HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա: Երևանը հաշվի չի առել ստատուտի վերաբերյալ Մոսկվայի պատասխան առաջարկները։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Հայ գործընկերներին ի սկզբանե հասցվել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին դիրքորոշումն այն պայմաններում, երբ այդ կառույցի կողմից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ձերբակալման օրդերներ են տրվել։ Քննարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին: Ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման։ Դա ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։ 

TACC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը հույս ունի, որ ՀՀ ԱԺ-ում կգտնվեն ուժեր, որոնք «չեն դակի Հռոմի ստատուտի վերաբերյալ տոքսիկ որոշումը»։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանի համար դժվար կլինի պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցերը Հայաստան։ Ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, այդպիսով հայկական կողմի առաջ քաշած այն թեզը, թե Միջազգային քրեական դատարանին միանալն իբր ոչ մի կերպ չի անդրադառնա հայ-ռուսական կապերի վրա, «չի համապատասխանում իրականությանը»: «Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը Հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները, Հաագայի «ֆեմիդայի» խնդրանքով, կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին»,- եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ):

«Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարցին` առաջարկելով այն ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում»,- ասված էր հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Նա, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի՝ երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, մեղադրվում են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման մեջ։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը թեժ քննարկումների պատճառ է դարձել Մոսկվայի և Երևանի միջև։ Հայկական կողմը պնդում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը լիարժեք հնարավորություններ կտա Հայաստանին՝ օգտվելու Միջազգային քրեական դատարանի իրավասություններից ու որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Մոսկվան խնդիրը տեսնում է նրանում, որ վավերացնելով Հռոմի ստատուտը, Երևանը ստիպված կլինի ձերբակալել Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի Հայաստան։

Լուսանկարը՝ Sputnik / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter