HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Քերոբյանը Հայաստանից խոշոր ծավալի ադամանդի վերաարտահանման տվյալները դեռ պետք է «ստուգի»

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է, որ Հայաստանից արտահանվող ադամանդի և ալմաստի մեծ մասը ոչ թե պարզապես վերաարտահանում է, այլ արտահանվում է Հայաստանում վերամշակված ադամանդ։

«Կա, իհարկե, փոքր վերաարտահանում, բայց մեր ֆոկուսը հիմնական տեղական մշակող արդյունաբերության զարգացումն է»,- այսօր՝ հունվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախարարը։

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ Մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանվել է մոտ 3.7 մլն կարատ ադամանդ, սակայն Վիճակագրական կոմիտեի տվյալներով նույն ընթացքում Հայաստանում մշակվել է ընդամենը 141 հազար կարատ, Քերոբյանը և նրա տեղակալ Նարեկ Տերյանը չպատասխանեցին։ Խնդրեցին հարցը գրավոր ուղարկել։ «Հնչեցրած թվերը ստուգենք, կպատասխանենք»,- ասաց Քերոբյանը։

Ի պատասխան՝ խնդրեցինք «ճշտել» նաև Հայաստանից ոսկու արտահանման աննախադեպ ծավալները, որոնց դեպքում ևս տեղական ոսկին առավելագույնը կեսն է, մնացածը ենթադրաբար վերաարտահանվողն է։ Նախարարի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Հայաստանը կտրուկ մեծացրել է ոսկու արտահանումը, որի միայն կեսն է հայկական ծագման

Ավելի վաղ «Հետք»-ը գրել է, որ Հայաստանից ադամանդի արտահանումը նոր ռեկորդներ է գրանցում։ 10 ամսում Հայաստանից 487 մլն դոլարի ադամանդ է արտահանվել։ Ադամանդը մեծ մասամբ ներմուծվում է Ռուսաստանից ու Հոնկոնգից, արտահանվում` ԱՄԷ։ Մեր տեղեկություններով՝ ոլորտում ամենախոշոր ծավալներով գործունեություն է իրականացնում «Էյ.դի.էմ.դայմոնդս» ՍՊԸ-ն (ADM DIAMONDS LLC): Ընկերության սեփականատերեր Բաղիկյանները մտերիմ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։

Հայաստանից խոշոր ծավալի ռուսական ադամանդ է վերաարտահանվում ԱՄԷ. ովքեր են գլխավոր «դերակատարները»

«Մենք չենք ուզում, որ մեր ընկերությունները սանկցիաների տակ ընկնեն»

Վահան Քերոբյանը հավաստիացնում է, որ վերաարտահանումների թեմաներով ամեն ինչ թափանցիկ է արվում, խորհրդակցում են Եվրամիության և ԱՄՆ գործընկներների հետ։ Հարցին՝ արդյոք ռիսկային չեն Հայաստանից Ռուսաստան վերաարտահանումները, որոնք կտրուկ աճել են Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներից հետո, նախարարը արձագանքում է, որ ռիսկեր միշտ կան, բայց իրենք փորձում են հայկական ընկերությունների համար ստեղծել այն հնարավորությունները, որոնք ռիսկային չեն։

«Առաջին ֆակտորը, որին մենք ուշադրություն ենք դարձնում, սանկցիոն ռիսկերն են։ Մենք չենք ուզում, որ մեր ընկերությունները սանկցիաների տակ ընկնեն։ Առաջին պայմանի բավարարվածության դեպքում երկրորդ ֆակտորը տնտեսական արժեքի մաքսիմալացումն է։ Այսինքն՝ եթե մենք կարող ենք առաջին խնդիրը չունենալով, ստեղծել մաքսիմալ տնտեսական արժեք, ապա մենք դա անում ենք։ Եվ դա անում ենք թափանցիկ՝ խորհրդակցելով Եվրամիության և ԱՄՆ գործընկներների հետ, որովհետև իրականում ոչ մի բան ոչ էլ թաքցնում ենք։ Այնտեղ, որտեղ խնդիր կա, օրինակ՝ երկակի նշանակության ապրանքների մասով, մենք շատ արագ ենք արձագանքում»,- հավաստիացնում է Վահան Քերոբյանը։

Ըստ նրա՝ բոլոր գործընկներները «խիստ բարձր են գնահատում» իրենց արագությունն ու գործողությունների որակը, որովհետև, ըստ էության, այդ ապրանքների վերաարտահանման մասով «մենք հիմա պրակտիկորեն զրոյական թվերի վրա ենք»։

«Բնականաբար, միջավայրը փոխվում է։ Այն, ինչ հիմա ռիսկային չէ, կարող է վաղը դառնալ ռիսկային։ Մեր քաղաքականությունը ըստ դրա կհղկվի»,- ասում է նախարարը։ 

«Վերաարտահանումը տնտեսական աճի վրա շատ չնչին ազդեցություն է ունեցել»

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ Հայաստան տեղափոխվեցին մեծ թվով ռուսաստանցիներ և Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքն աճեց, Հայաստանի տնտեսությունն աշխուժացավ։

Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ նախարարությունը կատարել է տնտեսական աճի պոտենցիալի գնահատում, որտեղ որոշակի էկոնոմետրիկ մեթոդներով փորձել է վերլուծել, թե որն է ցիկլի` ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը և որն է բուն պոտենցիալը։ Եզրահանգել են, որ վերաարտահանումները էական ազդեցություն չունեն տնտեսական աճի կառուցվածքում։

«Վերաարտահանումը, որն, ըստ էության, իրական տնտեսություն չի մտնում, այսինքն՝ ինչ-որ ապրանք գալիս և գնում է, մեր տնտեսական աճի կառուցվածքի մեջ կարող ենք տեսնել, որ շատ չնչին ազդեցություն է ունեցել։ Ավելի էական ազդեցություններ, որոնք պայմանավորված են արտաքին գործոններով և ցիկլով, տեղի են ունեցել, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մշակող արդյունաբերության ոլորտում։ Դրանք խորքային փոփոխություններ են, որոնք պայմանավորված են արտաքին պահանջարկի փոփոխությամբ, ինչպես նաև՝ որոշակի աշխատուժի ներհոսքով դեպի Հայաստան»,- նշեց Ռաֆայել Գևորգյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter