հետ համաձայնություն ունեն, որ արցախահայության հարցը պետք է քննարկվի Միջազգային քրեական դատարանում։ «Հակառակ դեպքում Հայաստանը չէր դիմի հետադարձ ուժով Հռոմի ստատուտի ճանաչելիության հարցով»,- համոզմունք է հայտնում Միության նախագահը։

Սիրանուշ Սահակյանը նշում է, որ ՄՔԴ–ում հաջողության հասնելու համար կարևոր նշանակություն ունի այլ պետությունների կողմից իրավիճակի հղումը դատարանին, ինչը կարևոր քաղաքական գործոն է։ Հիշեցնում է Ուկրաինայի օրինակը, երբ 40-ից ավելի պետություններ այդ պահանջը հղել են դատարանին։ «Հայաստանի պասիվ վարքագծի պարագայում դժվար է ակնկալել, որ մյուս երկրները քաղաքական աջակցություն կհայտնեն և Հայաստանին կզորակցեն՝ հայ զոհերի իրավունքների պաշտպանությունը միջազգային քրեական դատարանի միջոցով կազմակերպելու նպատակով»,- ասում է իրավապաշտպանը։

Նա մտավախություն ունի, որ ՄՔԴ-ում գործերի քննությունը կարող է քաղաքական շահարկման առարկա դառնալ։ «Մենք բարձրաստիճան անձանց քրեական պատասխանատվության խնդիրներ ենք դնում, որն ամիջականորեն շոշափում է նրանց շահերը։ Այս դեպքում ավելի մեծ քաղաքական ճնշում է գործադրվելու Հայաստանի վրա, որ այդ հղումը տեղի չունենա»,- ասում է Ս Սահակյանը։

Նման անցանկալի զարգացումների դեպքում, նրա ասելով՝ ամբողջ ծանրաբեռնվածությունը կմնա հասարակական կազմակերպությունների վրա, որոնց հնարավորություններն, ի տարբերություն պետության, սահմանափակ են։ ՄՔԴ-ի ստատուտում կա 15-րդ հոդված, որն անհատներին, կազմակերպություններին հնարավորություն է տալիս կատարված հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել դատախազին։

«Եթե դրանք արժանահավատ տեղեկություններ են, դատախազը դրանք կուսումնասիրի և կհիմնավորի, կարող է իր նախաձեռնությամբ քննություն իրականացնել։ Ինչպես տեսնում եք, միջնորդավորված է այս գործընթացը և դատարանին հասնելու շեմերը դժվար հաղթահարելի են, ի տարբերություն պետության գործողությունների»,- ասում է իրավապաշտպանը՝ շեշտելով, որ բոլոր անցանկալի զարգացումների դեպքում սա էլ հույսի մի շող է Արցախի հարցը բարձրացնելու համար։

Հավելենք, որ հրապարակման մեջ ներկայացրել ենք հիմնական փաստահավաք աշխատանքներ իրականացնողներին, բայց ոչ բոլորին։ Այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարում նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter