HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարդան Արամյան. «Տնտեսության արտահանելի հատվածը քաղաքականության ձախողումների հետևանքով խեղդվում է»

2023 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 9.4%-ով աճել է։ Նախորդող տարվանից սկսված բարձր տնտեսական աճը շարունակվում է։ Որքանո՞վ է սա կայուն և որակյալ աճ, ի՞նչի հաշվին է այն գրանցվել և ի՞նչ կարելի է սպասել 2024-ին։ Տնտեսական ռիսկերի մասին «Հետք»-ը զրուցել է Ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի հետ։

Ի՞նչ հիմքեր ունի այս աճը:

Մեր տնտեսական աճի ամենամեծ խնդիրն է, որ այն արտածին գործոններով է պայմանավորված։ Որևէ մեկը չի կարող հերքել, որ 2022 թվականից սկսած մեր տնտեսական աճի գերակշիռ մասն ապահովել են այդ գործոնները։ Դա հիմնականում եղել է ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում։ Ռուսաստանը հայտնվեց պատժամիջոցների տակ, որի հետևանով մեզ մոտ նկատվեց ընկերությունների միգրացիա, վերջիններիս ֆինանսական միջոցների Ռուսաստանից և Ուկրաինայից փախուստ և հանգրվանում մեր երկիր, կտրուկ աճեց վերաարտահանումը և դրան մասնակցող հարակից ոլորտները։

Ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստանի դրամական փոխանցումների մեծ ներհոսք ևս եղավ։ Քաղաքացիները իրենց գումարները դուրս հանեցին Ռուսաստանից՝ վախենալով, որ Ռուսաստանի բանկերում ունեցած իրենց խնայողությունների տնտեսական օգուտները չեն կարող օգտագործել։ Այսինքն՝ բիզնեսը և տնային տնտեսությունները փորձեցին դիվերսիֆիկացնել ակտիվները հատկապես պատժամիջոցներից հետո։ Արդյունքում՝ այդ գումարների մի մասը հոսեցին Հայաստան։ Այստեղ բանկերը բավականին մեծ միջնորդավճարներ սահմանեցին, դրա համար էլ բանկերը ռեկորդային շահույթ գրանցեցին։

Երրորդ գործոնը, որն ապահովել է Հայաստանի տնտեսական աճը, ռուսաստանցիների զգալի ներհոսքն է Հայաստան։ Նրանք որպես զբոսաշրջիկներ են եկել, բայց արդեն երկու տարի է՝ այստեղ են։ Ակտիվորեն օգտվում են ծառայություններից, առևտուր անում ու տնտեսական աշխուժություն ապահովում։ Սովորաբար, երբ կոնֆլիկտ է լինում երկրում, անվտանգության շարժառիթներից ելնելով՝ քաղաքացին միանգամից արձագանքում է դրան։ Նա կամ արագ հեռանում է երկրից, կամ իր ակտիվները միանգամից տեղափոխում է այլ երկրներ։

Այսինքն՝ երեք խողովակներով մենք ֆինանսական ներհոսք ենք գրանցել ու ապահովել տնտեսական աճը՝ դրամական փոխանցումներ, զբոսաշրջիկներ, վերաարտահանում։ 

Որքանո՞վ է Կառավարությունը նպաստել այդ աճին։ 

Գիտե՞ք՝ այստեղ պետք է փաստենք, որ Կառավարությունն ուղղակի չի խանգարել վերոնշյալ երևույթների դրսևորմանը։ Իսկ որպեսզի ասենք նպաստել է, թե ոչ և որքանով, պետք է խոսենք Կառավարության կողմից ներդրված այն նոր գործիքների մասին, որին արձագանքել են ոչ ռեզիդենտները։ Ես այդպիսին միայն մեկը գիտեմ՝ դա ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունների հարկման արտոնյալ ռեժիմի առկայությունն է եղել, որն ի դեպ, նախագծվել և ներդրված է եղել 2015 թվականից և իր կիրառման օրից ունեցել է լավ արդյունքներ։ Կառավարությունն ուղղակի երկարաձգեց այդ ռեժիմի կիրառության ժամանակահատվածը։ Դրան, ինչ խոսք, արձագանքեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները։ Այլ գործիքներ կամ գործոններ, որոնք գերակայություն են տվել Հայաստանին ի համեմատ այլ երկրների, կարծես թե չկան։

Ավելին՝ եթե ՀՀ կառավարության բացառիկ գործողությունների արդյունքում լիներ 2022 թվականի և 2023 թվականի բարձր աճերի ֆենոմենը, այդ երևույթը պետք է որ ներհատուկ լիներ միայն Հայաստանին։ Բայց մենք տեսնում ենք, որ այլ երկրները ևս օգտվում են ՌԴ-Ուկրաինա հակամարտությունից, օրինակ՝ հարևան Վրաստանը 2022-ին ևս արձանագրել է երկնիշ տնտեսական աճ՝ 10.4%, այն դեպքում, երբ 2020 թվականին ՀՆԱ-ն նվազեց 6.8%-ով, հետո 2021 թվականին լիովին վերականգնեց կորցրածը՝ գրանցելով 10.5% աճ և այդ բարձր բազայի վրա նորից աճեց երկնիշ ցուցանիշով, իսկ այս տարի ևս ակնկալվում է աճ շուրջ 7%-ի շրջանում։ Հայաստանում մենք ունեցել ենք 2020 թվականին ավելի խորը անկում՝ 7.2%, հետո 2021 թվականին վերականգնվել ենք ոչ ամբողջությամբ՝ 5.8% աճ, և 2021 թվականի ցածր բազայի վրա աճել ենք 12.6%, իսկ այս տարի աճը գնահատվում է 8-8.5%-ի սահմաններում։ Չհաշված այն հանգամանքը, որ մեր տնտեսության չափսերը շատ ավելի փոքր են, քան Վրաստանինը և փոքր տնտեսությունների դեպքում դրական շոկը հանգեցնում է ավելի բարձր աճի ցուցանիշների։       

Ստացվում է, որ այդ գումարները հիմնականում հոսում են ծառայությունների և առևտրի ոլորտ։ Որքանո՞վ են դրանք Հայաստանի տնտեսության համար կայուն աճ ապահովում։ 

Երբ փողերի մեծ ներհոսք է տեղի ունենում, տնտեսության մեջ առաջինը արձագանքում է ոչ արտահանելի հատվածը՝ ծառայություններն ու առևտուրը։ Ռեստորանների, սպասարկման ոլորտի և այլ ծառայությունների նկատմամբ պահանջարկը մեծանում է, առևտուրը՝ շեշտակի աճում։ Իսկ արտահանելի հատվածը՝ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, այն, ինչ արտահանում ենք, այս ընթացքում մնաց ստվերում։ Տնտեսության արտահանելի հատվածը մեր սխալ քաղաքականության հետևանքով խեղդվում է։ 2023 թվականի հունվար-նոյեմբերին ներքին առևտրաշրջանառությունը 24.3%-ով է աճել, ծառայությունները՝ 11.1%-ով, իսկ արդյունաբերությունը՝ ընդամենը 2.1%-ով, սա էլ այն դեպքում երբ 10 ամսով արդյունաբերությունը գտնվել է անկման մեջ և միայն նոյեմբերին ոսկերչության՝ անհասկանալի 13 անգամից ավել աճի շնորհիվ արդյունաբերության աճը փոխվել է դրականի։

2022 թվականից սկսված Ֆինանսական միջոցների մեծածավալ ներհոսքը հանգեցրել է նրան, որ ոչ արտահանելի հատվածի շահութաբերությունը ավելի արագ է աճում, քան արտահանելի հատվածինը։ Եվ սա խնդիր է։ Չէ՞ որ այս երկու հատվածները միմյանց հետ մրցում են ռեուրսների առումով՝ կապիտալի և աշխատուժի։ Ոչ արտահանելի հատվածը արտահանելի հատվածից գողանում է ռեսուրսներ։ Օրինակ՝ եթե արդյունաբերության ոլորտը չի կարողանում միջին մասնագիտական կրթություն ունեցող մարդուն վճարել 300 000 դրամ, մարդը թողնում է այդ ոլորտը և տեղափոխվում է ռեստորան կամ ծառայությունների այլ ոլորտ, որտեղ կարող է ստանալ 400 000 դրամ։

Այդ նույն ընթացքում արտահանողները տարատեսակ «շոկերի» են ենթարկվել։ Աճեցին տրանսպորտային ծախսերը, ապահովագրությունը, դոլարը արժեզրկվեց դրամի նկատմամբ։ Արտահանելի հատվածը մի քանի ուղղություններով խոցվեց՝ չնայած, որ Կառավարությունը հայտարարում է, թե արտահանմանը միտված քաղաքականություն է վարում։

Մինչդեռ, արտահանելի ոլորտը և մասնավորապես՝ արդյունաբերությունը, տնտեսության համար կայուն աճ են ապահովում։ Երկարաժամկետ աշխատատեղեր են բացվում, հավելյալ արժեք է ստեղծվում, հարակից ոլորտներն են զարգանում։

Իսկ եթե քո տնտեսությունն աճում է ոչ արտահանելի ոլորտների հաշվին, դու շատ խոցելի ես լինում, հատկապես՝ երբ արտաքին գործոնների ազդեցությամբ է դա լինում։ Դա կայուն աճ չի կարելի համարել, քանի որ երբ արտածին գործոնները կանգ առնեն կամ քչանան, ոչ արտահանելի հատվածը հայտվում է խոր անկման մեջ, և դա հանգեցնում է տնտեսական ճգնաժամի, այն, ինչ մենք տեսել ենք 2009 թվականին։

Կառավարությունը պետք է ոչ արտահանելի հատվածին փորձի ավելի շատ հարկել և այդ փողը տարբեր գործիքներով ուղղի արտահանելի ոլորտ։

Ինչո՞վ է վտանգավոր այսօրվա իրավիճակը։

Երբ արտաքին գործոնները, այս դեպքում՝ ռուս-ուկրաինական պատերազմը հանգուցալուծվի ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները էլ չխորանան և նույնիսկ ինչ-որ տեղ թուլանան, ռուսական կապիտալի ներհոսքը Հայաստան առնվազն կդադարի աճել, եթե չասենք, որ կարող է հետ շրջվել։ Հիմա էլ մենք նկատում ենք, որ դրամական փոխանցումները կամաց-կամաց նվազում են 2023 թվականի կեսերից, նույնը նկատվում է Ռուսաստանից դեպի Հայաստան այցելուների թվի աճի տեմպի հետ, որը 2022 թվականի համեմատ էապես ընկել է։ Երբ Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները, ինչ-որ պահից որոշեն գնան այստեղից, ծառայությունների ու առևտրի ոլորտն էապես կտուժի։ Այդ ամենը վատ կազդի տնտեսական աճի վրա, քանի որ այդ երևույթները ժամանակավոր են և հետագայի համար կայուն աճի հիմքեր չեն ստեղծել։

Պատկերացրեք՝ եթե մարզիկը ամեն տարի 20 կգ-ով ավելի ծանր ծանրաձող է բարձրացնում և դա անում է իր մկանների հաշվին, նշանակում է՝ հավանականությունը մեծ է, որ հաջորդ տարիներին էլ դա կկարողանա անել։ Բայց եթե նրան կողքից հարևան-բարեկամներն են օգնում բարձրացնել, հաջորդ տարի նրանք կարող են գնալ, և ծանրաձողը կմնա մարզիկի պարանոցին։ Մարզիկի սեփական մկանները դա մեր տնտեսության արտադրողական արտահանելի հատվածն են, իսկ հարևան բարեկամները՝ արտածին գործոնները, որով պայմանավորված աճում է տնտեսության ոչ արտահանելի հատվածը։

Եթե հակամարտությունը շարունակվի, և արտաքին գործոնները շարունակեն ազդել Հայաստանի տնտեսության վրա, այն կգրանցի՞ այնպիսի աճ, ինչպես 2022-2023 թվականներին։

Եթե իրավիճակը շարունակվի, հավանականությունը մեծ է, որ տնտեսական աճը ևս բարձր կլինի, հնարավոր է՝ մի փոքր ավելի մեղմ տեմպերով, քան նախորդ երկու տարին։

Մեր փոխարժեքը կկայունանա, այսինքն՝ արժեզրկման ճնշումներ չենք տեսնի, կունենանք տնտեսական աճ՝ պոտենցիալից բարձր, գործազրկությունը կշարունակի նվազել, որովհետև ոչ արտահանելի հատվածը աշխատատար ճյուղ է, բայց երբ այդ արտածին գործոնները վերանան, միանգամից շատերը դառնալու են գործազուրկ՝ այնպես, ինչպես 2009 թվականին եղավ։ 2000-ականներին ևս տնտեսական աճը ապահովվում էր դրսից եկող ֆինանսական ներհոսքով։ Բայց ամեն ինչ արագ փլվեց։ Հիմա էլ այդ ռիսկը կա։ Բանկային ու ֆինանսական հատվածը, թեև լավ կապիտալացված է, բայց վնասներ անշուշտ կունենա՝ տարբեր գործոնների՝ այդ թվում չաշխատող վարկերի աճի պատճառով։ Ավելին, հիմա բացի ռուս-ուկրաինական հակամարտության գործոնից, առկա է նաև հայ-ռուսական հակասությունների գործոնը, որը ևս տնտեսական հետևանք կարող է ունենալ։

Չգիտեմ՝ փակ դռների հետևում հիմա ինչ քաղաքական քննարկումներ են տեղի ունենում, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսական վիճակի վրա իշխանությունների քաղաքական որոշումներն այսօր որոշիչ են։

Արդեն երկու տարի՝ Հայաստանը Ռուսաստան է վերաարտահանում ավտոմեքենաներ, ադամանդ, տեխնիկա և բազմաթիվ այլ ապրանքներ, որոնք բերվում են Արևմուտքից։ Այս երևույթը ինչպե՞ս է ազդում Հայաստանի տնտեսության վրա։

Բնականաբար դրական․ վերաարտահանմամբ դու ամբողջությամբ ծառայություն ես մատուցում ոչ ռեզիդենտին։ Դրա համար էլ աճում են ծառայությունները, առևտուրը և դրան հարակից ոլորտները, բայց ոչ՝ քո սեփական արդյունաբերությունը։ Վերաարտահանումների արդյունքում ապահովվում է արտարժույթի հոսքը, աճում է առևտուրը, տրանսպորտային ծառայությունները, որոնք մատուցում են հայկական ընկերությունները, ապահովագրական և ֆինանսական ծառայություննեը, երկրում շահութահարկ է վճարվում։ Հայաստանը կամուրջ է վերաարտահանման համար։ Բայց Ռուսաստանի համար Հայաստանի դերը գերագնահատել պետք չէ, ՌԴ-ն շուրջ 2,0 տրիլիոն դոլար ՀՆԱ ունեցող երկիր է՝ Հայաստանի ընդամենը 24 մլրդ դոլար ՀՆԱ-ի համեմատ։

2023 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 530 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի հետ առևտուրը 4.8 մլրդ դոլար է։ Որպեսզի տնտեսական քաղաքականության մեջ չսխալվես, երևույթներին և գործոններին պետք է ճիշտ գնահատական տաս։

Վերաարտահանումը լավ է այս պահին, բայց ևս ժամանակավոր է, քանի որ այն քո երկրի տնտեսական պոտենցիալը չի արտահայտում։

Ըստ Ձեզ՝ վերաարտահանումներով Հայաստանը նպաստու՞մ է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների շրջանցմանը։

Ոչ միայն Հայաստանը, այլ նաև աշխարհի շատ երկրներ։ Օրինակ՝ նույն Եվրոպան այսօր ռուսական գազը տարբեր ճանապարհներով՝ այդ թվում Ադրբեջանով և Թուրքիայով ներմուծում է Եվրոպա։ ՌԴ-ի հետ, կարծես թե, ոչ այդքան լավ հարաբերություններ ունեցող Վրաստանով տարբեր բեռներ են տեղափոխվում ՌԴ, որոնք սանկցիաների տակ են, վրացական սուբյեկտները ևս զբաղված են վերաարտահանմամբ դեպի ՌԴ և այլն։ Այդպիսին է աշխարհը․ տնտեսական երևույթները երբեմն հակադրվում են քաղաքականին և գտնում իրենց ուղին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter