HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Վայլդբերրիզ»-ը` Հայաստանի 6-րդ խոշոր հարկատու. ովքեր են խոշորների առաջին տասնյակում

2023 թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել, ընդհանուր առմամբ, մոտ 1 տրլն 711 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա համեմատ այն աճել է 220 մլրդ դրամով կամ մոտ 15%-ով։ Ցանկը հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեն։

2023 թվականի Հայաստանի խոշոր հարկատուների տարեկան ցանկում ուշագրավ տեղաշարժեր են նկատվում։

Խոշորագույն տասնյակում առաջինը աչքի է ընկնում «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը դարձել է Հանրապետության 6-րդ խոշոր հարկատուն։ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին պետական բյուջե է վճարել մոտ 26.5 մլրդ դրամի հարկեր, որը 35 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ «Վայլդբերրիզ»-ի հարկերը գոյացել են հիմնականում ավելացված արժեքի հարկից։

Խոշոր հարկատուների տասնյակը գլխավորում է հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ)։ Կոմբինատը 2023 թվականի ընթացքում վճարել է 70.9 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա համեմատ ԶՊՄԿ-ի հարկերը կրճատվել են 2 անգամ։

Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը տարվա ընթացքում վճարել է 55.3 մլրդ դրամի հարկերը, աճը՝ մոտ 23%:

Հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ 48.5 մլրդ դրամի հարկերով և 7% նվազմամբ։ 

Չորրորդ խոշոր հարկատուն «Մոբայլ սենթր արթ» ընկերությունն է (ապրանքանիշը՝ Mobile Centre), որը զբաղվում է տեխնիկայի, մեծ մասամբ՝ հեռախոսների և համակարգիչների ներմուծմամբ ու վաճառքով։ 2023-ին Mobile Centre-ը վճարել է 46.1 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա համեմատ 2.6 անգամ աճել է։

«Մոբայլ սենթր արթ»-ին, ինչպես նաև խոշոր հարկատուների առաջին տասնյակում հայտնված «Փրիթի Ուեյ» ընկերությանը (2023-ին՝ 33.3 մլրդ դրամի հարկեր, աճը՝ 3.9 անգամ) անդրադառնալու մի քանի առիթ ունեցել ենք արդեն։ Այս ընկերությունները, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ եվրոպական երկրները հրաժարվեցին Ռուսաստանին ապրանքներ մատակարարել, տեխնիկա են ներմուծել և վերաարտահանել Ռուսաստան։ Ենթադրվում է, որ հենց դրա հաշվին են գրանցել հարկերի թռիչքային աճը։ 

Բանկային համակարգի երկու ընկերություններ՝ «Ամերիաբանկը»-ը և «Արդշինբանկ»-ը ևս հայտնվել են խոշոր հարկատուների առաջին տասնյակում։ Նրանց եկամուտներին ևս էապես զարկ են տվել Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները։ Բանկերը, ինչպես 2022-ին, այնպես էլ՝ 2023-ին ռեկորդային շահույթ են ստացել։ Քանի որ շահութահարկը վճարվում է մինչև հաջորդող տարվա ապրիլը, ենթադրվում է, որ բանկերի հարկերի աճը կշարունակվի նաև 2024-ին, երբ ապրիլին վճարվեն 2023-ի շահույթից գոյացած հարկերը։

Վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ» ընկերությունն է (CPS ապրանքանիշ) իններորդ խոշոր հարկատուն է՝ 23.7 մլրդ դրամի հարկերով և մոտ 40% աճով։

Տասնյակը եզրափակում է ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը, որը 2023-ին վճարել է 22.7 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա համեմատ այն մոտ 34%-ով աճել է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter