HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանն այսօրվանից Միջազգային քրեական դատարանի անդամ է

2024թ. փետրվարի 1–ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը  (Հռոմի ստատուտ): Ազգային ժողովը կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծն ընդունել էր 2023թ. դեկտեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրության վավերացման և դրա իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու գործընթացն ակտիվացել էր 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Նպատակը Ադրբեջանից հնչող սպառնալիքներն ու պատերազմական հանցագործությունների քննությունը միջազգային ատյան տեղափոխելն է:

Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունն (հայտնի է նաև Հռոմի ստատուտ անվամբ) ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում` Միավորված ազգերի կազմակերպության լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում: Այն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից:

Հայաստանը Կանոնադրությունը ստորագրել էր 1999թ. հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարության նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելիս ասաց, թե հուսով են, որ Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման քայլը կանխարգելիչ ազդեցություն կունենա հետագա պատերազմական հանցագործությունները կանխելու համար:

Կառավարությունը ստատուտի ընդունումն ու դրան հետադարձ ուժ տալը հիմնավորել է նրանով, որ 2021թ. մայիսից Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության դեմ՝ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ դրա տարբեր հատվածներում: Այնուհետև, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացրել են նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրել է հարյուրավոր զոհերի Զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում: Ընթացքում կատարվել են ծանրագույն պատերազմական հանցագործություններ:

Նշենք, որ Հռոմի ստատուտի վավերացումը մտահոգություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունում։ 

«Հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումն այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ձերբակալման օրդերներ են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա»,- հայտարարել էր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Լուսանկարը՝ դատարանի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter