HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանը կտրուկ մեծացրել է ոսկու արտահանումը, որի միայն կեսն է հայկական ծագման

Հայաստանից ոսկու արտահանման ոլորտում պարբերաբար նոր «հանելուկներ» են ի հայտ գալիս։ 2022 թվականին Հայաստանից աննախադեպ ծավալի ոսկի է արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան և Թուրքիա։ Ինչպես երևում է, այս անգամ, բացի հիմնական արտահանող «Գեպրոմայնինգ գոլդ»-ից, վերաարտահանողներն են աշխուժացել։ Նրանցից մեկի՝ «Գոլդեն հերիթիջ»-ի մասին գրել ենք դեռևս նախորդ տարի, երբ պարզեցինք, որ ընկերությունը ոսկին արտահանում է Թուրքիա։

Արտահանման աճին զուգահեռ նույնքան կտրուկ մեծացել է ոսկու ներմուծումը։

8.9 տոննա. չմշակված կամ կիսամշակված ոսկու արտահանման նոր ռեկորդը

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 8.9 տոննա (8 871 կգ) չմշակված կամ կիսամշակված ոսկի, որի արժեքը կազմել է 414 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ արտահանված ոսկու քանակն աճել է 2.3 անգամ, իսկ արժեքը՝ 3.1 անգամ։

Սա, այսպես կոչված, մաքուր, բանկային ոսկին չէ։ Այն արտահանվում է ոչ վերջնական մշակված, փոշու կամ դորե համաձուլվածքի տեսքով, որի մեջ բացի ոսկուց, կա նաև արծաթ։

Մինչև 2021 թվականը ոսկու արտահանումը Հայաստանից աստիճանաբար աճել է: 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո Սոթքի հանքավայրի մի հատվածը հայտնվեց ադրբեջանական զինուժի նշանառության տակ: Հաջորդ տարում նվազեցին արդյունահանման և արտահանման տվյալները։

Արդեն 2022-ին Հայաստանից ոսկու արտահանման ծավալները կտրուկ աճել են, որը, ինչպես կտեսնենք նյութի հաջորդ հատվածներում, միայն Հայաստանում արդյունահանված ոսկով չէ պայմանավորված։

«Գեոպրոմայնինգ գոլդ»-ը 8.9 տոննայից միայն 4.3 տոննան է արտահանել

Հայաստանից դորե ձուլվածքի ոսկու արտահանողը Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է (GeoProMining Gold):

Մինչև 2017 թվականն ընկերությունն այն արտահանում էր հիմնականում Կանադա, դրանից հետո՝ Շվեյցարիա, այսօր՝ հայկական ոսկին սկսել է հետաքրքրել Հնդկաստանին և Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ)։

Պաշտոնական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2022 թվականին Հայաստանից արտահանված մոտ 8.9 տոննա ոսկուց միայն մոտ 4.3 տոննան է (4 278 566 գրամ դորե համաձուլվածք) Հայաստանում արտադրվել։

Դա դորե համաձուլվածքի ոսկի է, որն ամբողջությամբ արտահանել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը՝ Արաբական Միացյալ Էմիրություններ և Հնդկաստան։ Հայաստանյան արդյունահանող-արտահանողների շարքում այլ ընկերության չկա, որը այս ապրանքախմբի ոսկի է արտահանել։

«Գեոպրոմայնինգ գոլդ»-ից ևս մեզ հետ զրույցում շեշտեցին, որ 8.9 տոննա արտահանված ոսկու միայն կեսն են իրենք արտահանել դորե ձուլվածքի տեսքով, որը բաղկացած է ոսկուց և արծաթից։ Թե որ մասն է ոսկի, որը՝ արծաթ, հայտնի չէ։

Սովորաբար, դորե ձուլվածքում արծաթի չափաբաժինը չի անցնում մեկ երրորդը։

Մյուս արտահանողների մասին «Գեոպրոմայնինգ գոլդ»-ում տեղեկություններ չունեն։

Ու քանի որ մյուս արտահանող ընկերությունները չկան արդյունահանողների ցանկում, ենթադրվում է, որ խոսքը վերաարտահանման մասին է։

Այս վարկածին է «նպաստում» նաև այն փաստը, որ Հայաստանը կտրուկ մեծացրել է նաև ոսկու ներմուծումը։ Այն նույն ծածկագրով, որով 2022-ին արտահանվել է 8.9 տոննա ոչ վերջնական մշակված ոսկին (ԱՏԳ ԱԱ 7108), միաժամանակ ներմուծել է 4.9 տոննա ոսկի (մոտ 235 մլն դոլարի), որը նախորդ տարվա համեմատ 3.1 անգամ աճել է։ Թե որ ընկերությունը որքան է ներմուծել և արտահանել, ՊԵԿ-ը չի հայտնում՝ համարելով դա առևտրային գաղտնիք։

Միայն բաց աղբյուրում երևում է, որ նախորդ տարի Հայաստան ներմուծված 4.9 տոննա ոսկուց մոտ 4.5 տոննան Ռուսաստանից է։

Վերադառնալով արտահանմանը՝ նախորդ տարի Հայաստանից ոսկու աշխարհագրությունն այսպիսի տեսք ունի (տես ինֆոգրաֆիկան)։ Արտահանման ամենախոշոր ուղղությունը Էմիրություններն է, մյուսը՝ Հնդկաստանը, հաջորդում է Թուրքիան։ Անհամեմատ փոքր քանակությամբ արտահանվել է Ռուսաստան, Ղրղզստան, Իտալիա։ 


4.6 տոննա ոսկին, ենթադրաբար, վերաարտահանում է. Թուրքիա է արտահանել Վիտալի Գրիգորյանցին պատկանող ընկերությունը

Եթե բացառենք «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի արտահանումը, ապա 2022 թվականին ևս 4.6 տոննա ոսկի է արտահանվել Հայաստանից։

Նախորդ տարի «Հետք»-ը պարզել է, որ ոսկին Թուրքիա է արտահանում ռուսաստանաբնակ հայտնի գործարար Վիտալի Գրիգորյանցին և նրա գործընկերոջը՝ Արսեն Միքայելյանին պատկանող «Գոլդեն հերիթիջ» ՍՊ ընկերությունն իր երևանյան մասնաճյուղի միջոցով։ Մինչև 2021 թվականի վերջերը Վիտալի Գրիգորյանցը եղել է «Հայբիզնեսբանկ»-ի հիմնական սեփականատերը: «Գոլդեն հերիթիջ»-ը գրանցված է Արցախում։

Ընկերությունից վստահեցնում են, որ այն վերջնարդյունքում առաքվել է ոչ թե Թուրքիա, այլ Արաբական Միացյալ Էմիրություններ: Ըստ նրանց՝ արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ընկերության Ստամբուլի մասնաճյուղին։ Ընկերությունից, սակայն, որևէ ապացույց չի ներկայացվել (համենայն դեպս մեր հարցմանը տրված պատասխանում), որ ոսկու վերջնական «հանգրվանը» Էմիրություններն է։

Թուրքիա արտահանված ոսկու մասին հոդվածը հրապարակելու պահին դեռևս արտահանման կիսամյակային ծավալներն էին հայտնի՝ 353 կգ, իսկ տարեկան կտրվածքով դրանք կազմել են 1 մեկ տոննա։  

«Գոլդեն հերիթիջ»-ից վստահեցրել էին, որ արտահանված ոսկին ռուսական գործարանային արտադրության է, ներմուծվել է Ռուսաստանից և արտահանվել։

«Գոլդեն հերիթիջ»-ը վաղուց է ներգրավված ոսկու միջազգային առևտրում: Դեռևս 2019 թվականին «Հետք»-ը պարզել էր, որ «Գոլդեն հերիթիջ» ընկերությունը Հայաստանից մոտ 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանել դեպի Ռուսաստան։ Ընդ որում՝ այդ ոսկին արտահանվել էր մետաղի ջարդոնի անվան տակ:

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 2022 թվականին Հայաստանից ոչ վերջնական մշակված ոսկի է արտահանել 8 ընկերություն։ Խոշոր արտահանող «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն ապահովել է արտահանվածի գրեթե կեսը՝ դորե ձուլվածքի տեսքով։ Թե ինչ կշիռ ունի «Գոլդեն հերիթիջ»-ը մնացած արտահանման մեջ, հայտնի չէ։ Համենայն դեպս, միայն Թուրքիայի ուղղությամբ «ապահովվել է» 1 տոննա։ Չի բացառվում, որ նշված ընկերությունը բացի Թուրքիայից, դրսից ներմուծված ոսկի է արտահանել նաև ԱՄԷ։ Ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց։ 

Մյուս արտահանումների ծավալները ևս չեն հրապարակվում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter