HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ավանդների ու վարկերի պայմանները չեն փոխվի. ի՞նչ ֆինանսական վիճակում է Հայաստանը լքող HSBC-ն 

Արդշինբանկը (Ardshinbank) գնում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (HSBC)։ Ձեռբերման գործարքի մասին այսօր պաշտոնապես հայտարարել են երկու բանկերը։

Ardshinbank-ն արդեն համաձայնության է եկել HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ։ Գործարքը ավարտին կհասցվի առաջիկա 12 ամսվա ընթացքում:

Արդյունքում HSBC-ի հաճախորդները մեխանիկորեն կդառնան Ardshinbank-ի հաճախորդներ։

«Այս գործարքի նպատակը աճն է, և մենք անհամբերությամբ սպասում ենք HSBC Հայաստանի աշխատակիցներին Արդշինբանկի թիմում։ Մենք ապահովելու ենք HSBC Հայաստանի հաճախորդների սահուն և անխափան անցումն Արդշինբանկի համակարգ: Հաճախորդները կշարունակեն օգտվել անհատականացված ծառայությունների մատուցման առավելություններից՝ ստանալով նաեւ հասանելիություն Արդշինբանկի բանկային պրոդուկտների լայն տեսականուն»,- բանկի տարածած հայտարարության մեջ ասել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Գործարքի մասին հայտարարություն և հաճախորդներին ուղղված խոսք է հրապարակված նաև HSBC-ի կայքում։ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը հաճախորդներին հավաստիացնում է, որ նրանք կշարունակեն սպասարկվել բնականոն կերպով և որ ունեցած բոլոր պայմանագրերի պայմաններն (այդ թվում` ավանդների, վարկերի եւ ներդրումների) անփոփոխ են:

«HSBC և Արդշինբանկի մեր թիմերը ջանք չեն խնայի, որպեսզի այդ անցումը Ձեզ համար հնարավորինս սահուն իրականացվի: Ձեր կողմից որեւէ գործողություն պահանջվելու դեպքում մենք Ձեզ պատշաճ կերպով կտեղեկացնենք այդ մասին: Միևնույն ժամանակ, հավաստիացնում ենք, որ մենք կշարունակենք Ձեզ մատուցել բարձրակարգ ծառայությունների լայն ընտրանի»,- նշված է Իրինա Սեյլանյանի հայտարարության մեջ։

Մեկ այլ հաղորդագրությամբ էլ բանկից շեշտում են, որ հաճախորդների վարկային պարտավորությունները մնում են ուժի մեջ, և հաճախորդները պետք է ապահովեն դրանց ժամանակին կատարումը։ 

HSBC. խումբը իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել իր ներկայությունը Հայաստանում

HSBC-ն իր բիզնեսը Հայաստանում վաճառելու թեմայով մի քանի հայտարարությամբ է հանդես եկել։ Դրանցից մեկում՝ ինչու՞ է HSBC-ն վաճառում իր բիզնեսը Հայաստանում հարցին, պատասխանվում է, որ խումբը որոշել է իր կապիտալը վերաբաշխել ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններով։

Այս համատեքստում Հայաստանը, փաստորեն, բանկի համար հարմար ուղղություն չէ այլևս։

«Որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Չնայած այն հանգամանքին, որ HSBC Հայաստանի ցուցանիշները բարձր են եղել, այնուամենայնիվ, HSBC Խմբի ռազմավարությունն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման եւ ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։ Այս համատեքստում Խումբը իր բիզնեսի համար նպատակահարմար չի գտել շարունակել իր ներկայությունը Հայաստանում»,- նշված է HSBC-ի հայտարարության մեջ։

Իսկ Արդշինբանկից նշում են, որ HSBC Հայաստանի ակնկալվող ձեռքբերումը բացառիկ հնարավորություն է ամրապնդելու Արդշինբանկի գործառնական ու ֆինանսական առկա ներուժը: Բիզնեսի համադրումն, ըստ բանկի, ուղղված է մեծացնելու Արդշինբանկի բարձրակարգ հաճախորդների բազան ու փորձառու աշխատակիցների թիմը։

HSBC-ի շահույթը 2023-ին աճել է 38%-ով

Այն վարկածը, որ HSBC-ն լքում է Հայաստանը վնասով աշխատելու պատճառով, չի հաստատվում։

Ըստ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների՝ բանկը 2023 թվականին մոտ 11.1 միլիարդ դրամի զուտ շահույթ է գրանցել։ 2022 թվականի համեմատ այն աճել է 38%-ով։

Զուտ շահույթի ցուցանիշով բանկը Հայաստանի 18 բանկերի կազմում 8-րդն է։ 

HSBC-ն ունի նաև աճող վարկային պորտֆել։ 2023-ի վերջի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է մոտ 185 մլրդ դրամ՝ նախորդ տարվա վերջի 153 մլրդ դրամի դիմաց։ Վարկային պորտֆելով HSBC-ն 10-րդ տեղում է։

Իսկ հաճախորդների ընթացիկ հաշիվներն ու ավանդները կազմել են 204 մլրդ դրամ՝ մեկ տարում մնալով գրեթե նույն մակարդակում։

Ակտիվները հասնում են 290 միլիարդ դրամի։ 

HSBC-ն բրիտանական կապիտալով բանկ է։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևանում գտնվող իր 6 գրասենյակի և ավելի քան 300 աշխատակցի միջոցով:

Ինչ վերաբերում է HSBC-ն ձեռք բերող Արդշինբանկին, այն Հայաստանի խոշորագույն բանկերից է մի շարք ցուցանիշներով՝ ակտիվներ, վարկեր, ավանդներ և այլն։

Արդշինբանկն արդեն երկու տարի Հայաստանում ամենամեծ շահույթ գրանցող բանկն է: 2023 թվականին զուտ շահույթը կազմել է մոտ 63 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ մնալով գրեթե նույն մակարդակում։ 

Գլխավոր լուսանկարը՝ regionalpost.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter