HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՍԴ-ն որոշել է՝ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ վարույթ հարուցելը չի հակասում Սահմանադրությանը

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ազգային ժողովի առնվազն 1/5 պատգամավորների դիմումի հիման վրա քննվող գործի մասին ամբողջական որոշումը, որը վերաբերում է Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների օրենսդրական կարգավորմանը: Սահմանադրական դատարանը գտել է, որ գործող օրենսդրական դրույթը չի հակասում Սահմանադրությանը:

Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները  2022թ. փետրվարի 15-ին դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն` Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը և որոշ դեպքերում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Պատգամավորների ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ Դատական օրենսգրքով Արդարադատության նախարարի՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցչի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը չի համապատասխանում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին և հակասում է Սահմանադրության պահանջներին:

Բացի այդ, նշել է, որ Սայմանադրության ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման բացառիկ լիազորությունը պատկանում է Բարձրագույն դատական խորհրդին, սակայն կարգապահական վարույթի հարուցման և դատավորին կարգապահական «հետապնդման» ենթարկելու գործիքակազմը վիճարկվող դրույթով պատկանում է գործադիր իշխանությանը: Այլ կերպ ասած՝ գործադիր իշխանությունը, պայմանավորված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ունենալով անհամաձայնություն ցանկացած դատավորի կամ նրա կայացրած որոշման հետ, կարող է դատավորին ենթարկել կարգապահական «հետապնդման»:

Ազգային ժողովը, հանդես գալով պատասխանողի դիրքերից, հայտնել է, որ նշված Արդարադատության նախարարի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես գործադիր իշխանություն-դատական իշխանություն բաժանման ու հավասարակշռման սահմանադրական անհամապատասխանություն, քանի որ Արդարադատության նախարարը նախաձեռնում է կարգապահական վարույթ, իսկ վերջնական որոշում կայացնելու լիազորությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը: Այսինքն՝ թեև կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահված է Արդարադատության նախարարին, այնուամենայնիվ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասությամբ օժտված է միայն Բարձրագույն դատական խորհուրդը:

Սահմանադրական դատարանը գտել է, որ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը դատավորի նկատմամբ միջամտող ակտ չէ, որը դատավորի նկատմամբ իրավական հետևանք է առաջացնում: Ընդամենը նախաձեռնում է Բարձրագույն դատական խորհրդի առջև դատավորի կարգապահական գործով վեճի լուծման հնարավորություն։

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, իբրև այդպիսին, չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին»,-գրված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ:

Հետևաբար Սահմանադրական դատարանը որոշել է, որ ընդդիմադիր պատգամավորների կողմից վիճարկվող օրենքի դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter