
Ո՞ր ընկերությունն է Հայաստանից Թուրքիա ոսկի արտահանել, և ինչու՞ է ՊԵԿ-ն ամեն կերպ թաքցնում տեղեկությունը
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա է արտահանվել 353 կգ ոսկի, որի մաքսային արժեքը կազմել է 20 մլն դոլար։ «Հետք»-ը պարզել է, թե որ ընկերությունն է դա արտահանել, և որտեղից է ներմուծվել այդ ոսկին։ Միևնույն ժամանակ, արտահանող ընկերությունից պնդում են, որ ոսկին ոչ թե Թուրքիա, այլ Արաբական Միացյալ Էմիրություններ է առաքվել, սակայն դա ապացուցող տեղեկություններ չեն տրամադրվում. Պետական եկամուտների կոմիտեն ամեն կերպ խուսափում է այս թեմայով հստակ պատասխաններ տալուց:
Հայաստանից առաջին անգամ է նման ծավալի ոսկի արտահանվում Թուրքիա:
Եթե բացառենք ոսկին, ապա Հայաստանից Թուրքիա ամբողջ արտահանումը փոքր ծավալներ ունի` ի տարբերության ներմուծման։
Պետական եկամուտների կոմիտեն (ՀՀ ՊԵԿ) հրաժարվեց մեզ տրամադրել տեղեկություններ, թե կոնկրետ որ ընկերությունը կամ ընկերություններն են ոսկի արտահանել Հայաստանից Թուրքիա: Այդ առնչությամբ մեր հարցումներն ու ՊԵԿ-ի ուշացած պատասխանները երեք ամիս ձգձգվեցին, սակայն «Հետք»-ին հաջողվել է պարզել, որ արտահանողը «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ի Երևանում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղն է:
Ըստ Պետական ռեգիստրի՝ «Գոլդեն հերիթիջ» ընկերությունը գրանցված է Արցախում՝ Ստեփանակերտում, որի 100% բաժնետերը «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ն է։
«Ջի Էմ Հոլդինգ» ընկերության 55% սեփականատերը Վիտալի Գրիգորյանցն է, 45%-ինը՝ Արսեն Միքայելյանը:
Վիտալի Գրիգորյանցը ռուսաստանաբնակ հայտնի գործարար է։ Մինչև 2021 թվականի վերջերը Վիտալի Գրիգորյանցը եղել է «Հայբիզնեսբանկ»-ի հիմնական սեփականատերը (95%), իսկ Արսեն Միքայելյանին պատկանել է 5%-ը։
«Գոլդեն հերիթիջ»-ը վաղուց է ներգրավված ոսկու միջազգային առևտրում: Դեռևս 2019 թվականին «Հետք»-ը պարզել էր, որ «Գոլդեն հերիթիջ» ընկերությունը Հայաստանից մոտ 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանել դեպի Ռուսաստան։ Ընդ որում՝ այդ ոսկին արտահանվել էր մետաղի ջարդոնի անվան տակ:
Ընկերությունից պարզաբանել էին, որ դա բանկային ոսկի է, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել, թե որտեղից է այն ձեռք բերվել:
Մեզ հետ նամակագրությամբ «Գոլդեն հերիթիջ» ընկերությունից չհերքեցին, որ իրենք են այս տարի Հայաստանից ոսկի արտահանել Թուրքիա: Սակայն, վստահեցնում են, որ ոսկին վերջնարդյունքում առաքվել է ոչ թե Թուրքիա, այլ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ:
«Ի պատասխան Ձեր հարցմանը հայտնում ենք, որ «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրել է ռուսական արտադրության գործարանային ոսկու ձուլակտորների ներմուծում ՌԴ-ից և արտահանում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ընկերության Ստամբուլի մասնաճյուղին»,- մեր հարցման պատասխանում նշել են ընկերությունից՝ չհայտնելով այլ մանրամասներ:
Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեից հայտնել էին, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա ոսկի է արտահանել միայն մեկ ընկերություն: Հետևաբար, մաքսային բաց աղբյուրում հրապարակված ամբողջ խմբաքանակը՝ 353 կգ ոսկի, արտահանել է «Գոլդեն հերիթիջ» ընկերությունը:
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է, որ «Գոլդեն հերիթիջ»-ը ոսկին Ռուսաստանից է ներմուծել
«Գոլդեն հերիթիջ»-ից նշում են, որ ոսկին, որը Հայաստանից արտահանվել է Թուրիքիա և այդտեղից էլ, ըստ նրանց, պետք է ԱՄԷ արտահանվեր, գնվել է Ռուսաստանից:
Մաքսային ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 443 կգ ոսկի:
Մեզ հետ նամակագրությամբ Էկոնոմիկայի նախարարությունից հաստատում են, որ ընկերությունը ոսկին Ռուսաստանից է ներմուծել: Դրա համար լիցենզիայի և թույլտվության կարիք չկա, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը նույն Մաքսային միության՝ ԵԱՏՄ-ի անդամ են։
Ո՛չ Էկոնոմիկայի նախարարությունը, ո՛չ Պետական եկամուտների կոմիտեն որևէ կերպ չի հաստատում, որ ոսկու գնորդ երկիրը ԱՄԷ-ն է, ոչ թե Թուրքիան
Թանկարժեք մետաղ արտահանելու համար Էկոնոմիկայի նախարարությունը «Գոլդեն հերիթիջ» ընկերությանը լիցենզիա է տրամադրել:
Էկոնոմիկայի նախարարությունից խնդրել էինք պարզաբանել, թե ընկերությանը տրված ոսկու արտահանման լիցենզիայում գնորդը և գնորդ երկիրը որոնք են նշված: «Տեղեկությունները պարունակում են առևտրային գաղտնիք և ենթակա չեն տրամադրման»,- նշել են նախարարությունից:
Եթե էկոնոմիկայի նախարարությունից մերժել են տեղեկությունը տրամադրել, սակայն, գոնե, դա բաց տեքստով են գրել, ապա Պետական եկամուտների կոմիտեի պարագայում տպավորություն էր, որ Կոմիտեի մասնագետները այլ հարցման են պատասխանել:
Պարզ հարց էինք ուղղել՝ եթե ընկերությունը ստացած լիցենզիայում և իր հայտարարագրերում նշել է (ինչպես ընկերությունից են հավաստիացնում), որ ոսկու գնորդ երկիրը ԱՄԷ-ն է, ապա ինչու՞ է Մաքսային ծառայության բազաներում նշվել Թուրքիան:
Ի պատասխան՝ ՊԵԿ-ից մաքսային հայտարարագրման ընթացակարգն են պատմել: Խոսք անգամ չկա մեր նշած ընկերության ու երկու երկրի մասին:
Միայն ընդհանրական պատասխաններ են այն մասին, որ հայտարարագրում նշվում են ստացողի տվյալները և առևտուր անող երկիրը: Վիճակագրությունն էլ վարվում է՝ ըստ այդ տվյալների:
ՊԵԿ-ի պատասխանից միայն կարող ենք ենթադրել, որ արտահանողը, այս դեպքում՝ «Գոլդեն հերիթիջ» ընկերությունը կամ մաքսային ներկայացուցիչը, որպես առևտուր անող երկիր նշել են Թուրքիան:
Տեղեկությունները արտաքին առևտրի միջազգային բազաներով ճշտելն անհնար է դառնում, քանի որ Թուրքիան մեծաքանակ ոսկի է արտահանում Էմիրություններ և հնարավոր չէ պարզել՝ արդյոք դրա մեջ ներառվու՞մ է Հայաստանից ուղարկված ոսկին, թե՞ ոչ:
Հատկանշական է, որ եթե Թուրքիան որպես տարանցիկ երկիր է ծառայել, ապա պետք է արտահանման վիճակագրության մեջ հաշվառվեր ոչ թե Թուրքիան, այլ՝ ԱՄԷ-ն: Նույն կերպ, երբ Հայաստանից ապրանքներ են արտահանվում Ռուսաստան՝ Վրաստանը օգտագործելով որպես տարանցիկ երկիր, արտահանման երկիր ոչ թե Վրաստանն է նշվում, այլ Ռուսաստանը, քանի որ ապրանքի առաքումն ավարտվում է Ռուսաստանում:
Այս պատմության մեջ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան՝ ի վերջո ոսկին մնացե՞լ է Թուրքիայում, թե՞ առաքվել է ԱՄԷ, ինչու՞ է ՊԵԿ-ը ամեն կերպ խուսափում հստակ պատասխաններ տալ այս թեմայով, ինչու՞ է ոսկին անմիջապես ԱՄԷ արտահանվելու փոխարեն Թուրքիա գնացել, եթե իսկապես պետք է ԱՄԷ արտահանվեր: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելու համար մեզ հարկավոր տեղեկությունները պետական մարմինները՝ ՊԵԿ-ն ու Էկոնոմիայի նախարարությունը, հրաժարվում են տրամադրել: Փոխարենը պարտավոր են տրամադրել իրավապահ մարմիններին, եթե վերջիններս դա պարզելու ցանկություն ունենան:
Գլխավոր լուսանկարում՝ աջից Արսեն Միքայելյանը և Վիտալի Գրիգորյանցը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել