HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Երևանի կենտրոնում եւս մեկ սպորտային համալիր է վաճառվել․ այն ձեռք է բերել «Սպարտակ» համալիրի գնորդը

Մայրաքաղաքի Կենտրոնում՝ Հաղթանակ կամրջի հարևանությամբ գտնվող սպորտային համալիրը վաճառվել է։ «Հետք»-ը պարզել է, որ այն ձեռք է բերել «Սպարտակ» մարզահամալիրի գնորդը՝ «էկո պետրոլ» ՍՊԸ-ն։

Հաղթանակ կամրջի հարևանությամբ՝ «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասում խորհրդային տարիներին կառուցված համալիրը պատկանել է «Աշխատանք» մարզական ընկերությանը։ Այն Խորհրդային Հայաստանի 4 մարզական կառույցներից մեկն էր։ Հետագայում բոլոր մարզական կառույցները միավորվել են և դարձել «Սպարտակ» մարզական միություն, ապա անվանափոխվել և կոչվել է «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն։ Բոլոր սպորտային կառույցների մարզահամալիրները սեփականության իրավունքով փոխանցվել է «Հայաստան» մարզական ՀԿ-ին։

Երևանի Ցախի փողոց 18 հասցեում տեղակայված համալիրում մարզվում են ըմբիշներն ու բռնցքամարտիկները։ «Այստեղ ձևավորվել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի խմբեր։ Յուրաքանչյուրում 200 և ավելի աշակերտ՝ 8-10 մարզիչով»,- այս տեղեկությունը հրապարակել է «Հայաստան» մարզական ՀԿ-ն։

Ըմբշամարտի և բռնցքամարտի համալիրը կառուցվել է 1960 թ․-ին։ Այն զբաղեցնում է 3676 քմ հողամաս, որի հիմնական մասը համալիրի շենքն ու հարակից շինություններն են։ «Հայաստան» մարզական ՀԿ-ն համալիրը վաճառել է 2022 թ․-ի օգոստոսին։ Այն ձեռք է բերել «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն, որը նախորդ տարի էլ գնել էր Երևանի ամենահին մարզահամալիրը՝ «Սպարտակ»-ը։

Ինչպես այս դեպքում, այնպես էլ «Սպարտակ» համալիրի վաճառքի դեպքում դրա սեփականատեր «Հայաստան» մարզական ՀԿ-ն գույքը չի փորձել վաճառել մրցույթով։ Այն ուղիղ վաճառքով օտարել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ Բայց մինչ համալիրների ձեռքբերումը, «Հայաստան» մարզական կազմակերպության նախագահ Սոկրատ Պետրոսյանի ծանոթ գործարար Արսեն Հովհաննիսյանը մուտք է գործել ՀԿ-ի նախագահություն և հաստատվել նախագահության կազմում։ Այդ ամենից հետո «Հայաստան» մարզական ՀԿ-ին պատկանող «Սպարտակ» և «Աշխատանք» մարզահամալիրները արտոնյալ պայմաններով վաճառվում են Արսեն Հովհաննիսյանի որդու հիմնադրած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։

Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ 2019 թ.-ից «Հայաստան» մարզական ՀԿ-ն ղեկավարող Սոկրատ Պետրոսյանը մեր հանդիպման ժամանակ ասել էր, որ տարբեր ժամանակներում փորձել են մարզադաշտը վերցնել ՀԿ-ից, պետական ֆինանսավորումն են կրճատել, գույքահարկն է թանկացել։ ՀԿ-ի նախագահը շահեկան էր համարել մարզահամալիրի վաճառքի գործարքը։ «Սպարտակ մարզահամալիրի նոր սեփականատերը տարածքը կառուցապատելու է։ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի տնօրեն Զարինե Ստեփանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ մարզադաշտի փոխարեն նախատեսվում է կառուցել բնակելի էկո թաղամաս, որը ներառելու է մարզական կոմպլեքս էկո համալիր։

Կառավարությունը, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից, դժվար թե որևէ կերպ միջամտի սպորտային կառույցների ապասպորտայնացմանը։ «Սպարտակ մարզադաշտի հետ կապված, ասեմ, կարող էիք ինձ չհարցնել, կողքերը հարցնել, և նրանք պատասխանը կիմանային։ Երբ որ ժամանակին, ասենք օրինակ, ԴՕՍԱՖ, Հայաստան մարզական ընկերություն, էլի մի քանի մարզական ընկերություն․․ պետական գույքը կցվել է այդ ընկերություններին, այդ ընկերությունները դրվել են կոնկրետ մարդկանց հսկողության տակ և պետական գույքը՝ միլիարդների, զրո կոպեկով հանձնվել է այդ դե յուրե հասարակական կազմակերպություններին, որից հետո այդ հասարակական կազմակերպություններն ուղղակի միլիարդավոր դրամների գույք են վաճառել հայտնի և անհայտ մարդկանց, այդ հարցի պատասխանը կա։ Եվ մենք չորս տարի այդ հարցով զբաղվում ենք։ Ինչի՞ չի լուծվում այդ հարցը, գիտե՞ք։ Որովհետև մենք իրավական պետություն ենք և ուզում ենք իրավունքի ձևով լուծել հարցը։ Բայց ես վերջերս նախարարի հետ քննարկել (ԿԳՄՍ, հեղ․) և ասել եմ, որ մենք կարող է սխալ ենք անում, և այստեղ ստանդարտ մոտեցումները պետք է չաշխատեն, և մենք պետք է գնանք, լուծենք այդ ճանապարհին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին խորհրդարանում կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter