HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից ոսկու արտահանումը զգալիորեն աճել է. ուղղությունը՝ Հնդկաստան և Թուրքիա

Ոսկու 83%-ը արտահանվել է Հնդկաստան, 14%-ը՝ Թուրքիա

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 2.515 տոննա ոսկի (ոսկի` չմշակված, կիսամշակ կամ փոշու տեսքով), որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 94 մլն դոլար։

Ինչպես տեղեկանում ենք Մաքսային ծառայության տվյալներից, 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ ոսկու արտահանման քանակն աճել է 1.086 տոննայով կամ 76%-ով, իսկ արժեքը՝ 40 մլն դոլարով կամ 75%-ով։

Հայաստանից արտահանվում է կիսամշակ ոսկի, որը հետագայում վերջնական մշակման է ենթարկվում տարբեր երկրներում։ Այն հիմնականում «Դորե» համաձուլվածքի՝ ձուլակտորի տեսքով է։  Բացի ոսկուց, «Դորե»-ի մեջ նառվում է նաև արծաթ, կարող է ձուլվածքի 30%-ը արծաթ լինել, 70%-ը՝ ոսկի։ Այս ապրանքախմբի մեջ չեն ներառվում ոսկերչական զարդերն ու տարատեսակ ոսկերչական իրերը, որոնք արտահանվում են այլ ապրանքային ծածկագրերով։

Հիմնական արտահանողը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն է: Այն շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը։ 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո հանքավայրը հայտնվեց  հայ-ադրբեջանական նոր սահմանագծին։ Հանքավայրի մի հատվածը անցավ հակառակորդին: Դրանից հետո ոսկու արտահանումը կտրուկ նվազեց։ Այս տարի ևս Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակել, սեպտեմբերի 13-ից էլ նոր ռազմական ագրեսիա սկսել։ Ռազմական գործողությունների արդյունքում հանքավայրի աշխատանքը պարբերաբար դադարեցվում է։

Սակայն, դա, ինչպես երևում է, չի խանգարել ոսկու արտահանման աճին։ Ընդ որում՝ արտահանման քանակն ու արժեքը գրեթե հավասարապես են աճել, ինչը նշանակում է, որ արտահանման աճը պայմանավորված չէ ոսկու թանկացմամբ։ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ ոսկու արտահանման աճի հետ կապված։

Ոսկու 83%-ը արտահանվել է Հնդկաստան, 14%-ը՝ Թուրքիա

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված ոսկու 83%-ը առաքվել է Հնդկաստան՝ 2.090 տոննա, 69.5 մլն դոլար։ Հայկական ոսկին Հնդկաստանին սկսել է հետաքրքրել նախորդ տարվանից։ Մինչև այդ, այն հիմնականում արտահանվել է Կանադա, հետո՝ Շվեյցարիա։ Այս տարվա առաջին կիսամյակում դեպի Հնդկաստան հայկական ոսկու արտահանման քանակն աճել է 54%-ով։

Ուշագրավ է, որ այս տարի տեսանելի ծավալի ոսկի է արտահանվել Թուրքիա՝ 353 կգ, 20 մլն դոլարի։ Դա կազմում է Հայաստանից արտահանված ոսկու քանակի 14%-ը։ Մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում առհասարակ արտահանում չի եղել։ Թուրքիան հայկական ոսկու համար կարելի է նոր շուկա համարել, քանի որ նախորդ տարիներին կա՛մ արտահանում չի իրականացվել, կա՛մ արտահանվել է փոքր քանակով։

Արտահանված ոսկու 2.5%-ը բաժին է ընկել Արաբական Միացյալ Էմիրություններին, մոտ 0.5%-ը՝ Իտալիային։

Ոսկին մշտապես Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում է։ Վերջին տասը տարիներին ամենամեծ քանակի արտահանումն իրականացվել է 2019 թվականին։ 

Հայաստանը նաև ներմուծում է ոսկի։ 2022 թվականի առաջին կիսամյակում ներմուծվել է 692 կգ ոսկի՝ մոտ 38 մլն դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ծավալների էական փոփոխություն չի գրանցվել։

 

Գլխավոր լուսանկարում՝ Սոթքի ոսկու հանքավայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter